Հայ արիները նշում են Հայ տեսակի Արարման տոնը… Ոչ միայն հանուն եկեղեցու – Գարեգին Բ-ն գլխավորեց ԵՀԽ-ն… Հակաբեղմնավորիչները՝ անվճար, բայց ոչ Հայաստանում… Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը…

Հայ արիները նշում են Հայ տեսակի Արարման տոնը

Արի հայերն այսօր՝ նոյեմբերի 8-ին հերթական անգամ կնշեն Հայ տեսակի Արարման տոնը: Այս տարի այն տեղի կունենա Սյունիքի (Մեղրիի շրջանի) այն հատվածում, որտեղ խաչվում են Սյունիքի, Արցախի եւ Վասպուրականի տարածքները:

Ըստ հայ արիների, Տիեզերքի Արարիչն արարել է 7 Աստվածային համակարգեր եւ Մարդկային տեսակներ, որոնցից մեկը Հայկականն է՝ իր Աստվածային ու Մարդկային տեսակով: ՀԱՄ անդամները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ դեռ Տիեզերածնության Ակունքից Հայ տեսակի Արարման համար, իսկ ՀԱՄ քրմերը ծիսական արարողությամբ իրենց նվիրվածությունը կհայտնեն Ամենայն Արարողին: Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը, փառաբանելով Տիեզերքի Միակ Տիրոջը, հավաստում են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին ու Հայ տեսակի Առաքելությանը:

Արի հայերը կփառաբանեն Ամենաստեղծ Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչադիր Գենով օծելու համար: Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

Եվ արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչվեցին Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը, որ միայն հայերիս Հայրենիքն է՝ Բնօրրանը: Եվ այդպես է ցարդ ու միշտ…

«Լուսանցք»

 Ոչ միայն հանուն եկեղեցու

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացված Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նիստում համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրել են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ: Ըստ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի. «Ամենայն հայոց կաթողիկոսը խորհուրդը կգլխավորի առաջիկա 8 տարիների ընթացքու­մ»:

ԵՀԽ-ի նախագահությունը բաղկացած է 8 անդամներից: ԵՀԽ-ի նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական եւ էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը:

Նշենք, որ պաշտոնապես ԵՀԽ-ն ստեղծվել է 1948թ. օգոստոսի 23-ին՝ 1-ին գլխավոր ասամբլեայի ժամանակ: Այսօր ներառում է ավելի քան 340 եկեղեցի եւ եկեղեցական միություն աշխարհի ավելի քան 100 երկրներից ու տարածքներից (դրանք ավելի քան 500 մլն. քրիստոնյաների ներկայացուցիչներն են):

ԵՀԽ-ն ներառում է աշխարհի ուղղափառ եկեղեցիների մեծ մասը, բողոքական եկեղեցիներ, ինչպիսիք են Անգլիկան, Բապտիստական, Լյութերական, Նորարարական, Մեթոդիստական եկեղեցիները, ինչպես նաեւ միացյալ եւ անկախ շատ եկեղեցիներ: Հայ առաքելական եկեղեցին ԵՀԽ-ի անդամ է 1962թ.-ից: Անդամ եկեղեցիների համար ԵՀԽ-ն մի միասնական տարածք է, որտեղ նրանք կարող են խորհել, խոսել, գործել, աշխատել միասին, օգնել միմյանց ու քննարկել շատ խնդիրներ:

Հուսանք, որ այս կարեւոր ժամանակներում կաթողիկոսը գործուն դերակատարում կստանձնի նաեւ վասն հայության շահերի:

«Լուսանցք»

Հակաբեղմնավորիչները՝ անվճար

Երբ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչքան գումար է պետական միջոցներից տրամադրել աբորտների ու անցանկալի հղիությունից հետո առաջացած բարդությունների վերացման համար, որոշել է հակաբեղմնավորիչները տրամադրել անվճար: Դա հնարավոր է դարձել կանանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների աշխատանքի արդյունքում, որոնք կառավարությանը ներկայացրել են հանրային առողջապահական համակարգում իրականացվող ծախսերի համեմատական հաշվարկ:

Ընդհանրապես Մեծ Բրիտանիայում որոշ կրոնական կազմակերպությունների պայքարն աբորտների դեմ արդյունավետ չէ, քանի որ երկրի բնակչության մոտ 20%-ը իրեն համարում է աթեիստ: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները: Անգլուհիները հիմնականում ունենում են 1 կամ 2 երեխա: Ավելի շատ երեխաներ ունենում են ներգաղթյալները, որոնց շնորհիվ էլ երկրում ծնելիության ցուցանիշները չեն նվազում: Մինչեւ 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար պետությունը շաբաթական տրամադրում է 20 ֆունտ՝ որպես խնամքի եւ սննդի գումար: Երբ մայրը աշխատում է, իսկ երեխան դայակի կարիք ունի, կառավարության որոշմամբ նա վճարում է ավելի քիչ հարկեր:

Բայց Հայաստանում աբորտների դեմ պայքարի այս միջոցը կիրառելի չի լինի, քանի որ աբորտներն անվճար չեն, եւ կառավարությունը չի կարող գոնե ֆինանսական լծակը օգտագործել այս դեպքում:

Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը

Հիմք ընդունելով միջազգային մասնագիտական աղբյուրներից (Եվրոպայի դեղգործակալություն եւ ԱՄՆ Դեղերի եւ սննդի վարչություն) ստացված գրությունները, ինչպես նաեւ ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի արձանագրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրո­ն» ՓԲԸ-ի եզրակացությունը եւ այն, որ կետոկոնազոլ պարունակող ներքին ընդունման դեղաձեւերի օգուտ/ռիսկ հարաբերակցությունը՝ լյարդաթունայնության դեպքերի հաճախացման եւ վտանգավորության աճի պատճառով գնահատվում է բացասական՝ առողջապահության նախարարի 2013թ. հոկտեմբերի 28-ի թիվ 2867-Ա հրամանով անվավեր է ճանաչվել ռուսաստանյան «Ակրիխին Ֆարմասյութիկալս Քո­.» ընկերության արտադրության «Միկոզորալ դեղահատեր 200մգ N30», Հնդկաստանի «Նաբրոս Ֆարմա ՊՎՏ., ՍՊ» ընկերության արտադրության «Անտիգրիբոկ Նիզոմաքս դեղահատեր 200մգ N10» հայաստանյան «Արփիմեդ» սահմանափակ պատասխանատվության ընկերության «Կետոկոնազոլ դեղահատեր 200մգ (10)», Իտալիայի «Յանսեն-Սիլագ Ս.Պ.Ա., Ջոնսոն եւ Ջոնսոն ՍՊԸ, Ռուսաստան-ի համար» ընկերության արտադրության «Նիզորալ դեղահատեր 200մգ N10 եւ N30» դեղերի գրանցումը:

Նախարարի հանձնարարությամբ նշված դեղերի շրջանառությունը դադարեցվել է ՀՀ-ում եւ սկսվել է հետհավաքման գործընթացը:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։