Ծանր մետաղներով օդ ենք շնչում – Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ… Հայկական խոհանոց – Գառան տոտիկները՝ սոյայի խյուսով… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Ծանր մետաղներով օդ ենք շնչում

ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային ինստիտուտը հետազոտություն է անցկացրել օդի աղտոտվածության մասին:

Դրանք ցույց են տվել, որ ոչ միայն փոշին է աղտոտիչ, այլ առաջնային աղտոտիչ են համարվում փոշու մեջ ծանր մետաղները:

«Տարիներ շարունակ հայտնաբերել ենք տարբեր որակական ու քանակական ցուցանիշներով ծանր մետաղներ: Քաղաքի գրեթե ամբողջ տարածքը աղտոտված է մոլիբդենով: Փոշու մեջ հայտնաբերել ենք կադմիում, արսեն, սնդիկ»,- ասում է ԳԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Դիանա Գրիգորյանի, բացի աղտոտված օդից, տրանսպորտի աղմուկը եւս շատ է ազդում մարդու վրա:

Այնպես որ, երեւանաբնակները նյարդային խնդիրների պակաս չունեն:

Երաժշտությամբ կարող ես մաքրել հոգիդ

Հերթական համերգից հետո Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարեւորել է, որ աշխարհում հանրաճանաչ հայ երաժիշտները գալիս են Հայաստան եւ ելույթ ունենում հայրենիքում: Արվեստի գործիչը նշել է, որ առանց երաժշտության ապրել չի կարող. «Երաժշտությունն այն աշխարհն է, որտեղ կարող ես ապրել այնպիսի մաքուր զգացմունքներ, որոնք այլ տեղ դժվար թե գտնես: Եվ ինչքան խորն ես ապրում երաժշտությունն ու այդ մաքուր զգացմունքները, այնքան քիչ ես ուզում վերադառնալ այս աշխարհ: Երաժշտությունը մի վայր է, որտեղ կարողանում ես մաքրել հոգիդ: Ինձ համար երաժշտությունից մաքուր երեւույթ չկ­ա»:

Նա առանձնահատուկ նկատել է, որ սովորել է տարբեր ուսուցիչների մոտ, բայց իր երաժշտությունը հայկական է. «Հայաստանում ունեմ իմ սիրած վայրերը՝ Սաղմոսավանք, Տաթեւ, լինելով այդտեղ՝ ես զգում եմ, որ դա իմ հողն է: Չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես, դա իմ մեջ ­է»:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Գառան տոտիկները՝ սոյայի խյուսով

Բաղադրությունը - Գառան մաքրած տոտիկներ – 16 հատ, 6%-անոց գինու սպիտակ քացախ – 50 գ, սոյա – 200 գրամ, մեղր – 2 ճաշի գդալ, կիտրոն – 2 հատ, սխտոր – 3-4 պճեղ, չոր թթվի սամիթ, զեյթունի բուսայուղ:

Պատրաստման եղանակը – Գառան մաքրած տոտիկները լցնել սառցաջրի մեջ, թողնել  մի քանի ժամ: Հետո մարմանդ կրակին եփել 6 ժամ (մինչեւ միսը ոսկորից առանձնանա): Թավայի մեջ լցնել բուսայուղը, տոտիկները դնել մեջը:

Պատրաստել խյուսը: Սոյան, մեղրը, կիտրոնների հյութը, քացախը, փշրած սամիթը, ճզմած սխտորը խառնել իրար: Խյուսը լցնել թավայի մեջ եւ 2 րոպեի չափով թողնել գազօջախին: Այնուհետեւ տոտիկները հանել, առանձին ապակե տարայում տեղավորել եւ դնել սառնարանը: Ձեզ մնում է վայելել այն սառը վիճակում:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

