Ցավոտ կետեր. Ոսկեգործություն. մեզ պետք է ոչ թե ծավալային, այլ՝ ուրույն խաղ – Հայաստանը հնարավորություններն ունի միջազգային ավելի բարձր դասում լինելու՝ քան Թուրքիան…

Սկիզբը՝ թիվ  36, 37-ում

ՀՀ-ն ուզի, թե ոչ, բայց միջազգային որեւէ շուկա մուտք գործելուց առաջ պիտի ուսումնասիրի, թե այդ շուկայում ինչ է անում Թուրքիան, որովհետեւ սա միջազգային բոլոր մակարդակներում ընդդեմ Հայաստանի է քաղաքականապես ծառայեցնում տնտեսական ամենաաննշան լծակներն անգամ (այս եւ ստորեւ ներկայացվողի մասին խոսել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն»-ում): Ու քանի որ խնդրո առարկան ոսկեգործության ոլորտն է, հարկ է ուսումնասիրել թուրքական այդ ոլորտային շուկան՝ հասկանալու դրա ուժեղ ու թույլ կողմերը՝ մեր անելիքները հստակեցնելու նկատառումով:

Այս առումով ՀՀ-ն, որ ուզում է ոսկեգործության միջազգային շուկայում տեղ զբաղեցնել եւ վստահ է, որ հեռանկարներ ունի, ուսումնասիրե՞լ է թուրքական շուկան: Համենայնդեպս, պատկան մարմինը՝ էկոնոմիկայի նախարարությունը, վստահեցնում է, որ ուսումնասիրված են ոչ միայն թուրքական, այլեւ հնդկական, ռուսական, ուկրաինական եւ այլ շուկաներ, եւ նաեւ այդ ամենը հաշվի առնելով է կազմվել մեր ոսկեգործության զարգացման ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը:

Հիմա, ըստ այդմ, ի՞նչ տեղ ունի Թուրքիան ոսկեգործության շուկայում: Սա 1993թ. ազատականացրել է թանկարժեք մետաղների ներմուծումը: Երկու տարի անց Ստամբուլում ստեղծել է ոսկու առեւտրի բորսա: Պետության մասնակցությամբ ներդրվում է առեւտրային բանկերի կողմից ոլորտի մասնակիցների հումքի ձեռքբերումը եւ արտադրանքի վաճառքը ֆինանսավորող համակարգ: Պետությունը ֆինանսական մեծ աջակցություն է սկսել հատկացնել Ստամբուլի ոսկեգործության միջազգային ցուցահանդեսի կազմակերպման համար: Պետական աջակցությամբ ստեղծվել են ոլորտային կառույցներ, ինչպես նաեւ բացվել է Ոսկու համաշխարհային խորհրդի Թուրքիայի գրասենյակը (1994թ.): Ստամբուլում պետությունը սկսել է կառուցել ոլորտի արժեշղթան միավորող մեծ համալիր 180 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ (1998թ.): Մասնավորապես, 7 հարկանի 128 հազ. քմ տարածքով նորաստեղծ ընդհանուր վաճառատեղին պետք է միավորեր արտադրության եւ վաճառքի օղակները: Տարածքում կառուցվել են նաեւ հինգաստղանի հյուրանոց եւ ժամանցի այլ ենթակառուցվածքներ: 2002թ. Ստամբուլում ստեղծվել է ոսկու զտարկման գործարան: Պետությունը կանաչ լույս է վառել ոսկու հանքարդյունահանման համար: 2006թ. ավարտվել է Ստամբուլում կառուցվող ոլորտի արժեշղթան միավորող համալիրի շինարարությունը, եւ այն գործարկվել է: Պետական հովանու ներքո ստեղծվել է Թուրքիայի թանկարժեք մետաղների եւ ոսկեգործության արտահանողների ասոցիացիան: Սրա կողմից արտահանողներին տրված բազմատեսակ աջակցությունը ներառել է գիտահետազոտական աշխատանքների, միջազգային ցուցահանդեսների մասնակցության, առաջմղման նյութերի հրապարակման եւ այլ միջոցառումների համաֆինանսավորում: Պետության մասնակցությամբ նաեւ ներմուծողներին ու արտահանողներին արտոնյալ ֆինանսավորում տրամադրող բանկերը (Exim Banks) զգալի ֆինանսավորում են հատկացրել ոլորտի մասնակիցներին: Պետական համալսարաններում եւ միջին մասնագիտական հաստատություններում բացվել եւ զարգանում են ոսկեգործության դիզայնի բաժիններ:

Այս քայլերը Թուրքիայի տնտեսությանը հետեւյալն են տվել. 1990թ. 3,5 մլն դոլարի արտահանումը 1999թ. արդեն 289 մլն դոլարի վերաճեց: Հիմնական շուկաներն էին Գերմանիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Մերձավոր Արեւելքը: 2001թ. արտահանման ծավալը 437 մլն դոլար էր կազմում: 2011թ. արդեն այդ ցուցանիշը դարձավ 1 մլրդ 950 մլն դոլար: Այս ընթացքում թուրքական ոսկեգործական ապրանքը հիմնականում արտահանվում էր Իրաք, Ռուսաստան, Ղազախստան, Լիտվա, Գերմանիա, Իտալիա, Իսրայել: 1994թ. ոլորտում արտադրողների թիվը 10 հազար էր, 2 արտադրող 100-200 աշխատողով էր, արտահանող ընկերությունների թիվը 70 էր: 2011թ. արդեն 20 հազար արտադրող կար ոսկեգործության բնագավառում, 35 արտադրող 200-1000 աշխատակիցով էր, 15 արտադրող՝ 1000-ից ավելի աշխատակիցով, արտահանող ընկերությունների թիվը 500 էր: Ոսկեգործությունում 1994թ. զբաղվածների թիվը 80 հազար էր, 2011թ. այդ ցուցանիշը վերաճել էր՝ դառնալով 250 հազար: Ինչ վերաբերում է հումքին, ապա այն գրեթե ամբողջապես ներմուծվում է:

Չնայած միջազգային ոսկեգործության շուկայում թուրքական տեղաշարժին, մեզ համար կարեւոր մի բան հավելենք. թուրքական ոսկեգործությունը ըստ ոսկեգործության համաշխարհային ոլորտի դիրքավորման որակական քարտեզի, ցածր դասում է (կան ցածրակարգ, ցածր, բարձր եւ բարձրակարգ դասեր): Իսկ ՀՀ-ն մի քանի տարի անց արդեն լրիվ հնարավորություններն ունի բարձր դասում լինելու:

Երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի մրցակցային առավելությունները հիմնվելու են բարձր որակի եւ ուրույն ձեւավորման վրա, քանի որ մեր երկիրը չի կարող մրցել էժան եւ մասսայական արտադրողների հետ: ՀՀ-ն բավականաչափ ներուժ ունի մրցելու առանձնահատուկ ժամացույցների արտադրության առումով եւ զարմացնելու թե՛ ազգային ոճով, թե՛ հետաքրքիր ձեւավորումով եւ թե՛ որակով: Հայաստանի ոսկեգործության ոլորտի զարգացումը ենթադրում է աճի երկու հիմնական աղբյուր՝ տեղական ընկերությունների վաճառքների ընդլայնում եւ օտարերկրյա պատվերների ու ընկերությունների արտադրական ստորաբաժանումների ներգրավում: Առաջինի մասով խոսքը ավանդական (ԱՊՀ երկրներ՝ հատկապես ՌԴ եւ Ղազախստան) եւ այլ հասանելի շուկաներում (Մերձավոր Արեւելք) արտահանման խթանման մասին է: Նաեւ՝ Հայաստանը զբոսաշրջիկների համար ոսկեգործական իրերի գնումների կենտրոն դարձնելու մասին է: Իսկ երկրորդի մասով խոսքը վերաբերում է Սփյուռքի ոսկեգործական ընկերությունների պատվերներ ներգարվելուն, գլոբալ ընկերություններ ներգրավելուն եւ հիմնական թիրախային երկրներ ընտրելուն (ԱՄՆ, Շվեյցարիա, Ռուսաստան): Որոշված են հայկական ոսկեգործական ապրանքների նպատակային շուկաները: Ըստ այդմ, առաջնային շուկան ՌԴ-ն է, Ուկրաինան, Ղազախստանը, Թուրքմենստանը: Երկրորդային շուկան Մերձավոր Արեւելքի երկրներն են՝ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Քաթարը, Բահրեյնը: Այս շուկան հատկանշվում է ոսկեգործական իրերի սպառման հարուստ ավանդույթներով: Արաբական աշխարհի երկրների ոսկեգործության սպառման շուկաները շարունակական աճ են դրսեւորում: Այլ շուկաների շարքում Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան է: Ոսկեգործական իրերի սպառման շուկաները թեեւ վերջին շրջանում համեմատաբար դանդաղ աճ են արձանագրել, որը կանխատեսվում է պահպանվել, սակայն այս երկրների շուկաները բավական մեծ չափերի եւ բազմաշերտ են: Այս երկրները կարեւոր նշանակություն ունեն Սփյուռքի եւ օտարերկրյա ընկերությունների պատվերների ներգրավման տեսանկյունից: Եվրոպական եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ հայ արտադրողների սեփական արտադրանքով մուտքը առավել դյուրին կլինի հայկական ոսկեգործության ոլորտի որոշակի զարգացվածության փուլում: Չինաստանն ու Հնդկաստանը որպես հայկական ոսկեգործական իրերի սպառման շուկաներ չեն դիտարկվել: Դա բացատրվում է այն հանգամանքով, որ թեեւ Չինաստանի եւ Հնդկաստանի ոսկեգործության շուկաները ծավալով եւ աճի տեմպով աշխարհում ամենախոշորներից են, սակայն սույն ռազմավարության շրջանակում այս շուկաները չեն դիտարկվում որպես Հայաստանից ոսկեգործական իրերի արտահանման թիրախային շուկաներ: Սա հիմնականում պայմանավորված է այս 2 շուկաներում պահանջարկի տեղական առանձնահատկության նշանակալից գործոնով (տեղական պատմա- մշակութային ավանդույթներով պատրաստված ազգային ոսկեգործական իրեր) եւ տեղական արտադրանքի գնային մրցունակությամբ:

Հավելենք, որ հայկական ոսկեգործությունը զարգացնելու հիմնական նախաձեռնություններից է մատչելի հումքի ապահովումը: Այդ իսկ պառճառով կուսումնասիրվի մեր երկրում ոսկու վերջնական զտարկման հնարավորությունը:

Մեկ այլ նախաձեռնություն է օրենսդրական բարեփոխումը: Ներքին շուկայում ոսկեգործական արտադրանքի վաճառքից ԱԱՀ-ի հարկման բազայի հաշվարկման ժամանակ կհանվի ոսկու եւ թանկարժեք քարերի արժեքը: Սա պայմանավորված է մի քանի գործոններով. 1. Հայաստանում ոսկու եւ թանկարժեք քարերի ներմուծումը ու վաճառքը ազատված են ԱԱՀ-ից: 2. Ոսկին եւ թանկարժեք քարերը կարող են կազմել ոսկեգործական արտադրանքի ինքնարժեքի մինչեւ 90%, հետեւաբար հումքի ծախսն արտադրանքի իրացման շրջանառության նշանակալից մասն է կազմում:  Սա դրդում է մեծաքանակ փոքր եւ միջին արտադրողների ու իրացնողների խուսափել հարկային դաշտից՝ ԱԱՀ չվճարելու համար: Միջազգային համադրելի փորձը վկայում է, որ ոսկեգործական արտադրություններ ունեցող երկրներում ոսկեգործութան ոլորտի նկատմամբ կիրառվում է յուրահատուկ մոտեցում: Իտալիայում եւ Թուրքիայում ԱԱՀ-ի հարկման բազայի հաշվարկման ժամանակ հասույթից հանվում է ոսկու եւ թանկարժեք քարերի արժեքը: Ուկրաինայում 2012թ.-ից ոսկեգործական ընկերություններին թույլատրվեց աշխատել պարզեցված հարկով՝ 5% վաճառքից: 3. ՀՀ-ի ոսկեգործության ոլորտում ԱԱՀ-ի հարկման վերոնշյալ նոր մոտեցման կիրառման արդյունքում ԱԱՀ-ի հավաքման պոտենցիալ արժեքը գնահատվում է տարեկան մոտ 2,7-3,3 մլն դոլար:

Մի խոսքով այս եւ այլ քայլերի իրագործման արդյունքում հայկական ոսկեգործության զարգացման տեսլականը հետեւյալն է. Հայաստանը դարձնել գլոբալ հայկական ոսկեգործության հանգույց՝ զարգացնելով առկա ոսկեգործության կարողությունները, օգտագործելով Սփյուռքի ներուժը եւ ոսկեգործության արտադրանքի արտադրության ու արտահանման բարենպաստ պայմանները: Ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվում է մինչեւ 2020թ. շուրջ 6 անգամ ավելացնել Հայաստանի ոսկեգործության ոլորտի արտահանման ծավալները՝ մասնագիտանալով ինքնատիպ ձեւավորումով բարձրորակ ձեռագործ իրերի արտադրության մեջ՝ միջինից բարձր գնային հատվածում: Ու մենք սրա համար ունենք ամենակարեւոր ռազմավարական հենասյուները՝ 1. ոսկերչությունն այն մասնագիտություններից է, որ ասոցացվում է հայերի հետ, 2. արտահանողների համար ապահովված է անմաքս առեւտրի հնարավորություն, 3. մենք կարող ենք հաջողել նաեւ ուրույն ձեւավորման առումով, որովհետեւ հարուստ մշակութային ժառանգություն ունենք՝ հատկապես՝ զարդանախշերի բնագավառում (այս՝ ուրույն ձեռագրի մասին խոսում էի հոդվածաշարի առաջին մասում), 4. Սփյուռքի ներգրավվածությունը ոսկերչության գործում:

Իբրեւ ամփոփում կրկնենք՝ մենք ոսկեգործական համաշխարհային շուկայում պիտի մրցենք առանձնահատկությամբ, այլ ոչ թե էժան ապրանք թողարկելու հետեւից ընկենք: Եվ հենց մեր յուրահատուկ ոսկեգործական իրերն էլ մեզ կբերեն սպասված շահույթը: Որովհետեւ շուկայի այն շերտը, որ պարբերաբար եւ հաճախ ոսկե իրեր է փոխում եւ ունի դրա հնարավորությունը, նա հաստատ կնախընտրի ուրույն ձեռագիրը: Բարձրակարգ ոսկեգործական իրեր թողարկող շատ հայտնի ընկերություններ միլիոններ են ծախսում ոճի, ձեւավորման, ինչ-որ զարդային տարրի կամ նոր տարր ստանալու համար: Մենք ունենք դա, ու մեզ պետք չէ մտածել, նորը ստեղծել, գումարներ ծախսել, հարկ է ընդամենը հետ նայել ու հայկական հնաոճ իրերից դուրս բերել տարրը, զարդը, պատկերը, դրվագումները եւ՝ հաջողությունը երաշխավորված է:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։