Ջավախքի խնդիրն այս «բանավեճի» վտանգներով է դեռ պարուրված – Սաակաշվիլին ոչ միայն հայերի թշնամին է, այլեւ՝ թուրքերի եղբայրը…

Վրաստանի արդեն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր նախագահության վերջին օրերին էլ ցույց տվեց, որ առողջական ու հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Ախալքալաք այցի ժամանակ նա հերթական հիստերիկ հայտարությունն էր արել՝ իր եւ հայ գործիչ Վահագն Չախալյանի միջեւ բանավեճից հետո:

«9 տարի առաջ Շեւարդնաձեի ժամանակ այս շրջանում անգամ չէր ծածանվում դրոշը: Տեսեք մենք ինչ վրացական դպրոց ենք կառուցել: Բերեցինք վրացերենի ուսուցիչներ եւ այստեղ երեխաները վրացերեն են խոսում ու ինչն է ամենակարեւորը, որ ձեւավորվել է վրացական գիտակցություն: Այստեղ սկսվել են մեծ նախագծեր՝ երկաթգիծ է կառուցվել, գազ են բերել: Իսկապես Ախալքալաքը վերադարձել է Վրաստանի իրավասությանը, ինչը Թբիլիսիում գրեթե ոչ ոք չի նկատել, սակայն ես հո գիտեմ, թե ինչ էր տեղի ունենում այստեղ,- ասել է նախկին նախագահը եւ շարունակել վայրահաչել,- այսօր այս ավազակ Չախալյանի հռետորությունը չգիտես ինչու համընկնում է իշխանությունների հռետորության հետ: Պարզվում է՝ մենք քանդել ենք պետությունը, ավերել ենք այստեղ ամեն ինչ: Նա ասում է, որ պետք է դատել Սաակաշվիլիին: Ինձ դատել պահանջում են 3 սուբյեկտ՝ Պուտին-Մեդվեդեւ, Իվանիշվիլի եւ Չախալյան: Սա ոչ մի բանի մասին չի՞ խոսում: Անջատողականների մի փոքր խումբ է մնացել: Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս վտանգավոր խաղերը, քանի որ ամեն ինչ սկսվում է փոքր բանից, իսկ հետո ամեն ինչ կվերադառնա մեզ: Անձնական բարկությունը, ատելությունը կամ օտարերկրյա պատվերը չարժեն, որ այդքան վնաս հասցվի Վրաստանի անվտանգությանը: Սա իմ վերջին նախազգուշացումն է, որը թողնում եմ Վրաստանի կառավարությանը որպես խորհուրդ: Մի վերադարձրեք մեզ ոչ միայն Շեւարդնաձեի ժամանակաշրջան, այլ նաեւ մի տարեք կատարյալ քաոս­ի»:

Թվում է, թե Սաակաշվիլու պատմությունն անցավ այլեւս: Սակայն այդ երկրի ղեկավարը կլինի այսուհետ վարչապետ Իվանիշվիլին, նրա առաջադրած նորընտիր նախագահը, թե այլ մեկը, մեծ փոփոխություններ չեն լինելու Ջավախքի ու հայության հետ կապված: Վրացին թուրք-ադրբեջանցու «լայթս» տեսակն է մեր ժամանակների, բայց ըստ էության՝ ոչ մի տարբերություն: Սաակաշվիլին հեռացավ հոխորտալով ու դեռ պիտի պատժվի: Նա պաշտոնավարման ընթացքում Ջավախքում իրականացրել է հայատյաց քաղաքականություն: Ախալքալաքի սբ. Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցած միջադեպը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հայատյաց ու հայահալած քաղաքականությունը արմատավորելու փորձեր դեռ լինելու են:

Վահագն Չախալյանը արժանի հակահարված տվեց Միխեիլ Սաակաշվիլուն եւ անգամ կատակեց՝ հիշեցնելով, որ Սաակաշվիլին «ադին-ադին ռազբիրիատի է կանչել»… «Ադին-ադի՞ն… ես չեմ իջնի Միշայի մակարդակին»: Ըստ Վահագնի, Սաակաշվիլին թմրանյութերի ազդեցության տակ էր, իր պահվածքը նորմալ մարդու պահվածք չէր, նա, հայերեն ասեմ, սթափ վիճակում չէր: «Դրա համար «սիկտիր» արեցի,- ասել է հայ գործիչը՝ հավելելով,-նա էդ մարդը չէ, որ ես իրա հետ ադին-ադին գնամ, իսկապես էդ մարդը չէ, ուղղակի 5 տարի համբերեցի, եւ այժմ էլ սադրանքների չենթարկվեցի… ինքն ամեն ինչի մասին էլ տեղյակ է՝ ինչ վիճակ էր Ջավախքում»:

Սաակաշվիլին եւս մեկնաբանել է Չախալյանի հետ տեղի ունեցած միջադեպը, թե Վրաստանի կառավարությունում առկա են «կասկածելի կապերով մարդիկ», ինչը, նրա պնդմամբ, կարող է օգտագործվել հետագա սադրանքներ կազմակերպելու համար: Եվ ակնարկել է Ջավախքում «Ժողովրդավարական ուղի. Միացյալ Ջավախ­ք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հետ ընդհարումը: «Չախալյանը եկել էր կառավարող կուսակցության ակտիվիստների հետ: Այս մասին պետք է խորհեն բոլորը, եւ առաջին հերթին՝ կառավարությունը: 1 տարի առաջ նման տարրերը դժվար թե հանդգնեին անել դա… Եթե այսօրինակ սադրանքները օգտագործենք քաղաքական նպատակների համար, թշնամին կօգտագործի հետագայում դա մեր իսկ դեմ»:

Հիշեցնենք, որ վրացական իշխանությունները ձերբակալել էին Վահագն Չախալյանին դեռ 2008թ., իսկ 2009թ. դատապարտել 10 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հանրային կարգը խախտելու, խուլիգանության եւ զենքի պահպանման համար: Տարեսկզբին հայ գործիչը Վրաստանի նոր կառավարության հայտարարած համաներմամբ ազատ էր արձակվել, ինչը Սաակաշվիլին որակել էր որպես «հակապետական քայ­լ»:

Բայց սադրանք հրահրելու մասին ավելի ստույգ լուրեր կան, Սաակաշվիլին եկեղեցի այցելելու ճանապարհին է հանդիպել Չախալյանին: Եկեղեցու բակում հավաքված են եղել մարդիկ, այդ թվում՝ Վահագնը: Վրաստանի նախագահը բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է «ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Ուղեկիցներից մեկը ցույց է տվել Վահագնին, նախագահը քայլերն ուղղել է դեպի նա, թիկնապահները ցուցադրաբար շրջապատել են նախագահին, բայց նա ձեռքով բացել է ճանապարհը եւ մոտեցել հավաքվածներին: Պետք է նշել, որ Սաակաշվիլին սկզբում ձեռքով բարեւել է Չախալյանին եւ նրանք զրույցի են բռնվել:

Հարցեր պարզելու ժամանակ բանը գրեթե հասել է ծեծկռտուքի: Իսկ ներկա հայերը սկսել են վանկարկել «ծադի Միշա (գնա Միշա)», երբ ոստիկանները եւ ընկերները Վահագնին հեռացրել են՝ խնդիրներից խուսափելու համար:

Արտակ Հայոցյան

* * *

Սաակաշվիլին ոչ միայն հայերի թշնամին է, այլեւ՝ թուրքերի եղբայրը

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին պաշտոնավարման վերջին օրերին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել Թուրքիայի եւս 1088 քաղաքացիների, ովքեր «ունեն վրացական արմատներ»: Քաղաքացիություն շնորհելու կարգադրությունը ստորագրվել եւ ուժի մեջ է մտել հատուկ կարգով: Այդ կարգի համաձայն, երկրի նախագահը իր նախաձեռնությամբ, Վրաստանի քաղաքացիություն է շնորհում վերոհիշյալ  արտասահմանցիներին՝ շրջանցելով օրենքով նախատեսված անհրաժեշտ գործընթացները:

Այս նույն սկզբունքով նախագահ Սաակաշվիլին դեռ սեպտեմբերին եւս Թուրքիայի 935 քաղաքացիների Վրաստանի քաղաքացիություն էր շնորհել, որոնցից մոտ 100-ը արդեն ստացել է վրացական անձնագիր:

Հիշեցնենք, որ այս հայատյացի նպատակներից էր նաեւ հայաթափմանը զուգահեռ՝ թուրք-մցխեթներին Ջավախքում բնակեցնելը, եւ այս վտանգը դեռ չի անցել:

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։