«Արարատ-73»-ի պատմական ու հաղթական օրը

1973թ. հոկտեմբերի 28-ին հայ ֆուտբոլասերներն ու բազմաթիվ այլ ֆուտբոլային երկրպագուներ շտապում էին «Հրազդան» մարզադաշտ: Բոլորը սպասում էին, որ այդ օրը Երեւանի թիմը ԽՍՀՄ առաջնության վերջին խաղում պետք է հաղթեր Լենինգրադի ՙԶենիթ՚-ին եւ 18 օր առաջ նվաճած գավաթին ավելացներ նաեւ ոսկե մեդալները: Ինչպես ասում են՝ արարատցիները հուսախաբ չարեցին մարզադաշտ եկած 75 հազար երկրպագուներին, նրանք մեծ դժվարությամբ, բայց կոտրեցին լենինգրադյան թիմի դիմադրությունը եւ առաջին անգամ նվաճեցին Խորհրդային Միության չեմպիոնի կոչումը:

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ մեծարեց այդ տարիներին մեր լեգենդար թիմի խաղերը լուսաբանած լրագրողներին՝ Արսեն Բաբայանին, Միսակ Նազարյանին, Ալյոշա Խաչատրյանին, Ռաֆիկ Հեքեքյանին, Սուրեն Բաղդասարյանին, Դերենիկ Գեւորգյանին եւ Սուրեն Մուրադյանին՝ նրանց հանձնելով անվանական դիպլոմներ եւ մարզաշապիկներ:

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներին ընդունել է նաեւ ՀՀ ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով պարգեւատրել ու հուշանվերներ է հանձնել հանրահայտ արարատցիներին:

«Արարատ»-ը շարունակում է հաղթարշավը

Ավարտվեցին Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 10-րդ մրցափուլի հանդիպումները, մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատ»-ը 2:0 հաշվով պարտության մատնեց Երեւանի «Ուլիս»-ին եւ, վաստակելով 20 միավոր, շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը՝ հիշեցնելով «Արարատ»-73-ի օրերը: 2-րդ տեղում ընթացող Երեւանի «Փյունիկ»-ը արտագնա խաղում ջախջախեց առաջնության ետնապահ Մարտունիի «Ալաշկերտ»-ին՝ 5:0: Փյունիկցիներին հետապնդող թիմերը միավորներ կորցրեցին՝ Կապանի «Գանձասար»-ն ու Երեւանի «Միկա»-ն իրար հետ ոչ-ոքի խաղացին՝ 1:1, իսկ Գյումրիի «Շիրակ»-ը հյուրընկալվելիս զիջեց Երեւանի «Բանանց»-ին՝ 0:1:

«Բանանց»-ը եւ «Միկա»-ն մտան կիսաեզրափակիչ

Երեւանի «Բանանց»-ը եւ «Միկա»-ն առաջինը մտան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ: «Բանանց»-ը չնայած իր խաղադաշտում պարտվել է հանրապետության չեմպիոն «Շիրակ»-ին՝ 0:1, սակայն առաջին խաղում տարած հաղթանակի (2:1) հաշվին նույնպես կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել: «Միկա»-ն սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտ»-ին, որին առաջին խաղում պարտվել էր 0:1 հաշվով:

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի պատասխան մյուս խաղերը տեղի կունենան նոյեմբերի 6-ին: «Ուլիս»-ը կհյուրընկալի «Գանձասար»-ին (առաջին հանդիպումը ավարտվել է 0:0), իսկ «Արարատ»-ը՝ «Փյունիկ»-ին (1:1):

Արթուր Աբրահամը 38-րդ հաղթամակը տարավ

Գերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը 38-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ ռինգում: Գերմանական Օլդենբուրգ քաղաքում կայացած մենամարտում նա վստահ առավելության հասավ 29-ամյա իտալացի բռնցքամարտիկ Ջովանի դե Կարոլիսի նկատմամբ: 12 ռաունդից հետո՝ եզրային 3 մրցավարներն էլ հաղթանակ շնորհեցին Արթուրին՝ 120:108, 119:109, 119:109: Մրցամարտի 6-րդ եւ 8-րդ ռաունդներում աշխարհի նախկին չեմպիոնը կարող էր նոկաուտով հաղթել, սակայն իտալացուն հաջողվեց խուսափել: Հաջորդ մարտը մեր հայրենակիցը կանցկացնի 2014թ., աշխարհի ներկայիս չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ: Արթուրը հաղթել է նրան՝ անցկացրած առաջին մենամարտում, իսկ ռեւանշի ժամանակ պարտվել է՝ զիջելով չեմպիոնի տիտղոսը:

Երեւանի «Միկա»-ն 4-րդն է շախմատային Եվրոպայում

Երեւանի «Միկա» շախմատի կանանց թիմը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Հունաստանում ավարտված Եվրոպայի ակումբային առաջնությունում: Մեր թիմը վաստակեց 9 միավոր եւ 3-4-րդ տեղերը բաժանեց ռուսական «Ուգրա»-ի հետ, բայց միավորների ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 4-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Մոնակոյի «Սերկլ Չե­ս»-ը, որ մրցակցությունից դուրս էր եւ 14 միավորով վստահ գրավեց 1-ին տեղը: Մեր թիմից առավել հաջող խաղաց Էլինա Դանիելյանը՝ 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստուհիների մեջ զբաղեցրեց 2-րդ տեղը:

Միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի որոշմամբ աշխարհի շախմատի թիմային առաջնության միակ թափուր տեղը հատկացվել է Ադրբեջանին:

Հիշեցնենք, որ առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այսպիսով, հայտնի դարձան մրցաշարի մասնակից բոլոր 10 երկրները. Հայաստան, Ռուսաստան, Ուկրաինա, Հոլանդիա, Գերմանիա, ԱՄՆ, Չինաստան, Եգիպտոս, Թուրքիա, Ադրբեջան:

Շախմատի համալսարանական առաջնություն՝ Հայաստանում

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Երեւանում կայացած Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության նիստի մասնակիցներին՝ ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկի գլխավորությամբ: Հայաստանն անդամակցել է 1 տարի առաջ եւ ճանաչողական տեսանկյունից կարեւոր էր նիստի անցկացումը մեր երկրում, քանի որ այն համալսարանական սպորտի եւ անդամ երկրների համագործակցության զարգացմանը միտված լրացուցիչ հնարավորություն է: Նախարարը նշել է, որ անդամակցությունից հետո մեր երկիրը ակտիվ մասնակցություն է ունեցել ուսանողական սպորտային խաղերին, իսկ անցյալ տարի Կազանի ունիվերսիադիայից մեր պատվիրակությունը վերադարձել է 10 մեդալով: Ասոցիացիայի նախագահը նշել է, որ թեեւ Հայաստանը Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ամենաերիտասարդ անդամներից է, սակայն աչքի է ընկնում իր ակտիվությամբ, ինչը վստահություն է ներշնչում, որ կունենա խոստումնալից ձեռքբերումներ: Չի բացառվում, որ համալսարանական սպորտի շախմատի առաջնությունն անցկացվի Երեւանում:

Ժայռամագլցողը ուշագրավ ռեկորդ սահմանեց

Ժայռամագլցող Ահարոն Խաչատրյանը շարունակում է պահպանել ընտանեկան ավանդույթները: Նա առանց միջնորդության՝ առանց հավասարակշռության ձողի, 2,5 սմ ժապավենի վրայով առաջ եւ ետ անցավ 29 մ տարածություն: 1-ին դեպքում պահանջվեց 2 րոպե 58 վայրկյան, 2-րդի ժամանակ՝ 4 րոպե 30 վայրկյան: «Մարզաձեւը կոչվում է սլեքսլայն: 1 տարի 8 ամիս պարապում եմ այս մարզաձեւով: Քանի որ եղբայրս ու քույրս տարբեր ռեկորդներ են սահմանել եւ գրանցված են Հայաստանի Դյուցազնագրքում, ես նույնպես նպատակ դրեցի որեւէ ռեկորդ սահմանել ու միանալ նրան­ց»,- հայտնել է իր առաջին ռեկորդը սահմանած Ահարոնը: Ժայռամագլցողը նաեւ ասել է, որ սլեքսլայնն այնքան էլ բարդ մարզաձեւ չէ, ինչպես թվում է կողքից դիտողներին. «Եթե մարդը նորմալ քայլում է, չունի ողնաշարի եւ ոտքերի հետ կապված խնդիրներ, ապա հանգիստ կարող է զբաղվել այս մարզաձեւով: Պարզապես հարկավոր է մեծ ցանկություն, ժամանակ»:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՛խշտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99               «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01               «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74               «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։