Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը (Իսրայելը շտապում է խառնել հաշտությունը)… Ատոմային հայկական դիմակայություն… Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր…

Միջուկային հարցեր՝ ուղղված տարածաշրջանի վերաձեւմանը

Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կարելի Է հասնել Ժնեւում կայանալիք «վեցնյակի» ու Իրանի հետ բանակցությունների ընթացքում: ԱՄՆ-ն հույս ունի ԻԻՀ հետ համաձայնության հասնել նոյեմբերի 20-21-ին՝ բանակցությունների հաջորդ փուլում: Միջազգային զլմ-ները՝ հղում կատարելով ԱՄՆ վարչակազմի ներկայացուցչի հայտարարությանը, նշում են, որ Վաշինգտոնը փորձելու է «շատ ծանրաբեռնված աշխատել եկող շաբաթ», բայց հայտնի չէ, կհաջողվի՞ արդյոք համաձայնության գալ, ինչն այսօր ավելի հավանական է թվում, քան նախկինում էր: Հիշեցնենք, որ նախորդ բանակցությունների ժամանակ չէր հաջողվել վերջնական համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի դադարեցման հարցում:

Իսրայելի վարչապետին զայրացրել է Իրանի միջուկային գործունեության կապակցությամբ ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը: Միջուկային հարցի կարգավորման համար Թեհրանի կառուցողական դիվանագիտության պատճառով անելանելի վիճակի մատնված Իսրայելի վարչապետը Իրանի միջուկային գործունեության մասին ՄԱԳԱՏԵ-ի զեկույցը անարժեք է համարել: Ըստ Բենյամին Նեթանյահուի, հարցն այն չէ, թե Իրանի միջուկային աշխատանքները չեն ծավալվել, «կարեւորը դրանց դադարեցվելն է, եւ շրջափակումները շարունակելով պիտի խստացնել Իրանի դեմ ճնշումները»: Իսրայելի վարչապետն այնպես է խոսում Իրանի միջուկային խաղաղանպատակ աշխատանքների դադարեցման անհրաժեշտության մասին, կարծես իր ատոմային ծրագրերը լուրջ սպառնալիք չեն համաշխարհային անվտանգության համար:

ՄԱԳԱՏԵ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն իրանական միջուկային խաղաղանպատակ աշխատանքների մասին իր զեկույցում ընդգծել է, որ Իրանը վերջին 3 ամիսներին իր միջուկային կառույցները չի ընդլայնել, եւ գործակալությունն այդ կողմնորոշումը առավել վստահության ստեղծմանն ուղղված Թեհրանի ջանքերի ապացույցն է համարել:

Իսրայելը, այնուամենայնիվ, փորձելու է խառնել իրանական միջուկային ծրագրի խաղաղ կարգավորումըԵվ դա միայն միջուկային վտանգի համար չի անելու: Թել Ավիվը լուրջ նպատակներ ունի արաբական աշխարհի եւ Իրանի մասնատման ու թուլացմանը ուղղված: Իզուր չէ, որ շարունակվում է իսրայելական զենքերի վաճառքը Ադրբեջանին, եւ անգամ իսրայելական անօդաչու սարքերի արտադրություն է նախաձեռնվել Բաքվում: Սա վտանգ է ոչ միայն Իրանի, այլեւ Հայաստանի եւ տարածաշրջանում շահեր հետապնդող Ռուսաստանի համար: Եվ պաշտոնական Մոսկվան Իսրայելին խնդրել է չզինել Ադրբեջանին: Ու Իսրայելն այդ խնդրանքը հաշվի առնելով՝ որոշակի փոփոխություններ է կատարել Բաքվին զենք մատակարարելու մասին համաձայնագրում (խոսքը հարձակողական սպառազինությունների որոշ տարրերի մատակարարման դադարեցման մասին է):

