Հայկական խոհանոց – Կանաչ լոբով սառը ուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից… Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները – Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով – Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայ­ի» կապերի մասին… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Նիհարելու փորձերը կարող են վտանգել զույգերի հարաբերությունները

Հյուսիսային Կարոլինայի եւ Տեխասի համալսարանի հոգեբանները պարզել են, որ զույգերից մեկի նիհարելը հարաբերությունների համար վտանգ կարող է առաջացնել: Զույգերից նա, ով նիհարել է, պարբերաբար դրդում է, որպեսզի մյուսն էլ նիհարի եւ այդ պատճառով էլ նրանց մոտ տարաձայնություններ են առաջանում. սովորաբար իր երկրորդ կեսի նկատմամբ քննադատաբար է տրամադրվում, սեռական հարաբերություններում հետաքրքրությունն է նվազում:

Գիտնականներն այդ փորձն արել են 21 զույգի հետ, եւ յուրաքանչյուր զույգի մեկ մարդը շուրջ 2 տարվա ընթացքում 14 կգ քաշ է գցել: Այնուհետեւ զույգերը հոգեբաններին պատմել են, թե ինչ խնդիրներ են առաջացել քաշի կորուստի հետեւանքով: Պարզվել է, որ նիհարելուց հետո մարդը, որը զգալի քաշ է գցել, հաճախ է խոսել առողջ ապրելակերպի մասին, որպեսզի զույգին հրահրի նույն քայլին դիմելու: Իսկ եթե զույգը չի ցանկացել նիհարել, ապա հարաբերություններում խնդիրներ են առաջացել:

Ամուսնության գրանցում՝ էլեկտրոնային տարբերակով

Գյումրու Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում հոկտեմբերին գործարկվել է ՔԿԱԳ էլեկտրոնային համակարգը: Այն մշակվել է ՀՀ կառավարության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ «Հայաստան-էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» ծրագրի շրջանակներում: Բացման արարողությանը ներկա են գտնվել եւ ողջույնի խոսքով հանդես եկել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ծրագրի ղեկավար Իվառ Տալլոն, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ու քաղաքային եւ մարզային կառույցների ղեկավարները:

Հիշել է Հայաստանի եւ «Սուրբ Հուդայ­ի» կապերի մասին

Քանի դեռ Բրիտանիայում եւ Ֆրանսիայում մոլեգնում էր «Սուրբ Հուդ­ա» փոթորիկը, բրիտանական «The Daily Mail»-ը հիշատակել է այն մասին, որ Սուրբ Հուդան, որը նաեւ հայտնի էր որպես Թադեւոս առաքյալ, քրիստոնեությունը Հայաստան բերող առաջին առաքյալն էր: «Նա 12 առաքյալներից մեկն էր, ով ընտրվել էր Ավետարանը տարածելու համար եւ ընդունված է համարել, որ հենց նա է քրիստոնեությունը բերել Հայաստան»,- գրում է պարբերականը: Հիշատակվում է նաեւ, որ նա սպանվել է 5 տարի անց Հայաստանում, իսկ նրա մարմինը տեղափոխվել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճար:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Կանաչ լոբով սառը ուտեստ

Բաղադրությունը - Կանաչ լոբի – 0,5 կգ, հավի կրծքամիս – 0.5կգ, գլուխ սոխ – 250 գ, գազար – 250 գ, սոյա – 150 գ, կիտրոն – 150 գ, մաղադանոս – 1 կապ, սխտոր – 1 գլուխ, սպիտակ պղպեղ:

Պատրաստման եղանակը - Հավի կրծքամիսը բարակ կտրատել եւ համեմել կիտրոնի, սոյայի եւ սխտորի խառնուրդով: Թողնել 30 րոպե: Լոբին կտրատել եւ գազարի ու գլուխ սոխի հետ 50 գրամ ջրով մարմանդ կրակին եփել: Հենց եռա, հավի միսը լցնել վրան, դարձյալ մարմանդ եփել 10 րոպեի չափ, անջատելուց հետո ավելացնել մաղադանոսն ու սպիտակ պղպեղը:

Ավելի համեղ է այս ուտեստը ճաշակել սառը վիճակում: Բարի՜ ախորժակ:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

«Արարատ»-ը ամրապնդում է առաջատարի դիրքերը

Կայացել են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ փուլի հանդիպումները: «Շիրակ»-«Ուլիս» խաղն ավարտվել է գյումրեցիների հաղթանակով՝ 2:1, «Գանձասար»-ը Կապանում պարտվել է առաջատար «Արարատ»-ին՝ 0:1: Հայաստանի ֆուտբոլի առաջնության նորեկ Մարտունիի «Ալաշկերտ»-ից պահանջվեց ուղիղ 11 հանդիպում, որպեսզի բարձրագույն խմբում ճաշակի հաղթանակի բերկրանքը եւ այն էլ Երեւանում՝ հաղթեց «Միկա»-ին՝ 2:0, իսկ «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

«Արարատ»-ն ավելացրեց առավելությունը՝ վաստակեց 24 միավոր, 2-րդ տեղում գտնվող «Գանձասար»-ն ու «Փյունիկ»-ը առաջատարից արդեն ետ են մնում 8 միավորով (16): «Շիրակ»-ն ունի 15 միավոր եւ հավասարվեց 4-րդ հորիզոնականում ընթացող Երեւանի «Միկա»-ին: «Ալաշկերտ»-ը 6 միավորով եզրափակում է աղյուսակը:

Վարդան Մինասյանը մնում է հավաքականում

«Հավաքականում աշխատելուց հետո ես թեթեւակի ընդմիջում եմ վերցրել: Այժմ ուսումնասիրում եմ արտասահմանում աշխատելու հնարավորությունները: Դեռ կոնկրետ առաջարկներ չկան: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա շարունակում եմ մնալ թիմի գործադիր տնօրեն»,- հայտարարել է ՀՀ ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին լրացել է մարզչի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ կնքած պայմանագրի ժամկետը: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկել է երկարաձգել այն, սակայն Վարդան Մինասյանը հրաժարվել է:

Ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում քննարկվում են նաեւ այլ թեկնածուների անուններ:

Հայ շախմատիստները՝ Ստամբուլի փառատոնում

Պոլսահայ շախմատիստ Արի Քիրեմիջյանը Ստամբուլում անցկացված փառատոնում «B» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ 155 մասնակիցների մեջ գրավել 5-րդ տեղը: Իսկ պոլսահայ մեկ այլ շախմատիստի՝ Զավեն Չիգդեմողլուի արդյունքն է 4,5 միավոր: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, 8,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Մահմուդ Դահանը (Սիրիա):

Լեւոն Արոնյանը կրկին 2-րդն է աշխարհում

Հայաստանի շախմատիստ Լեւոն Արոնյանը կրկին 2-րդն է աշխարհում: ՖԻԴԵ-ի հրապարակած վարկանիշային նոր աղյուսակում մեր գրոսմայստերը վաստակել է 2801 միավոր եւ զբաղեցնում է 2-րդ տեղը: Իսկ ահա 1-ին հորիզոնականում գտնվող նորվեգացի շախմատիստ Մագնուս Կառլսենն ունի 2870 միավոր: 100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանից ընդգրկված են եւս 4 շախմատիստ: Սերգեյ Մովսիսյանը 49-րդն է աղյուսակում, Վլադիմիր Հակոբյանը՝ 63-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 71-րդը, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ 89-րդը:

- Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակում Լեւոն Արոնյանը աշխարհում 8-րդ տեղում է, իսկ արագ շախմատում՝ 5-րդում:

Գ. Ծառուկյան – Ա. Բաղդասարյան. Հիմա եղե՞լ են խախտումներ, թե՞ ոչ

«Այդ հարցին չեմ պատասխանելու, չկա մի անկյուն, որ պարզաբանված չլինի, եկեք փակենք, այդ հարցը փակված ­է»,- ասել է ԱԺ-ում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպիսի հարաբերությունների մեջ են հիմա ՕԵԿ-ի եւ ԲՀԿ-ի ղեկավարները հայտնի միջադեպից հետո: Միջադեպը մանրամասնորեն ներկայացրել ենք «Լուսանցք»-ի նախորդ թողարկումում: «Նրանք քաղաքական գործիչներ ու թիմի ղեկավարներ են, ովքեր համագործակցել են ու համագործակցելու են ու աշխատելու են»,- շարունակել է ՕԵԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական հայտարարության մեջ ՀՀ ԱՕԿ նախագահը չէր ճանաչում վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Նշվել էր, որ ընտրություններն անցկացվել են մի շարք խախտումներով ու բացթողումներով: «ՀԱՕԿ-ը ցավ է ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող ենք ասել, որ որեւէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից: Ուզում ենք ընդգծել՝ ՀԱՕԿ-ը չի դրել եւ չի դնելու որեւէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման եւ միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է: Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը եւ ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»,- ասված է այդ հայտարարությունում:

Հատկապես շեշտվել էր, որ ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում, եւ արգելված է եղել անգամ լրատվամիջոցների ու կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը: Ֆեդերացիայի նիստը կայացել էր առանց պատշաճ իրազեկման: Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ «արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցկացված ընտրության հետ կապված», բայց, ըստ ՕԵԿ ներկայացուցչի, ամեն բան հարթված է:

Այսինքն՝ այն ինչ ասվել է արված հայտարարությունում, այլեւս խախտում չէ՞:

Եվրոպական խաղերի օրերը հայտնի են

Եվրոպական առաջին օլիմպիական խաղերը տեղի կունենան 2015թ. հունիսի 12-29-ը: Բաքվում կայանալիք խաղերում ընդգրկվել է 20 մարզաձեւ:

Դրանք են՝ նետաձգություն, լող, ջրագնդակ, ջրացատկ, աթլետիկա, բադմինթոն, 3X3 բասկետբոլ, բռնցքամարտ, կանոեներով թիավարություն, հեծանվային սպորտ, լողափնյա ֆուտբոլ, մարմնամարզություն, ձյուդո, կարատե, հրաձգություն, սեղանի թենիս, թաեկվանդո, տրիատլոն, ըմբշամարտ, սուսերամարտ: Ի դեպ, այդ մարզաձեւերից 3-ը ոչ օլիմպիական են: Եվրոպական առաջին խաղերի կապակցությամբ Բաքվում կառուցվում է 7300 տեղանոց մարզավան եւ 65000 տեղանոց ժամանակակից մարզադաշտ:

Աշոցքում կկառուցվի ժամանակակից վազքուղի

Հայաստանում դահուկասպորտը զարգացնելու համար Աշոցքում կկառուցվի 2,5 կիլոմետրանոց դահուկային ժամանակակից վազքուղի, որի վրա մարզիկները կկարողանան մարզվել նաեւ անվավոր դահուկներով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, նման որոշում կայացրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։