Դեռ ստորագրու՛մ ենք՝ բարեկամաբար – Մաքսային միությունը եւ գազի սակագինը… Հյուսիսը խաղում է, Հարավը՝ դանդաղում – Հայ-իրանական հետաքրքրություններ…

Դեռ ստորագրու՛մ ենք՝ բարեկամաբար

ԱԺ-ում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչի հետեւանք էր նոյեմբերի 2-ին տեղի ունեցած էներգետիկ վթարը, որի պատճառով հանրապետության մեծ մասը զրկվեց հոսանքից: Նախարարը հայտնեց, թե այդ օրը, ժամը 10:24-ին Հայաստանի էներգահամակարգը մեկուսացվեց Իրանի համակարգից, իսկ մինչ այդ զուգահեռ էին աշխատում:

«Մեկուսացված իրավիճակում ռեժիմային խնդիրները թույլ չեն տալիս, որ ատոմակայանը 1,7-1,8 մլրդ. կվ.ժամ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրի: Այս ռեժիմներում մենք կարողանում ենք արտադրել մինչեւ 2,5 մլրդ. կվ.ժամ: Սա հնարավորություն է տալիս բավականին մեղմել սակագինը: Մեր հաշվարկներով՝ եթե Իրանից մեկուսացած ռեժիմում աշխատենք, սակագնի վրա մեր ազդեցությունը կգնահատվի 7-8 դրամ»,- հավելել է նախարար Մովսիսյանը:

Նշվել է, որ Իրանի համակարգը շատ հզոր է՝ 44 հազ. մեգավատտ, մերը՝ 1400-1200 մեգավատտ, տարբերությունը հսկայական է, շուրջ 2 րոպե անց Իրանում միացավ, իսկ Հայաստանում միացավ փոքր-ինչ ուշ, եւ որպեսզի անհարկի վթարներ չլինեին, փաստորեն կատարվեց հոսանքազրկում:

Տարակուսանք կար նաեւ բնակչության մոտ, սակայն նշենք, որ ամեն բան կարգավորված է, սկզբում միացում տրվել է անվտանգության հետ կապված օբյեկտներին, հետո՝ սպառողներին, ինչը տեւել է 3,5 ժամ: Վերջին 13 տարվա մեջ սա առաջին դեպքն էր:

Այժմ ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով՝ քննարկելու, թե ինչպիսի միջոցառումներ պետք է իրականացվեն նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար: Նախարարի խոսքով՝ բացարձակ էներգետիկ անվտանգություն չի լինում, եւ յուրաքանչյուր մակարդակի բարձրացումը լուրջ ծախսերի հետ է կապված: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ վերահսկվում է, բավական ուժեղ համակարգ է, եւ ժամանակ է պետք՝ համապատասխան ներդրումներով վերականգնելու համար:

Էներգետիկայի նախարարը պատասխանեց նաեւ գազի սակագնի վերաբերյալ չարչրկված հարցին՝ Ռուսաստանը ի վերջո սուբսիդավորելո՞ւ է այն եւ ինչու՞ են քննարկումներն այսքան երկարում: Չնայած ռուսական կողմի հետ համաձայնություն կա, բայց ձեւակերպումների, ապա եւ՝ համապատասխան փաստաթղթի ստեղծման խնդիրներ են նորից առաջ եկել:

Հիշեցնենք, որ երբ փաստաթուղթը պետք է ստորագրվեր, առաջ եկավ Մաքսային միությանը միանալու խնդիրը, իսկ հիմա դա լուծվում է այդ լույսի ներքո:

Շարունակում են հնչել վստահեցումներ, թե շուտով կստորագրվի պայմանագիրը, մինչեւ 1914թ. հունվարի 1-ը եւ ռուսական կողմը պարտավորվել է գազի գինը սուբսիդավորել:

Անի Մարության

Հ.Գ. – Դեկտեմբերին Երեւան ժամանող Վլադիմիր Պուտինից առաջ մոտ 500 գործարարներ՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ, կժամանեն Հայաստան: Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու բիզնես-ֆորում, որի ընթացքում ձեւավորվելու է նաեւ Երեւանում հիմնադրվելիք Եվրասիական առեւտրաարդյունաբերական պալատը:

* * *

Հյուսիսը խաղում է, Հարավը՝ դանդաղում

Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը հայտարարել է, թե «էներգետիկայի ոլորտում հայ-իրանական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծված»: Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Մոսկվայում տեղի ունեցած ԱՊՀ երկրների էներգետիկ խորհրդի 44-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արա Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում առկա երկկողմ հարաբերություններին, նշել է. «Մենք համոզված ենք, որ ներկա պայմաններում Իրանի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցությունը կարող է ընդլայնվել նաեւ նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի ոլորտու­մ»:

ՀՀ էներգետիայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանը եւս կարեւորություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը. «Վերջերս Իրանի գազի ազգային ընկերությունը հայտարարել է, որ 2007-2012թթ. Իրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլրդ. խմ գազ է տրամադրե­լ»:

Ըստ մասնագետների, ներկայում Իրանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կազմում են շուրջ 350 մլն. դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր երկու երկրներն իրականացրել են մի շարք խոշոր տնտեսական նախագծեր, որոնցից ամենակարեւորը, թերեւս, Իրան-Հայաստան գազատարի կառուցումն էր: Հայաստանն Իրանից ներմուծում է գազ, փոխարենը՝ Իրան է արտահանում էլեկտրաէներգիա: 3-րդ էլեկտրահաղորդման գծի շահագործումը եւս հնարավորություն կընձեռի առավել մեծ ծավալների էլեկտրաէներգիա արտահանել Իրան: Դեռ 2012թ. տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը: Իսկ ներկայում երկկողմ աշխատանքային օրակարգում են «Հայաստան-Իրա­ն» երկաթուղու, «Հյուսիս-հարա­վ» ավտոճանապարհային միջանցքի, նավթամուղի կառուցման նախագծերը:

Լավ կլինի, որ Իրանի հետ հարաբերություններում փորձենք հասկանալ, թե որն է համատեղ ծրագրերում նրանց կողմից անհարկի ձգձգումների պատճառը:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։