Գործարաններ կան, գործազուրկնե՞րն են տզրուկ – 18 հազարի վերացումը՝ կարճատեսության հետեւանք – Աշխատատեղերը թափա՛ծ են…

Հայաստանը բացառապես սպասարկող պետության է վերածվում, այն էլ օտարներին սպասարկող: Իսկ այդ սպասարկումն անգամ, ինչ-որ մի աննկատ ձեռքով, աշխատավոր հայերից անցնում է սեւամաշկ կամ դեղնամաշկ «հայաստանցիների» տնօրինությանը: Հատկապես հանրախանութների սպասարկումը օտարազգի գաղթյալների ոլորտն է դառնում… Իսկ սա արդեն այլ «արդյունքներ» է գրանցել, Հայաստանու՛մ ու հայկակա՛ն դպրոցներում սովորում են հայի ազգանունով աֆրիկացիներ ու չինացիներ, պարսիկներ ու… ինչ իմանանք՝ էլ ո՞վ, ո՞ր երկրի (գուցե որի ապրանքների համար դեռ հոգի տվողներ ունենք) ու՝ լա՛վ ծպտված…

 —————————————————————

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2014թ. պետբյուջեի նախագիծը: Այն ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով նշեց, թե առաջին անգամ ներկայացվում է բյուջե, որը չի նախատեսում հարկային վարչարարության ավելացում. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում են նույնը, որովհետեւ 2013թ. մեծ ծավալի միջացառումներ են իրականացվել այս ուղղությամբ, որոնք, ինքնըստինքյան, բիզնես միջավայրի վրա ազդել են արդեն: Այժմ որոշել են ռիսկային ոլորտներում ստուգումներ իրականացնել եւ, ըստ նրա, այս քաղաքական որոշումը ռիսկերը կնվազեցնի: Բյուջեի պակասուրդը լինելու է շատ ցածր. «Սակայն մենք չենք բացառում ավելի մեծ դեֆիցիտ՝ ընդլայնողական բյուջետային քաղաքականության եւ միջազգային ծրագրերի արդյունքու­մ»:

Ինչ վերաբերում է աշխատավարձերին. ըստ վարչապետի, ներդվել է միասնական սանդղակ, որի վրա բավականին երկար են աշխատել եւ առաջին անգամ պետական բոլոր կառույցներում կլինեն համադրելի աշխատավարձեր: Ընդգծվեց, թե հետեւողականորեն իրականացնելու են աշխատավարձերի բարձրացում ոչ միայն պետական, այլեւ մասնավոր հատվածում, իսկ նվազագույն աշխատավարձը 35 հազ. դրամից հասցվելու է 70 հազ.-ի: Սոցիալական բնագավառում էլ կառավարությունը հաշվի առնելով նախկին փորձը, որոշել է այսուհետ զբաղվել խնդիրներ ծնող պատճառների վերացման դեմ պայքարով. «Առաջին հերթին սոցիալական խնդիրներ ծնող պատճառը աշխատատեղերի բացակայությունն է: Ուզում եմ նշել, որ աղքատ ընտանիքների համար սոցիալական վիճակը չպետք է լինի պատճառ, որ նրանց երեխաները կրթություն չստանան, եւ այդ պատճառով շեշտակիորեն ավելացվելու են ֆինանսական միջոցներ­ը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել է «պետության միջոցները չփոշիացնելուց» եւ արդարացված է համարել կառավարության այն որոշումը, ըստ որի՝ վերացվեցին 18 հազ. դրամ գործազրկության նպաստները. «Կյանքը ցույց է տվել, որ նպաստ ստանում էին հիմնականում սոցիալապես ապահով մարդիկ, դրա համար էլ վերացրինք այդ համակարգը: Այժմ կա պիլոտային ծրագիր, որը հնարավորություն կտա աշխատանք որոնողներին գտնել այն, որն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի պետության միջոցները չփոշիանա­ն»: Անդրադարձ է եղել նաեւ 2014թ. հունվարի 1-ից թոշակների բարձրացմանը՝ ընդգծելով, որ դա չի վերաբերելու 93 հազ. դրամից բարձր թոշակ ստացողներին: Այս համակարգի արդյունքում 33 հազ. մարդ կունենա թոշակների ավելացում. «Ավելի քան 32 հազ. մարդ աղքատության շեմից դուրս կգան միայն թոշակների բարձրացման արդյունքում: Մենք տեսնում ենք, որ աղքատության ցուցանիշը նվազման միտում է դրսեւորում, իսկ 2014թ. սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի շնորհիվ դա ավելի տեսանելի կլինի»: Նաեւ նշվեց, որ նախատեսվում է աշխատավարձերի բարձրացումը սկսել ուժային կառույցներից եւ հենց հունվարի 1-ից, իսկ քաղծառայողներինը՝ հուլիսի 1-ից, եւ որ ուշադրության կենտրոնում են լինելու բազմազավակ ընտանիքները, իսկ անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն կտրվի վճարել ուսման վարձերը պետական բյուջեի միջոցների հաշվին: Նշենք, որ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 272 մլրդ. 955 մլն. 463 հազ., եկամտային մասը՝ 1 տրլն. 145 մլրդ. 415 մլն. 563 հազ. դրամ:

