Արեւմուտքի եւ Հյուսիսի կամ՝ Եվրոպայի ու Եվրասիայի խաչմերուկում… 2 տարվա ընդմիջումից հետո Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը…

Մեր հանրության չեզոք շերտերը չեն հասկանում այն աղմուկը, երբ մի համաշխարհային բեւեռի դեմ  (գուցե նաեւ ճշմարիտ) արտահայտվող ուժերը դիմում են մյուս համաշխարհային բեւեռին, եւ ստացվում է մի կողմն իր տերերով մյուս կողմի տերերի դեմ է պայքարումՍա լինում է հենց այդ տերերի՛ պայքարը Հայաստանում, ոչ թե՛ հայության:

* * *

Ռուսաստանյան զլմ-ները, Մաքսային միությանը միանալու՝ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո մի լավ գովաբանեցին, թե Հայաստանն ապացուցեց, որ Ռուսաստանի բարեկամն է եւ միշտ կատարում է իր ռազմավարական պարտավորությունները: Նաեւ նշեցին, թե այդ հայտարարությունը արվեց այն բանից հետո, երբ ռուսական զանգվածային ոչնչացման զենք վաճառվեց Ադրբեջանին: Եվ ստացվում է՝ Հայաստանը միշտ էլ ցույց է տալիս բարեկամական երկրի եւ հավատարիմ գործընկերոջ գործելաոճ, սակայն ոչ միշտ է համարժեք վերաբերմունքի արժանանում: Ավելին՝ հաճախ դեռ հակառակ վերաբերմունք է տեսնում:

Իսկ վերջերս Մոսկվան վերստին սկսեց սադրանքների լեզվով խոսել գործընկեր Հայաստանի հետ, անգամ դեպի Եվրասիամիությունթե Եվրամիություն կողմնորոշման ընտրության հարցերն աշխուժացան: Ռուսական 1-ին ալիքի կիրակնօրյա հաղորդումներից մեկի ժամանակ նույնիսկ սկանդալային հայտարարություն է հնչել. եթեր է հեռարձակվել մի ռեպորտաժ, որը վերաբերում էր Մաքսայինի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին. թե Մինսկում վերջերս կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՄՄ անդամ երկրների առաջնորդները, քննարկելով ՄՄ-ին ՀՀ անդամակցության ցանկությունը, պատասխանել են, որ «առաջիկայում Հայաստանի ձգտումներն այդպես էլ ցանկություն կմնան՝ Ադրբեջանի հետ չլուծված տարածքային վեճի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով»: Չնայած ռեպորտաժը պատրաստել եւ հաղորդումը վարել է ծագումով ադրբեջանցի Իրադա Զեյնալովան, որը 1-ին ալիքում տեղեկատվական ծրագրերի տնօրենն է, սակայն այսօրինակ հաղորդումները հենց այնպես եթեր չեն հեռարձակվում: Եթե հաշվի առնենք նաեւ ՌԴ նախագահ Վլադիրմիր Պուտինի կտրուկ քայլերը, ապա ռուսական ադրբեջանուհու հաղորդումը իսկը պուտինյան ոճով էր:

Եվ ՀՀ նախագահի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրներ ստորագրում են հակահայկական հայտարարությունների ու փաստաթղթերի տակ, կարծես հիշեցում էր, որ ՀԱՊԿ-ն կոլեկտիվ անվտանգության պայմանագիր է, որի բոլոր անդամները պարտավոր են պաշտպանել իրար: Իսկ Ղազախստանը իրեն իրավունք է վերապահում ստորագրել մի փաստաթղթի տակ, որն ընդունվում է համաթուրքական համաժողովում եւ հայտարարվում է, որ Արցախը բռնազավթել են հայերը, իսկ Զանգեզուրն էլ ադրբեջանական զավթված տարածք է: Նման հակահայ գործերի մեջ են նաեւ Թուրքմենստանն ու Ղրղզստանը: Հիմա՝ եթե հայ-ադրբեջանական նոր բախում լինի, ի՞նչ են անելու ՀԱՊԿ անդամ թյուրքական երկրները, Հայաստանին են պաշտպանելու՞թե՞ Ադրբեջանին, որին էլ խոստացել են այդ թյուրքական ոհմակաժողովներում:

Հիշեցնենք, որ Ղազախստանը 3 երկրներից մեկն է՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ, որ նախաձեռնել են ՄՄ-ն: Բայց երբ Ռուսաստանն է Ադրբեջանին ու Թուրքիային զենք վաճառում, Բելառուսն է նաեւ վաճառելու ցանկություն հայտնում, բարեկամական ԱՊՀ-ի եւ ռազմավարական ՀԱՊԿ-ի մասին խոսելը դառնում է ցնդաբանության պես մի բան:

Հիմա ՌԴ նախագահը որոշել է Հայաստան գալ: Բայց նշենք, որ սա այլեւս այն Ռուսաստանը չէ, որ Հայաստանի բարեկամն էր, եւ այդ երկրի նախագահը գրեթե 90%-ով ընդունվում էր: Եվ սա էլ այն Հայաստանը չէ, որի ժողովուրդը անվերապահորեն հավատում էր իր այսպես կոչված բարեկամին: Չնայած ռուսապաշտներ դեռ կան, ինչպես բլոգեր Կարեն Քոչարյանն է նշել. «Օճառի եւ շամպունեղենի դեֆիցիտ կլինի Հայաստանում. Վլադիմիր Պուտինն է գալիս Երեւան,- եւ հավելել է,- օճառի ողջ խմբաքանակը դհոլները վաղուց գնել են… Եվ շտապեք, տեղը սահմանափակ է»:

Այս ամենը վկայում են, որ ներքին թշնամին առաջվա պես դեռ ավելի վտանգավոր է, քան արտաքինը: Եվ սա ոչ միայն ռուսական ուղղության հետեւորդներին է վերաբերում: Ինչեւէ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովների նիստ է կայացել Երեւանում եւ կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, ըստ որի կարեւորվել է ՄՄ-ին ՀՀ-ի միանալու եւ Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը մասնակցելու ընթացքը, 2013թ. հոկտեմբերին Մինսկում ՀՀ նախագահի ու ՄՄ երկրների ղեկավարների կողմից Եվրասիական ինտեգրման գործընթացին ՀՀ-ի մասնակցության ու «Հայաստանի՝ ՄՄ-ին եւ Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական գոտուն միանալու մասին» Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի որոշումը, ինչպես նաեւ 2013թ. նոյեմբերի 6-ին Երեւանում «Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ փոխգործակցության խորացման մասին» հուշագրի ստորագրումը:

Համաձայնել են, որ հատուկ պատասխանատվություն են կրում իրենց անկախ երկրների ընտրողներին ՄՄ-ի ընդլայնման նշանակության գործում, այդ թվում՝ «ՀՀ-ի միացման միջոցով այն գործող մեխանիզմի վերափոխելու նպատակով քաղաքացիների եւ բիզնեսի համար հասկանալի ու գրավիչ, կայուն ու երկարաժամկետ ձեւաչափով պետությունների հետագա ինտեգրացիայի համար»: Նշվել է ՄՄ-ի եւ Միասնական տնտեսական գոտու, ձեւավորվող Եվրասիական տնտեսական միության ձեւաչափերով Հայաստանի լիարժեք անդամության պայմանագրաիրավական ամրագրման արագ ավարտի նպատակով համատեղ օրինաստեղծ գործունեության անհրաժեշտությունը:

Իսկ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտնել է, որ մինչեւ փետրվար գործնականում պատրաստ կլինենք ստորագրելու ՄՄ-ին եւ Միասնական տնտեսական գոտուն, ինչպեսեւ ձեւավորվող Եվրասիական տնտեսական միությանը անմիջական ներգրավվածության վերաբերյալ պայմանագիրը: Դեկտեմբերի 19-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը կհաստատի ՄՄ-ին Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» (հիշեցնենք, որ ՌԴ նախագահը այդպիսի քարտեզ էր առաջարկել Հայաստանի եւ Ղրղզստանի համար, որ սահմանակից չեն ՄՄ երկրներին): Ըստ ՀՀ ԱԳՆ տեղակալի, դեռ շատ անելիքներ կան իրավական բազայի համապատասխանեցման մասով, եւ հայկական կողմը խնդրել է «իր գործընկերներին աշխատել արագացված տեմպով, որպեսզի մինչեւ մայիս Հայաստանը դառնա ՄՄ եւ Միասնական տնտեսական գոտու անդամ ու կարողանա լիարժեք մասնակցել հետագա գործընթացներին»:

Ստորագրելով ՄՄ մտնելու պայմանագիրը՝ Հայաստանը կմիանա շուրջ 90 պայմանագրերի, որի մասին հայ հանրությունը դեռ տեղեկացված չէ:

«Հայաստանն ու Ռուսաստանը երկկողմ փաստաթղթերի հսկայական փաթեթ են պատրաստում, որը ներառում է ռազմատեխնիկական, առեւտրա-տնտեսական, ներդրումային համագործակցություն»,- ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ դեռ նախորդ հանդիպմանը նախարարները քննարկվել էին իրավա-պայմանագրային բազայի կատարելագործմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր, նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում ընդունված պայմանավորվածությունների համաձայն, երկու երկրները դաշնակիցներ լինելով, ուշադրություն են դարձնում միջազգային եւ տարածաշրջանային արենայում իրենց գործողությունների համակարգմանը: Երկկողմ տնտեսական հարաբերությունները դրական են գնահատվել, մասնավորապես նշվել է, որ երկկողմ առեւտրաշրջանառությունը նախորդ տարի 1 մլրդ. 200 մլն. դոլարի է հասել՝ շարունակելով կայուն աճի միտումները, որը կհավաստվի դեկտեմբերի սկզբին անցկացվելիք հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողովում:

Մոսկվան փորձում է այսպիսով կոտրել այն հակառուսական եւ հակամաքսային տրամադրությունները, որոնք Հայաստանում հասել են գագաթնակետին՝ Մոսկվայի սադրիչ եւ միայն սեփական շահերը հաշվի առնող արտաքին քաղաքականության դրսեւորումներով պայմանավորված:

Հայությունը հատկապես չի կարողանում ներել Մոսկվայի դավադիր ռազմա-տնտեսական եւ դրանից բխող քաղաքական գործարքները Բաքվի ու Անկարայի հետ, ինչպեսեւ՝ Արցախի հարցի որոշակի շահարկումը: Այս առումով ռուսները սկսել են բարձրաձայնել, թե ԼՂ-ի հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ հույսեր էր կապում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպման հետ, որը նոր ոչինչ չտվեց, չնայած չէր էլ կարելի սպասել՝ նախորդ հանդիպումից շուրջ 2 տարի է անցել: Այս եւ այլ արտաքին հարցեր քննարկելու համար ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում իր ռուս գործընկերոջը՝ Սերգեյ Լավրովին, հրավիրեց Հայաստան:

Երկու երկրների միջեւ նաեւ էներգետիկ ու տրանսպորտային անվտանգության ապահովմանն առնչվող քննարկումներ են ընթանում: Պաշտոնական Երեւանը հույս է հայտնել, որ ՄՄ-ին անդամակցելու նախապատրաստական փուլը կարճ կլինի եւ առկա հարցերը կստանան իրենց լուծումները: Կարեւորվել է նաեւ ռազմա-տեխնիկական եւ ռազմաքաղաքական համագործակցությունը, որն ուղղված կլինի Անդրկովկասում կայունության ու անվտանգության ապահովմանը:

Արտաքնապես հանդարտ շարունակվող բանակցություններն, այնուամենայնիվ, լարված են պահում ոչ միայն հանրությանը, այլեւ իշխանության ներկայացուցիչներին, քանի որ, կրկնվենք, Մոսկվան հաճախ է ոչ հայանպաստ քայլերի գնում առանց ռազմավարական գործընկերոջ հետ խորհրդակցելու: Եթե իշխանությունները փորձում են հնարավորինս հաջողակ գտնվել Մաքսային միության եւ Ասոցացման համաձայնագրի ստորագրումներն ապահովելով, ապա այս կամ այն ուղղվածության քաղաքական ու հասարակական ուժերը աշխատում են ապահովել միայն իրենց գաղափարա-քաղաքական ուղղության միջազգային բեւեռի հետ դաշինքը:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 28-ին հանրահավաքի դիմում է ներկայացրել քաղաքապետարան եւ հայտարարել, որ բոլոր ուժերը կարող են մասնակցել. «Եվ կողմ եւ դեմ՝ իրավունք չունենք մենք անտեսելու 23%-ին: Հարցում է կատարվել եւ պարզվել, որ 1284 հարցվածից Մաքսային միությանը միանալուն կողմ է 22,98%-ը: Եվրոպական միությանը կողմ է հարցվածների 28,03%-ը: Դա իմ կամ կազմակերպության հանրահավաքը չի լինելու, այլ բոլոր նրանց, ովքեր հասկանում են, որ ազգովի շեղվում ենք բնականոն ճանապարհից: Արմեն Մարտիրոսյանը «Ժառանգություն»-ից, Ռաֆայել Համբարձումյանը (պատմաբան) հստակ մասնակցելու ցանկություն են հայտնել: Ուրիշ հայտնի դեմքեր, բայց ոչ կուսակցապետեր, հետաքրքրվում են հանրահավաքի ձեւաչափի եւ իրենց մասնակցության հնարավորության մասին»,- հայտնել է ԱԻՄ նախագահը՝ նշելով, որ «մեզ բարոյապես փչացնում են»:

Չնայած հարցումները լինում են տարբեր եւ, հետեւաբար, նաեւ դրանց արդյունքներն են տարբերվում, այնուամանայնիվ, Ռուսաստանի ոչ ճիշտ ու ոչ բարեկամական կեցվածքը, հատկապես վերջին տարիների, հավաստում է, որ Հայաստանում ռուսական կողմնորոշումը մեծ անկում է ապրել, ինչը չի կարելի չնկատել: Իհարկե, եվրոպական ուղղությունն էլ իր անբարոյական ու ապազգային օրենքների հրահրմամբ է դարձել անցանկալի, բայց թերեւս որոշակի առաջնային դեր կարողացել է պաշտպանել, հատկապես հայտնի գրանտաբաժանությամբ ու ավելի «մեղմ» քաղաքական բռնությամբ:

ԱԻՄ նախագահն անգամ թույլ է տվել իրեն արտահայտվել այսպես. «Մեզ մեր ապաշնորհ իշխանությունների միջոցով փչացնում են ոչ միայն բարոյապես: Վաղն արդեն փչացածի՝ ռուսական հարճի կարգավիճակով մեզ մարդու տեղ դնող էլ չի լինի եւ ի զորու չենք լինի որեւէ բան անել»: Ըստ կուսակցության ղեկավարի, արդեն դիմումներ են հանձնում դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, թռուցիկներ են գրում:

Հենց սա էլ չի ընկալվում հանրության չեզոք տարբեր շերտերի կողմից, երբ մի համաշխարհային բեւեռի դեմ (գուցե նաեւ ճշմարիտ) արտահայտվելով, դիմում են մյուս բեւեռին եւ ստացվում է մի կողմը իր միջազգային տերերով մյուս կողմի տերերի դեմ է պայքարում: Եվ իրականում սա լինում է հենց այդ տերերի պայքարը, ոչ թե հայության:

Եվ անմիջապես մյուս կողմն է անցնում հարձակման: «Հայաստանը Եվրասիայում» հասարակական դաշինքի նախաձեռնող Բաբկեն Հարությունյանը նշել է, թե «Արեւմտյան կողմնորոշում ունեցողները ցեխ են շպրտում ՀՀ-ՄՄ հեռանկարների վրա», նաեւ հավելել է, թե այս դաշինքը բաց է բոլոր անհատների եւ բոլոր հասարակական ու քաղաքական կազմակերպությունների համար: Նա կարծում է՝ վաղուց ժամանակն է, որ եվրասիական կողմնորոշում ունեցող կազմակերպություններն ու անհատները համախմբվեն: Դաշինքի ստեղծման նպատակն է հասարակության ավելի լայն շերտերին հասու դարձնել Մաքսային ու Եվրասիական միությունների էությունը, նաեւ կանխել այն ապատեղեկատվությունը, որ տարածում են արեւմտամետ ուժերը, իբր ՄՄ-ին միանալուն կողմ է բնակչության միայն 20%-ը:

Դաշինքի նախաձեռնողներից մեկը՝ Ռոբերտ Ահարոնյանը, նշել է, որ այդ թիվն իրականությանը բոլորովին չի համապատասխանում. «Սոցիալիստական շարժումը» եւս անցկացրել է հարցումներ, ըստ որի՝ բնակչության 80%-ը կողմ է ՄՄ-ին, «քանի որ Հայաստանի համար՝ ռազմական եւ տնտեսական առաջընթացը կարող է ապահովել միայն ՄՄ-ն»:

Որպես փաստարկ նշվում է, թե հետխորհրդային երկրներում Հայաստանի արտադրանքը շատ ավելի մրցունակ է եւ մեծ պահանջարկ ունեցող, քան Եվրոպայում: Այսպիսի տնտեսություն ունեցող, պատերազմի վտանգի առջեւ կանգնած երկիրը չի կարող գնալ մի տեղ, որտեղ իրեն չեն սպասում. հայտնել են եվրասիականները՝ մտահոգություն արտահայտելով, որ սխալ հաշվարկված քայլը մեր երկրի ու ժողովրդի համար կունենա աղետալի հետեւանքեր:

«Լուսանցք»-ը նման մտահոգություն հայտնել է, բայց բոլորովին այլ պատճառաբանությամբ, որ միայն եվրասիական կամ եվրոպական ուղղությանը կուլ գնալով մենք իսկապես կկանգնենք աղետալի հետեւանքների առջեւ, քանի որ այս պահին սխալը մեկ քաղաքական բեւեին «հանձնվելն» է: Ուստի՝ շարունակում ենք պնդել, որ կա՛մ Երեւանը ստորագրում է Մաքսային եւ Ասոցացման համաձայնագրերը, կա՛մ հրաժարվում է երկուսից էլ՝ ոչ մեկին չտալով նախապատվություն եւ ոչ մեկին չլարելով հայության ու Հայաստանի դեմ: Երրորդ՝ նպաստավոր տարբերակ չկա:

Կա ամենաճիշտ տարբերակը՝  ոտքի հանել սեփական տնտեսությունը սեփական՝ հայության ուժերով:

Արամ Ավետյան

* * *

Երկտարյա ընդմիջումից հետո Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Դրանից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արդյունքներով պայմանավորված տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «Համանախագահները ողջունեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Վիեննայում, որտեղ նրանք ժամանել են երկու երկրների ԱԳ նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները շարունակելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահները (Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը: Սա նախագահների առաջին հանդիպումն էր 2012թ. հունվարին Սոչիում կայացած գագաթնաժողովից հետո: Առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների եւ նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ»:

Չնայած նախկին եւ ներկա տարաձայնություններին, նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը եւ հանձնարարել են իրենց ԱԳ նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի առաջխաղացման նպատակով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Որպես առաջիկա քայլ՝ համանախագահները կկազմակերպեն աշխատանքային հանդիպումներ նախարարների հետ ԵԱՀԿ ԱԳՆ խորհրդի նիստի ընթացքում, որը կկայանա ս.թ. դեկտեմբերի 5-6-ը Կիեւում: Համանախագահները նաեւ ծրագրել են այցելել տարածաշրջան մինչեւ ընթացիկ տարվա վերջը:

Հասկանալի է, որ ավելին անել չէր էլ հաջողվելու, քանզի ադրբեջանական սադրանքները չդադարեցին անգամ այս տարիներին՝ բանակցային «զինադադարի» ընթացքում: Խախտվել են հայ-ադրբեջանական շփման գծերը ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմանային հատվածներում: Խնդիրներ են առաջացել դիպուկահարների վաղուց արծարծված թեմային առնչվող, նաեւ ռազմագերիների հետ կապված: Եվ այս ամենը չէին կարող հարթել անգամ համանախագահները: Իսկ հարթել կարողանալու համար նրանք այլեւս այն վստահությունը չունեն, որը կորցրել են միապաղաղ ու երկակի չափանիշներով լցոնված իրենց նախկին հայտարարություններով պայմանավորված: Երբ ադրբեջանական սադրանքներին արձագանքում էին մեղադրանքներն ուղղելով երկու կողմերին հավասար… Այս ամենը պետք է հիշեցնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին եւ բոլոր շահագրգիռ կողմերին, որովհետեւ այդօրինակ գործելաոճը նորից սառեցման կտանի վերսկված բանակցությունները:

Դեռ ուշ չէ, եւ բանակցային սեղանի շուրջ պետք է նստի նաեւ Արցախի նախագահը՝ Բակո Սահակյանը:

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։