Ադրբեջանական ու եվրոպական զլմ-ները գրում են, որ Ռուսաստանը մտադիր չէ փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, այդ իսկ պատճառով է խնդրել իսրայելական կողմին՝ փոփոխության ենթարկել իր ռազմական համաձայնագիրն Ադրբեջանի հետ: Սակայն Վրաստանի զինումը ամերիկյան կողմից դեռ շարունակվում է, եւ այստեղ դժվար կլինի ռուս-ամերիկյան համաձայնության գալը: Հայաստանի համար նշվում է, թե տարածաշրջանի ամենից շատ եւ ժամանակակից զինվող բանակը հայկականն է: Հուսանք, որ այդպես է, այլապես զինվելու մրցավազքում տանուլ տալը կարագացնի հնարավոր պատերազմը, որին այդքան ձգտում է Ադրբեջանը:

Հետաքրքիր է, որ իրանական միջուկային ծրագրից զատ, մերթ ընդ մերթ լարվածություն է առաջանանում նաեւ հայկական գործող ատոմակայանի գործունեության երկարացման, նոր ատոմակայանի կառուցման եւ Թուրքիայում 3 ատոմակայանների կառուցման հարցերի շուրջ եւս, ինչը տարածաշրջանի էներգետիկ առաջատարը լինելու քաղաքականությամբ է պայմանավորված:

Չնայած իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջողությանը, Եվրամիությունը պատրաստվում է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել. հայտնում են իրանական զլմ-ները: Նշվում է, որ ԵՄ անդամ երկրները որոշում են կայացրել իրանական մի շարք ընկերությունների ու բանկերի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել, հավանաբար պատժամիջոցների կենթարկվեն Իրանի միջազգային, Արտահանման զարգացման («Սադերաթ») եւ «Ռեֆահ» բանկերը:

Նախկինում ի տարբերություն Եվրամիության, ավելի շատ Միացյալ Նահագներն էին շահագրգռված, որպեսզի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն, բայց վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, հայտարարել է. «Այն պայմաններում, երբ միջուկային խնդրի լուծման նպատակով ներկայում բանակցություններ են ընթանում, Կոնգրեսի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ավելացումը սխալ կլինի»: Նոյեմբերի 7-9-ը կայացած միջուկային խնդրի շուրջ Իրանի եւ «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ ու Գերմանիա) միջեւ երրորդ հանդիպումը եւս արձանագրեց դրական արդյունքներ: Կողմերի միջեւ կարծես հասունացել է համաձայնության գալու պահը, իսկ դեմ արտահայտվել է միայն Փարիզը: Ֆրանսիայի ԱԳՆ Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ Արաքսի ռեակտորի հարցը եւ 20% ուրանի հարստացման հանգամանքը համաձայնության գալուն խոչընդոտ են:

Ինչեւէ, իրանական այս թնջուկի լուծումը կազատի տարածաշրջանը այնպիսի վտանգներից մեկից, որը տարածաշրջանային մեծ պատերազմների հանգեցնող առավել հավանականներից է: Հակառակ դեպքում իսրայելական եւ ադրբեջանական (նաեւ թուրքական) խառնակչությունները կձգտեն ստեղծել բախումներ: Իսկ այս դեպքում՝ նաեւ հայկական շահերը կդրվեն հարվածի տակ, քանի որ Անկարան ու Բաքուն փոխադարձ պայմանավորվածությունների կհասնեն իսրայելական կողմի հետ:

Այսպես եղել է միշտ, եւ սիոնիստա-պանթուրքական հայակուլ ծրագրի հետեւանքով մենք ցեղասպանվեցինք ու կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը:

Նարե Մշեցյան եւ Արման Դավթյան

Ատոմային դիմակայություն

Հայկական ատոմակայանը եւս շարունակում է մնալ միջազգային քննարկումների շրջանակում, եւ այն պարբերաբար փորձում են դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Հատկապես մեր թշնամի երկրները:

Իսկ ՀԱԷԿ-ի անվտանգությունը երաշխավորված է միջազգային չափանիշներով, Հայաստանն էլ հայտարարել է, որ պատրաստ է շահագործումից հանել ՀԱԷԿ-ը՝ միայն նոր եւ համարժեք ատոմակայանի կառուցումից հետո:

Վերջերս հայտնի դարձավ, որ Հայկական ատոմակայանի աշխատած վառելիքի չոր պահեստարանը կշահագործվի մինչեւ 2020թ.:ՀՀ պետատոմհսկողությունը՝ 2000թ. օգոստոսի 1-ին  Հայկական ԱԷԿ-ին տվել է աշխատած վառելիքի չոր պահեստարանի շահագործման լիցենզիա 20 տարի ժամկետով:

NUHOMS-56 տիպի աշխատած վառելիքի չոր պահեստարանը գտնվում է Հայկական ԱԷԿ-ի հրապարակում: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ պահեստարանը բաղկացած է 616 ջերմանջատիչ հավաքվածքների պահեստավորման համար նախատեսված 11 հորիզոնական մոդուլներից: 2005թ. խորհրդարանը կառավարության առաջարկով որոշում է ընդունել ընդարձակել պահեստարանը, որը հնարավորություն կտա պահեստավորել 1890 հատ ջերմանջատիչ հավաքվածք՝ առնվազն 50 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբներին նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության ընդունելությունների տանը հանդիպել է նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերին, ով ժամանել էր Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով: Հայաստանի եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին եւ դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Անդրադարձել են նաեւ ՀԱԷԿ-ի հետագա շահագործման եւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության արդյունքներին:

Իսկ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստում երկրի նախագահն ընդգծել է, որ խորհրդի ձեւաչափով համագործակցության կարեւորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հատուկ դերը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Կարեւորվել է խորհրդի գործունեությունը ստեղծման պահից ի վեր, քանի որ անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, հատկապես ՀՀ-ում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային եւ ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում հսկայական աջակցություն է ցուցաբերվել:

Անի Մարության

Արեւային էներգիան՝ այլընտրանքային եւս մեկ աղբյուր

Աշխարհում էներգախնայողության խնդիրն ահագնանում է, եւ այլընտրանքային էներգիայի աղբյուրների փնտրտուքը դարձել է կարեւոր հարց: «Լուսանցք»-ը այլընտրանքային էներգետիկային անդրադարձել է՝ կարեւորելով այն, որ ՀՀ-ն ունի ոլորտի զարգացման ներուժը:

Արեւային էներգիայի օգտագործման տարբերակներին ավելի շատ են անդրադառնում: Վերջերս կրկին այդ թեմայով խոսեց «Երկրների եւ աշխարհամասերի հելիոֆիկացիայի» ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանը: Էներգետիկ եւ բնապահպանական խնդիրների լուծման լավագույն տարբերակն, ըստ նրա, առաջիկա 200 տարիների համար ատոմային էներգետիկայի զարգացումն է: Այդ ուղին ընտրելու դեպքում գիտնականը համոզված է, որ պետք է անպայման ուշադրություն դարձնել ատոմակայանների անվտանգությանը եւ քայլեր ձեռնարկել բնապահպանական աղետներից խուսափելու համար, իսկ ՀՀ-ում այլընտրանքային էներգետիկ խնդիրների լուծման ամենաիրատեսական տարբերակը արեւային էներգետիկայի զարգացումն է. «Այսօր մեր էներգետիկան հենվում է ներկրվող գազի եւ միջուկային վառելիքի վրա: Ինչո՞ւ ենք մենք անտեսել արեւը»: Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակը բերել է Գերմանիայի օրինակը, որն, ունենալով արեւային էներգիայի խիստ սահմանափակ պաշար, օգտագործում է այդ հնարավորությունը, իսկ Հայաստանը, ուենալով անսպառ պաշար, անտեսում է այն:

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։