Արդյո՞ք Օբաման կվրդովվի «Շանթի հեղափոխության» կասեցման համար – Իսկ Հայաստանում պետք է գաղտնազերծվեն ոչ միայն ԿԳԲ-ի, այլեւ ԿՀՎ-ի, Մոսադի ու այլոց ոստայնները…

Հայկական վերջին «հեղափոխության» կազմակերպիչ Շանթ Հարությունյանի գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանը որոշեց բավարարել վարույթը իրականացնող մարմնի միջնորդությունը եւ 2 ամսով նրան տեղափոխել հոգեբուժարան՝ ստացիոնար փորձաքննության ենթարկելու: ԱԱԾ մեկուսարանից էլ տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան:

Դատապաշտպան Ինեսա Պետրոսյանն ասել է, որ իր պաշտպանյալը հանդես է եկել առարկությամբ, որ ինքը հոգեկան խնդիրներ չունի, եւ վարույթ իրականացնող մարմինը հիմք է ընդունել 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո կայացրած որոշումը, ըստ որի՝ իր պաշտպանյալը ճանաչվել էր անմեղսունակ եւ չէր դատապարտվել «Մարտի 1-ի» քր.գործով: Ինչպես նման դեպքերում է լինում, դատարանի մոտ էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով նիստից հետո մեղադրյալին տանող մեքենայի հետեւից բացականչեց՝ «Ազատություն»: Սա արդեն «հեղափոխական նոր արարողակարգի» պարտադիր մաս է:

Իսկ մինչ այդ, բողոքողները բարձրաձայնում էին, թե «Շանթը հոգեկան հիվանդ չէ»: Իհարկե ժողովրդի անունից միշտ հանդես եկողները նաեւ «փաստացի» տոկոսներ էին բացականչում, ինչպես «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանը. «Եթե Շանթը հոգեկան հիվանդ է, ուրեմն՝ մեր հասարակության  95%-ն էլ հոգեկան հիվանդ է, եւ քանի որ 95%-ին չեն կարողանում հոգեբուժարան տանել, որոշել են Շանթին հոգեբուժարան տանել»:

Արդեն դադարում ենք զարմանալ, որ «95%-ով ՀՀ նախագահ ընտրված»Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները, Հայաստանի ժողովրդի «95%-ին» Ազատության հրապարակ բերած (չմոռանանք նշել, որ Սփյուռքի «95%-ը» եւս եկել էր) «Ժառանգության» անդամները, թե՛ Հայաստանում, թե՛ օտար երկրներում (աշխարհի գրեթե «95%-ում») կարող են ասել «95%-ով» ստույգ թվեր, բայց որ միայն իրե՛նց է հայտնի

Օրերս էլ հայ կյանքում հանկարծ հայտնվեց «Վտարանդի հայ գրողների միություն», որը նամակ է հրապարակել՝ ուղարկելով նաեւ ՀՀ-ում ԱՄՆ-ի, ԵՄ անդամ երկրների լիազորված դեսպաններին. «Որպես ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքացիներ, պարտավորված ենք համարում հայտնել ձեզ, որ ՀՀ բանտերում կան բազում քաղբանտարկյալներ: Վերջերս բանտարկվածներից է Շանթ Հարությունյանն իր համախոհներով, որին իր կամքին հակառակ տեղափոխել են հոգեբուժարան, ինչպես որ վարվել էին նրա հետ նախորդ բանտարկության ժամանակ: Այդ բռնարարքն արժանացավ ԱՄՆ-ի դեսպանատան քննադատությանը: Մենք ունենք բազում վկայություն նախկին քաղբանտարկյալներից, ինչպես նաեւ սովետական փորձ, որ հոգեբուժարանները խունթաների խոշտանգարաններն են, հասարակության, փաստաբանների, գերեւարվածների ընտանիքների անդամների համար անտեսանելի եւ անվերահսկելի: Տեղեկացնում ենք, որ ինչպես ԱՊՀ անդամ բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, մինչ օրս գաղտնազերծված չեն սովետական ԿԳԲ-ի ագենտներն իրենց ոստայններով: Այն որ ԱՊՀ հասարակություններին դա լայնորեն հասու դարձավ ՍՍՀՄ-ի փլուզումից 2 տասնամյակ անց, բացատրելի է սովետական տարիների ու հատկապես վերջին 2 տասնամյակների իմացական շրջափակումով, միակողմանի պրոպագանդայով ու գլուխլվացմամբ»:

Կարելի էր նամակը շարունակել, բայց ոչինչ նոր բան չի ավելացվի: Հստակ է, որ այս նամակի բովանդակությունից «նաֆթալինի հոտ է գալիս», ինչպես կասեին ժամանակին՝ «սովետական տարիների ու հատկապես վերջին 2 տասնամյակների իմացական շրջափակումով, միակողմանի պրոպագանդայով ու գլուխլվացմամբ»… ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի քաղաքացիներն անգամ «տեղյակ չեն», որ ավելի քան 20 տարի Հայաստանը Խորհրդային Միության կազմում չէ, քանի որ նման պետություն չկա այլեւս… Իսկ թե ԿԳԲ-ի ագենտների ինչին է պետք Շանթ Հարությունյանը, շատ մեծ հարցական է: Այն «պայթուցիկները», որ գործածվեցին վերջին «հեղափոխության» ժամանակ, կարելի է հազարապատիկ ավելի անգամ «գործի մեջ» տեսնել 2013թ. դեկտեմբերի 31-ի գիշերը… Բայց դա եւս հեղափախություն չի լինելու:

Իսկ Հայաստանում ԿԳԲի ոստայնը եւ ԿՀՎի կամ Մոսադի ոստայնները շուտ գաղտնազերծելու գործը Վաշինգտոնի, Բրյուսելի կամ Մոսկվայի խնդիրը չէ, ոչ էլ իրավունք ունեն քթները խոթելու ինչոր վտարանդիների դիմումի համաձայն: Դա հայության, հայոց երկիրը պահողների խնդիրն է, եւ գործակալները միայն Մոսկվայից չեն սողոսկել մեր երկիր ու միայն ԿԳԲականներին չպետք է պատի տակ շարելԴեռ հայտնի չէ, թե վտարանդիներից քանիսն են Վաշինգտոնին, Փարիզին, Լոնդոնինկամ... ծառայում, որոնց եւս պատեր են սպասում

Իսկ ինչ մնում է «ԱՄՆի դեսպանատան քննադատությանը», ապա դա կեղծ տեղեկատվություն է, ԱՄՆի դեսպանը «Շանթի հեղափոխության»առիթով գովել է ՀՀ ոստիկանությանը՝ ընդգծելով իրավապահների հետ ԱՄՆի տարած աշխատանքի դերը. «Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին խոսելով՝ կցանկանայի նշել, որ մենք՝ ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ ոստիկանության հետ ունեցել ենք բավականին ուժեղ եւ ակտիվ ծրագիր: Աշխատել ենք ոստիկանության հետ՝ ինչպես կառավարել ամբոխին, որն է բողոքի ակցիաների ժամանակ ճիշտ եւ սխալ ճանապարհը: Թե՛ կոնկրետ այս միջադեպի մասով, թե՛ ընդհանրապես կարող եմ ասել, որ ոստիկանության գործողությունները զգալիորեն բարելավվել են: Եվ հաշվի առնելով նախկին՝ քաղաքապետի ու երկրի նախագահի ընտրությունները, կարելի է ասել, որ խաղաղ ակցիաներ անցկացնելու մարդկանց իրավունքը հիմնականում պահպանվել է՝ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի շնորհիվ,- ասել է Ջոն Հեֆերնը՝ հավելելով,- ակցիայի մասնակիցները չպետք է զինված լինեն, եւ ոստիկանության գործողություններն էլ պետք է համաչափ լինեն: Կոնկրետ այս դեպքի շուրջ իրավական մանրամասները չեմ կարող մեկնաբանել, սակայն ընդհանուր առմամբ կրկնեմ, որ թե՛ տաքսիստների, թե՛ Մաշտոցում տեղի ունեցող շինարարության, թե՛ Մաքսային միության եւ այլ հարցերով տեղի են ունեցել բազմաթիվ խաղաղ ակցիաներ (ինչը, իհարկե, լավ է ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից), եւ դրանց բոլորի դեպքում ոստիկանության արձագանքը գովելի էր: Հատուկ այս դեպքի շուրջ ես զերծ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, քանի որ այս ակցիան իր բնույթով տարբերվում էր իմ նշածներից»: Այսինքն՝ «ակցիայի մասնակիցները չպետք է զինված լինեն»:

«Իր նախագահ» Բարաք Օբամային դիմող եւ «Վտարանդի հայ գրողների միությունը» հիմնադրած Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը, հիմա էլ նոր զարմանալի հայտարություն է արել, թե «կարծում եմ՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային կվրդովեցնի այս ամենը, վերջիվերջո ես շուրջ 30 տարվա իրենց քաղաքացին եմ, իմ մասին գիտեն, գիտեն, թե ինչ պայմաններում եմ եկել այս երկիր, մեր ընտանիքի մասին էլ գիտեն…»:

Ցավալի է, բայց չի կարելի ամեն բան զավեշտի վերածել ու այսօրինակ «համաշխարհային կարգի» զրույցներ վարել: Նման հայտարարություններն ավելի վատ տպավորություն են գործում, քան օրեր առաջ ամերիկա-կանադական մի խումբ հայերի բաց նամակը՝ հղված ի պաշտպանություն գենդերային սեռապղծումների ազատության:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.