Հավաք՝ ոչ արտահերթի համար… Վերահսկիչ պաշտոն, որ կարելի էր բաժանել… «ՀՀՇ բրենդ­ը» կռվախնձոր… Կոռուպցիան նվազել է՝ առանց կատակի… Չծառայողը… չի վերադառնում… Էլ կաղ ու թոփալ, էլ քաչալ շուն… Կանանց ու սփյուռքին՝ ուղիղ բանակ… Ընդդիմադիրներն էլ՝ բանից անտեղյակ…

Հավաք՝ ոչ արտահերթի համար

ՀՀԿ-ն իր գործադիր մարմնի նիստում, որին մասնակցում էին ԳՄ բոլոր անդամները, ներկա էր անգամ Կարեն Կարապետյանը, ով քիչ ինելով Հայաստանում, քիչ էլ մասնակցում է ԳՄ նիստերին: Որոշ լրատվամիջոցների եւ քաղաքական ուժերի սպասումները, թե անպայման անդրադարձ կլինի Շանթ Հարությունյանի նախաձեռնած հեղափոխությունը, չարդարացան, քանզի ինչպես պարզվեց, դա ՀՀԿ-ի նիստին չի հետաքրքրել:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ այդ առիթով ինքն արդեն մեկնաբանություններ տվել է եւ ավելացնելու ոչինչ չունի:

Հակառակ սրան, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը հայտարարել է, թե սրանով Հայաստանում ազգային-ազատագրական շարժման 2-րդ փուլն է սկսվում: Իսկ թե ինչ է լինելու այդ փուլում, ոչ մեկին դեռ պարզ չէ…

Սակայն հանրապետականներին պետք է մտահոգի այն հանգամանքը, որ մեր երկրում այլեւս հնարավոր է ցանկացած հարցի շուրջ համախմբել որոշակի մարդկանց ինչ-որ մի հատվածի, եւ գնալ հեղափոխություն անելու: Նշանակում է՝ կան խնդիրներ, որ հրատապ լուծման կարիք ունեն: Եվ դրանք առավելապես սոցիալական բնույթի են: Պետք չէ միշտ շեշտել, թե հեղափոխություն անողները նոււյն զանգվածն են, որ հավաքվում են անկախ այն հանգամանքից, թե ով է այդ պահին բողոքող ուժը:

Դա իհարկե այդպես չէ, բայց եթե անգամ այդպես լինի, ապա մարդկանց մի հատված հաստատ անելանելի վիճակում է, որ նախընտրում է իշխանափոխությունը, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ցանկանում դա իրականացնել:

Սա նաեւ վտանգավոր հոգեբանություն է, ինչը կարող է դառնալ նաեւ օտարների շահարկման միջոց:

Գուցե սա հասկացել է իշխող կուսակցությունը, քանզի ՀՀԿ-ում հաշվառում է սկսվել: Այս օրերին կառույցի անդամների բազայի ճշգրտումներ են իրականացվում:

Ըստ ՀՀԿ մամլո խոսնակի, դա կազմակերպչական գործընթաց է, ինչը պարբերաբար իրականացվում է եւ «ամենեւին արտահերթ ընտրությունների պատրաստվելու քայլ չէ: ՀՀԿ-ն հայտարարել է իր ծրագրերի մասին եւ այժմ դրանք իրականացնելո է զբաղվում»:

 Անի Մարության

Պաշտոն, որ կարելի էր բաժանել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ընտրությունը քաղաքական ուժերը առավելապես համարեցին նշանակում կամ վերանշանակում:

Որոշ ընդդիմադիրներ այն կար ծիքը հայտնեցին, թե այդ պաշտոնին որեւէ ընդդիմադիր գործչի նշանակումն ավելի օգտակար կլիներ:

Նախ՝ իշխանությունը կզգար հսկողության իրական ուժը, հետո էլ՝ Վերահսկիչ պալատի ընդդիմադիր նախագահը ստիպված էր լինելու աշխատանքով ապացուցել, որ ընդդիմությունն ավելի շատ է մտածում ժողովրդի մասին: Արդյունքում՝ կշահեր ժողովուրդը:

Սա նաեւ հրաշալի առիթ կլիներ իշխանություն-ընդդիմություն համագործակցության, ինչի բացակայությունը շարունակում է այն թեզը, թե ընդդիմությունը ոչ միայն իշխանության հակառակորդն է, այլեւ՝ թշնամին:

Եթե քաղաքական մեծամասնությունը միանգամից չի կարողանում հավատալ ընդդիմադիր կողմի անաչառությանը, ապա գոնե որոշակի վերահսկողական գործառույթներ կարելի է փորձնական տալ ընդդիմությանը եւ հավաստիանալ, որ «իրականում ընդդիմությունը թշնամի չէ եւ կարող է աշխատել ու աշխատել հօգուտ»,- այս կարծիքին է նաեւ ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Եթե այլ բան տեղի ունենար եւ ընդդիմադիր վերահսկողը քաղաքականացներ պաշտոնը, ապա մեծամասնությունը նրան հեռացնելու դժվարություն երբեք չէր ունենա: Ավելին՝ ժողովուրդն էլ իր կարծիքը կկազմեր իշխանափոխության հետեւանքների եւ դրա համար մերթ ընդ մերթ աղաղակվող հեղափոխությունների մասին:

Նարե Մշեցյան

* * *

Հին եւ վերածնված ՀՀՇ-ականների միջեւ «ՀՀՇ բրենդ­ը» կռվախնձոր է դարձել, եւ որեւէ կողմ չի պատրաստվում այդ կռվին վերջ դնել: Այն ավելի կթեժանա, երբ նորի փաստաթղթերը արդարադատության նախարարություն տարվեն:

ՀԱԿ-ի «Հայոց համազգային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Վահագն Հայոցյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ՀՀՇ անվանումը եւ ՀՀՇ խորհրդանիշը պատկանում են իր ստեղծած հասարակական կազմակերպությանը եւ գրանցված են պետռեգիստրում:

Կոռուպցիան նվազել է՝ առանց կատակի

«Հազարամյակի մարտահրավերնե­ր» կորպորացիայի հայտարարության համատեքստում, ըստ որի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման առումով առաջընթաց կա, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե այո, կա այդ առաջընթացը, եւ անմիջապես օրինակ մեջբերեց. «Իրավաբանական անձանց գրանցման գործընթացը հեշտացել է՝ այն կատարվում է 15 րոպեում, առանց որեւէ մեկի հետ շփվելու եւ այդ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազել ե­ն»:

Նախարարը այլ օրինակներ էլ բերեց. «Կոռուպցիոն ռսիկերը նվազե՞լ են իրավաբանական անձանց գրանցման գործընթացում, այո, նվազել են: Հիմա նույնը կատարվում է զագսում, երեխայի ծննդականը կարող ես ստանալ արդեն ավտոմատ կերպով… Մի բան է, որ կոռուպցիան իրականում նվազել է, մեկ այլ բան է հասարակության ընկալումը, որտեղ էլ իրականում խնդիրներ կան»:

Որ իրավաբանական անձանց գրանցումը հեշտացել է, դեմ չեմ, բայց այն տեւում է ոչ թե 15 րոպե, այլ՝ 30-45: Հավատում եմ նաեւ, որ «զագսում» է կոռուպցիան նվազել: Դա է վկայում հայ նախարարի գործածած ռուսերեն հապավումը՝ ԶԱԳՍ-ը եւ զագսի ղեկավար կնանիքի մի՛ քիչ իջած «չոլկեն» ու օրվա մեջ մի քանի ժամ ընդամենը աշխատելու գրաֆիկը: Դե որ կոռուպցիա չկա, էլ աշխատում են ի՛նչ անեն:

Ու որ հասարակությունը չի նկատում, որ նվազել են կոռուպցիոն ռիսկերը, մեղավորը, ըստ նախարարի լրագրողներն են:  «Էն պատճառով, որ լրագրությանը պետք է սենսացիա: Հայ ժողովուրդը մի ունիկալ առանձնահատկություն ունի, բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ոչ երբեք իրեն­ց»:

Չծառայողը… չի վերադառնում

Կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններին: Օրինագիծը համարվեց անհետաձգելի եւ սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:

Հարցը զեկուցողը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էր, ով ասաց, որ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում Հայրենիք: Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով արդեն չորրորդ անգամ փոփոխություն է կատարվում, ինչը խթան է դառնում հազարավոր երիտասարդների վերադարձը Հայրենիք ապահովելու գործում:

Այստեղ մեծ սխալ կա:

Նախ՝ զինվորական ծառայությունից խուսափածներին հայրենիքի գործերը հազիվ թե հետաքրքրեն, եւ եթե անգամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, հազիվ թե նրանք հազարներով հայրենիք վերադառնան:

Այլ խնդիր է, որ ծառայությունից խուսափողները պիտի վճարեն ու՝ շատ վճարեն:

Որովհետեւ գոնե նրանց վճարածից մի օգուտ կլինի:

Ինչեւէ, նշյալ իրավական ակտի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ հազարավոր քաղաքացիներին քրեական հետապնդումից ազատելու խնդիրը:

Այլ կերպ՝ հնարավոր կլինի հետագայում երկարաձգել ժամանակահատվածը ՀՀ կառավարության որոշմամբ՝ հնարավորություն տալով  27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ Հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Այդ վճարները կմուտքագրվեն երկրի պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում եւ կուղղվեն ռազմատեխնիկական նշանակության  ապրանքների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորելուն:

Ի դեպ, 2012թ. հատուկ հաշվում մուտքագրվել է մոտ 890 միլիոն դրամ, ինչը, հաշվի առնելով գործողության ժամկետը մեկ տարով երկարացվելու պարագան, 2013թ. կհանգեցնի լրացուցիչ 800 միլիոն դրամից ավելի գումարների մուտքերին:

Էլ կաղ ու թոփալ, էլ քաչալ շուն

ԱԺ-ում երեկ շարունակվեցին 2014թ. պետական բյուջեի քննարկումները:

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի կարծիքով, մեր երկրի բյուջեն եկամուտներ չունի. «Ամբողջ բյուջեում ընդամենը վեց տող է եկամուտների մասին, եթե այլ տող կա, եկեք ասեք: Դուք մեղավոր եք սրա համար, քանի որ բյուջեն թոփալ է, կաղ է սրանով: Ո՞ւր են բյուջեի եկամուտներ­ը»:

Բագրատյանին չհամաձայնեց ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը. «Ես չեմ գտել որեւէ պրոբլեմ այդ օրենքում»:

ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խնդիրներ տեսավ, որովհետեւ, նրա խոսքերով, բյուջեն ծրագրվել է «քաղաքական լրիվ այլ կոնյունկտուրաներում: Գրվել է այն ժամանակ, երբ Մաքսային միություն մտնելու որոշում դեռ չէր կայացվել ու հետեւաբար, հաշվի չեն առնվել մեր եկամուտների առումով ցուցանիշները: ՄՄ մտնելով մենք այլեւս չենք կարողանալու ձեռք բերել այն, ինչ ցանկանում ենք, այլ մեզ դեմ կտան այն, ինչ իրենք են ուզու­մ»:

Կանանց ու սփյուռքին՝ ուղիղ բանակ

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների եւ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանից (բյուջեն ՊՆ մասով նա էր ներկայացնում), թե արդյո՞ք հնարավոր է՝ 1. կանանց նույնպես ներգրավել զինված ուժերում՝ թեեւ ոչ պարտադիր առաջին գծում, 2. բանակ զորակոչել սփյուռքի մեր հայրենակիցներին:

Պատասխանը հայտնի է՝ ոչ, բայց առաջիկայում հարցին անդրադարձ կլինի. «Քննարկումներ եղել են հատկապես սփյուռքահայերի զորակոչի տեսանկյունից, կարծում եմ՝ կլինեն նոր մոտեցումներ»: Վստահ եմ, ոչ միայն նոր մոտեցումներ, այլեւ՝ լի՛քը նոր բաներ կբացահայտվեն…

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին ընդդիմությանը հարցրեց. «Ձեզ որեւէ մեկդ հարց չե՞ք տալիս՝ էդ հուսահատության համար քաղաքական ընդդիմության մեղքը չկա՞, թե որ 5 հոգով 15 երգ եք երգում, թե՞ ձեզ նյարդայնացնում է այն հանգամանքը, որ հայտնվել եք քաղաքական ու քաղաքացիական պրոցեսների լուսանցքում ու այս ամբիոնը ուզում եք օգտագործել նոր դաշինքների համար: Ի սեր Աստծո, ինչքան ուզում եք համախմբվեք, ինչքան ուզում եք միացեք: Ես դրան կողմ եմ, բայց եթե դրանք գաղափարական չեն, ապա ձախողված են»: Է. Շարմազանովին ակնհայտորեն սաստիկ էր զարյարցրել այն, որ ընդդիմությունը ոչ մի բանի գունավոր ակնոցով չի նայում: Մեր ընդդիմությունն էլ հետաքրքիր է, կամ ձե՜ր սեւ ակնոցները հանեք, կամ էլ մի սեւ ակնոց էլ ԱԺ փոխնախագահին նվիրեք:

Ընդդիմադիրներն էլ՝ բանից անտեղյակ

Ու, ըստ, Էդուարդ Շարմազանովի, մեր երկրի թիվ մեկ խնդիրը ոչ թե արտագաղթն է, այլ՝ ցածր ծնելիության մակարդակը: Բայց դա էլ կլուծվի. «Մեր բյուջեի նախագծով խթանվո՞ւմ է ծնելիությունը: Իհարկե այո՝ բացեմ, նայեք: Քաղաքական իշխանությունը խոցելի թեւեր ունի, բերեք անկեղծ լինենք՝ այո, մենք ունենք բազում թերություններ, բայց ամեն ինչ ներակայացնել սեւ ակնոցներով, այն ինչ գոյություն չունի, չի բխում հենց ձեր շահերից, որովհետեւ նման գործողությունների արդյունքում եք դուք հայտնվել քաղաքական պրոցեսների լուսանցքու­մ»:

Էս ընդդիմությունն իսկապես լուսանցքում է հա՛, որովհետեւ ոչ ոք չասաց, որ մի կողմից երեխայի ծննդյան միանվագ վճարի չափը բարձրացնելը, իսկ մյուս կողմից չաշխատելու ժամանակահատվածում մորն ընդամենը մի քանի հազար դրամ տալը ծնելիության խթանում չէ: Դե որտեղի՛ց իմանան, ընդդիմադիր այդ ո՞ր գործչի կինն է ծննդաբերելուց հետո պետության տվածի հույսին մնում որ: Գիտե՞ն, որ ասեն:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։