Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Գրեթե ամբողջ արտահանումը կազմում են ոսկուց պատրաստված զարդերը…

«Ցավոտ կետե­ր» խորագրի ներքո հերթական խնդրահարույց ոլորտը ոսկեգործությունն է: Որովհետեւ այն Հայաստանում վաղեմի ժամանակներից զարգացած է եղել, բայց այսօր բնագավառում մի տեսակ խառնաշփոթ է: Ինչի՞ մասին է խոսքը, որո՞նք են պատճառները եւ ընդհանրապես՝ ի՞նչ ունենք այսօր ու ինչ ենք ուզում ունենալ:

Ամիսներ շարունակ Երեւանի ոսկու շուկաներում դիտարկում եմ արել (այս մասին հրապարակում է եղել «Հայաստանի Հանրապետությու­ն»-ում): Խոսել եմ տարբեր ոսկեգործների հետ՝ հասկանալու համար, թե ինչու, օրինակ այն հստակ ձեռագիրը, արդի լեզվով ասած՝ ապրանքանիշը, որ կա մեր խաչքարերում, գորգերում, քանդակներում, գրեթե իսպառ բացակայում է ոսկեգործությունում: Ոսկու շուկաներում չեմ տեսել հազարամյակների խորքերը գնացող հայկական ոսկեգործական՝ հատիկազարդման, մանրարուքի, հյուսածո հմտությունները, կենդանիների առանձին կամ դրանց որսի պատկերներով դրվագումները, կամ զարդապատկերային տարատեսակ մասնիկները: Ասում եմ չեմ տեսել, որովհետեւ ընդամենը 3-4 օրինակը այս դեպքում եղանակ չեն փոխում (ինչն, ի դեպ, գոնե այսպես կտրուկ չեմ ասի արծաթագործության մասին): Սրանից ելնելով կարո՞ղ եմ ենթադրել, որ հայկական ոսկեգործական ավանդույթը վտանգված է: Մեծ եղավ զարմանքս, երբ ոսկու շուկաներից մեկի փոխտնօրենը հարցիս պատասխանելու փոխարեն ընդգծված հպարտությամբ եթե չասեմ պատմության, ապա գոնե իր աշխատած ոլորտի չիմացությունը ցուցադրեց՝ ասելով, թե ոսկեգործությունում չկա հայկական ազգային ոճ, կա արեւելյան ոճ: «Արեւելյան են խոյակի զարդաձեւերը, դեռ Արգիշտիի ժամանակներից եկած թեփուկավոր զարդաձեւերը…»,- փորձում եմ մեղմ ծաղրել նրան: «Այո, այո, դուք ճիշտ եք»,- պատասխանում է ամենայն լրջությամբ…

Լավ է, որ գոնե նրա մոտ աշխատող ոսկեգործները նրա պես գիտակ չէին, եւ բացատրեցին ինձ, որ իրենք ոչ թե չեն կարողանում հայկական զարդեր պատրաստել, այլ՝ չեն պատրաստում, որովհետեւ պահանջարկ չկա: Եվ պահանջարկ էլ չկա, որովհետեւ մարդիկ գումար չունեն: Ասենք, հարսանիք են գնում եւ հազիվ կարողանում են 4 գրամանոց ոսկի առնել, իսկ 4 գրամի վրա հայկական զարդանախշ անել չես կարող: «Իսկ մեր հարուստնե՞րը»,- հարցնում եմ զրուցակիցիս, ով ժողովրդական վարպետի կոչում ունի, եւ խնդրեց իր անունը չնշել, որովհետեւ հարուստները իրեն շատ են զարդեր պատվիրում: «Իսկ մեր հարուստները հայկական զարդանախշերից բան չեն հասկանում, մոդայի ետեւից ընկել, իտալականն են ուզում, որը պատրաստելն էլ առանձնապես աշխատատար չ­է»,- անկեղծանում է ու պատմում, որ հարուստներից մեկի տիկինը իրեն մի անգամ պատվիրել էր շտապ մեծ կախազարդ պատրաստել, վրան՝ ծով, պալմաներ ու՝ պոչը բացած երեք սիրամարգ: Զրուցակիցս չի ընդունել պատվերը՝ պատճառաբանելով, թե հիվանդ է եւ չի հասցնի, մինչդեռ իրականում ամաչել է այդ կախազարդի հետեւի մասում իր անվանադրոշմը դնել:

Սա պատմեցի, որպեսզի հասկանանք՝ ինչո՞վ ենք մտնելու միջազգային ոսկեգործական շուկա՝ ծովով ու սիրամարգերո՞վ, թե՞ հայկական ոսկեգործական առանձնահատուկ արվեստով:

Ի՞նչ շարժ ունենք այսօր:

Հայկական ոսկեգործության զարգացումը շարունակվեց Խորհրդային Միության ժամանակաշրջանում: 1950թ. հիմնադրվեց Երեւանի ոսկերչական գործարանը, որ ԽՍՀՄ ոսկերչական խոշորագույն եւ հեղինակավոր արտադրողներից եւ արտահանողներից մեկն էր: Շարունակեց զարգանալ նաեւ անհատ ոսկերիչների գործունեությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո ոլորտը զգալիորեն վերափոխվեց, բայց շատ այլ բնագավառների օրինակին չհետեւեց՝ չտապալվեց: Խոշոր արտադրողի եւ անհատ ոսկերիչների կողքին ի հայտ եկան ոսկեգործական մանր եւ միջին ձեռնարկություններ: Այսօր արձանագրում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի ոսկեգործության ավանդույթները եւ Հայաստանում առկա պայմանները, Սփյուռքի ոսկեգործության ներուժի գործոնը, ոլորտի արտադրանքի առանձնահատկությունները եւ համաշխարհային շուկայի կառուցվածքն ու միտումները՝ Հայաստանի ոսկեգործության ոլորտն ունի աճի եւ միջազգային շուկաներում մասնակցության ընդլայնման զգալի ներուժ:

Ներկայում ոլորտում հումքը՝ ոսկին, ըստ էկոնոմիկայի նախարարության, 100%-ով ներմուծվում է (1,5 տ 2011թ.): Արտադրության մեջ օգտագործվում է 999 հարգի բանկային ոսկի, որը հիմնականում ներմուծվում եւ վաճառվում է բանկերի կողմից: Իսկ տեղական ոսկին գրեթե ամբողջապես արտահանվում է որպես կիսապատրաստուկ («դորե» համաձուլվածք՝ 2,3 տ 2011թ.), որ ներառում է ոսկի, արծաթ եւ այլ մետաղներ:

2011թ. Հայաստանից ոսկու արտահանման դրամային ծավալները արձանագրել են ամենաբարձր մակարդակը՝ պայմանավորված ոսկու միջազգային գնաճով: Ոսկու զտարկում անում է միայն Մասիսի ոսկու վերամշակման գործարանն աննշան ծավալով (ոչ պարբերական բնույթով ամսական միջինում մինչեւ 2-3 կգ): Առկա կարողություններով գործարանը չի կարողանում ապահովել 999 հարգի ոսկու ճշգրիտ ստացում, թեեւ, նախարարությունը չի հերքում, որ ստանում է բավականին բարձր մաքրության ոսկի (999 հարգի շրջակայքում):

Մյուս հումքը ադամանդն է, որ նույնպես ներկրվում է, քանի որ արտադրության մեջ հիմնականում գործածվում են փոքր քարեր, որոնք Հայաստանում չեն մշակվում: Հայաստանի ոսկեգործության մեջ զգալի կշիռ է կազմում ադամանդով զարդերի արտադրությունը: Եվ չնայած Հայաստանում ադամանդի վերամշակմանը՝ ոսկեգործական իրերի մեջ գործածվող ադամանդները գրեթե ամբողջությամբ ներկրում են: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի ադամանդագործության ոլորտն իրականացնում է զուտ վերամշակման ծառայություն արտերկրի ընկերությունների համար եւ մասնագիտացած է միջին եւ խոշոր քարերի մշակման մեջ: Վերջին տարիներին մշակված ադամանդ հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, ԱՄԷ-ից եւ Բելգիայից (ընդհանուր ներմուծման շուրջ 80%): Առաջին երկու շուկաներից հիմնականում ներկրվում է համեմատաբար ցածրորակ մշակված ադամանդ՝ մեծ ծավալներով, մինչդեռ Բելգիայից ներկրված ադամանդները՝ բարձր արժեքի հատվածում են:

Ոլորտի արտադրողները շուրջ 20 միջին չափի ընկերություններ են՝ միջինում 10-30 աշխատակցով, մի քանի հարյուր փոքր արտադրողներ (մինչեւ 10 աշխատակից) եւ մի քանի հազար անհատ ոսկերիչ: Գերակշիռ մասը անհատ վարպետներ են՝ կենտրոնացած ոսկեգործական իրերի առեւտրի կենտրոններում: Հայաստանում ոսկերիչների ընդհանուր թիվը մոտ 10 հազ. է:

