Ի գիտություն Մոսկվայի. Դուք վիշապնեք, մենք՝ վիշապաքաղը – Ռուսաստանի կեղտոտ խաղերը… Հայաստանի պետական լեզուն հայոց լեզուն է (ԱԺ պատգամավոր՝ Խաչատուր Քոքոբելյան)…

* * *

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան

Հայաստանում ռուսերենին հատուկ կարգավիճակ տալու՝ ռուս պաշտոնյաների շեշտադրումները ստորացուցիչ են…

Որեւիցե մեկը, մասնավորաբար ես, որեւիցե խնդիր չունեմ ռուսաց լեզվի կամ ռուսաց մշակույթի դեմ, բայց ինչպես ռուսաց լեզուն, այնպես էլ այլ օտար լեզուները ՀՀ տարածքում համարվում են օտար: Հայերենը Սահմանադրությամբ ամրագրված լեզու է, եւ մյուս լեզուների նկատմամբ մենք պետք է ունենանք նույն հարգալից վերաբերմունքը, այլ ոչ թե առանձնացված, առանձնահատուկ կերպով մոտեցում ունենանք ինչ-որ լեզվին…

Ես ստորացուցիչ եմ համարում, … երբ այլ պետական չինովնիկների թվում է, որ իրենք կարող են իրենց իրավունք վերապահել եւ նմանատիպ բարձրագոչ ճառերով հանդես գալ: Կապ չունի, թե որ երկիրն են նրանք ներկայացնում:

Նրանք պետք է գիտակցեն, որ գործ ունեն անկախ Հայաստանի հետ, որի պետական լեզուն հայոց լեզուն է…

Եթե խոսվում է, որ պետք է ռուսերենը գերակա լեզու համարվի, ապա այդ նույն տրամաբանության մեջ պետք է ՀԱՊԿ-ի անդամ երկրներում, այդ թվում Բելառուսում եւ մյուս երկրներում նմանատիպ վերաբերմունք լինի հայերենի նկատմամբ, ինչը, ցավոք սրտի, չկա: Այնպես որ, այդ կայսերապաշտական մոտեցումներով առաջնորդվելու ժամանակները մնացել են անցած դարում, եւ նրանք, ովքեր չեն գիտակցում, ստիպված կլինեն գիտակցել…

Բոլոր պետությունների պետական չինովնիկները պարտավոր են պետական շահով առաջնորդվել, բայց ես խոսում եմ մեր պետական այն չինովնիկների մասին, որոնք երբեմն մոռանում են, որ իրենք ՀՀ պետական չինովնիկներ են եւ փորձում են դուր գալ օտարներին ավելի շատ, քան մեր պետության շահն է պահանջում

Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը շատ խնդիրներ է ունենալու, որոնք կխոչընդոտեն երկրի զարգացմանը: …Նպատակ կա ռուսերենը դարձնել գերակա: Իհարկե, ոչ ոք չի ասել, որ դա հաստատ այդպես է, բայց մտահոգություն է առաջացել, որ արդեն նման շեշտադրումներ են արվում:

* * *

Ռուսաստանը կեղտոտ է խաղում միջազգային քաղաքականությունում:

Չէ, այնպես չէ, որ այլ երկրները մաքուր են խաղում: Պարզապես ՌԴ-ն մշտապես է կեղտոտ խաղում ու մշտապես առանց նուրբ դիվանագիտության: Հիմա էլ ընդդեմ ԵՄ-ի նոր քաղաքականություն է սկսել ու հավակնում է Եվրասիական վիշապ դառնալու:

Վիշապը, հայտնի է, նախ սկսում է ուժեղ հակառակորդին կուլ տալ, եւ կուլ տալուց հետո վերջացնում է իր «պայքարը»:

Վիշապը թույլերին ուշադրության չի արժանացնում:

Հիմա՝ Եվրասիական խաղը հաջողելու համար նա սկսել է Հայաստանին կուլ տալու ընթացքը:

Շատերը կզարմանան՝ Հայաստանի ի՞նչն է ուժեղ, Մոսկվան վերցրել է ՀՀ-ի տնտեսության սիրտը՝ էներգահամակարգը, ու վաղուց է կուլ տվել-մարսել նրան:

Որ տնտեսության սրտին է տիրացել, համաձայն եմ, բայց որ կուլ տվել-մարսել է, այդպես չէ:

Մոսկվան դեռ ստանալիք ունի, որ ոչ մի կերպ չի կարողանում ձեռք գցել:

Մոսկվան խորհրդային Հայաստանին բնորոշ մի բան է ուզում վերադարձնել՝ հայի երկրում ռուսերենի՝ արտոնյալ-հատուկ կարգավիճակով գործածությունը:

Մոսկվան սկսե՜լ է գրոհը Երեւանի վրա:

