Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում… Գազի գինը եւ մաքսային պարտադրանքը… «Գազպրոմ»-ը՝ ռուսական ամենաթանկ բրենդ…

Մաքսայինը վտանգավոր խախտումներ է անում

Շարունակում է թեւածել այն տեսակետը, թե Հայաստանին ստիպել են միանալ Մաքսային միությանը: Այսօրինակ մտածողությանը նպաստում են նաեւ հետզհետե երեւակվող ռուսական այն նկրտումները, ինչը դեռ որոշակիորեն թաքնված է պահում Եվրասիական Միությունը Եվրոպական Միությանը հակադրելու հետագա ջանքերը:

ՄՄ-ն Եվրասիականի նախադուռն է, եւ սա ակնհայտ է: Բայց կարծես Հայաստանին այնտեղ ոչ բոլորն են սպասում, եւ սա եւս լրացուցիչ վտանգներ է պարունակում: Թերեւս միայն Ռուսաստանն է ցանկանում Հայաստանին լիիրավ տեսնել Եվրասիական ճակատում, Բելառուսն ու Ղազախստանն այնքան էլ տրամադրված չեն:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում է, թե Հայաստանը ոչ այժմ, ոչ էլ երբեւէ չի կարող մտնել ՄՄ: Սկզբում կարծիք կար, որ Բելառուսի նախագահը նկատի ունի անմիջական սահման չլինելու պայմանը, նա անգամ Վրաստանին ու Ադրբեջանին կոչ արեց մտնել այդ միություն:

Եվ թվում էր՝ այստեղ է տրամաբանությունը, Վրաստանի անդամակցության դեպքում Հայաստանը կապվում էր Ռուսաստանին (հատկապես, որ Թբիլիսին վերջին ժամանակները փորձում է հարթել հարաբերությունները Մոսկվայի հետ)… Բայց չէ, հանկարծ Բելառուսի նախագահը մեկ այլ հայտարարություն էլ է անում, թե պետի Ադրբեջանի կարծիքը հարցնել՝ Հայաստանին ՄՄ ընդունելու համար:

Պարզվում է՝ Բելառուսում «բատյա» աշխատող նախագահը իրեն լուրջ միջազգային «պապայի» տեղ է դրել եւ արդեն Հայաստանին պայմաններ է թելադրում, քանի որ Ադրբեջանը այդ դեպքում պարտավորվում է զենք գնել Լուկաշենկոյից:

Ինչ մնում է Ղազախստանին, ապա այս երկիրը համաթուրքական դաշինքի անդամ է եւ քանիցս քվեարկություններ է արել ի վնաս Հայաստանի, այն դեպքում, երբ պարտավորություններ ունի որպես ԱՊՀ եւ ՀԱՊԿ գործընկեր՝ Հայաստանին սատարելու եւ ոչ՝ հակառակը:

Թվում էր, այս խնդիրը Մոսկվան գոնե կլուծի, սակայն ՄՄ հարցում Թուրքիայի հետաքրքրության մասին հայտարարությունը արդեն լրջորեն մտածելու տեղիք է տալիս:

Մինսկն անթաքույց կանչում է Ադրբեջանին ու Վրաստանին, Մոսկվան՝ Թուրքիային, իսկ Ղազախստանը ակնհայտ համաթուրքական շահեր է հետապնդում՝ Հայաստանի հետ ռազմական ու ռազմավարական գործընկեր լինելով:

Ո՞րն է այստեղ այն պայծառ տրամաբանությունը, որը պետք է ստիպի Հայաստանին այդօրինակ ծավալումների դեպքում մտնել ՄՄ: Մոսկվան հիրավի անաղուհաց քրդի շուն է, քանզի տարածաշրջանում իր միակ կայուն դաշնակցին՝ Հայաստանին փորձում է դնել մի նժարի վրա, հայության թշնամիներին՝ մեկ այլ: Եվ մեզ ստիպում է հավատալ, որ այս խաղն արդա՞ր է:

Ըստ փորձագետների, Եվրասիական բարձրագույն խորհրդում ընդունված որոշումներն ամրագրում են, որ մինչեւ դեկտեմբեր պետք է արդեն պատրաստ լինի Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի լիարժեք անդամակցության ճանապարհային քարտեզը (ինչը խոստացավ անել ՌԴ նախագահ Պուտինը՝ անսահամանակից Հայաստանի ու Ղրղզստանի պարագայում), իսկ կից արձանագրության համաձայն՝ Հայաստանը կմասնակցի եվրասիական ինտեգրման եւ Եվրասիական միության ստեղծման գործընթացներին:

Բայց վերջերս Մինսկում հնչած հայտարարություններն առավել քան մտահոգիչ են: Վերոնշյալ վտանգներից բացի, նոր ծավալապաշտություն է նկատվում, ՄՄ-ին միանալու հարցում հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Սիրիան եւ Հնդկաստանը:

Եթե այս ոճով է Մոսկվան հավաքում Կովկասյան, Միջինասիական ու Մերձավորարեւելյան երկրներին, ապա այն վտանգը, թե նոր ԽՍՀՄ-ի ուրվականն է պտտվում, թերեւս միսուարյուն է ստանում:

Վահագն Նանյան

* * *

«Եթե Ադրբեջանը որոշի ուժ կիրառել Հայաստանի դեմ, հասկանալի է, որ դա իր որոշումը չի լին­ի»,- ասել է ԵվրԱզէՍ ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Գիտխորհրդի Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերով բյուրոյի անդամ Վլադիմիր Լեպյոխինը՝ միաժամանակ հասկացնելով, որ այդ դեպքում տարածաշրջանում շահերի լուրջ բախում կծագի, ինչը կլինի ոչ միայն հայ-ադրբեջանական: Այստեղ է, որ Եվրասիական ու Եվրոպական ուղղությունները կարող են նոր հետաքրքրություններ ունենալ: Ռուս պաշտոնյան նկատել է, որ ոչ ոք չի պարտադրում ՀՀ-ին հենց այս պահին ՄՄ մաս կազմել: Երեւանն ինքը պետք է դա որոշի, իսկ հիմա ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, ինչի մասին հայտարարեց ՀՀ-ն: Նրա խոսքով, ՄՄ-ն նպատակ չէ, այլ Հայաստանի համար տնտեսական առումով առավելություններ ստանալու լավագույն միջոց եւ ճիշտ կլինի, որ Երեւանը ընձեռված հնարավորությունից կարողանա շատ բան քաղել իր համա­ր»:

ՀՀ-ն դեռ պետք է հաշվարկի իր քաղաքական ու տնտեսական շահերը եւ հետեւի Մաքսային միության ու Ասոցացման համաձայնագրի շուրջ հետագա զարգացումներին:

Գազի գինը եւ մաքսային պարտադրանքը

Վերջերս կրկին անդրադարձ եղավ գազի սակագնի հետ կապված վարչապետի այն մեկնաբանությանը, թե այդ հարցով պայմանագիր չկա: Սա սառը ցնցուղի պես էր, եթե մենք պայմանագիր չունենք, ինչի՞ հիման վրա ենք վճարում: Եթե պայմանագիր չկա, ուրեմն եւ հստակ չէ գազի գինը, ուրեմն՝ նաեւ ինչի՞ հիմամբ է հաշվարկվելու այն 30%-ի սուբսիդավորումը:

Պայմանագիրը չկա, բայց վճարում ենք՝ պարտադրանքի՞ հիմամբ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտնում է, թե գազի գնի հետ կապված պայմանագիրը կա, գոյություն ունի։ Դա «Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի՝ գազի գնման պայմանագիրն է, որ գտնվում է «Հայռուսգազարդ»-ում, եւ վարչապետի համաձայնությամբ 1 օրինակ ուղարկվել է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին, ով հարցը բարձրացրել էր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ:

Այդ դեպքում ինչո՞ւ խորհրդարանում վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր գոյություն չունի: Նախարարը փորձեց վարչապետին սեւերես չթողնել եւ այդ անգամ էլ ասաց, թե՝ այո, պայմանագիր չկա. «Վարչապետն իրավացի է՝ ՀՀ կառավարության եւ ռուսական կողմի միջեւ պայմանագիր գոյություն չունի, ինչը մենք պետք է ստորագրենք»:

Արմեն Մովսիսյանի արածը այն էր, ինչ արդի, հեռուստատեսային հայերենով կոչվում է «կրուտիտ», ընդ որում՝ «վատ կրուտի­տ»: Որովհետեւ երբ նախարարը ընդամենը մեկ րոպե հետո հայտնում է, թե հույս ունի, որ մինչեւ տարեվերջ պայմանագիրը կկնքվի, հասկանում ես, որ պայմանագիր իրո՜ք չկա:

Լավ, բա մեզ ինչ տվեց Մաքսային միություն մտնելու պարտադրանքը (չնայած, պարտադրողն ինչ-որ բան չի տալիս): Նախարարի խոսքերով՝ «սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, որ մտնում ենք Մաքսային միություն, «Գազպրոմ»-ի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ պայմանագիրը փոփոխության ենթարկվեց, ավելի պարզեցվեց. ռուսական կողմից արտահանման հարկերն այլեւս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա. դա կազմում է 30%: Հաշվարկները ցույց են տալիս, որ հավանաբար ոչ թանկացում կլինի, ոչ էլ էժանացում, քանի որ մենք այն գլխից ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն»: Նախարար Մովսիսյանը, մասնավորեցնելով իր խոսքը, նշել է, որ «երբ հայտարարվեց մաքսային մտնելու մասին, 30% սուբսիդավորման հարցը վերացավ, դա այն դեպքում էր կիրառելի լինելու, եթե չմտնեինք մաքսային»:

Որ գազը չի էժանանա, հաստատ է. ասացինք, որ պարտադրողը չի տալիս, բայց որ թանկացել է ու կթանկանա, դա էլ միանշանակ է: ՌԴ-ն աշխարհում հայտնի է իր գազային տեռորներով: Մոլդովան բոլորովին վերջերս ՌԴ-ին անվանեց թշնամական գործընկեր՝ հենց վերջինիս կողմից էներգետիկ շանտաժները նկատի ունենալով:

Ինչեւէ, մինչ այս պահը սահմանի վրա գազը

վաճառվում է 270 դոլարով, սակայն հուլիսի 1-ին, երբ հայտարարվեց գազի գնի թանկացման մասին, վերջնական սպառողը գազը ստանում էր պետության կողմից 30% սուբսիդավորմամբ՝ 189 դոլարով։ Այժմ՝ մաքսային մտնելու պահից սկսած, սահմանի վրա գազի գինը կլինի 189 դոլար, այսինքն՝ ըստ նախարարի, այլեւս չեն կիրառվի էներգետիկ հարկերը, եւ ՀՀ ներկրվող գազի գինը լինելու է ռուսական ներքին շուկայի գազի գնին հավասար, գումարած՝ տրանսպորտային ծախսերը։ «Դա նշանակում է, որ գազի գինը ինչքան թանկացել է վերջին պայմանագրով, այդքան էլ կմնա, բացի այդ, եթե նախկինում պայմանավորվածություն կար գազի գինը չբարձրացնել միչեւ 5 տարի, ապա այս նոր՝ թարմացված պայմանագրով ժամկետային սահմանափակումները դուրս են գալի­ս»,- պարզաբանել է նախարարը։

Գանք «ՄՄ մտնելու պահից սկսա­ծ» արտահայտությանը: Վերջերս Բելառուսի նախագահը նկատել էր, որ ՀՀ-ն չի կարող մտնել ՄՄ ոչ այսօր, ոչ վաղը, ոչ էլ երբեւէ: Եթե սա ընդունենք իբրեւ Պուտինի հերթական խաղ, ապա ի՞նչ ենք անելու «ՄՄ մտնելու պահից սկսա­ծ»-ի հետ:

Անի  Մարության

* * *

«Գազպրոմ»-ը՝ ռուսական ամենաթանկ բրենդ

«Գազպրոմ», «ՄՏՍ» եւ «Բիլայն» ընկերությունները ճանաչվել են 2013թ. ռուսական ամենաթանկ բրենդներ. այս մասին ասում է «Ինտերբրենդ» համաշխարհային խորհրդատվական գործակալության հաղորդագրությունը: «Գազպրոմ» բրենդը «Ինտերբրենդ»-ը գնահատում է 1.262 մլրդ ռուբլի:

Բջջային կապի առաջատար օպերատորները զիջում են «Գազպրոմ»-ին: «ՄՏՍ» բրենդը 192.1 մլն ռուբլի է, «Բիլայն»-ը՝ 155.5 մլն ռուբլի: Ցուցակի 4-րդ հորիզոնականում «Մեգաֆոն» ընկերությունն է՝ 114.2 մլն ռուբլի, 5-րդ հորիզոնականում  «Նորիլսկի նիկե­լ»-ն է՝ 111,5 մլն ռուբլի, 6-րդում՝ «Սբերբանկ» բրենդն է՝ 106,7 մլն ռուբլի:

7-րդ եւ 8-րդ տեղերը զբաղեցնում են ՏՆԿ եւ «ԼՈւԿՕՅԼ» նավթային ընկերությունները՝ համապատասխանաբար 98,8 մլն ռուբլի եւ 75,2 մլն ռուբլի:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։