Դիմակայության մեր խաչմերուկը (Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում)… ԲՀԿ-ի՝ պագայի հույսով քաղաքականությունը… ՀԱԿ-ի դեմ՝ քաղաքական ահաբեկու՞մ…

Դիմակայության մեր խաչմերուկը

Արեւմուտքն ու Հյուսիսը խաչակրաց արշավանքներ են սկսել տարածաշրջանում, ինչը շուտով կերեւակվի նաեւ մեր քաղաքական դաշտի վերաձեւումներում:

Մոսկվան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փորձում է «ուղղել» միայն ու միայն դեպի Հյուսիս՝ Մաքսային միություն՝ Եվրասիական միություն: Բայց անգամ հաջողելու դեպքում Հայաստանն իր ծրագրերում քիչ համարելով, ռուսական կողմը Եվրասիական տարածք է հրավիրում Թուրքիային, Սիրիային, Հնդկաստանին եւ այլ երկրների, ինչը ոչ միայն խաչակրաց արշավանքի է նման, այլեւ զուգահեռ ընթացող սովետականացման պարտադրանքի:

Իսկ խաչակրաց արշավանքը կամ սովետականացման գործընթացը նախկինում բացի վնասից, ոչ մի դրական բան չեն տվել հային ու Հայաստանին եւ այսօրվա վիճակով եւս չեն տալու: Ինչպես «խաչակիրները», այնպես էլ «սովետականացնողները» առավելապես հենվում (խաղացնում) են թյուրքական տարրի վրա, ինչը երբեք չի կարող նպաստավոր լինել Հայաստանի համար: Արեւմուտքն իր զինուժի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր հենարանը տարածաշրջանում տեսնում է Թուրքիային (Ադրբեջանին ու Վրաստանին էլ վատ չի վերաբերվում), իսկ Ռուսաստանը Եվրասիական հեռագնա կառույցում առավելապես ներգրավում է թյուրքական երկրների (Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ղրղզստան), ձգտում է նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի ներգրավմանը:

Եվ Հայաստանը պետք է կարողանա առանց լուրջ ընդհարումների կամ դիմակայել կամ էլ զուգահեռ այլ ճանապարհներ առաջադրել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան եւ կփորձի արագացնել իր ծրագրերը: Սակայն նրա կատարած այցը Ադրբեջան այնքան հակահայ շղարշներով պարուրվեց, իսկ մինչ այդ՝ զանգվածային ոչնչացման զենքի վաճառքը Բաքվին՝ այնքան ամրապնդեց հակառուսական տրամադրությունները Հայաստանում, որ սպասվող այցը Երեւան որեւէ դրական ազդակ չի հաղորդում հայաստանցիների մեծ մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանին նաեւ Արեւմուտքն է «ուղղում» դեպի իրեն: Ասոցացման համաձայնագրի ստորագրման ձգձգումը եւ գենդերային ու անբարո օրենքների պարտադրումը եւս լուրջ խնդիրներ են առաջացրել պաշտոնական Երեւանի համար: Չնայած առ այսօր Հայաստանը պնդում է, որ պատրաստ է ստորագրել եւ՜ Մաքսային միությանը միանալու եւ՜ Ասոցացման համաձայնագիրը:

Նոյեմբերի սկզբին ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Դեսպանի խնդրանքով նա ներկայացրել է ՀՀ-ի ներքաղաքական իրավիճակի իր գնահատականները, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ իր դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել են փոխդեսպան Վուդվորդ Քլարկ Փրայսը, քաղաքական բաժնի ղեկավար Բրայան Ռորաֆը, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Ավետիս Ավագյանը: Այսպես Վաշինգտոնը փորձում է իր «հին կադրերի­ն» վերազարթնեցնել եւ դա ազդեցության լծակի վերածել:

«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը չարդարացրեց իրեն եւ հսկայական աջակցություն ունենալով՝ չկարողացավ անգամ ընդդիմադիր դաշտում լինել առաջատարը: Խոսում են, որ նա փոխարինող հարմար թեկնածու է փնտրում, ընդ որում՝ նաեւ կուսակցության շրջանակներից դուրս: Ըստ որոշ տեղեկությունների, «Ժառանգությունը» գլխավորելու առաջարկ է արվել  նաեւ «Ազատ դեմոկրատներ­ի» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանին, ով միասնական ցուցակով դարձավ պատգամավոր, սակայն տարաձայնությունների պատճառով դուրս եկավ խմբակցությունից: Վերջինս հերքել է, թե իրեն նման առաջարկ է արվել՝ ավելացնելով, որ

իրեն բացարձակապես չի հետաքրքրում այն ամենը, ինչ կապված է «Ժառանգության» հետ: Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատներ­ի» ստեղծման ժամանակ ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, եւ այս կուսակցությունը եւս ամերիկյան ծրագրերում է: ՀՀՇ-ի վերաստեղծման հարցը եւս կարող է առաջնային դառնալ:

