Մոսկվան պատերազմ-պատերազմ է խաղում – Վաշինգտոնն էլ հայ «պահանջատեր» ուժերին է խաղացնում… Իսկ հայ արիները պնդում են հայկական պետությունների վերամիավորման հարցը…

Ի՞նչ է խնդրում Րաֆֆին, որ աստված չի կողմնորոշվում

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ արտաքին գործերի նախարար եղած ժամանակ (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք) ասել էր. «Մինչ օրս գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, փառք Աստծո, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ­է»…

Այսօր նույն Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը խոսում է ոչ միայն Արցախի անկախության ճանաչման կամ Արցախի՝ Հայաստանին վերամիավորվելու մասին, այլեւ՝ Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի հողերն է պահանջում:

Դիտարկելով այս երկու «տեսությունները»՝ հանգում ենք այն մտքին, որ հայրենազրկողից մինչեւ հայրենատեր դառնալը անհրաժեշտ է ունենալ առնվազն ամերիկյան «դաբրո»:

Չէ, պահանջատեր լինելը հայի համար ճի՛շտ է ու արդա՛ր, բայց պահանջատեր խաղալը  …. է: Որովհետեւ եթե կա պատվեր, ապա կա Հայաստանի գլխին կախվող հեռահար վտանգ:

Իսկ պահանջատեր լինելու համար Րաֆֆի Հովհաննիսյանի բախտը չբերեց, «գյուղից մարդ կար»՝ Հերմինե Նաղդալյանն էր…

Հայ արիները պնդում են վերամիավորման հարցը

Քաղաքական ուժերից հայ ազգայնականության կարծիքը այս հարցում մնում է նույնը, ինչը ժամանակին բարձրաձայնեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը. «Արցախի խնդիրը կլուծվի միայն Հայաստանի հետ վերամիավորման որոշման կատարմամբ, ինչը փաստ դառնալով՝ հետզհետե կհանգստացնի բոլորին: Իսկ Ադրբեջանը անգամ անկախ Արցախին չի ճանաչելու եւ Բաքվի կամ Անկարայի կարծիքը արդեն կարեւոր չէ»: Կա տեսակետ էլ, որ պետք է Արցախի անկախությունը ճանաչել եւ նոր հանրաքվե անցկացնել՝ հայրենիքին վերամիավորելու համար:

 – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – -

Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման սառեցումը եւ բարձրագոչ ու ռազմատենչ ադրբեջանական հայտարարությունները ոչինչ չտվեցին Բաքվին, եւ հերթական նախագահական ընտրությունից հետո հերթական անգամ նախագահ դարձած Իլհամ Ալիեւը նորից համաձայնեց նստել բանակցությունների սեղանի շուրջ: Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը կկայանա նոյեմբերի վերջին: Երկու երկրների նախագահների հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե նախագահները հաստատել են իրենց մտադրությունը հանդիպելու՝ հստակեցնելու համար ԼՂ-ի խնդրի լուծման իրենց դիրքորոշումները եւ քննարկելու հետագա քայլերը: Համանախագահներն այս հանդիպումը նախապատրաստելուց զատ կողմերին կոչ են արել պահպանել զսպվածություն ինչպես տեղերում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում: Նշվել է, որ ռազմական գործողություններն այս պահին կհամարվեն խաղաղ գործընթացը վնասելու փորձ:

ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահը հավանություն տալով առաջիկայում Հայաստանի նախագահի հետ հանդիպելուն, քննարկման համար որեւէ հարց չի առաջադրել եւ հույս կա, որ բանակցությունները կշարունակվեն ընդհատված տեղից:

Իսկ ՀՀ-ում միանշանակ չի ընկալվել հանդիպումների վերսկսումը: Ակնարկվում է հատկապես այն, որ հայ սպային Հունգարիայում քնած ժամանակ սպանողին հերոսացնողի հետ որեւէ իմաստ չկա բանակցելու, քանի որ հայատյացը երբեք համաձայնության չի գալու:

Քաղաքագետները եւս սպասելիքներ չունեն, քանի որ երկարատեւ ընդմիջումից հետո դիրքորոշումների փոփոխություն չի լինելու եւ հետագա անելիքներն այդպիսով եւս հստակ չեն լինելու: Պարզ է նաեւ, որ տարբեր դիրքորոշումներ ունեցող երկրները համաձայնության չեն գա, համանախագահները պարզապես փորձում էին զինադադարի ռեժիմը վերահսկելի դարձնել, իսկ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը՝ շարունակելի: Հասկանալի է նաեւ, որ միջազգային ճնշումներ կան երկու կողմերի վրա, ուստի բանակցությունների վերսկսումն առավելապես դրա հետեւանքն է, քան երկկողմանի ցանկության:

Բաքվի ռազմագոչ հայտարարություններն իբր ստիպել են, որ Մոսկվան եւս ակնարկի հնարավոր ռազմական ներխուժման մասին: Հայաստանում քննարկվել են Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ «եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղում, ռուսական բազան միջամտելու ­է»: Վերջերս էլ Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովն է հայտարարել, որ իր դեսանտայիններով պատրաստ է ժամանել Հայաստան՝ «հասարակական կարգը պաշտպանելու համա­ր»: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ (այսինքն՝ Ռուսաստանի) ուժերը կարող են Հայաստանում «հասարակական կար­գ» պահպանել: Թե ինչ է նշանակում «հասարակական կարգ­ը», մենք արդեն տեսել ենք 1990-ականների առաջին կեսին: Նաեւ տեսել ենք, թե ինչ է նշանակում ռուսական բանակի միջամտությունը պատերազմին, որի հետեւանքով տեղահանված տասնյակ հայկական բնակավայրեր ունեցանք: Իսկ «անձնագրային ռեժիմ­ը» իրականացվում էր ադրբեջանական ուժերի հետ համատեղ: Հստակ է, որ հայերը պատերազմում ավելի արագ հաղթեցին, երբ ռուսական գունդը դուրս եկավ Արցախից՝ թողնելով զենքն այնտեղ:

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտարարությանը, թե «Ադրբեջանը թույլ չի տա որեւէ պետության կամ կողմի միջամտել իր սեփական տարածքում սեփական իրավասությունների վերականգնման գործընթացին: Եթե խաղաղ բանակցությունները չտան այն արդյունքը, որը մենք ենք ակնկալում, ապա կարող ենք մի շարք այլ տարբերակներ եւս կիրառել: Այդ տեսանկյունից, որեւէ մեկը, այդ թվում՝ անձ, ով հանդես է գալիս իր երկրի պաշտոնական տեսակետին հակասող նկատառումներով, մեզ խանգարել չի կարո­ղ»:

Մեկնաբանների խոսքով՝ Գյումրիի 102-րդ զորակայանի հրամանատարի հայտարարությունը նպատակ ունի զսպել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից հնարավոր պատերազմի ակնկալիքները: Հնարավոր է, որ նկատի է առնվել այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի «անվտանգության երաշխավորն է»: Սակայն, կարո՞ղ է կամ արդյո՞ք ցանկանում է Մոսկվան ստանձնել երաշխավորի դերը եւ կանխել պատերազմը, թե՞ ծրագրում է ինչ-որ քայլերի դիմել հնարավոր պատերազմի դեպքում:

Հաճախակի են դարձել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի շփումները եւ փոխադարձ պարտավորություններ ստանձնելը, եւ հայկական կողմը լրիվ իրավունքներն ունի կասկածել ռուսական կողմի անաչառության վրա: Գուցե հայկական շահերի «հանձնու՞մն» է ռուսական «երաշխավորի» գործը այժմ: Հատկապես հիմա, երբ բախվել են Մաքսային միության եւ Եվրամիության հետ ասոցացման խնդիրները: Ակնհայտ է, որ չի կարելի թաքնված վտանգ չտեսնել ռուսական այս նոր քաղաքականության մեջ: Ասոցացման համաձայնագրի դեմ քայլերը, Եվրամիություն-Եվրասիամիություն հակամարտությունը Մոսկվային դարձրել է սադրիչ մի երկիր, որ բոլորովին նման չէ ռազմավարական գործընկերոջ կամ բարեկամ երկրի՝ հատկապես, որ այդ սադրանքը Հայաստանի անվտանգությանն ու Արցախի խնդրին է վերաբերում:

Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն  անդամակցելու մասին, Վլադիրմիր Պուտինը երազում է նախկին ԽՍՀՄ-ի տարածքներին վերատիրել, նախկին սոցիալիստական ճամբարի երկրներին եւս: Մոսկվան ցույց է տալիս, որ չի բավարարվել մեր նախագահի հայտարարությամբ, եւ կեղտոտ ակնարկներ են արվում Հայաստանում «հասարակական կարգ­ը» պահպանելու մասին, այն էլ այն գեներալի միջոցով, որն աչքի էր ընկել Չեչնիայում 1990-ականներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Այդպիսով, փորձ է արվում լիակատար վերահսկողության տակ առնել Հայաստանի քաղաքական դաշտը, որպեսզի անակնկալներ չլինեն եւ թուրք-ադրբեջանցիներին էլ չնեղացնեն:

Սա վերջնականապես համոզում է, որ Գյումրիի ռազմակայանը ինչքան կարող է ծառայել հայաստանի շահերին, այդքան հնարավորությամբ էլ կարող է ծառայել մեր թշնամիների շահերին եւ իզուր չէր հայ արիները կոչը՝ Հայաստանում տեղակայել նաեւ ՆԱՏՕ-ի ռազմակայան: Եվ հակամարտ կողմերի ներկայությունը չի կարող որեւէ կողմին արտոնություն տալ, որ նպաստի պատերազմի վերսկսմանը կամ հնարավոր պատերազի դեպքում՝ մեր հաղթանակի խոչընդոտմանը:

Եվ ահա այս ժամանակներում «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում անհեթեթ մեղադրանք է առաջադրում ՀՀ նախագահին, ով եվրոպացիներին ներկայացնում էր Մաքսային միությանը միանալու խնդիրը եւ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամությունը: Այնուհետեւ կյանքում ցեղակրոնությունից լրջորեն չխոսացած (էլ չասենք՝ գործունեության մասին) «ցեղակրոն» Շանթ Հարությունյանը, ում դեռ հիշում են «Լեւոնական թեւի­ց»՝ հեղափոխություն է սադրում ամանորյա պայթուցիկներով եւ այն էլ՝ ընդգծված հակառուսական կոչերով…

Եվ ահա նույն Զարուհի Փոստանջյանը, ով դարձել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմա­ն» հերթական կոչն է արել այս օրերին, թե իրենք հետամուտ են լինելու նաեւ «Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի օկուպացիայի հարցի­ն»: Իմանալով այս կուսակցության եւ ղեկավարի իրական քաղաքացիությունն ու քաղաքական ուղղվածությունը՝ սա հստակ պատվեր է, Հայաստանին ծավալապաշտ դարձնելու եւ Թուրքիային ու Ադրբեջանին հավասարեցնելու առումով: Իսկը արեւմտյան «հավասարության» սկզբունքով: Եվ իզուր չէր ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի խոսքը, ով կոչ արեց բոլորին խորհրդարանում խոսել առանց բղավելու, հանգիստ տոնով եւ հիշեցրեց նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, ով այն ժամանակ ասել էր. «Մինչ օրս գոյություն ունի միայն մեկ փաստաթուղթ, փառք Աստծո, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ­է»…

Իզուր չէր նաեւ, որ ԼՂՀ ճանաչման մասին «Ժառանգության» պատգամավորի ներկայացրած նախագիծը ԱԺ-ում հենց սկզբից սկանդալով սկսվեց: ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում մասնակցել մի նախագծի քննարկման, որը ներկայացնում է հիշյալ պատգամավորը, քանի որ ԵԽԽՎ-ում այդ տիկնոջ պահվածքը նրան բարոյական իրավունք չի տալիս Արցախի մասին խոսելու: Այսպիսի արձագանքներ են հնչել նաեւ Արցախի պետության պատասխանատուների կողմից:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Եվրամիության ու Եվրասիական խնդիրներին եւ նշել, որ «ԼՂ-ի հիմնախնդիրը չի բարդացնի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը, իսկ Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա: Եվ ավելի արդարացի կլիներ, եթե Անկարան իր «հեղինակությունն» օգտագործեր ոչ թե Արցախի խնդրով, այլ՝ ազդելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս դուրս բերի իր զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից՝ Շահումյանից, Գետաշենից, Մարտունաշենից, Մարտակերտի հյուսիսից, ինչպես նաեւ ավելի արդարացի կլիներ, եթե Թուրքիան դադարեցներ Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի օկուպացիան եւ, ի վերջո, գիտակցեր, որ հայերը ապրել են, ապրում են եւ պետք է ապրեն Արցախում այն պարզ պատճառով, որ այն մեր սուրբ հայրենիքի անբաժան մասն ­է»:

Դառնալով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունների վերսկսմանը՝ նշենք, որ չի բացառվում, որ հայկական կողմը հանդիպման ժամանակ պնդի ԼՂՀ-ին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը: Հիշեցնենք, որ դեռ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից:

Քաղաքական ուժերից հայ ազգայնականության կարծիքը այս հարցում մնում է նույնը, ինչը ժամանակին բարձրաձայնեց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը. «Արցախի խնդիրը կլուծվի միայն Հայաստանի հետ վերամիավորման որոշման կատարմամբ, ինչը փաստ դառնալով՝ հետզհետե կհանգստացնի բոլորին: Իսկ Ադրբեջանը անգամ անկախ Արցախին չի ճանաչելու եւ Բաքվի կամ Անկարայի կարծիքը արդեն կարեւոր չէ»: Կա տեսակետ էլ, որ պետք է Արցախի անկախությունը ճանաչել եւ նոր հանրաքվե անցկացնել՝ հայրենիքին վերամիավորելու համար:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։