Գործընթացը խափանելու փորձ (Անկարան Կիպրոսի մերժումով հարվածում է նաեւ Արցախին…) – Թուրքիայի հարեւանները կարծես հերթով զգուշանում են Անկարայի ձգտումները հասկանալով…

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամփոփելով տարածաշրջանային այցի արդյունքները, հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, որ «նախագահները վերահաստատեցին 2013թ. նոյեմբերին հանդիպելու իրենց մտադրությունը՝ կարգավորման գործում իրենց դիրքորոշումները հստակեցնելու եւ առաջ շարժվելու ուղին քննարկելու համար»: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների՝ ավելի քան 1,5 տարիների բացակայությունը հաստատ սառեցրել է որոշ պայմանավորվածություններ, ինչը նախ եւ առաջ փորձելու են վերսկսել համանախագահները: Համանախագահների՝ զսպվածություն ցուցաբերելու կողմերին ուղղված կոչի համապատկերին, նոր կողմնակալ դիրքորոշում է արտահայտել Թուրքիայի ԱԳՆ Ահմեդ Դավութօղլուն:

Նա խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտարարել է, որ Թուրքիայի պահանջը մեկն է՝ «Հայաստանը պետք է հետ քաշվի Ղարաբաղից, իրենք այդ հարցում սպասում են առաջխաղացման: Եթե Հայաստանը հետ քաշվի Ղարաբաղից, կբացվի եւ՛ հայ-թուրքական սահմանը, եւ՛ երկաթգիծ­ը»:

Անկարան հասկանում է, որ Բաքուն պարտադրված գնում է նոր բանակցության, եւ համանախագահների կոչն էլ վերաբերում է բուն հակամարտության կողմերին՝ Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին, ինչը նորից հեռացնում է Թուրքիային հարցին միջամտելու հնարավորությունից:

Ժամանակ առ ժամանակ խաղաղ գործընթացը վնասող հայտարարություններով հանդես գալով՝ Անկարան փորձում է նաեւ հայ-թուրքական հայտնի արձանագրությունների վերսկսման դեպքում, հատկապես սահմանների բացման հարցը հակադրել Արցախի եւ Հայոց ցեղասպանության խնդիրներին:

Իսկ համանախագահների հայտարարությունը հենց այս համաթրքական միջամտությունը չեզոքացնելու, նաեւ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող պատերազմի սպառնալիքն ու հայատյացության դրսեւորումները կանխելու նպատակ է հետապնդում, ինչը նախագահների մակարդակով հանդիպմանը գուցեեւ քննարկվի:

Չի բացառվում, որ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով է փորձում վիժեցնել բանակցային գործընթացը, ինչն էլ բացատրում է Անկարայի անհեթեթ հերթական հայտարարությունը: Սակայն պետք է նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարել է նաեւ, որ որեւէ կողմի ռազմական գործողությունները կդիտարկվեն խաղաղ գործընթացի խափանման փորձ, ինչը Թուրքիային հեռու է պահում ավելի կտրուկ հայտարարություններից, իսկ Բաքվին՝ կտրուկ գործողություններից:

Իսկ այն, որ Անկարան փորձում է տարածաշրջանում կտրուկ լինել, հավաստում է վարչապետ Էրդողանի այն հայտարարությունը, թե Կիպրոս անունով պետություն գոյություն չունի. Հունաստանի ԱԳՆ-ն համարում է, որ «միջազգային հանրությունը պիտի ուշադրություն դարձնի Կիպրոսի վերաբերյալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության վր­ա»: Անկարան հայտարարում է, որ Կիպրոս անունով պետություն գոյություն չունի՝ անգամ մոռանալով, որ 1970-ականների կեսերին թուրքական բանակը սադրանքով մտավ Կիպրոս եւ գրավեց տարածքի 40%-ը՝ դա համարելով թուրքական պետություն:

Նշանակում է՝ սրան կարող է հաջորդել նաեւ Արցախի պետության չճանաչումը, գուցե նաեւ՝ Հայաստանի… Չէ որ Հայաստանը համաթուրքական ծրագրերում «անիծյալ սե­պ» է համարվում, որ խոչընդոտում է թյուրքական երկրների սահմանային միավորմանը:

Չնայած Կիպրոսի հունա-կիպրական վարչակարգն է ճանաչվել ԵՄ-ի կողմից, բայց դա չի խանգարում թուրքերին անել սադրիչ եւ նպատակային հայտարարություններ: Հաճախ այս հայտարարությունները հաջողություն են ունենում, երբ հակառակ կողմը նահանջում է կամ միջազգային իրավիճակը դառնում է թուրքանպաստ: Հունական կողմի պասիվությունը առիթ դարձավ նման հայտարարության: Ինչը պետք է զգաստացնի Հայաստանին եւ համայն հայությանը:

Նշենք նաեւ, որ Հունաստանն ու Թուրքիան միեւնույն ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի իրավահավասար անդամներ են, ինչը եւս չի խանգարում Անկարային գնալ սադրանքների: Եվ երբ ՀԱՊԿ-ում Հայաստանը վճռական չի պնդում իր իրավունքները, ապա Անկարան ու Բաքուն արդեն Մոսկվայի հետ են մշակում իրենց սադրանքները:

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի գխավորած պատվիրակությունը հանդիպել է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած հայկական պատվիրակության հետ: Այսօրինակ հանդիպում-քննարկումները պետք է շարունակել, բայց նաեւ՝ համատեղ գործողությունների վերածել:

Հետաքրքիր է, որ Բուլղարիան էլ որոշել է անվտանգության պատ կառուցել Թուրքիայի հետ սահմանին: «Բուլղարիայի կառավարությունը որոշում է կայացրել Էլհովո քաղաքի մատույցներով անցնող թուրք-բուլղարական 30 կիլոմետրանոց սահմանին բաժանարար պատ կառուցել: Ենթադրվում է, որ սահմանի պարսպապատումը կնպաստի բուլղարական սահմանապահ ուժերի հսկողության արդյունավետության բարձրացմանը նշյալ գոտու­մ»,- հայտնել է այդ երկրի ՆԳ նախարար Վասիլ Մարինովը:

Ըստ թուրքական զլմ-ների, միեւնույն ժամանակ նշվել է, որ անվտանգության պատը կառուցվելու է ոչ թե փախստականների մուտքը փակելու կամ նրանց վերահսկելու համար, այլեւ՝ սահմանային պաշտպանությունը ավելի ազդեցիկ դարձնելու նպատակով:

Թուրքիայի հարեւանները կարծես հերթով զգուշանում են Անկարայի ձգտումները հասկանալով, եւ այս ամենը չի կարող տեսանելի չլինել ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար: Բայց նկատելն այլ բան է, չնկատելու տալը՝ այլ բան:

Ուստի՝ Թուրքիայի հետ սահման ունեցող պետությունները պետք է կարողանան համադրել իրենց մտահոգություններն ու շահերը: Օրինակ՝ սահմանին գտնվող քրդական Ղամիշլի քաղաքում բանակցություններից հետո նախնական ծրագրեր են մշակվել, որոնց համաձայն, Սիրիայի քրդական շրջանները պետք է բաժանվեն 3 գոտու, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր տեղական ասամբլեան:

Փորձագետները նշում են, որ նման ծրագրերը թուրքական իշխանությունների համար անհանգստության առիթ կարող են դառնալ, քանի որ կարող են ոգեւորել Թուրքիայի՝ մեծ ինքնավարություն պահանջող քրդերին: Քրդերը Սիրիայի բնակչության 10%-ն են կազմում:

Պետք է փորձել բարեկամ Սիրիայի հետ համագործակցելով եւ՛ Սիրիան զերծ պահել մասնատումից եւ՛ քրդական սայրն ուղղել դեպի Թուրքիա: Վստահաբար այստեղ կլինի նաեւ Իրանի աջակցությունը, գուցե նաեւ՝ Իրաքի: Գուցե նաեւ հայկական հարցը զուգահեռվի, որը քրդականի միակ ու իրական հակակշիռն է:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։