Եվրոպահայության հատվածական հակասությունները… Հայաստանը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը… Հայագիտությունը՝ դեպի ապագայի Հայաստան… Հայ-ռուսական տուրիզմը՝ երկկողմ քաղաքականությանը հակասող… Եվրասիական միգրացիոն քաղաքականությունը…

Եվրոպահայության հատվածական հակասությունները

Բրյուսելում կայացել է Եվրոպահայերի 3-րդ համագումարը: Համաժողովի արդյունքներն ամփոփելով՝ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը նշել էր, որ Եվրոպահայության 3-րդ համագումարը կարեւոր է նախեւառաջ այն տեսանկյունից որ, արծարծված հարցերը օրակարգային են Հայաստանում: Իսկ օրակարգում եղել են հայությանը հուզող այնպիսի հարցեր, ինչպես՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, ջավախահայության իրավունքներն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ նոր մարտավարության մշակումը:

Համագումարին մասնակցել են նաեւ Կիլիկիո թեմի կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ներկայացուցիչը: Հենց առաջին օրը քննարկվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցը, կարեւորվել է, որ արդեն պետք է անցնել հատուցման խնդիրներին: Տեսակետ է հնչել, ըստ որի հարկ է Եվրոպական միջավայրի համար առիթ ստեղծել հայ մտավորականներին համախմբվելու, եւ թե ինչ տեսակ զրույց պետք է առաջ քաշեն Եվրոպայում: Քննարկվել է նաեւ Եվրոպայում հայ համայնքների իրավիճակը: Համագումարում արծարծվել է Եվրոպայում թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններին դիմակայելու հարցը: «Քննարկվեց նաեւ թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների հարցը Եվրոպայում, շեշտվեցին, որ անհրաժեշտ է համագործակցություն՝ հայկական բոլոր կազմակերպությունների հետ: Հնչեցին առանձին զեկույցներ Սիրիայի հայության Ջավախքի խնդիրների մասի­ն»,- ասել է Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանը պարզաբանել է, թե ինչու է Հովիկ Աբրահամյանի ելույթից նեղացել ու հեռացել Եվրոպայի հայկական միությունների համագումարի նախագահ Աշոտ Գրիգորյանը. «Ասացին, որ Հայաստանի խորհրդարանի նախագահը այլ օրակարգով պետք է հանդես գար, իսկ նա առիթը օգտագործեց՝ ուրիշ բաներ ասելու»: ԱԺ նախագահն իր պատասխան ելույթում փորձել է արդարանալ ամբողջ վարչակազմի փոխարեն, սակայն, ըստ ՀՅԴ գործչի՝ ապարդյուն, քանի որ «արտահայտեց սովորական դարձած ընդհանուր ֆրազներ, իսկ վերջում հրավիրեց Հայաստան՝ առաջարկելով պառլամենտում կազմակերպել քննարկումներ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու եւ արտագաղթի պատճառները վերացնելու հարցի շուրջ»:

Սա էլ նեղանալու պատճառ է դարձել, ինչը նշվել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի հայտարարության մեջ: Իսկ ֆորումի պատվիրակությունը մասնակցում էր նախագահ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ: Ով իր ելույթի վերջում ընթերցեց կոչ, որտեղ ամփոփ ներկայացված էր դիմում ՀՀ վարչակազմին՝ անարյուն իշխանափոխության պահանջով, եւ առաջարկեց այդ կոչը ընդունել որպես Եվրոպահայերի 3-րդ համագումարի մասնակիցների կողմից կոչի նախագիծ՝ ուղղված ամբողջ սփյուռքին:

* * *

Հայաստանի Հանրապետությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս հարցն այլեւս չի կարող սպասել՝ 100-ամյա տարելիցի շեմին: 1988թ. ՀՀ Գերագույն խորհուրդը Ցեղասպանությունը դատապարտելու որոշում ընդունեց, որն այդպես էլ օրենքի ուժ չստացավ: Նաեւ պետք է դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ Թուրքիայից պահանջելով վերադարձնել պատմական Հայաստանի տարածքները, ինչպես նաեւ նյութական հատուցում տրամադրել ցեղասպանության ժառանգներին՝ հայությանը:

Հայագիտությունը՝ դեպի ապագայի Հայաստան

Վերջերս սփյուռքի նախարարն ընդունել էր ԳԱԱ 70-ամյակի առիթով կազմակերպված՝ Հայագիտական 2-րդ գիտաժողովի հյուրերին՝ Քլոդ Արմեն Մութաֆյանին, Վարդան Մատթեոսյանին, Ժիրայր Դեդեյանին, Գաբրիելա Ուլուհոջյանին, Աննա Շիրինյանին, Իզաբել Օժեին, Աննա Մարիա Շեվալյեին, Սոնա Հարությունյանին եւ այլոց:

Նախարարը մասնավորապես նշել է, որ կարեւորում է մի քանի հիմնահարց. «Առաջինը լեզուն է, անհրաժեշտ է պահպանել այն Սփյուռքում, այլապես կկորցնենք այն: Երկրորդը՝ ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրներն են, դուք կարող եք գիտականորեն հակադրվել հակաքարոզչությանը: Եվ երրորդ՝ կարեւորում եմ հայագիտական կենտրոնների, դասընթացների ակտիվացում­ը»:

Դրանք պետք է դառնան իրապես փոքրիկ Հայաստաններ: «Իսկ հայագիտություն նշանակում է դեպի ապագան միտված Հայաստան, ինչի համար պետք է մշտապես աշխատե­լ»,- ասել է սփյուռքի նախարարը:

Հայ-ռուսական տուրիզմը՝ երկկողմ քաղաքականությանը հակասող

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Կարեւորելով առկա բարեկամական սերտ հարաբերությունները՝ քաղաքապետը նաեւ կարեւորել է այդ համատեքստում Ռուսաստանի մի շարք քաղաքների եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները:

Ռուս դեսպանը նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը մեծ դերակատարում ունի երկու երկրների առկա հարաբերություններում, ինչն իր հերթին նպաստում է նաեւ քաղաքների միջեւ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Պատրաստակամություն է հայտնել նպաստել առկա հարաբերությունների խորացմանը, ինչպես նաեւ այլ քաղաքների հետ եւս գործընկերային հարաբերություններ ձեւավորելուն: «Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր երկրների բարեկամական սերտ հարաբերություններն ու պատրաստակամ ենք բոլոր ուղղություններով նպաստելու այդ հարաբերությունների էլ ավելի ընդլայնմանն ու ամրապնդմանը: Եվ վստահեցնում եմ, որ որպես ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան՝ կանեմ հնարավորը այդ հարաբերություններն էլ ավելի բազմակողմ դարձնելու ուղղությամ­բ»,- նշել է Իվան Վոլինկինը:

Կողմերը քննարկել են նաեւ տուրիզմի խթանմանն ու ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:

Գոհար Վանեսյան

* * *

Մինսկում կայացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի միգրացիոն քաղաքականության հարցերով Խորհրդատվական հանձնաժողովի 2-րդ նիստը: Քննարկվել են Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու անդամ երկրներում միգրացիոն քարտերի կիրառման հնարավորությունը, Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքային միգրանտների եւ նրանց իրավական կարգավիճակի շուրջ համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ Մաքսային միության եւ Միասնական տնտեսական գոտու անդամ երկրների շուկաներում ձեռնարկատիրական գործունեության փոխադարձ հասանելիության խոչընդոտները:

Բացի այդ քննարկվելիք թեմաներից, նախատեսվում է անդրադառնալ միգրացիոն ոլորտում աշխատանքային շուկայի եւ այլ ասպեկտների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդատվությունների արդյունավետության վերլուծությունը:

Մասնավորապես՝ այդ հիմքով նախատեսվում է երկարաձգել անդամ երկրների տարածքներում գրանցում չունեցող աշխատանքային միգրանտների գտնվելու ժամանակը, ինչպես նաեւ վերացնել անդամ պետությունների քաղաքացիների համար միգրացիոն քարտերը: Միգրացիոն ոլորտում քաղաքացիների գրանցման արտոնյալ կարգը նախատեսում է այս երկրներից եկած քաղաքացիների՝ առանց պարտադիր գրանցման 30 օր մնալու հնարավորություն: Ըստ նախնական տեղեկությունների, կողմերը ապագայում պլանավորում են ապահովել սոցիալական, բժշկական ու թոշակային երաշխիքներ ստանալու հավասար պայմաններ՝ անդամ երկրներից ժամանած քաղաքացիների համար:

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։