18 հազարի վերացումը՝ կարճատեսության հետեւանք

Գործազրկության նպաստի վերացումը  այն պատճառաբանությամբ, որ դա հիմնականում ստանում են ապահով մարդիկ, անհեթեթ է հնչում: Դրա իրական անվանումն այն է, ինչը քաղաքականությունում կոչվում է կարճատեսություն: Այն՝ որ գործազրկության նպաստ են ստացել հիմնականում ապահովները, պետք է որ քրեական գործերի մի ամբողջ շարան դառնա, պատասխանատվության ենթարկելով վերից վար՝ եւ՛ կեղծ փաստաթղթեր ներկայացնողներին եւ՛ դրանք առանց ստուգելու ընդունողներին: Իրականում վարչապետը հաղորդում է տվել մի հանցագործության մասին, որ կոչվում է պետության միջոցների յուրացում: Հիմա՝ շղթան բացելու փոխարեն այն փակում են, ավելի ստույգ՝ վերացնում (վարչապետն ինչու՞ հետամուտ չի լինում այս գործին)՝ վերջին գումարից զրկելով իրապես անապահովներին, ովքեր ապրել են ամսական 18 հազ. դրամով: Եթե կա խնդիր, ապա լուծում պետք է գտնվի, եթե խնդիրը երկրում առկա գործազրկությունն է, ապա լուծումը նախ աշխատատեղեր ստեղծելն է եւ հետո գործազրկության նպաստը վերացնելը: Իսկ առանց աշխատատեղ ստեղծելու գործազրկության նպաստը վերացնելով՝ սովամահության ենք դատապարտում գործազուրկին:

Դասախոսելն իմ ոճը չէ, պարզապես փորձում եմ նմանվել մեր իշխանավորներին՝ հասկանալու համար նրանց գործելաոճի՝ հենց այս դեպքի հետ կապված տրամաբանությունը: Չեմ հասկանում, որովհետեւ տրամաբանություն չկա: Ավելին՝ գործազրկության նպաստի վերացումը, նախարարների ու պատգամավորների աշխատավարձերի բարձրացման համապատկերին, անընդունելի՜ է, անխոհե՜մ քայլ, քաղաքականապես անհասունությա՜ն հետեւանք: Ես ինձ չեմ դասում այն մարդկանց շարքին, ովքեր մտածում են, որ երկրի նախարարը աշխատանքի պետք է գնա հեծանիվով, բայց նաեւ կողմ եմ այդ նախարարին թողնել անգամ առանց հեծանիվի, եթե նրա վարձը բարձրանում է մյուսինի (գործազուրկի) կտրվելու հաշվին:

Այս ամբողջ անհեթեթ պատմությունից մի բան դուրս եկավ. սոցիալապես ապահովները տարիներ շարունակ ստացան գործազրկության նպաստ, բայց նրանց փոխարեն պատժվեցին իրապես գործազուրկները:

Աշխատատեղերը թափա՛ծ են

Լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով գործազրկության նպաստի ինստիտուտի վերացման ԱԺ քայլին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշել է. «Դա չի կարող որակվել որպես նորմալ քայլ, ես կարծում եմ, որ սխալ մոտեցում է նպաստների ինստիտուտը հանելը»:

Այս կարծիքի հետ համաձայն չէր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը. «Նպաստների ինստիտուտը ոչ թե որպես այդպիսին վերացվել է, ուղղակի նույն միջոցներն ուղղվել են նրանց, որոնք ուզում են աշխատել: Կան մարդիկ, որ նախընտրում են ոչինչ չանել ու գումարներ ստանալ, նրանց պետք չէ որեւէ կերպ խրախուսել: Մենք՝ որպես հարկատու, պետք է պահանջենք, որ մեր փողերով պորտաբույծներին չպահեն»:

Եվ այս խոսքերից ստացվեց, որ գործազուրկները պորտաբույծներ են, քանի որ, ըստ պատգամավորի, ներկայումս Հայաստանում ամենուրեք աշխատատեղեր կան: Իսկ այն հարցին, թե որքա՞ն պորտաբույծ կա նույն ԱԺ-ում, պատգամավոր Բադեյանը դժվարացավ ասել, բայց հասցրեց նշել, թե միայն ժողովուրդն է որոշում պատգամավորների գործունեության արդյունավետությունը:

Ընդդիմադիր գործիչ եւ տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար անհասկանալի է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, անհասկանալի են նաեւ դրա համար բերվող հիմնավորումները. «Չեմ տեսնում այնտեղ հիմնավորումներ, անհրաժեշտությունն էլ չի երեւում, թե ինչ է փոխվելու, չգիտեմ: Եթե խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա սա այդ հարցը չի լուծում: Խնդիրն այլ տեղ է, աշխատավարձերի մեջ չէ: Կոռուպցիայի դեմ պայքարը քաղաքական որոշում պետք է լին­ի»:

ՀԱԿ անդամի կարծիքով՝ պետական պաշտոնյաների աշխատավարձերի ավելացումը կբերի ոչ թե կոռուպցիայի նվազեցմանը, այլ դրա չափերի ու ծավալների մեծացմանը: Եվ բերելով Սինգապուրի օրինակը նշեց, որ այնտեղ պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձեր են ստանում, բայց հստակ պայման կա՝ «պետական չինովնիկը գողություն չի անում, պետական չինովնիկը կոռուպցիայի մեջ չի խրվում… Եթե նման սկզբունք ու մոտեցում ենք դնում, ապա ոչ մեկը չի կարող դեմ խոսել, բայց ես նման մոտեցում չեմ տեսնում: Մեր մոտ պետական պաշտոնյան իր պարտականությունները կատարելուց զատ բիզնեսի մեջ են նաեւ խրված»:

Հիշեցնենք՝ որ աշխատավարձի բարձրացումը ենթադրում է, որ յուրաքանչյուր պաշտոնյայի աշխատավարձը հաշվարկելիս բազային աշխատավարձը բազմապատկվելու է այդ պաշտոնի համար սահմանված գործակցով: Պաշտոնային դրույքաչափերի սանդղակում ամենաբարձր գործակիցը ՀՀ նախագահինն է՝ 20: Հաջորդում են ԱԺ նախագահը եւ վարչապետը՝ 18 գործակիցներով: Սահմանադրական դատարանի նախագահի գործակիցը 16 է, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի գործակիցը՝ 15,5, փոխվարչապետինը՝ 15: Մարդու իրավունքների պաշտպանի գործակիցը այդ սանդղակում եւս 15 է, ավելի բարձր, քան ասենք ԱԺ փոխնախագահինը՝ 14, Վերաքննիչ դատարանի նախագահինը՝ 13,50, Ոստիկանության պետինը՝ 12, նախարարներինը՝ 12: Պատգամավորներինը եւ փոխնախարարներինը՝ 10: Վերաքննիչ դատարանի դատավորի գործակիցը 11,50, իսկ ահա ընդհանուր իրավասության դատարանի դատավորների գործակիցը 10 է: Նվազագույն գործակիցն, ըստ սանդղակի, պետական համակարգում աշխատող կրտսեր մասնագետինն է՝ 1,25:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։