Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու – Երեւանի քաղաքապետարանի միմոսությունները… Մեր ջրերի ջրերն էլ պղտորվեցին – Թանկացումները գնալով ավելանում են…

Երբ հանդիսատեսը հակված չէ ծիծաղելու

«Իրազեկ եւ պաշտպանված սպառո­ղ» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը դիտարկել է, թե ինչպես է պետությունը պայքարելու երեւույթի դեմ, որպեսզի «Երեւանում տրանսպորտային կոլապս չառաջան­ա»: Խոսելով քաղաքապետարանի հանձնաժողովի քվեարկությամբ հաստատված միկրոավտոբուսով ու ավտոբուսով ուղեւորափոխադրման ծախսերի հաշվարկից՝ նա ասել է, թե «ծախսերը կարելի է նվազագույնի հասցնել այն դեպքում, երբ մրցույթային ֆորմատ կ­ա»: Իսկ այստեղ շատ տարրեր պարունակում են Ազգային վիճծառայության տվյալները, ինչն էլ նշանակում է, որ լավագույն ու նվազագույն գինը չէ հաշվարկված: Հ/կ նախագահը, իր խոսքերով, հաշվարկի միայն գազի համար նախատեսված ծախսին է կողմ քվեարկել, այլ ծախսերի համար կատարված հաշվարկներին դեմ է եղել:

Կքննարկվի նաեւ մուտքերի վերաբերյալ հաշվարկը: Տեղափոխողների մի մասը կարծիք է հայտնել, որ ծախսերը քիչ են հաշվարկված: Քաղաքապետարանի ներկայացուցիչը հակադարձել է՝ եթե այդպես է, ապա ինչ պայմանով մրցույթը շահել եք, այն պայմանով էլ կշարունակեք աշխատել: Ինչեւէ, շատերն են կարծում, որ պետությունը պիտի մասնակցի ոլորտի կարգավորմանը: Եթե ինչ-որ գծատեր որոշեց, որ չի շահագործելու այդ երթուղին կամ այն շահագործելու է 200-300 դրամով, ապա պետությունը պետք է օրենսդրորեն պայքարելու ձեւեր ունենա այդ երեւույթի դեմ: Պետությունն այսօր գործընթացին մասնակցություն չունի, իսկ առանց այդ մասնակցության նման կարեւոր խնդիրը լուծել հնարավոր չէ:

Հասարակական ուժերը մտահոգություն են հայտնում հանրության ու լրատվամիջոցների՝ ուղեվարձի գնի ձեւավորման փուլում ցուցաբերած պասիվությունից ու անտարբերությունից: Նշվում է, որ վերջին նիստում շատ քիչ լրագրողներ կային, խնդիրն «ուղիղ եթերու­մ» չլուսաբանվեց, ինչպես արվեց նախորդ նիստում, եւ այդ պասիվությունը ցավոք լավ բանի չի բերի: Հ/կ-ների անդամները ահազանգում են, որ ավելի լավ է ու ճիշտ, երբ պայքարի մեջ են մտնում ի սկզբանե, այլ ոչ թե հետո են սկսում են, երբ արդեն փաստի առաջ են կանգնում:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանում ընթանում են ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձի ձեւավորման ու կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպեսեւ խնդրի առնչությամբ քաղաքացիական հանրությանը հուզող հարցերի համակողմանի, լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի նիստերը: 37 անդամից վերջին նիստին մասնակցել է 25-ը: Նախագահը՝ Վահե Նիկոյանը հայտնել է, որ հաշվարկը մանրամասն ներկայացվել է ըստ առանձին բաղադրիչների՝ միաժամանակ մատնանշելով հաշվարկների համար հիմք եղած օրենսդրական եւ իրավական հիմնավորումը, ոլորտում առկա հաշվարկային մեխանիզմները եւ մեթոդները: Հաշվարկը ներառել է վառելիքային, շարժիչի յուղի եւ քսանյութերի, տեխնիկական սպասարկման ու նորոգման, անվադողերի եւ մարտկոցի փոխարինման, ինչպեսեւ՝ ամորտիզացիոն ծախսերի բաղադրիչները: Ներառվել են նաեւ վարորդների աշխատավարձի գծով ծախսերի ու հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների ծախսերի բաղադրիչները:

Իսկ որ մի ամբողջ՝ բաղադրիչների մեծ փունջ չի ներառվել, այդ մասին չի խոսվում: Չի ասվում, որ վարորդներին աշխատավարձ չի տրվում, գծատերը 20 վարորդից 10-ին է գրանցում՝ այդպիսով հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելով: Չի ասվում, որ կա վարորդների մեկ այլ՝ «լեւի» խումբ, որ իր ու գծատիրոջ համար աշխատում է պատվերով՝ «մարզերի վր­ա» կամ երեկոյան ժամը 23.00-ից հետո՝ 200 դրամով (ահազանգեր բազմիցս եղել են ու կանխվել է դա): Բա ամորտիզացիոն ծախսը, որ երբեք չի արվում: Խոսեցրեք վարորդներին, եւ նրանք ամբողջ խոհանոցը ձեր առաջ կփռեն: Կամ՝ հաշվարկն ըստ նստատեղի են անում՝ վնաս ցույց տալով, իսկ ամեն նստատեղին նստած 2-րդ մարդուն ու մի 10-ը կանգնածի էլ «մոռանում» են՝ շահույթ ցույց չտալով: Այնպես որ, քաղաքապետարանը լավ կանի իրեն կրկեսում խաղացողի դերում չզգա, որովհետեւ հանդիսատեսն ամենեւին հակված չէ տեղական ինքնակառավարման այս մարմնի միմոսությունների վրա ծիծաղելու…

Տրանսպորտի թանկացման ծախսային հաշվարկի վերաբերյալ տվյալները ոչ իրատեսական ու ոչ վստահելի են որակել հանձնաժողովի անդամներ Բաբկեն Պիպոյանն ու Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանը. «Նոր հաշվարկ-հիմնավորման մեջ 1 մեքենան շահագործվում է ամսական 25 օր, եւ ներկայացված 1 մլն. 45 հազ. 90 դրամ ծախսը հաշվարկված է ոչ թե նախորդ 30, այլ 25 օրվա համար: Այս կոնտեքստում դիտարկելով՝ մեքենան 13 երթ կատարելիս միջինը 21 ուղեւոր տեղափոխելու պարագայում ամսական, այսինքն՝ 25 օրում կտեղափոխի 25x13x21՝ 6.825 ուղեւոր, հետեւաբար ամսական 1 մլն. 45 հազ. 90 դրամ ծախսի եւ 6.825 ուղեւորների թվի հարաբերակցությամբ ունենում ենք 153 դրամը գերազանցող ինքնարժեք, ու դեռ «սրան» էլ պիտի գումարենք շահույթ­ը»:

Հանձնաժողովի այս անդամներին չի բավարարում նաեւ «աշխատաոճի տեմպը եւ աշխատանքի ոճը»: Անդրադառնալով ներկայացված ամորտիզացիոն ծախսերին՝ նշել են, որ անգամ 5 տարի անց սեփականատիրոջ ձեռքին մնում է մեքենան, որը գնահատվում է սկզբնական արժեքի 50-60%-ը: «Հաշվարկը չի բավարարում: Չկա այդպիսի վարորդ, ով աշխատավարձ տեսած լինի, այդ աշխատավարձը ֆիկտիվ թիվ է, ու եկամուտի բաշխումը լրիվ ուրիշ ձեւով է կատարվում, մեր համար այդ թվերը հիմք չե­ն»,- Արմեն Պողոսյանը հայտնել է, որ ինքն ունի վերլուծություն, որը կիրառելու դեպքում կարելի է խոսել ոչ թե ուղեվարձի թանկացման, այլ դեռ 100 դրամից ավելի էժանացման մասին:

Ի դեպ, հանձնաժողովի անդամներին ներկայացրած հաշվարկների համաձայն, միկրոավտոբուսների վարորդներին վճարվող 1 ժամվա աշխատավարձը չպետք է պակաս լինի միջին անվանական աշխատավարձից, եւ սահմանվել է 828 դրամ, իսկ հասույթի հաշվարկների մեջ հաստատ լինելու են ավելի մեծ թերություններ:

«Ունիսոն» հ/կ գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Նախապետյանն էլ հանձնաժողովում պաշտպանելու է հատկապես հաշմանդամություն ունեցողների շահերը. «Խոսում եմ սոցիաապես ծանր վիճակում գտնվող եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին, որովհետեւ գիտեք, ինչքան ցածր են թոշակները, եւ թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա մեծ ազդեցություն կունենա»:

Իսկ ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հաշվարկներին դեռ չի հասցրել ծանոթանալ, շա՛տ է բազմազբաղ:

«Իրազեկ եւ պաշպանված սպառո­ղ» հ/կ-ն ներկայացրել է Երեւանում ավտոբուսով եւ միկրոավտոբուսով ուղեւորափոխադրման ծախսերի հաշվարկների նախագծերը՝ 1 ավտոբուսի եւ 1 միկրոավտոբուսի համար 1 ամսվա կտրվածքով. «Նախագծերի ուսումնասիրության ավարտից հետո հ/կ-ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»:

Ավելի վաղ հրապարակած հիմնավորման համաձայն՝ 1 միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում էր 807.190 դրամ: Ըստ այդ՝ միկրոավտոբուսով 1 ուղեւորի փոխադրման սակագինը կազմում էր 144,9 դրամ: Մենք արդեն կանխատեսել ենք, որ հանձնաժողովը այնպես է անելու, որ քննարկումների հետեւանքով այդ 150 դրամը ավելանա՝ դառնալով 200-250: Այդպես է անելու, որպեսզի սպառողը 150-ից հետո գոհ մնա: Սա փորձված ու էժանագին քայլ է մեր երկրում, եւ այսպես երբեմն վարվել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սակագների բարձրացումը հաստատելուց առաջ:

Արամ Ավետյան եւ Նարե Մշեցյան

Հ.Գ. – Երեւանի քաղաքապետարանը վերջերս մի միմոսություն էլ է նախաձեռնել՝ աղբահանության վճարների գանձման հետ կապված: Այս մասին՝ առաջիկայում՝ միմոսությանը որոշ ժամանակ հետեւելուց հետո:

Ավտոբուսային 13 երթուղիներ (1, 5, 13, 14, 22, 31, 32, 36, 38, 41, 47, 53, 58) համալրված են GPS սարքավորումներով:

Տրամադրած տվյալների համաձայն, այս տարի մայրաքաղաքի առավել մարդաշատ կանգառներում նախատեսված է տեղադրել թվով 52 էլեկտրոնային չվացուցակ (ըստ քաղաքապետարանի, երեւանյան ավտոբուսները չվում են,-խմբ.), որից 21-ն արդեն տեղադրված է եւ եւս 31-ը կտեղադրվի մինչեւ տարեվերջ: Հաշվի առնելով համակարգի ծավալուն լինելը՝ սարքավորումները տեղադրվում, գործարկվում եւ կարգաբերվում են ոչ միաժամանակ, այլ՝ փուլ առ փուլ: Համակարգի ետգնումը ապահովելու նպատակով սարքավորման ետին մակերեսը նախատեսված է թղթային գովազդի համար:

- Մեր ջրերի ջրերն էլ պղտորվեցին

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո մեր երկրում թանկացումները գնալով ավելանում են: Հացամթերքի շուկայում արձանագրվել է 10-20 դրամի բարձրացում, 20-30 դրամով թանկացել է կերակրի աղը, թանկացել են նաեւ տոմատի մածուկը, ձուն, կաթնամթերքը, կոսմետիկ միջոցները՝ լվացքի փոշի, զուգարանի թուղթ, անձեռոցիկ, մի քանի տեսակի շամպուններ… չթանկացած ապրանք գրեթե չկա: Իսկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միայն նկատողություններով ու ոչ ազդեցիկ տուգանքներով է բավարարվում, հացամթերքի եւ կոսմետիկ միջոցների շուկաներում էլ վերահսկողություն չի իրականացնում, քանի որ այն համարվում է մրցակցային: Վերջերս անազնիվ մրցակցություն է հայտնաբերվել շշալցված ջրերի շուկայում: Շատ քիչ բնագավառներում է մրցակցություն մնացել, դրանցից է գազավորված եւ առանց գազի ջրերի արտադրությունը, որտեղ լուրջ մրցակցություն կա, սակայն որոշ արտադրողներ գտել են ձեւը՝ մրցակիցներին շուկայից դուրս մղելու համար: Մասնավորապես, նման գործընթաց են իրականացնում «Ջերմուկ»-ը, «Բյուրեղ»-ը, «Նոյ»-ը:

Երեւանի որոշ սննդի կետեր հրաժարվել են «Ապարան ջրի­ց», որն իր որակական հատկանիշներով դրսի շուկայում բավական բարձր է գնահատվում եւ հիմնականում արտահանվում է Ռուսաստան եւ քիչ քանակով՝ Եվրոպա: Հրաժարվելու պատճառը եղել է այն, որ «Բյուրեղ»-ի դիստրիբյուտորները այսպիսի ծրագիր են իրականացրել. «Ապարան ջրի­ց» հրաժարվելու գինը եղել է 5-6 մլն. դրամ, որը սիրահոժար վճարել են տվյալ սրճարան-ռեստորաններին՝ իրենց ապրանքանիշն ընտրելու համար:

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։