Ցավոտ կետեր – Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ… Ոսկու պաշարներ շատ ակտիվորեն կուտակում են Ռուսաստանը, Թայլանդը, Մեքսիկան եւ այլն…

Սկիզբը՝ թիվ 36-ում

ՀՀ-ի ոսկեգործության ոլորտը  ուժեղ եւ թույլ կողմեր ունի, ռիսկեր, բայցեւ՝ զարգացման հնարավորություններ:

Հասկանալի է, որ ոսկեգործության բնագավառում ուժեղ ենք նրանով, որ դարավոր ավանդույթներ ունենք (ցավոք, այսպես չեն մտածում մեր ոսկու շուկաների տնօրենները), որ արտահանման շուկաներում հայ ոսկեգործությունը դրական համբավ ունի, նաեւ՝ այդ առումով հարկային ու մաքսային դաշտն արտոնյալ է (սա էկոնոմիկայի նախարարության տեսակետն է), ձեւավորման եւ արհեստագործական ուսումնական հաստատություններ կան, Սփյուռքի ներդրումներով գործող ընկերություններով պայմանավորված արտադրական նոր տեխնոլոգիաների եւ արտահանման շուկաների ենք տիրապետում:

Թույլ կողմերից է այն, որ մենք չունենք ընդհանուր վերահսկողություն, եղած վերահսկման մակարդակն էլ անբավարար է, հայկական ինքնատիպ ձեւավորումն ենք կորցնում: Բայց մենք հնարավորութունննններ ունենք: Դրանցից են՝ 1. հայկական ոսկեգործական արտադրանքի ավանդական շուկաների առկայությունը եւ արտահանման արտոնյալ պայմանները մեր երկրում արտադրված ոսկերչական իրերի համար, 2. Սփյուռքի ներուժը, 3. ազատ տնտեսական գոտու հիմնման նախաձեռնությունը, 4. Ասիական/արաբական սպառման շուկաների շարունակական աճի կանխատեսվող դինամիկան, 5. միջազգային շուկաներում վաճառքի նոր ուղիների ստեղծումը, 6. զբոսաշրջության աճը Հայաստանում: Ոլորտը զերծ չէ նաեւ վտանգներից ու ռիսկերից: Դրանցից մեկն այն է, որ ոլորտի հումքը՝ ոսկին եւ ադամանդը ամբողջապես ներկրվում է: Սա նշանակում է, որ ամբողջապես կախված ենք համաշխարհային շուկայի միտումներից: Այս ամենին հավելյալ մենք նաեւ պիտի հաշվի առնենք, որ միջազգային շուկայում մրցակցությունը գնալով ուժեղանում է: Ուրեմն՝ ի՞նչ անել ոտքի տեղ ունենալու համար:

Սա հասկանալու համար նախ խոսենք ոսկեգործության համաշխարհային շուկայից, նրա միտումներից, զարգացումներից: Էկոնոմիկայի նախարարությունը վստահեցնում է, որ ուսումնասիրել է ոսկեգործության համաշխարհային շուկան եւ նոր միայն ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել՝ այն երկրի տնտեսության համար գերակա համարելով:

Այդ ուսումնասիրության համաձայն՝ ոսկու համաշխարհային պաշարների ծավալը մոտարկվում է 51 հազ. տ շուրջ՝ ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտության 2011թ. տվյալների: Պաշարների շուրջ 14%-ը գտնվում են Ավստրալիայում: Պաշարների մեծությամբ հաջորդ երկրներն են ՀԱՀ-ը եւ ՌԴ-ն՝ համապատասխանաբար 12% եւ 10%: 20-րդ դարի ոսկու ավանդական հանքարդյունահանողներից (ԱՄՆ, Ավստրալիա, ՌԴ, ՀԱՀ) բացի ներկայում մեծ ծավալով ոսկի է արդյունահանում Չինաստանը՝ ի դեպ, գրավելով առաջին դիրքը հանքարդյունահանող երկրների շարքում (համաշխարհային հանքարդյունահանման 13%-ը 2011թ.): Ոսկու համաշխարհային գինը հիմնականում որոշվում է Լոնդոնի ոսկու բորսայում: 2000-ականների 2-րդ կեսից ոսկու գինը շարունակաբար ավելացել է: Հիմնական պատճառներից են ոսկեգործական արտադրանքի համաշխարհային վաճառքի ծավալի աճը, ԱՄՆ դոլարի դիրքերի թուլացումը եւ ոսկու գնումը որպես հուսալի խնայողություն՝ համաշխարհային վերջին տնտեսա-ֆինանսական ճգնաժամի հետեւանքների համատեքստում: 2012թ. վերջին տարիներին առաջին անգամ ոսկու համաշխարհային գինը կայունացման նշաններ է դրսեւորում: Ըստ կանխատեսումների՝ առաջիկա տասնամյակում ոսկու պահանջարկը կաճի՝ հանգեցնելով ոսկու գնի աճի միտման պահպանմանը: Ոսկու պաշարների եւ արդյունահանման ծավալների փոփոխություն չի ակնկալվում: Ոսկեգործական արտադրանքի համաշխարհային սպառումը հաջորդող տասնամյակում շարունակաբար կավելնա՝ գլխավորապես ասիական երկրների սպառման շուկաների կայուն ընդլայնման շնորհիվ: Փորձագետների հաշվարկների համաձայն՝ Չինաստանում միջին խավի կշիռը (տարեկան 16-34 հազ ԱՄՆ դոլար եկամուտով) ներկայիս 6%-ից կհասնի 51%-ի 2020թ.: Համաշխարհային վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված՝ պետական հատվածի կողմից ոսկու գնումն աշխարհում աճել է: 2010թ. աշխարհում պետական հատվածի ընդամենը պահանջարկը կազմել է 1,150 տ (ոսկու ողջ պահանջարկի մոտ 29%-ը),  մինչդեռ նախաճգնաժամային 2007թ .այն եղել է ընդամենը 439 տ (ոսկու ընդամենը պահանջարկի 13%-ը): Այժմ համաշխարհային պետական հատվածի կողմից ոսկու պահանջարկի ներկայիս ծավալները ռեկորդային են: Սա պայմանավորված է եւ՛ նոր ճգնաժամի վտանգով եւ՛ ԱՄՆ դոլարի թուլացմամբ ու նաեւ միջազգային մյուս արժույթների կայունության նկատմամբ վստահության բացակայությամբ:

Տեղեկացնենք, որ ոսկու պաշարներ շատ ակտիվորեն կուտակում են Ռուսաստանը, Թայլանդը, Մեքսիկան եւ այլն: Համեմատաբար փոքր աճ է կանխատեսվում արդյունաբերությունում գործածվող ոսկու պահանջարկի մեջ: 2001-2010թթ. այն աճել է տարեկան միջինում 3%-ով ( բացառությամբ իհարկե ճգնաժամային շրջանի): Կանխատեսվում է, որ համաշխարհային արդյունաբերության մեջ տեխնոլոգիաների կայուն կիրառմամբ պայմանավորված՝ աճի վերոնշյալ միտումը կշարունակվի: 2011թ. աշխարհում ոսկու պահանջարկի ավելի քան 50%-ն ապահովել է ոսկեգործությունը, 41%-ը՝ ոսկու մետաղի տեսքով ֆինանսական ներդրումները եւ մոտ 8%-ը՝ արդյունաբերական տեխնոլոգիաների պահանջարկը:

Ոսկեգործության նպատակով ոսկու սպառման ֆիզիկական ծավալները 2001-2011թթ. էապես նվազել են՝ ոսկու ընդամենը սպառման մոտ 80%-ից նվազելով մինչեւ 50%-ի: Սա հիմնականում պայմանավորված է ոսկու համաշխարհային գնաճով, որը բացասականորեն է ազդել ոսկեգործական ապրանքների համաշխարհային սպառման ֆիզիկական ծավալների վրա: Մյուս կողմից, 2000-ականներին կայուն աճ է արձանագրել դրամային արտահայտությամբ ոսկու համաշխարհային սպառումը (բացառությամբ ճգնաժամային 2009թ.՝ ոսկերչության մեջ օգտագործված ոսկու կտրվածքով)՝ 2011թ. կազմելով ավելի քան 230  մլրդ դոլար: 2011թ. ոսկու համաշխարհային սպառման մոտ 45%-ն ապահովվել է Հնդկաստանի եւ Չինաստանի կողմից՝ հիմնականում ոսկեգործության նպատակով: 2005-2010թթ. ոսկեգործական արտադրանքի ամենախոշոր արտահանողները եղել են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան եւ Շվեյցարիան (յուրաքանչյուրը՝ կուտակային 40-50 մլրդ ԱՄՆ դոլար 2005-2010 թթ.): Վերոնշյալ երկրների կուտակային արտահանումը 2005-2010 թթ. կազմել է համաշխարհային ոսկեգործական ոլորտի արտահանման շուրջ 57%-ը: Ուշագրավ է Չինաստանի եւ Հնդկաստանի արտահանման շարունակական ընդլայնումը. նշված ժամանակահատվածում այս 2 երկրների արտահանման տարեկան միջին աճը կազմել է համապատասխանաբար 25% եւ 18%: Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում վերոնշյալ աճը Իտալիայի ոսկեգործական ոլորտի համար կազմել է ընդամենը 3%: ԱՄՆ շուկան ավանդաբար եղել է ոսկեգործական արտադրանքի ամենախոշոր ներմուծողը՝ վերջին տարիներին տարեկան 10-12 մլրդ դոլար արժողությամբ: 2005-2010թթ. կուտակային սպառման կտրվածքով երկրորդ դիրքում է Շվեյցարիան՝ 32 մլրդ դոլար: Խոշոր ներմուծողների հնգյակը եզրափակում են Չինաստանը, ԱՄԷ-ն եւ Մեծ Բրիտանիան: Ներմուծման աճի տեմպերով Չինաստանը կրկին աչքի է ընկնում՝ 2005-2010թթ. արձանագրելով տարեկան միջինում 18% աճ, մինչդեռ ԱՄՆ–ի շուկան նույն ժամանակահատվածում նվազել է 2%-ով: Վերոնշյալ 5 խոշոր ներմուծողների կուտակային ներմուծումը 2005-2010թթ. կազմել է համաշխարհային ոսկեգործության ոլորտի ներմուծման շուրջ կեսը: Ոսկեգործական արտադրանքի համաշխարհային շուկան 2000-ականներին շարունակաբար աճել է, բացառությամբ ճգնաժամային 2009թ.-ի՝ 2011թ.-ին հատելով 200 մլրդ դոլարի սահմանագիծը:

Հետազոտությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում սպառման աճի շարժիչ ուժերից է եղել ասիական երկրներում սպառման ծավալների շարունակական ընդարձակումը, մասնավորապես, Հնդկաստանում եւ Չինաստանում: Մյուս կողմից, համաշխարհային սպառման մեջ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի սպառման շուկաների տեսակարար կշիռը վերջին տասնամյակում նվազել է:

Ընդհանուր առմամբ, շուկայի միտումները հետեւյալն են: 1. Առաջիկա տասնամյակում ոսկու պահանջարկը կաճի՝ հանգեցնելով ոսկու գնի աճի միտման պահպանմանը: Քանի որ ոսկու գինը միջազգայնորեն գրեթե ֆիքսված է, եւ ոսկեգործական իրեր արտադրողները հիմնականում միանման գին են վճարում ոսկու ձեռքբերման համար, հետեւաբար, ոսկու գնաճը Հայաստանի ոսկեգործության ոլորտի միջազգային մրցունակության վրա էական ազդեցություն թերեւս չի ունենա: 2. Միջազգային շուկաներում կշարունակվեն ստեղծվել վաճառքի նոր ուղիներ: Վաճառքի անկախ կետերը կշարունակեն նվազել՝ ցանցային կետերի աճի հաշվին: Համարվելով նոր հնարավորություն Հայաստանի ոլորտի արտահանման համար՝ վաճառքի համաշխարհային ուղիների վերափոխումը կստիպի Հայաստանի արտադրողներին միջազգային ավելի մեծ մրցակցության մեջ մտնել: Հայաստանի արտադրողների առջեւ կծառանան նոր մարտահրավերներ՝ միջազգային շուկաներում իրենց արտադրանքի իրացման համատեքստում: 3. Ոսկեգործության համաշխարհային ոլորտում մարժաները դառնում են ավելի ու ավելի մրցակցային՝ պայմանավորված մասնակիցների քանակի աճով: Հայաստանի ոլորտի արտադրողների համար ավելի մեծ սրություն կստանա օպտիմալ արտադրական գործունեության օրակարգը: 4. Ոսկեգործական իրերի սպառման համաշխարհային շուկաներում նորաձեւության փուլերը դառնում են ավելի ու ավելի կարճատեւ: Սպառողները կայացնում են ավելի տեղեկացված որոշումներ եւ ավելի պահանջկոտ են դառնում որակի նկատմամբ: Հայաստանի ոլորտի արտադրողները շատ ավելի ներգրավված պետք է դառնան ոլորտի համաշխարհային զարգացումներում՝ ոլորտի համաշխարհային միտումները ճիշտ հասցեագրելու համար: 5. Կանխատեսվում է, որ ոսկեգործական իրերի համաշխարհային սպառումը հաջորդ տասնամյակում շարունակաբար կաճի: Սպառման համեմատաբար մեծ աճ է ակնկալվում ասիական, Մերձավոր Արեւելքի եւ ԱՊՀ երկրներում, մինչդեռ արեւմտյան շուկաներում այն ավելի փոքր կլինի: Հայաստանի ոսկեգործական արտադրողների համար արտահանման նոր հնարավորություններ եւ ուղղություններ կբացվեն: Սակայն, անհրաժեշտ կլինի վերջիններս համապարփակ վերլուծել եւ արդյունավետ օգտագործել: Ենթադրվում է, որ ոսկեգործական հայկական արտադրանքը կթիրախավորի հիմնականում ԱՊՀ եւ Մերձավոր Արեւելքի շուկաները: Ասիական հիմնական երկու շուկաները՝ Հնդկաստանը եւ Չինաստանը չեն դիտարկվում որպես հայկական արտադրանքի իրացման նպատակային շուկաներ՝ պայմանավորված տեղական պահանջարկի եւ մրցակցության առանձնահատկություններով:

Կարեւոր մի բան նկատենք. ոսկեգործական միջազգային շուկայում ոտքի տեղ է պնդացրել Թուրքիան: Սա նշանակում է, որ մեր մուտքը շուկա ավելի կդժվարանա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան մեզ թշնամի պետություն է (Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է համարում իր անվտանգության հայեցակարգում) եւ միջազգային բոլոր մակարդակներում ընդդեմ ՀՀ-ի է քաղաքականապես ծառայեցնում տնտեսական աննշան լծակն անգամ: Սա իր հերթին նշանակում է, որ հարկ է ուսումնասիրել նաեւ թուրքական շուկան՝ հասկանալով բացառապես այս կողմից սպասվող ռիսկերը: Կշարունակենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Նկարում (նայել թերթային կամ PDF տարբերակում) 9-11-րդ դարերի ոսկե մանյակ է (Դվին)

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։