Հերթական հեղափոխական սերիալը – Անմեղսունակ ճանաչված եւ այդպիսով չդատապարտված անձը նորից բռնի իշխանափոխության է գնում…

Երեւանի Ազատության հրապարակը հերթական անգամ դարձավ երկրի ազատության դեմ ոտնձգության վայր: Այս անգամ դա կազմակերպեց «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը: Մինչ այդ նա նստացույց էր հայտարարել՝ հայտնելով, որ հեղափոխություն է սկսում: Ամիսներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը նույն հրապարակում ունենալով հանրային ու քաղաքական մեծ աջակցություն, սկսել էր հացադուլ, որը, սակայն, հեղափոխության փոխարեն ավարտվեց անհաջողությամբ: Մի քանի տարի առաջ ՀԱԿ-ի սկսած հանրահավաքները դարձյալ որեւէ արդյունք չտվեցին: Բայց Շանթ Հարությունյանը վստահ էր. «Ինձ ինչի եք համեմատում նրանց հետ: Մեկի անունը Րաֆֆի է, մեկի անունը՝ Լեւոն, մյուսինը՝ Պետրոս, մեկինն էլ Պողոս: Նման մարդիկ շատ ժողովուրդների մեջ են լինում, կործանում ժողովուրդներին, նրանց հիասթափեցնում: Ես նման մարդկանց հետ գործ չունեմ: Նույն մարտի 1-ին ես վերջին մարդն եմ եղել, որ դուրս է եկել Մյասնիկյանի հեղափոխությունի­ց»: «Ես չեմ կարող անվերջ նստել Ազատության հրապարակում. կամ ես կհաղթեմ կամ կպարտվեմ: Պուտինի գալու օրը նախագահականը, ԿԳԲ-ն, սաղ շենքերը պաժառ պետք է տամ, ու Պուտինը կփախնի ստեղից: Դա է իմ ծրագիրը (Վաշինգտոնում Օբաման, իսկ Լոս Անջելեսում՝ Շանթի հայրը՝ շա՛տ կուրախանան): Բայց վախենում եմ, որ ժողովուրդը մինչեւ դեկտեմբերի 2-ը հավաքվի այստեղ, ու ես ավելի շուտ ստիպված լինեմ Սերժին հեռացնե­մ»: Շանթ Հարությունյանի համար Սերժ Սարգսյանը չէր խնդիրը. «Սերժն ով է, որ լինի միայն իմ խնդիրը: Պրեզիդենտին պետք է պատժել, որ հաջորդ պրեզիդենտներին սա դաս լինի: Իրենք պիտի իմանան, որ այս ժողովրդի մեջ կլինեն տղերք, որ չեն հանդուրժի նման կառավարումը, այսպիսի վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ»:

Երեւի վատ հիշելով (ինչ իմանաս) մյուս 2 «պրեզիդենտներին»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, նա լավ է հիշում միայն 3-րդին՝ Սերժ Սարգսյանին, բայց նաեւ զարմացել է, թե «ափսոսում եմ, որ չեն խոչընդոտում, ես անհամբեր սպասում էի՝ խոչընդոտեն, որ սկսեի հեղափոխությունս: Ու շատ մանթո եմ ու հիասթափված, որ չեն խոչընդոտել»:

Այսպես՝ «Մարտի 1-ի գոր­ծ»-ով ընթացող «7-ի գոր­ծ»-ի դատավարության ժամանակ Շանթ Հարությունյանը դատաբժշկական հետազոտություններից հետո անմեղսունակ ճանաչվեց եւ չդատապարտվեց ու ազատ արձակվեց: Բայց հիշեցնենք, որ մեղադրանքը «պետական իշխանությունը բռնի տապալելո­ւ» ձեւակերպումն ուներ: Եվ անմեղսունակ ճանաչված անձը երկրորդ անգամ է գնում նման քայլի ու հայտարարում է, թե գնում է «պետական իշխանությունը գմփցնելով բռնի տապալելու»:

Բայց նա իր երթի մասնակիցներով հասնում է մինչեւ Մաշտոցի պողոտա, եւ ոստիկանությունը դիմավորում է նրանց: Այսպես կոչված «Անոնիմուսների» երթը անսպասելի զարգացում ունեցավ: Փայտերով ու Գայ Ֆոքսի դիմակներով Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի մոտ 100 մասնակիցները շարժվել են դեպի նշյալ պողոտա: Ցանկացել է փողոցը անցնել արգելված վայրով, ոստիկանները փորձել են արգելել,  եւ «Շանթի կողմնակիցները փայտերով հարձակվել են ոստիկանների վրա, ոստիկանները պատասխանել են ռետինե մահակներով, սկսվել է ծեծուջարդը: Երթի մասնակիցները վառվող բենզինի շշեր են պայթեցրել…»: Ոստիկանները հերթով բերման են ենթարկել երթի մասնակիցներին, ոստիկանական բաժանմունք են տարվել տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանն ու նրա որդին:

Այնուհետեւ ոստիկանները շղթա են կազմել՝ թույլ չտալով երթի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր: Ոստիկանների գործողությունները անձամբ վերահսկել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով իրենց գործողությունները իրավաչափ է համարել:

Նաեւ երթի մեջ է ծեծկռտուք եղել եւ «հեղափոխական Շանթ­ը» հայտարարել է. «Վոբշմ, ինչքան ջոգում եմ ստեղ պրովոկատորներ կան, քյասար մլիցեքին ասում եմ՝ եթե դուք կարգի չհրավիրեք, մենք ձեզ չենք դիմելու, հենց երթի մեջ լխկելու ենք դուբինկեքո­վ»: Ոստիկանության տվյալով՝ բախումներում ոստիկան է դանակահարվել, կան նաեւ այլ վիրավոր ոստիկաններ, պայթեցվել են լցոնված շշեր, նաեւ նռնակ, այլ պայթուցիչներ էլ են եղել, որ նետվել են ոստիկանների վրա: Բերման է ենթարկվել նաեւ Պարույր Հայրիկյանի քրոջ որդին՝ Վրեժ Զատիկյանը: Երեւանի ոստիկանապետը հրահանգել է «բերման ենթարկել բոլոր ագրեսիվների­ն», որոնցից առգրավվել են պայթուցիկներ, ռետինե ու փայտե մահակներ, մոլոտովյան կոկտեյլներ:

Ոստիկանությունը հայտնել է, որ Շանթ Հարությունյանին ու նրա կողմնակիցներին անընդհատ հորդորել են զերծ մնալ հակաիրավական վարքագիծ դրսեւորելուց, սակայն նրանք չեն ենթարկվել իրենց օրինական պահանջներին եւ չարտոնված երթ են սկսել, որի ընթացքում էլ գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ ու գետնին հարվածելով՝ սկսել են պայթեցնել: Եվ երբ ոստիկանությունը փորձել է կասեցնել այս ամենը, սկսվել է ընդհարում, որի ժամանակ էլ գործածվել են մահակներն ու մյուս պայթուցիկները:

«Սա ոչ առաջինն է, ոչ էլ՝ վերջինը»,- մինչ ընդհարումը ասել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ դարերի ընթացքում շատ են եղել հեղափոխություն անողներ, բայց իրենք ժամանակ չունեն նման բաներին արձագանքելու համար, քանի որ իշխանության խնդիրը բարեփոխումների միջոցով հասարակության առջեւ ծառացած խնդիրներն աստիճանաբար լուծելն է: «Թե հիմա ով ինչ է անում, կարեւորը, որ անի օրենքի սահմաններում, իսկ այդ կոչերին թեթեւ վերաբերվեք, քանի որ բնական է, որ ժողովրդավարական երկրներում կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ընդդիմադիր գործիչներ, ովքեր պարբերաբար նման կոչերով հանդես կգա­ն»: Ինչ վերաբերում է նրան, որ Շանթ Հարությունյանը հեղափոխություն անելու ժամկետ էր նշել դեկտեմբերի 2-ը, Էդուարդ Շարմազանովն ավելացրել էր. «Հիմա դեկտեմբերի 2-ին, թե հունվարի 2-ին, ինքն է որոշում, քաղաքական ընդդիմության առաջնորդներ կային, որ հիմա լուսանցքում են հայտնվել, ովքեր 5 տարի է ժամկետներ էին դնում հեղափոխության կամ իշխանությունների հեռացման, բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, իրենք իրենց կամ թոշակի ուղարկեցին, կամ էլ հայտնվեցին քաղաքական դաշտի լուսանցքու­մ»:

Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքով էլ՝ մարդիկ կան, որոնք ինչ խելքներին փչում է հայտարարում են, բայց դա չի նշանակում, որ կարող են անել. «Կարծում եմ, որ անլուրջ է խոսել մի մարդու մասին, ով երբեւէ չի կարող լուրջ գործողություններ անել: Պետք է ավելի անլուրջ վերաբերվել նրան, որովհետեւ հեղափոխության համար կոնկրետ ժամկետներ չեն նշում, հեղափոխությունը պրոցես է, որը քիչ-քիչ հասունանում է եւ հետո լինում կամ չի լինում, հեղափոխության մասին ժամկետներով խոսելն ավելի քան անլուրջ ­է»: Ինչ մնում է այլ ընդդիմադիր առաջնորդների եւ Շանթ Հարությունյանի միջեւ զուգահեռներ տանելուն, ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Երբեւիցե թույլ չէի տա ինձ համեմատություն անել լրջագույն քաղաքական ուժի ու լիդերի եւ մի մարդու միջեւ, ով ցնդաբանություններով է զբաղված: Չեմ կարծում, թե դրանք համարժեք քաղաքական ուժեր են, որոնց պետք է համեմատե­լ»:

Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն էլ նշել է, թե դժվարանում է նման խորհրդանշական ժամկետներ նշել. «Միգուցե Շանթը մի բան գիտի՞, ես դա չգիտե՞մ: Ես կարծում եմ, որ մենք բոլորս, համենայնդեպս՝ հասարակության ջախջախիչ մեծամասնությունը, նույնն ենք ասում, ինչի մասին խոսում է Շանթը: Մենք ուզում ենք, որ մեր երեխաները չլքեն երկիրը, մեր ծերունիներն աղքատության չմատնվեն, հարգում ենք այդ միտումը, սակայն այլ կերպ են գործում: Մենք կարծում ենք, որ համակարգի դեմ պետք է պայքարել համակարգային, այլ ոչ թե՝ անհատակա­ն»:

Ինչեւէ, ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ, բայց ձերբակալվել են Շանթ Հարությունյանը ու եւս 19 անձ, իսկ 18-ը ներգրավվել են որպես վկա: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով եւ 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված ու առգրավված մահակներն ու ինքնաշեն պայթուցիկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության: Միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, որոնցից 4-ը ներկայումս ստացիոնար բուժման մեջ են: Բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել: Հնարավոր այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ միջադեպի այլ մասնակիցներին եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը:

Ըստ տարբեր տեղեկությունների, հայտնում էին, թե Շանթը գտնվում է «ԿԳԲ-ի պադվալում», հետո պարզվեց, որ «հեղափոխության առաջնորդի­ն» տարել են ոչ թե ոստիկանություն, այլ՝ հոգեբուժարան, հետո էլ թե՝ ձերբակալված է:

Արտակ Հայոցյան եւ Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։