Բնագավառի արտադրանքի գերակշիռ մասը ձեռքի աշխատանք է: Ձեւավորումն էլ հիմնականում կրկնօրինակում է արտասահմանյան արտադրողներից:

Ըստ գնահատումների՝ արտադրանքի շուրջ 90%-ն իրացվում է ներքին շուկայում (այն ներառում է նաեւ զբոսաշրջիկների կողմից գնումները): Տեղական շուկայում իրացումը հիմնականում ստվերային է եւ չի հաշվառվում: Պաշտոնապես գրանցված արտահանումը ամբողջ արտադրության շուրջ 10%-ն է (259 կգ, 12 մլն. ԱՄՆ դոլար): Արտահանման հիմնական շուկաներն են Ռուսաստանը, Թուրքմենստանը, Թաիլանդը, ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն: Մինչեւ 2009թ. արտահանման հիմնական շուկան եղել է ԱՄՆ-ն, որը 2001-2006 թթ. ապահովել է հայկական ոսկեգործական արտադրանքի ողջ արտահանման 70-85%-ը: ԱՄՆ արտահանման ծավալների վրա էական ազդեցություն է ունեցել Սփյուռքի ներդրումներով ընկերությունների գործունեության դադարեցումը: 2010 եւ 2011թթ. Թուրքմենստանը եւ Թաիլանդը համապատասխանաբար եղել են Հայաստանից արտահանման ամենամեծ շուկաները:

Ի դեպ, Հայաստանի ոսկեգործության ոլորտի գրեթե ամբողջ արտահանումը կազմում են ոսկուց պատրաստված զարդերը: Պաշտոնական վիճակագրության արձանագրած արտահանման տվյալներից զատ, Հայաստանից ոսկեգործական իրեր արտահանվում են նաեւ առանց պաշտոնապես արտահանման դասակարգման՝ Հայաստան այցերի միջոցով ոսկեգործական իրերի փոքրածավալ գնման եւ Հայաստանից դուրսբերման միջոցով:

Ինչ վերաբերում է ոլորտի կադրերին: Վերջին 2 տասնամյակում, ինչպես տնտեսության այլ ոլորտներում, ոսկեգործության ոլորտում նույնպես տեղի է ունեցել մասնագետների որոշակի արտագաղթ Հայաստանից: Ոսկերգործություն տարբեր ձեւաչափերով դասավանդվում է մեր երկրի պետական եւ մասնավոր մի քանի բուհերում՝ Երեւանի գեղարվեստական պետական ակադեմիայում (դեկորատիվ–կիրառական արվեստի բաժին), Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայում: Ուսուցումը հիմնականում սահմանափակվում է տեսական մակարդակի վրա. այն հարկ է գործնական դաշտ տեղափոխել: Կրթական համակարգի եւ արտադրողների միջեւ համագործակցության անբավարար մակարդակով պայմանավորված՝ շրջանավարտները հիմնականում ունենում են բարդություններ՝ ավարտելուց հետո մասնագիտական դաշտ մտնելու համար: Ոսկերչություն ուսուցանվում է նաեւ 9 նախնական եւ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում՝ հիմնականում արհեստագործական ուսումնարաններ եւ տեխնիկական քոլեջներ, որոնցից 4-ը մարզերում են:

Այս հաստատություններից յուրաքանչյուրը տարեկան տալիս է միջինում 15-30 շրջանավարտ: Ոսկերչության գործնական կրթություն է ապահովում Երեւանի ոսկերչական գործարանը (6 ամսյա դասընթաց)՝ տարեկան մոտ 50 շրջանավարտ տալով: Գյումրիում 2009թ.-ից Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բազայի վրա գործում է ոսկեգործության եռաչափ մոդելավորման ուսուցման լաբորատորիա (ծրագիրն արվում է կառավարության՝ Գյումրիում Տեխնոպարկի ստեղծման հայեցակարգի համատեքստում: Դասավանդվում է ոսկերչական դիզայնի տեսություն եւ եռաչափ մոդելավորման գործնական ծրագիր, բայց 2013թ. պետական բյուջեից ֆինանսավորումը դադարեցնելու որոշմամբ պայմանավորված՝ լաբորատորիայի բնականոն գործունեությունը կարող է վտանգվել՝ ըստ ոսկեգործության ոլորտի զարգացման ռազմավարության):

Մեր ոսկեգործությունը ուժեղ եւ թույլ կողմեր ունի, որո՞նք են դրանք եւ ինչպե՞ս ենք քայլելու համաշխարհային զարգացումներին զուգընթաց:

Այս մասին հաջորդիվ կխոսենք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։