Վաշինգտոնը կտրուկ քայլերի է մղում նաեւ եվրոպական երկրներին, որոնք միացան ԱՄՆ իշխանությունների անհանգստությանը՝ ՀՀ ներկայիս քաղաքական կացության եւ հնարավոր արտաքին քաղաքական զարգացումների առումով: Բացի այս, Վիքիլիքսյան նոր «բացահայտումները», որոնք այս անգամ չեն շրջանցել նաեւ եկեղեցուն (կրոնական հակամարտություններն ու խնդիրները), հայտնում են, թե Արեւմուտքն ի դեմս ԱՄՆ-ի՝ պատրաստվում է տարածաշրջանում հակահարձակման անցնելու (ընդդեմ ՌԴ քայլերի) եւ այդ հայտնի մեթոդներով, փորձված գործելաոճ՝ ամեն բան անելու է Վաշինգտոնի համար ոչ ընդունելի անձանց ու կառույցները հեղինակազրկելու, վարկաբեկելու ուղղությամբ:

Առաջին հերթին դա կարող է լինել Հայաստանի նախագահը, ում վարկաբեկելու մղումը կարծես թե Մոսկվայում եւս կա: Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ դիմակայել Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանը առանց Ռոբերտ Քոչարյանի՝ անզոր է գործող նախագահի դեմ, իսկ մյուս քաղաքական ուժերը չեն կարողանում առայժմ համախմբել եւ ազդեցիկ ուժ դառնալ, եւ ահա, կարծես թե նորից մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում Արեւմուտքը կփորձի նորովի ներկայացնել, գուցե նոր դաշինքներով:

Ռուսաստանը եւս չունի նոր ու հարմար թեկնածուներ Հայաստանում, ինչը կարող է փոքր-ինչ բարդացնել Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունները, եթե ի հակակշիռ ՀՀ 1-ին նախագահի (Արեւմուտքի թեկնածու)՝ Մոսկվան առաջադրի ՀՀ 2-րդ նախագահին: Եվ հայաստանյան ու սփյուռքյան քաղաքական ու հասարակական ոլորտներն ավելի անհանգիստ կդառնան:

Սա կփոխի իրավիճակը ոչ միայն Հայաստանում, եւ կստացվի, որ Արեւմուտքը տարածաշրջանում խաչակրաց արշավանք է սկսում ընդդեմ «Հյուսիսային արջ­ի» սովետականացման ծրագրի… Իսկ գերտերությունների բախումը  երկու սայր ունի, ինչը միշտ նկատել ու կռահել է պետք:

Արտակ Հայոցյան

Ապագայի հույսով քաղաքականությունը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վերջերս մտերիմների շրջանակում ասել է, թե ապագան ԲՀԿ-ինն է լինելու: Նա իհարկե չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի, բայց հասկացրել է, որ ճիշտը Մաքսային միությանն անդամակցելն է: ԲՀԿ ղեկավարն այնքան վստահ է եղել, որ անգամ հայտարարել է, թե ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ կուսակցությունում հավաքներ լինում են, սակայն նման հավաք չի եղել: Բայց ապագան ԲՀԿ-ինն է լինելու՝ կասկածից դուրս է՚,- անվարան հավելել է նա:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը Ռուսաստան-Բելառուս-Ուկրաինա սլավոնական եռյակում է պատկերացնում իր բիզնեսը, հայտնի է, ուրեմն նրա քաղաքական մոտեցումները եւս ամփոփված են այդտեղ, ինչը եւս գաղտնիք չէ:

Դեռ ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ԲՀԿ-ականների մի մասը սպասում էր, որ Վլադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանի ձեռքը բռնած կգա Երեւան, ու… ԲՀԿ առաջնորդը կթագադրվի: Բայց, ըստ մեր լրատվության աղբյուրի, այդ օրերին ՀՀ 2-րդ նախագահն անգամ հասանելի չի եղել ԲՀԿ ղեկավարի համար:

Հետո Մոսկվայից նեղսրտած ԲՀԿ ղեկավարը փորձեց խաղարկել Կիեւի ու Մինսկի իր հնարավորությունները, սակայն դա եւս ապարդյուն անցավ: Իսկ այն, որ նա ինքնուրույն գործիչ չի ընկալվում Վաշինգտոնի ու Բրյուսելի համար, արդեն փակում են նրա արեւմտյան երակները:

Եվ այլեւս մնում է տարածել հերթական քաղաքական խայծը՝ ապագան մե՜րն է, կուսակիցնե՜ր:

Քաղաքական ահաբեկու՞մ

Ըստ ՀԱԿ տեղեկատվության, նոյեմբերի 1-ին ոստիկանությունը արագ հայտնաբերել է Կոնգրեսի գրասենյակ ներխուժած զինված անձին եւ խոստովանական բացատրություն ստանալուց հետո նույնքան էլ արագ ազատ է արձակել նրան:

Սպանության սպառնալիք կիրառած եւ խոստովանական բացատրություն տված անձը, ումից առգրավվել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող դաշույնները, ազատ է արձակվել, եւ մինչ այս պահը օրենքի խախտմամբ քրեական գործ չի հարուցվել: Սպանության սպառնալիք տված անձը, ըստ նույն տեղեկատվության, չի ձերբակալվել եւ չի կալանավորվել:

Սա ՀԱԿ-ին հիմք է տալիս մտածելու, որ տվյալ անձը վայելում է իշխանությունների հովանավորությունը, եթե չի գործել նրա անմիջական հանձնարարությամբ:

Մեզ չհաջողվեց մեր աղբյուրներից պարզել, թե ինչ է եղել իրականում, սակայն ռուսական եւ ամերիկյան բեւեռներն արդեն իսկ ծրագրեր են նախապատրաստել ՀՀ քաղաքական դաշտի վրա իրենց ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ, ինչը չի բացառում նաեւ այսօրինակ դեպքերը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։