Մի՛ մտեք – Որ ուրիշ բառ չասենք, ասում ենք մի մտեք… կազմ… – Ճկու՞ն, թե՞ ճկվող ու ծառայամիտ մարդը…

Բառերը պատկանելություն ունեն: Մանավանդ՝ բացասական բառերը: Օրինակ՝ ցեղասպան, ավերող, բնաջնջող… բառերի պատկանելությունը թուրքական է, աշխարհի շատ երկրների հանդեպ ցինիզմի լիիրավ տերը ռուսն է եղել, իսկ հայերիս հետ առնչվող հարցերում, պատմական գրեթե բոլոր փուլերում, ռուսական պատկանելության է նաեւ դավաճանություն բառը:

ՌԴ-ն նորից զենք է վաճառելու Ադրբեջանին, ու մշտապես է վաճառելու («Լուսանցք»-ը մի առիթով խոսել է ՌԴ վերնախավի, հատկապես՝ Պուտինի հրեական ծագումից՝ խոստանալով մանրամասնել այն): Եվ մեր անհանգստությանն ի պատասխան մեր իսկ ԱԺ-ում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը տեսեք, թե ինչ է հայտարարում  հանձնաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ Անատոլի Վիբորնին. «Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքը չի արգելվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որեւէ օրենքով, նորմով կամ համաձայնագրով… Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ, իր պարտավորությունները մյուս բոլոր երկրների նկատմամբ կատարում է օրենքի տառին համահունչ… Մենք նկատի կունենանք ձեր այդ անհանգստությունը: Այն, որ մենք ՀՀ-ի տարածքում ենք անցկացնում այս նիստը, դա արդեն վկայում է այն մասին, որ մենք անհանգստանում ենք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով: ՌԴ-ն առավելագույնս անում է ամեն ինչ, որպեսզի որեւէ երկրի կողմից չլինի սպառնալիք: ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները պետք է գործեն միմիայն իրավական դաշտու­մ»:

Կզարմանամ, եթե ռուսական կողմի այս պահվածքից որեւէ մեկը զարմանա: Ռուսները մեր պատմության ընթացքում մեզ համար միշտ էլ «սպիտակ թուրքե­ր» են եղել: Հիմա՝ սպիտակ թուրքը զենք է տալիս սեւ թուրքին: Ո՜չ մի նորություն: Փաստ, որ բացատրություն ունի, բայց այս նյութի քննարկման թեման չէ:

Ի դեպ, չեմ զարմանում նաեւ հայկական կողմի պահվածքից: Բայց զայրանում եմ, որովհետեւ նորից ծլում են ռուսամոլները մեր երկրում, ու նորից ռուսերենը մեր երկրում պետական լեզվի կարգավիճակ է ստանում՝ այս անգամ ձեռամբ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀԱՊԿ պատվիրակության խորհրդական Խոսրով Հարությունյանի: Ի դեպ, Հարությունյանների ընտանիքը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը ընկալել է իբրեւ ՌԴ-ի կազմ (որ ուրիշ բառ չասենք, կազմ ենք ասում) մտնելու շտապողականություն: Եվ այս Խոսրով Հարությունյանի եղբայրը դստեր հարսանիքի հրավիրատոմսերը ռուսերեն էր տպագրել տվել:

Ինչեւէ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին «Ազատ դեմոկրատնե­ր» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պահանջել է, որպեսզի նիստի ընթացքում ապահովվի հայերեն թարգմանությունը՝ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, որում, որպես ՀՀ պետական լեզու է ամրագրված հայոց լեզուն: Այս մասին տեղեկանում ենք «Ազատ դեմոկրատնե­ր» կուսակցության կայքէջից, որտեղ նշվում է, որ նախագահի պահանջը բավարարվել է, նրա ելույթը կթարգմանվի:

Խոսրով Հարությունյանը հասկանալի է, որ պետական լեզվի մասին չէր էլ կարող մտածել: Մարդուն հուշել էր պետք: Նա անպատմելի ճկուն հատկություններ ունի.  խորհրդային տարիների ՀԽՍՀ լավագույն կոմունիստ բաժնի վարիչներից, քաղխորհրդի գործկոմի նախագահներից դաձավ անկախ Հայաստանի լավագույն քրիստոնյան՝ կազմակերպելով 2000թ.-ին Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարության կազմակերպման հանձնաժողովի աշխատանքները: Հուշել էր պետք: Մարդը շա՛տ է ճկուն, այնքան, որ մինչեւ հիմա չի կարողանում ամուր որոշում կայացնել՝ կոմունի՞ստ է, քրիստոնյա՞, թե՞ դեմոկրատ: Ու երբ տեսավ չի կողմնորոշվում, դարձավ քրիստոնյա-դեմոկրատ:

Այդ չափից ավելի ճկունությունն է, որ խանգարում է Հարությունյան Խոսրովին իրերը հստակ տեսնել, դրա համար էլ զարմանում է, թե՝ «Ես չեմ հասկանում՝ էս փոքր Հայաստանը նրանց (գերտերությունների) ինչի՞ն է պետք: Խնդիրը լուրջ է: Այն ո՛չ աշխարհատնտեսական է, ո՛չ էլ քաղաքական, պարզապես այս տարածքում նրանց պետք է Հայաստանի միջոցով սեփական դիրքերն ամրապնդել»:

Պա՛րզ, միամի՛տ, բյուրեղյա՛ մարդ, որ «Նիկոլայ 2-ի օրոքի­ց» պաշտոնավարելով այդպես էլ չի հասկանում «փոքր Հայաստան­ի» դերը: Դե, ըստ այդմ էլ, փոքր Հայաստանի ինչի՞ն է պետք պետական ու մայրենի լեզուն: Նախապես բացատրեիք, էլի, պարոն Քոքոբելյան, թե չէ նիստում մարդուն անհարմար վիճակի մեջ եք դրել:

Ասացինք միամիտ է, բայց ասացինք նաեւ, որ ճկուն է, ու որ համոզեիք, Երեւանում նիստը գուցե ռուսերեն չանցկացներ եւ, դարձյալ ըստ այդմ, գուցե մեծ եղբոր առաջ գլխիկոր չկագնելու իր հանդուգն քայլը բացատրել կարողանար:

Ուղղակի հուշել էր պետք, որ կարիք չկա… կազմ մտնելու:

«Լուսացք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 35 (298), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։