Երբ դարակազմիկ է սարկազմիկը – Երբ մտքերը դարնանցած ու դարանակալած են… Շուրա, վերջապես ե՞րբ են բաժանելու մեր փողերը – ՀՀՇ-ն բազմանում է…

Երբ դարակազմիկ է սարկազմիկը

Քիչ, բայց երբեմն լինում են հայտարարություններ կամ արտահայտված մտքեր, որոնք ստանում են դարակազմիկ որակում: Դրա հեղինակը կարող են լինել քաղաքական, հոգեւոր, մշակութային կամ այլ ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ազդեցություն ունեն ազգի, մարդկության կամ հանրության մի հատվածի վրա:

Մեր երկրում եւս նման որակումներ տրվում են: Բայց քանի որ ճաշակին ընկեր չկա, հաճախ այդ որակումներն արվում են ինքնանպատակ: Նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մերթ ընդ մերթ հանդես է գալիս հայտարարություններով, որը հանրության նրան լսող մի հատվածը փորձում է դարակազմիկ միտք ներկայացնել: Վերջերս էլ իր հարցազրույցում ՀՀ 1-ին նախագահը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին առաջարկել էր «խոհեմություն դրսեւերել եւ ինքնակամ հրաժարվել պաշտոնի­ց»: Այս կոչը ահա, դարձել է հերթական դարակազմիկը նրա հետեւորդների համար:

Բայց միտքը, դարակազմիկ դառնալու համար, պետք է հիմնավորվի գործով, իսկ գործն էլ ապացուցվում է անցած կյանքով… Երեւի այս ձեւակերպումներս էլ ես ներկայացնեմ «դարակազմիկի» հանձնաժողովին: Բայց մինչ այդ, այս տեսությամբ (այլ տեսությունները չմերժելով) դիտարկենք ՀՀ 1-ին նախագահին: Արդյո՞ք նա կարող է ասել դարակազմիկ միտք, որը պետք է փնտրել նրա յուրաքանչյուր հայտարարության մեջ:

Ո՞վ է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Արդյո՞ք նա իրավունք ունի ի պաշտոնե իր հաջորդներին խորհուրդ տալու, առավել եւս ՀՀ բնակչությանը «վերատիրելու»: Իսկապե՞ս նրա մտքերը ազնիվ են ու պտղաբեր ու կարող են շրջադարձային լինել մեր կյանքում:

ՀՀ 1-ին նախագահը, իր թիմով հանդերձ, այն անձն է, ով մինչ նորաստեղծ Հայաստանի Հանրապետության հռչակումը օտար ուժերի աջակցությամբ ոչնչացրեց կամ պառակտեց այն ազգային ուժերին, որոնք կարող էին ընդդիմանալ այդ միջազգային ծրագրին, անգամ կարող էին օգտվել եւ զուտ ազգային շահը պաշտպանել: Պառակտվեց ԱԻՄ-ը, որ այդ տարիների անկախական պայքարի առաջամարտիկն էր, վարկաբեկվեց ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Երասխի կռիվներում զոհվեց անկախականների պառակտված թեւի մի ղեկավարը՝ Մովսես Գորգիսյանը (ում մահը նաեւ մեջքից դավադիր հարվածի տարբերակ ունի քննարկելու ցայսօր), արգելափակվում էր նաեւ անկախական այլ կազմակերպությունների գործունեությունը, իսկ ՀՅԴ-ն դեռ Սփյուռքից Հայաստան չէր վերադարձել, բայց երկրում արդեն ինքնուրույն գործում էր Հայաստանի ՀՅ(Հ)Դ-ն… Եվ ամանամեծ հակառակորդը, որ կարող էր ՀՀՇ-ին դիմակայել ու նաեւ զինված դիմադրություն ցույց տալ Արեւմուտք-ԽՍՀՄ արդեն ժողովրդավար միությանը, ՀԱԲ-ը, սադրանքի ենթարկվեց (նվիրյալ հայորդիներ՝ ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանի (Չավուշ) եւ պատգամավոր Վիտյա Այվազյանի դավադիր սպանությամբ), եւ ՀԱԲ-ի հրամկազմը հայասպանդից խուսափելու համար չգնաց զինված ընդհարման… քանի որ հակառակ կողմում նաեւ սովետական զինվորներն էին լինելու, ինչը Հայաստանն իսկապես սպանդանոցի էր վերածելու:

Արեւմուտք եւ Ռուսաստան ասվածը նույնն էին այնժամ, «գենսեկ» Գորբաչովը նույն Արեւմուտքի դրածոն էր՝ ԽՍՀՄ-ը քանդելու ճանապարհին: Եվ երբ հասկանալի դարձավ, որ Արցախյան շարժումը անկասելի է եւ հայությունը չի նահանջելու, ԽՍՀՄ-ը քանդելու ճանապարը ընտրվեց ազգամիջյան բախումների բորբոքումը: Եվ Մոսկվան (Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ) իր իսկ ձեռքերով տապալեց կոմունիստական վարչակարգը Հայաստանում՝ բերելով ՀՀՇ-ականը:

Իսկ թե քանի հերոս տղաներ մեջքից խփվեցին Արցախի ճակատում, որպեսզի դադարեցվի հայկական զինուժի առաջընթացը (ԽՍՀՄ քանդման ծրագիրն իրականացված էր արդեն) եւ քանի տարի շարունակ հաղթանակած ազգը գոյատեւեց մթի, ցրտի ու սովի մեջ, որ մոռանա իր ըմբոստ կերպարը, հայտնի է բոլորին… ՀՀՇ-ածին վարչախմբի հայահալած թալանի ու անպատժելիության մասին եւս կարիք չկա մանրամասնելու: Իրավական ու քաղաքական (նաեւ սիոնա-մասոնական ու թուրքասիրական) անցյալը եւս ակնառու է:

Եվ երբ այս ամենից հետո դիտարկենք ՀՀ 1-ին նախագահի հետեւորդների լեւոնական փառաբանումներին եւ դարակազմիկ որակումներին, ապա միանշանակ դրանք դարակազմիկ չեն կարող լինել, ավելին՝ դրանք դարնանցած ու դարանակալած մտքեր են…

«Լուսանցք»-ը եղել ու մնում է այս տեսակետին:

Իսկ գործող նախագահի թիմը իր պատասխանն է տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկել է եզրահանգման, որ երբեմն ավելի լավ է լռել, քան՝ խոսել. «Ինքն իրեն (ՀՀ 1-ին նախագահը – խմբ.) քաղաքական թոշակառու հռչակած՝ ընդդիմության այլեւս  ձախողված առաջնորդ Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ 2 դիտարկում ունեմ: 1. Բադասյանին արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական ընտրելը խոսում է այս գործչի մոտեցումների «կայունության» մասին, ով ժամանակին ներքին գործերի հարցով խորհրդական էր ընտրել հայտնի «քեռուն»: 2. Առնվազն զավեշտալի է, որ Արցախը պահելու մասին, Արցախի մասին, այն կորցնելու մասին խոսում է մի գործիչ, ով իր կառավարման հիմնական շրջանում՝ 1992թ., «Կոմսոմոլսկայ պարվադ­ա»-ին տված հարցազրույցում կողմ է արտահայտվել ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակին: 2008թ. նախագահական քարոզարշավի ժամանակ, նրա արտաքին քաղաքական մեխերից մեկն էր՝ քիրվայություն անելը Ադրբեջանի հե­տ»:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի եզրակացության հետ, որ Հայաստանի եւ Արցախի ապագայի հանդեպ անկեղծ մտահոգություն ունենալու պարագայում Սերժ Սարգսյանը պետք է խոհեմություն դրսեւորի եւ ինքնակամ հրաժարվի իր պաշտոնից: «Ես թեպետ չեմ ճանաչում ԼՂՀ ԱԺ պատգամավորին, այդուհանդերձ չեմ կարող չհամաձայնել նրա հայտարարության այդ եզրակացության հետ… Ի տարբերություն հարգարժան պատգամավորի, սակայն, իմ ելակետը ո՜չ թե Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու

հանցանքներն են, այլ այն, թե գոնե սրանից հետո ունա՞կ է նա որեւէ օգտակար գործ կատարելու Հայաստանի եւ Արցախի համար: Պատասխանը, որքան էլ ցավալի, միանշանակ՝ ո՛չ է»,- ասել է ՀՀ 1-ին նախագահը:

Ակնհայտ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը վախեցել է իր անցյալի մեկնությունից եւ նրա ելակետը «Սերժ Սարգսյանի անցյալում գործած սխալներն ու հանցանքները չե­ն», ինչի պարզաբանումը առավելապես երկրի 1-ին դեմքի անձին է առնչվում եւ նա ցանկացել է ցույց տալ, իբր իր սխալների վրա սովորել է… Ազգի ու պետության հարստությունը սեփականացնելը, դավադրաբար գործելը չի՛ կարող կյանքի փորձ համարվել, դա միայն ազգի սահմանած մահվան դատավճռով կսրբագրվի:

ՀՀ 1-ին նախագահին պետք է հիշեցնենք նաեւ, որ իր չսիրած ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին ինք է բերել իշխանության:

Հայկ Թորգոմյան

Շուրա, վերջապես ե՞րբ են բաժանելու մեր փողերը

Ինչպես սպասվում էր, ՀՀՇ-ն «վերածնվեց»: Հովհաննես Իգիթյանը ՀՀՇ համագումարում հայտարարեց, որ իրենք ոչ ոքի դեմ կուսակցություն չեն ստեղծում, միաժամանակ զգում են, որ իրենց գիտելիքները եւ կապերը կարող են օգտագործել ժողովրդին օգնելու համար. «Եթե ժողովուրդը հիասթափված է իշխանություններից, պետք է փորձել բարձրացնել քաղաքական կուսակցությունների դեմքը»: Ոչ ավել ոչ պակաս, այսպես հայտարարեց ա՛յն վերածնված կուսակցության անդամը, որին «պատիվ» էր տրված Հայաստանն ու հայությանը առաջինը թալանել ու ապազգայնացնել: Հիմա դրանք 2-ն են՝ ՀՀԱԿ-ը եւ ՀՀՇ-ն, եւ մսխածն ավելի հեշտ կարող են ետ վերադարձնել ազգին՝ կիսովի:

ՀՀՇ կուսակցության վարչության նախագահ, ինչպեսեւ սպասվում էր, ընտրվեց Արարատ Զուրաբյանը: Ալեքսանդր Արզումանյանն ընտրվել է կուսակցության հանրապետական խորհրդի նախագահ, իսկ Կարեն Կարապետյանը՝ գործադիր քարտուղար:

Առաջին քաղաքական մոտեցումներից էր՝ անդրադարձը Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելուն: Հինունոր այս կազմակերպության ներկայացուցիչները հայտնեցին, թե իրենք Մաքսային միությանը դեմ չեն, սակայն դեմ են, որ շեղվել ենք պետական մոդելը ստեղծելուց: Եթե մեր սուվերենությունը ծախում ենք ԼՂՀ-ի համար, կարելի է հասկանալ, բայց մենք ավելի վատ պայմաններում ենք պահել Լեռնային Ղարաբաղը:

Ի դեպ, վարչության նիստը ընթանում էր հենց այն ժամանակ, երբ ՀԱԿ-ին դիրքերը զիջած՝ արդեն ՀՀՇ հ/կ-ն՝ Վահագն Հայոցյանի գլխավորությամբ հայտարարություն տարածեց, որ բացի ՀՀՇ հ/կ-ից այլ կազմակերպությունների կողմից «Հայոց Համազգային Շարժում անվամբ հանդես գալը, ինչպեսեւ ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումը ինքնակոչության դրսեւորում ­է»: Նաեւ ասվում է, որ «2013թ. փետրվար-մարտ ամիսներին Հայոց Համազգային Շարժում կուսակցության վերանվանման արդյունքում Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը ձեւավորվելուց հետո, ՀՀՇ մի խումբ հիմնադիր անդամներ դիմեցին ՀԱԿԿ-ին՝ որպես ՀՀՇ-ի իրավահաջորդի, ստանալով վերջինիս համաձայնությունը ՀՀՇ հասարակական կազմակերպություն հիմնադրելու հարցու­մ»: ՀՀՇ հ/կ-ն գրանցված է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 26.03.2013թ. եւ որպես ՀՀՇ հ/կ-ի խորհրդանշան պետական գրանցում է ստացել նաեւ անվանափոխված ՀՀՇ կուսակցության՝ բոլորին հայտնի խորհրդանշանը:

Կարծես նոր իրավական պայքար է սկսվում կազմակերպության անվան համար: Այսպիսի պառակտման երեւույթներ արդեն եղել են ավանդական կուսակցությունների՝ դաշնակցական, ռամկավարական ու հնչակյան հայաստանյան կառույցներում: Հետաքրքիր է, որ նորաստեղծ ՀԱԿ կուսակցության դեմ էլ բողոքում են նախկին ՀԱԿ դաշինքի որոշ կազմակերպություններ՝ Կոնգրեսը կուսակցականացնելու համար:

Ինչեւէ, ՀՀՇ հ/կ-ն արձանագրել է, որ վերը նշված 2013թ. հոտեմբերի 26-ի համագումարի փաստաթղթերում օգտագործվել են «Հայոց Համազգային Շարժում անվանումը, ՀՀՇ հապավումը եւ ՀՀՇ հ/կ-ին պատկանող խորհրդանշանը, ինչը «Կուսակցությունների մասի­ն» եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների կոպիտ խախտում է»:

Հակառակ ՀՀՇ երկվության, ՀԱԿԿ-ն վարչության նիստ է գումարել, եւ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը: Նշվել է, որ կան 5 գրասենյակներ Երեւանում եւ 20 տարածքային կառույցներ մարզերում, եւ գործընթացը շարունակվում է: Մտադիր են նաեւ երիտասարդական միության համագումար կազմակերպել:

Վարչությունը լսել է Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հաղորդումը Եվրոպայի լիբերալների դաշինքի՝ նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում կայանալիք համագումարին ՀՀԱԿ պատվիրակության մասնակցության վերաբերյալ: Փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ԱԺ խմբակցության գործունեությունը եւ առաջիկա անելիքները:

Եթե «վերածնված» ՀՀՇ-ն կարողանա ՀՀՇ հ/կ-ին իրավական լուրջ քայլեր հակադրել, ապա չի բացառվում, որ «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատնե­ր» կուսակցությունների՝ որպես «կիսաամուսնացած» զույգի ինքնատիպ պառակտման հեղինակների, կհետեւի դեռ նորովի չկայացած ՀՀՇ հ/կ-ի եւ վերհառնելու ցանկություն ունեցող ՀՀՇ ք/կ-ի՝ առանց «ամուսնության» էլի ինքնատիպ, բայց տարօրինակ պառակտումը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։