Ներքին համաձայնության հոտը – քաղաքապետարանն ու փոխադրողները անցնում են հարձակման… Վաչե Գաբրիելյանը վարչապետի հարցազրույցներից տեղյակ չէ՞… Առաջին տիկինը՝ ընդդեմ անպտղության… Նկարազարդվեցին մայրաքաղաքի բազմաթիվ բակեր…

Ներքին համաձայնության հոտը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնեց, որ մինչեւ հստակ հաշվարկներ չկատարվեն ու վերջնական համաձայնության չգան, գծատերերը չեն բարձրացնի տրանսպորտի սպասարկման սակագինը: Վստահեցրեց, որ հանձնաժողովը շարունակում է զբաղվել բոլոր հարցերով: Այս հայտարարությունից հետո փոխադրողներն էլ հայտնեցին, թե պատրաստ են վաճառել երթուղիները: ՀՀ փոխադրողների միության նախագահը տրամադրում է 4, 17 եւ 30 համարի երթուղիներից մեկը՝ «Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արման Մուշեղյանին, ում ֆ/բ գրառումը ասում է, որ «եթե կա 100 դրամով երթուղի սպասարկել հրաժարվող գծատեր, ինքը պատրաստ է դա իրականացնել եւ գնել գծատիրոջ ամբողջ գույքը»:

Ընդդիմադիր փորձագետի համար անակնկալ չէր փոխադրողների նման արձագանքը, բայց չի շտապում ընդունել առաջարկը: Պիտի հաշվարկներ անի: Մի՞թե առանց հաշվարկների էր խոսել տնտեսագետը: 30 եւ 67 երթուղիները սպասարկող «Արշակյան եղբայներ» ՍՊԸ տնօրեն Աշոտ Արշակյանը եւս դեմ չէ, որ հայտնվեն մարդիկ, որ պատրաստ են գնել «ակնհայտ վնասաբեր այս բիզնեսը, եւ նա էլ իր երթուղայինները կտրամադրի, բայց զգուշացնում է. եթե ապառիկ Է ձեռք բերելու, ի վերջո, նա էլ է 1 տարի հետո նույն պրոբլեմի առաջ կանգնելու»: Փոխադրողը հաշվարկել է, որ իրենց երթուղիներում 1 ուղեւորի սակագինը «Բոգդան» մակնիշի ավտոբուսներով կազմում է մոտավորապես 267 դրամ, իսկ միկրոավտոբուսի 1 ուղեւորի փոխադրման արժեքը՝ 210 դրամ: Բոլոր փոխադրողներն էլ՝ միության նախագահի գլխավորությամբ, զգուշացնում են, եղանակը ցրտելուց հետո վիճակը հսկողությունից դուրս է գալու, իսկ անվադողեր չկան. «Վաղը եթե ձյունը դրեց, մենք կդառնանք մարդասպան, կանգնելու է ամբողջ շարժակազմը»,- ասում են նրանք:

Մինչդեռ Արման Մուշեղյանը նորից հավանական է համարում 100 դրամով սպասարկումը եւ ցանկանում է ցույց տալ, որ այդպես կլինի աշխատել: Նաեւ հավելել է. «Եթե ամեն ինչ ստացվի այնպես, ինչպես ես եմ պատկերացնում, ապագայում մտադիր եմ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հարմարեցնել տրանսպորտը»: Փոխադրողներն ու տարբեր մասնագետները վիճում են, հարցը մնում է:

Բայց այս ամբողջ պատմությունից քաղաքապետի եւ փոխադրողների ներքին համաձայնության հոտն եմ առնում

ԳոհարՎանեսյան

Վաչե Գաբրիելյանը վարչապետի հարցազրույցներից տեղյակ չէ՞

Երեք նախարարներ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նաեւ՝ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը կառավարությունում ասուլիս էին հրավիրել՝ ներկայացնելու կենսաթոշակային համակարգի փոփոխությունները, այն է՝ թե ինչքան ապահով ծերություն ենք ունենալու այդ՝ իրենց համոզմամբ բարեփոխումներից հետո:

Մի խոսքով, այնպես ներկայացրին, որ մի պահ երազեցի, թե երբ եմ ծերանալու, որ այլեւս օրը 24 ժամ աշխատելու փոխարեն օրը 24 ժամ հանգստանամ, վայելեմ, աշխարհ տեսնեմ:

Գործընկերներիցս մեկը հանկարծ հարցրեց, թե քանի որ ՀՀ-ն աշխուժորեն դեպի Մաքսային միություն է գնում եւ շուտով հայտնվելու է այլ արժույթի գոտում, ա՛յս դեպքում ինչպե՞ս են կառավարվելու գումարները:

Ի պատասխան՝ Վաչե Գաբրիելյանը եզրափակեց. «Որեւէ տեղ ես չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո լինելու է արժութային միություն»:

Ցանկացա ասել՝ վարչապետն է ասել, բայց ասուլիսին արդեն այնքան հարց ու պատասխան էր հնչել, որ հոգնել էի:

Սակայն լավ էր, լրագրող, հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանը հոգնած չէր ու իր ֆ/բ էջում գրեց. «…Բացում ենք 2012թ. նոյեմբերի 26-ի «Իզվեստիան» եւ կարդում ենք Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանի հարցազրույցը, որտեղ նա պնդում է՝ «ß äó­ìàþ, ÷òî ­Òà­ìî­æå­í­­íûé ñîþç î÷åíü áëèçîê ê åäè­íîé ­âàë­þò­­å»… Այսինքն՝ «Կարծում եմ, որ Մաքսային միությունը շատ մոտ է միասնական տարադրամին»…

Հիմա ասեք խնդրում եմ՝ արդյոք կարող է արդյունավետ գործել մի կառավարություն, որի աշխատակազմի ղեկավարը նույնիսկ սեփական վարչապետի հարցազրույցները չի կարդում…»:

Աստղինե Քարամյան

Առաջին տիկինը՝ ընդդեմ անպտղության

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը եւ աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը. «Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին եւ բարի կամքի բոլոր մարդկանց՝ միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգեւել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սեւակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք: Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլեւ հստակ գործով»: Հայաստանում կան ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար կմնա անհասանելի երազանք, եւ անպտղությունն այդպիսով շատ ընտանեկան երջանկություններ է խաթարում:

Այդ խնդրին բախված բազում ընտանիքներ են քայքայվել, սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին եւ երեխա ունենալու բախտ պարգեւել նրանց: Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացումը ունի հաջողություններ եւ մեր հայրենիքում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրամադրվի այն ընտանիքներին, որոնք բախվել են անպտղության խնդրին: Որակյալ բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արտերկրում, բայց նման ընտանիքներից շատերի համար այդ ծառայությունները ֆինանսապես մատչելի չեն:

«Արագիլ» հիմնադրամի շուրջ համախմբված մարդիկ համոզված են, որ նման ընտանիքներին չի կարելի թողնել միայնակ՝ իրենց դժվարության մեջ:

«Սա այն հարցն է, որի շուրջ անհրաժեշտ է ազգային համախմբում: Ինչպես մի կաթիլ ջրի մեջ օվկիանոս է արտացոլվում, այդպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ արտացոլվում է ամբողջ մեր ազգը: Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն»,- համոզված է Ռիտա Սարգսյանը:

«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011թ.: Նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը եւ վերարտադրողական բժշկության կազմակերպումը:

Հիմնադրամը գործում է ՀՀ նախագահի տիկնոջ բարձր հովանու ներքո:

Գոհար Վանեսյան

Նկարազարդվեցին մայրաքաղաքի բազմաթիվ բակեր

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի գլխավոր դիզայները ներկայացրեց, որ, ընդհանուր առմամբ, նկարազարդվել է 234 բակ՝ 11.990 քմ մակերեսով՝ նախորդ տարվա 190 բակի համեմատ:

2014թ. աշխատանքներում նկարազարդումներն ընդգրկելու նպատակով հանձնարարվել է բազմաբնակարան շենքերի ու տնատիրությունների տարածքներում կատարել համապատասխան գույքագրում:

«Լուսանցք»թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։