ՀՀ-ում ՌԴ պետդումայի պատգամավոր Լեոնիդ Սլուցկին շեփորահարում է, թե Հայաստանում ռուսերենին պետք է հատուկ կարգավիճակ տալ:

Կամ՝ ՀՀ-ում հայ-ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը (նա հազիվ թե երբեւէ հանդես գա հայկական կողմի շահի տեսանկյունից) հայտարարում է, թե ՀՀ-ն ռուսական աշխարհի մաս է:

Կամ՝ Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում համաժողով է տեղի ունենում, որտեղ ոմն Վիկտոր Կրիվոպուսկով հայտնում է, թե ռուսերենն է Եվրասիական միության քաղաքակրթական հիմքը:

Կամ՝ ՌԴ պետդումայի վերին պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարում է, որ Եվրասիական միության տարածքում պետք է ինտենսիվացնել ռուսերենի տարածումը:

Չշարունակեմ թվարկել, այս վիճակն է բոլոր մակարդակներում: Երեւանում հայ-ռուսական ինչ-որ բան է, վարչապետ Տիգրան Սարգսանը ռուսերեն է խոսում, հայտնի կոմունիստ-քրիստոնյա Խոսրով Հարությունյանի եղբայրը աղջկա հարսանիքի հրավիրատոմսերը ռուսերեն է տպագրում եւ այլն եւ այսպես արդեն ամեն օր: Դրսից բացի ներսից էլ «հայ» քաղքենի-ռուսամոլներն են գրոհել…

Բայց Մոսկվան կարծես այս մակարդակով չի բավարարվում:

Մոսկվան լավ գիտի, որ հայ պաշտոնյաների գերակշիռ մասի լեզվամտածողությունը հայերեն չէ, ռուսերեն էլ չէ, չգիտեմ ինչերեն է, դրա համար նրան այդքան էլ չի հետաքրքրում, որ պաշտոնյաները ջանք ու եռանդ չեն խնայում արեւմտամետից հիմա էլ ռուսամետ երեւալու:

Մոսկվան ա՛յլ բան է ուզում:

Նա ռուսական լեզվամտածողություն է ուզում հայ  ժողովրդից: Խորհրդային տարիները ժամանակավոր հաղթանակ էին:

Որովհետեւ հայը հայ է հայերենով, հայը դիմադրում եւ հաղթում է հայերենով, դրա համար էլ Մոսկվան Հայաստանի վրա հարձակումը միշտ հայերենի վրա գրոհով է սկսում: Դրա համար էլ Երեւանում տարատեսակ հանդիպումները, ժողովներն ու հավաքները բացառապես ռուսերեն է անցկացնում, ու ռուսերենի համար հատուկ փափուկ աթոռ ուզում մեր երկրում:

Ճիշտ չի լինի ասել, թե այլ երկրներ նույն քաղաքականությունը չեն վարում Հայաստանում:

Թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ երկրները ամեն ինչ անում են, որպեսզի ՀՀ-ում հնարավորինս շատ լինեն անգլիախոսները, ֆրանսախոսները, գերմանախոսները եւ այլք: Քանզի լավ գիտեն լեզվամտածողութան ուժը:

Բայց այդ ամենն անում են դանդաղ, նրբորեն, սիրուն՝ առանց բիրտ պահանջների (թեեւ նպատակը նույնն է): Իսկ ռուսը դրած սեղմում է իր կալոշային սապոգով՝ չէ որ չէ, բոլորդ ռուսերեն եք խոսում ու վերջ: Ինչ-որ տեղ սա լավ է, դրա համար էլ ամենամեծ դիմադրության հենց նրանք են հանդիպում:

Տարօրինակ է մի բան, ՌԴ-ն լավ գենետիկներ ունի (ոչ ռուսական ազգությամբ), բայց ցայսօր չի ՙհասկանում՚, որ ոչինչ անել չի կարող, որովհետեւ թեեւ մենք փոքրաթիվ ենք (ոչ փոքր), սակայն Արարչական ստեղծումն այնպիսին է, որ անկախ վիշապների գլուխների թվի փոխվելուց, վիշապաքաղը մշտապես հայն է:

Սա գիտակցելուն պես պարզ է դառնում, թե ինչու է Մոսկվան պարբերաբար ջանում տիրել Երեւանին եւ ինչու է դա անընդհատ հապճեպ անում:

«Լուսանցք» շաբաթաթերթ

Հ.Գ. - Ռուսաստանյան մամուլի որոշ միջոցներ ահազանգում են, որ ՌԴ գիտական աշխարհում մի տեսակ անշարժ վիճակ է:

Նշանակում է՝ Մոսկվային մտավոր հայերի զգալի ներհոսք է պետք:

Մեկնարկը տրված է:

Սա էլ՝ ի գիտություն մեր պատկան մարմինների:

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։