Վտանգ. իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի – Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս… Արցախում հայ մարտիկները կոտրեցին թուրք-ադրբեջանական պատերը…

Դերսիմի եւ ծպտյալ հայերի թեման հանգիստ չի տալիս

Թուրքիայում ծպտյալ հայերի թեման շարունակում է անհանգստացնել ոչ միայն թուրքական ազգայնամոլական շրջանակներին, այլ նաեւ քրդերին: Վանի տեղական կայքերից մեկի լրագրող Օղուզհան Օնեմն անդրադարձել է այն թեմային, թե քրդերն ալեւի չեն լինում եւ մեջբերել է հակահայկական բովանդակությամբ հայտնի Habervaktim կայքում հրապարակված տեղեկությանը ծպտյալ հայերի մասին:

Քուրդ լրագրողը նշել է, թե ինքը բազմիցս շեշտել է, թե քուրդ-ալեւի չի լինում, եւ որ քրդերը ամենասկզբից ի վեր եղել են սուննի, ու ներկայացնում է ավելի վաղ Habervaktim-ում ծպտյալ հայերի հետ կապված հրապարակումից հատված. «BDP-ի ծպտյալները (քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություն) Թուրքիայի ամենամեծ խնդիրներից են: Ծպտյալները… Իրենց ալեւի ներկայացնող, իրենց քուրդ ներկայացնող ծպտյալ հայեր, իրենց թուրք ներկայացնող հրեաներ… Ցույց տալով թե մուսուլման են, գաղտնի ծառայություն են մատուցում իրենց կրոններին, գաղտնի էթնիկ խմբերին: Այժմ BDP-ի ներսում, PKK-ի ներսում մեծ թվով ծպտյալ հայեր կան: Այդպես են ասում»:

Նույնիսկ կան պնդողներ, թե PKK-ն լրիվ հայկական կառույց է: Այս համատեքստում կապ է հաստատվել Միհրան Փրկիչի հետ, ով փոխել է իր կրոնը եւ ստեղծել Դերսիմի հայերի միությունը: Նա, ով հայկական արմատներով մուսուլմաններին կոչ է անում վերադառնալ արմատներին, շատ հետաքրքիր հայտարարություններ է արել զրույցի ժամանակ: Միհրան Փրկիչը տարիներ առաջ հայտնի էր որպես մուսուլման Սելահաթին Գյուլթեքին: Քրիստոնյա դառնալով, մյուսներին է կոչ անում վերադառնալ՝ ասելով, որ արդեն հարմար ժամանակ է դրա համար եւ կարիք չկա թաքնվել: Նրա որոշ բարեկամներ բարկացել էին՝ նրան ասելով, թե ինչու է իրենց գաղտնազերծում:

Այս մասին գրել է նաեւ «Լուսանցք»-ը. քանզի գաղտնազերծումը մի նոր վտանգ կկախի բացահայտված հայերի գլխին, քանզի Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ չի փոխել վերաբերմունքը հայության հանդեպ, իսկ Հայաստանը համարում է թուրքերի թիվ 1 թշնամի երկիրը: Մենք անգամ դեմ ենք արտահայտվել Էջմիածնի այն կոչին, որ ծպտյալ հայերը պետք է դառնան քրիստոնեական անցյալին: Սա կարող է մի ահռելի թվաքանակ «բացել», ինչը պարզապես կսարսափեցնի Անկարային եւ այստեղ է, որ վտանգը կդառնա ակնհայտ: Իսկ թաքնվել նորից հնարավոր չի լինի…

Միհրան Փրկիչը չի պատասխանել քուրդ լրագրողի հարցին, թե Թուրքիայում քանի մուսուլմանացած հայ կա: Ասել է, որ դա չի կարող բարձրաձայնել՝ շեշտելով, թե ուզում է, որ մարդիկ արդեն չքաշվեն իրենց հայ լինելը հայտարարելուց: Նշել է, թե Դերսիմի բնակչության 75%-ի արմատները հայկական են, որ նրանց մի մասը ալեւիականություն է ընդունել, մի մասը՝ քրդացել:

Նա հայտնել է, որ ինքը 15 տարի BDP-ի համար աշխատել է, շեշտել, որ նրա ղեկավար կազմում իրենց մուսուլման ներկայացնող մեծ թվով հայեր կան եւ օրինակ է բերել, որ BDP-ի հաղթած գրեթե բոլոր հատվածներում 1923-ից առաջ հայեր են ապրել: Միհրան Փրկիչը ասել է նաեւ, որ PKK-ին չի համարում ահաբեկչական կառույց, այն դիտարկում է որպես ժողովրդական շարժում:

Վահագն Նանյան

 * * *

Արցախում կոտրեցին թուրք-ադրբեջանական պատերը

Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում՝ նոյեմբերի 19-ին: Հանդիպումից սպասելիքները մեծ չեն: Հատկապես ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանին, որպեսզի Արցախի նկատմամբ չկիրառվի հանկարծ օս-աբխազական անկախական մոտեցումը:

Սակայն կարծես թե Մոսկվան այդպիսի նպատակ դեռ չունի: Բայց չի բացառվում, որ փորձ կլինի Արցախին նորից ներգրավել բանակցային գործընթացում:

Այս առումով թուրքական ու ադրբեջանական մամուլն արձագանքել է, նաեւ անդրադարձել Ստեփանակերտում անցկացված վարժանքին: Թուրքական զլմ-ները նշել են, որ «ԼՂ-ում անցկացված զորավարժության ժամանակ հայ զինծառայողները կոտրում են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով աղյուսները: Եվ դեպքը տեղի է ունենում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում: Հայ զինվորները նախ հատ-հատ կոտրում են Ադրբեջան գրությամբ աղյուսները (որոնցից յուրաքանչյուրում պատկերված է մեկ տառ), իսկ հետո սկսում են կոտրել Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով աղյուսները: Հետին պլանում երեւում են Հայաստանի ու Ղարաբաղի դրոշներ­ը»:

Հայաստանի ու Արցախի նախագահները ներկա են գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին, ինչը եւս դարձել է հայկական զինուժի մասին քննարկումների թեմա թուրք-ադրբեջանական հանրության շրջանում: Այս ամենը կապվում է բանակցությունների վերսկսման հետ եւ դա ավելի է գրգռում մեր հակառակորդ կողմին: Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք: ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ «բնական է, բոլորիս նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը եւ այդ նպատակը հետապնդում է նաեւ ՀՀ-ն բանակցային գործընթացում: Եվ մենք ամենեւին էլ կողմ չենք, որպեսզի ճանաչելով մնանք միայնակ, ինչպես դա եղավ թուրքական Կիպրոսի դեպքում: Դա ամենեւին չի նպաստի բանակցային գործընթացում այն արդյունքին, որին մենք ձգտում են­ք»:

Հայկական կողմի պնդմամբ, Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից, բայց ամեն ինչ պետք է արվի, որ  բանակցությունները շարունակվեն այս ձեւաչափով: Եվս մեկ անգամ նշվել է, որ Հայաստանը չի վախենում պատերազմից, բայց չի նախաձեռնի այն, քանի որ խաղաղ կարգավորման կողմնակից է: Իսկ եթե հակառակորդը նախաձեռնի նոր պատերազմ, ապա հայկական զինուժը կպաշտպանի հայրենիքը եւ անգամ կփորձի ազատագրել բռնազավթված այլ հայկական տարածքներ:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։