Ռուսական «ռամաշկա» սիրու՞մ է, թե՞ չի սիրում – Ադրբեջանում շարունակվում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը…

…Այս նեղիշխանական խամաճիկները ռուսական մամուլին տեղեկացրել են, որ «էթնիկ ռուսներն արդեն 200 տարի է, ինչ բնակվում են Ադրբեջանի տարածքում (երբ միայն 1918թ. մասոնա-բոլշեւիկյան դաշինքը արհեստական «Ադրբեջան» ստեղծեց՝ Հայաստանի ու Իրանի տարածքներին տիրելու համար…-խմբ.), եւ նրանց հանդեպ որեւէ տեսակի ճնշում չի գործադրվում, բայց ադրբեջանական ժողովրդի համբերությունն անվերջ չ­է»… 20 տարվա ընթացքում Ադրբեջանում ռուսների թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ եւ, 2009թ. մարդահամարի համաձայն, կազմում է 119 հազար արդեն…

 —————————————————————

Վաղուց է Ադրբեջանում իշխում «նախիջեւանյան կլան­ը», ավելի ստույգ՝ «նախիջեւանյան քրդական կլանը», որի հիմնադիրը Հեյդար Ալիեւն էր, ով լավ գիտեր իր քրդական արմատների մասին, բայց աշխատում էր թյուրքական հանրույթի առաջատարներից մեկը լինել: «Լուսանցք»-ը գրել է ալիեւների քրդական ծագման եւ Թուրքիայի դեմ գործող Քրդական աշխատավորական կուսակցության կապերի մասին:

Ինչեւէ, Իլհամ Ալիեւը շարունակում է «նախիջեւանյան քրդական կլանի» հաղթարշավը, ինչը սակայն ադրբեջանական քաղաքական դաշտում արձանագրված է որպես «նախիջեւանյան» եւ «փաշաեւյան» կլանների միջեւ պայքար: Այն հերթական անգամ սրվեց Ադրբեջանի նախագահական ընտրություններում եւ նորից ավարտվեց վերջինի պարտությամբ: Դա ավելի պարզ դարձավ կառավարության նոր կազմի հրապարակումից հետո: Բացի այն, որ «նախիջեւանյան» թիմը պահպանել է իր նախարարական պաշտոնները, նրանց միացել են եւս երկուսը՝ Զաքիր Հասանովը, ում համարում են Ռամիզ Մեհտիեւի կողմնակից, եւ աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար Սելիմ Մուսլիմովը, ով Արտակարգ իրավիճակների նախարարության նախիջեւանցի ղեկավար Քեմալեդդին Հեյդարովի մտերիմն է:

Կառավարության նոր կազմի ամենանշանակալի փոփոխությունը, անկասկած, պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրաժարականն է: Այդ պաշտոնում նշանակված Զաքիր Հասանովը «նախիջեւանյան կլան­ի» կադր է, եւ այս կլանը տարիներ շարունակ փորձում էր վերահսկողության տակ վերցնել պաշտպանության նախարարությունը: Եվ, վերջապես, հասավ իր նպատակին: Արդեն բարձրաձայնում են, թե «նախիջեւանյան կլան­ը» վերցնելով պաշտպանության նախարարությունը, ինքն իրեն «հավերժություն» ապահովեց, իսկ մրցակիցը՝ «փաշաեւյան կլան­ը», կորցրեց սեփական դիրքերը:

Դժվար է հայկական Նախիջեւանի ու նախիջեւանցիների մասին այլ կերպ խոսելը, բայց այսօր այսպես են ասում թյուրք-ադրբեջանական խառնամբոխի կամ քրդերի մասին, որոնք բնակվում են Նախիջեւանում: Եվ ահա այդ նախիջանցիներն այս հերթական պայքարից դուրս են եկել ոչ միայն առանց կորուստների, այլեւ ամբողջապես ազատվել են «սեւ ամպերի­ց», որ կային իրենց գլխավերեւում:

ՆԱՏՕ-ի արեւմտամետ հետեւորդ Սաֆար Աբիեւի փոխարեն պաշտոնում ռուսամետ Զաքիր Հասանովի նշանակումը խոսում է Ադրբեջանի իշխանության քաղաքական ուղղության փոփոխման մասին, ինչը կարծես փոփոխության ենթարկվեց Ալիեւ-Պուտին հանդիպումից հետո: Այստեղ մեծ դերակատարություն է ունեցել «նախիջեւանյան կլան­ի» այսպես կոչված «կնքահայր» Ռամիզ Մեհտիեւը: Ընտրություններից հետո Արեւմուտքից հնչած խիստ քննադատությունները եւս «հուշեցին» Իլհամ Ալիեւին, որ իշխանությունը հայացքը կարող է ուղղել դեպի Հյուսիս: Եվ ռուս-թուրք-ադրբեջանական բանակցությունները կարծես միս ու արյուն են ստանում՝ հերթական զգուշացումը հղելով Հայաստանին:

Բայց Ադրբեջանում ոչ բոլորն են հակված քաղաքական այսօրինակ փոփոխությանը: Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների դեմ հարձակումները դատապարտող հայտարարություն է տարածել եւ անգամ ռուսական ջարդերի կոչ է արել: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանն ուղղված հայտարարության մեջ նշվում է, որ եթե «ադրբեջանցիների դեմ հարձակումները չդադարեն, Ադրբեջանում բնակվող ռուսների հանդեպ ադեկվատ միջոցներ կձեռնարկվեն»: Տարօրինակն այն է, որ Ակիֆ Նագիի գլխավորած ՂԱԿ-ը մոտ է Ադրբեջանի իշխանամետ շրջանակներին, ինչը հասկանալի է դարձնում այս խաղը՝ ռուսամետ եւ ռուսատյաց ուղղություններով տարվող: Հայտարարությունում նշվում է, որ եթե Օրհան Զեյնալովի մեղքն ապացուցվի, ապա նա պետք է պատժվի: Հիշեցնենք, որ նրան մեղադրում են այն բանում, որ Ռուսաստանում վիճաբանության ժամանակ դանակահարել եւ սպանել է Մոսկվայի բնակիչ Եգոր Շչերբակովին: Բայց Բաքվում այլ կարծիքի են եւ, ինչպես նշել է ՂԱԿ-ը, անթույլատրելի է ադրբեջանցուն հանցագործ անվանել, «դրա հիման վրա Ադրբեջանի դեմ կեղտոտ քարոզարշավ սկսելը եւ Ռուսաստանում հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելը»:

Այս նեղիշխանական խամաճիկները ռուսական մամուլին տեղեկացրել են, որ «էթնիկ ռուսներն արդեն 200 տարի է, ինչ բնակվում են Ադրբեջանի տարածքում (երբ միայն 1918թ. մասոնա-բոլշեւիկյան դաշինքը արհեստական «Ադրբեջան» ստեղծեց՝ Հայաստանի ու Իրանի տարածքներին տիրելու համար…-խմբ.), եւ նրանց հանդեպ որեւէ տեսակի ճնշում չի գործադրվում, բայց ադրբեջանական ժողովրդի համբերությունն անվերջ չ­է»:

Ադրբեջանական այսօրինակ մտածելակերպով ուժերի կարծիքով, ՌԴ կառավարությունը պետք է փոխհատուցի խռովությունների հետեւանքով ադրբեջանցիներին հասցված վնասը, իսկ Օրհան Զեյնալովի հանդեպ բռնություն իրականացրած իրավապահ կառույցները պետք է պատժվեն, եւ քանի որ ադրբեջանցու հանդեպ կողմնակալ դիրքորոշում են ցուցաբերում, նրան պետք է արտահանձնեն եւ դատեն Ադրբեջանում: Դե իհարկե, եթե հաջողվեց հունգարական բանտից դուրս հանել եւ հերոսացնել Ռամիլ Սաֆարովին, ապա ինչու նույնը չանել ռուսական կողմի միջոցով, երբ քաղաքական շահարկումների տեղ կա արդեն:

«Ադրբեջանում ռուսների հանդեպ ադեկվատ միջոցներ կձեռնարկվե­ն»-ը եւս մանրամասնվել է թվերով: Նշվել է, թե 1989թ. մարդահամարի համաձայն՝ Ադրբեջանի ազգությամբ ռուս բնակչությունը կազմում էր 392 հազար: 20 տարվա ընթացքում Ադրբեջանում ռուսների թիվը կրճատվել է ավելի քան 3 անգամ եւ, 2009թ. մարդահամարի համաձայն, կազմում է 119 հազար արդեն:

Հիշեցնենք, որ այս ընթացքում Ռուսաստանում մարդասպանին գտնելու պահանջով հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոց: Ազգայնամոլների ամբոխը՝ մոտ 1000 մարդ, հարձակում են կազմակերպել բանջարեղենի պահեստաբազայում, որտեղ աշխատում են ԱՊՀ երկրներից ժամանած բազմաթիվ անձինք: Դեպքի վայր է ժամանել ՕՄՕՆ-ը եւ ձերբակալել խռովությունների մոտ 400 մասնակցի: Ավելի ուշ ոստիկանությունը սկսել է միգրանտների դեմ խիստ ստուգումներ անցկացնել:

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը այս գործի կապակցությամբ նույնպես Ռուսաստանին սպառնացել է «բումերանգով»: Նա խոսել է հատկապես սպանությանը հաջորդած դեպքերի՝ բանջարեղենի պահեստաբազայի վրա հարձակման եւ «Զեյնալովի կալանավորման ու զլմ-ներում իրադրության լուսաբանման մասի­ն»: Դեսպանը դատապարտել է «ռուսական զլմ-ների հիստերիա­ն»՝ խոսելով այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ոճով, այն է՝ Ադրբեջանում եւս ռուսներ են ապրում, ու նրանք նույնպես հանցագործություններ են կատարում ադրբեջանցիների դեմ: Նա, որպես օրինակ, բերել է ադրբեջանցի Հալիլովի սպանությունը ազգությամբ ոմն ռուս Բաքվի բնակչի կողմից: Նաեւ նշել է, որ Ռուսաստանում 25 միլիոն մահմեդական կա:

Հատկանշական է, որ Ադրբեջանի դեսպանը իր խոսքում սպանված Եգոր Շչերբակովին անվանում է «այդ տղա­ն», իսկ սպանության մեջ կասկածվող Ադրբեջանի քաղաքացուն  «պարոն Զեյնալո­վ»:

Դեսպանը փորձել է հերքել ակնհայտ եւ հայտնի փաստը, որ հոկտեմբերիին Բաքվում կայացած Ռուսաստանի եւ Ադրբեջանի ֆուտբոլային հավաքականների խաղի ընթացքում, ադրբեջանցի երկրպագուները տարբեր առարկաներ են նետել ռուս խաղացողի վրա, ինչի պատճառով վերջինին ստիպված են եղել հեռացնել դաշտից:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։