Ռիսկն ավելի մեծ է, քան օգուտը – կենսաթոշակային քաղաքականության խաբուսիկ եւ փոփոխական հեռանկարը… Հայկական թոշակների ոչ հայկական կառավարիչները…

2014թ. հունվարի 1-ից շուրջ 260 հազ. ՀՀ քաղաքացիներ կսկսեն սեփական աշխատավարձից եւս մեկ մասհանում անել, այս անգամ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նրանք այն քաղաքացիներն են, ովքեր ծնվել են 1974թ. եւ դրանից հետո ու նաեւ աշխատում են:

Այս համակարգի մասին երկու տեսակետ կա. լավատեսները մտածում են, որ կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո կսկսեն ապրել եվրոպական այսօրվա տատիկ-պապիկների պես, ովքեր հանգիստ վայելում են ծերությունը՝ այս ու այն երկիր ճամփորդելով: Հոռետեսները վստահ են, որ տարիների ընթացքում կուտակված գումարներն ի վերջո փոշիանալու են: Կա մեկ այլ խումբ էլ, նրանք իրատեսներն են, ովքեր համոզված են, որ այս գործընթացի ռիսկն ավելի մեծ է լինելու, քան օգուտը: Ես ինձ դասում եմ իրատեսների շարքին ու կփորձեմ բացատրել, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը:

Նախ ասեմ, թե ինչքան է հարկվելու աշխատավարձից եւ տրվելու կենսաթոշակայինին: Եթե աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, ապա կուտակային կենսաթոշակային համակարգին է տրվելու աշխատավարձի 5%-ը: Պետությունը քաղաքացու կենսաթոշակային հաշվին է փոխանցելու եւս 5%-ի չափով գումար: Օրինակ, եթե աշխատավարձը 120 հազ. դրամ է, քաղաքացուց հարկվելու է 6 հազ. դրամ, եւ եւս 6 հազ. փոխանցելու է պետությունը:

Եթե քաղաքացու աշխատավարձը գերազանցում է 500 հազ. դրամը, ապա յուրաքանչյուր ամիս պետությունը նրա հաշվին կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին կհարկվի այնքան, մինչեւ իր եւ պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: Եթե աշխատավարձն ամսական 650 հազ. դրամ է, ապա պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին՝ 40 հազ.: Այդպիսով քաղաքացու անհատական կենսաթոշակային հաշվում կկուտակվի 65 հազ. դրամ, ինչն էլ նրա աշխատավարձի 10%-ն է:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից են նաեւ անհատ ձեռնարկատերերն ու նոտարները։ Եթե նրանց եկամուտը չի գերազանցում 6 մլն դրամը, ապա նրանք էլ կվճարեն 5%-ի չափով տարեկան։ Պետությունն այս դեպքում էլ փոխանցում կանի 5%-ի չափով։ Իսկ եթե, ասենք, նոտարի եկամուտը գերազանցում է 6 մլն դրամը, ապա պետությունը փոխանցում է 300 հազ. դրամ, իսկ նոտարը վճարում է այնքան, մինչեւ իր եւ պետության կուտակումը կազմի տարեկան եկամտի 10%-ը։

Եթե քաղաքացին կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր (ենթադրենք՝ հետազոտական աշխատանք է անում կամ որեւէ կազմակերպությանը դիզայներական ծառայություն մատուցում), եւ ստանում է պայմանագրային եկամուտ, ապա հաշվարկվող յուրաքանչյուր եկամտից 5%-ը պետք է տա։ Բայց պետությունն այս դեպքում վճար չի փոխանցում։

Ի դեպ, եթե քաղաքացին չի աշխատում, ապա այդ ընթացքում կուտակային վճարներ չի անում: Աշխատանքի անցնելու հետ մեկտեղ կուտակային վճարները պարտադիր սկսվում են։ Այս վճարները հաշվարկելն ու փոխանցելը գործատուի պարտականությունն է։ Իսկ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը ինքնուրույն են հաշվարկելու եւ փոխանցելու:

Նշեմ, որ կենսաթոշակայինի հարկը հաշվարկվելու է դեռեւս չհարկված աշխատավարձից: Սա ռիսկ է, որովհետեւ աշխատողը եթե մաքուր աշխատավարձից 5%-ի չափով կտար ասենք 6 հազ. դրամ, կեղտոտ աշխատավարձից ստիպված է լինելու 10 հազ. տալ: Ռիսկ է, որովհետեւ պետությունն ինքը նպաստելու է աշխատավարձի չափը թաքցնելուն: Եվ սա այն դեպքն է, երբ դա ձեռնտու կլինի եւ՛ գործատուին եւ՛ աշխատողին:

Հիմա խոսենք այն բանից, թե ինչպես է քաղաքացին ստանալու կուտակածը: Քաղաքացին տարիների իր աշխատավարձից կուտակային կենսաթոշակային հիմնադրամին վճարած գումարները կարող է ստանալ 63 տարեկանից։ Իսկ մինչեւ 63 տարեկանը այդ գումարները կարող է ստանալ միայն 3 դեպքերում, եթե անբուժելի հիվանդ է, եթե ընդմիշտ մեկնում է ՀՀ-ից եւ հրաժարվում է քաղաքացիությունից կամ եթե ճանաչվում է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ: Ինչ վերաբերում է 63 տարեկանից հետո կուտակածը ստանալու ձեւերին, ապա դրանք են՝ միանվագ վճար, անուիտետ եւ ծրագրային վճար։ Միանվագի դեպքում գումարները վճարվում են միանգամից եւ ամբողջությամբ։ Անուիտետի դեպքում կուտակված միջոցները փոխանցվում են ապահովագրական ընկերությանը, որն էլ ցմահ վճարում է ամրագրված գումար։ Ծրագրային վճարի պարագայում կուտակված միջոցները քաղաքացուն վճարվում են կյանքի սպասվող միջին տեւողության ամբողջ ընթացքում: Այստեղ ռիսկն այն է, որ եթե հանկարծ բոլորը որոշեն միանվագ ստանալ կուտակածը, միջոցների տեղաբաշխման առումով խնդիր կառաջնա:

Եթե քաղաքացին մահանում է մինչեւ կենսաթոշակային տարիքին հասնելը կամ դրանից հետո, ապա միեւնույն է, նրա կուտակածը չի կորչի։ Գումարները ժառանգներին կփոխանցվեն։ Բայց եթե մահվանից հետո 3 տարվա ընթացքում ժառանգներ ի հայտ չեն գալիս, ապա կուտակված գումարները այդ ընթացքում մնում են կենսաթոշակային ֆոնդում, կառավարվում ֆոնդի կառավարչի կողմից, որից հետո ճանաչվում են անժառանգ եւ փոխանցվում են մեր երկրի պետական բյուջե։

Ի՞նչ կլինի, եթե կառավարիչը սնանկանա, կամ գումարները յուրացնի ու փախչի: Ո՞վ է կրելու այս ռիսկը, ի՞նչ են լինելու կուտակային միջոցները. երբ այս մասին հարցրի ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին, նա ասաց, թե սնանկացումը քաղաքացիների միջոցների վրա չի ազդելու, քաղաքացիների անհատական կենսաթոշակային հաշիվները պետության սեփականությունն են, պարզապես կառավարվում են մասնավորի կողմից։ Եվ անկախ ամեն ինչից, քաղաքացին իր կուտակածը հետ է ստանալու: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանն էլ պարզաբանեց, որ անկախ քաղաքացու ընտրած ֆոնդի տեսակից՝ պետությունը երաշխավորում է, որ իր կուտակած վճարները վերադարձվելու են իրեն՝ ճշգրտված տարեկան գնաճով։

Բայց այս ամբողջ պատմության մեջ մի բացթողում կա. երբ տարիներ առաջ նոր-նոր էր քննարկվում կենսաթոշկային համակարգի խնդիրը, դրա մասին ավելի շատ իբրեւ կամավոր համակարգի էր խոսվում. եւ ասվում էր, որ քաղաքացին ինչքան իր անհատական հաշվեհամարին՝ իր դարակում շատ փող դնի, այնքան շատ կենսաթոշակ կստանա: Շատերը 2 տեղ են աշխատել տարիներ, 2 տեղից էլ բարեխղճորեն սոցվճարներ արել, բայց արի ու տես, որ հիմա դա չի հաշվարկվելու, այլ՝ դիտարկվելու է ընդամենը իբրեւ աշխատանքային ստաժ: Քաղաքացիների մի որոշակի հատված՝ ընդ որում, ազնիվ աշխատած հատված, իրեն խաբված է զգում: Այն է՝ տարիների իր կուտակածը՝ հեչ, 2014թ. հունվարի 1-ից նորից պիտի սկսի կուտակել:

Ու քանի որ երաշիք չկա, որ հաջորդ կառվարությունը կգա ու ուժը կորցրած չի համարի կենսաթոշակային այս քաղաքականությունը, հարց է ծագում՝ այդ դեպքում ի՞նչ են անելու այս 260 հազար քաղաքացիները:

Այսինքն՝ եթե հաջորդ կառավարությունն ասի, որ դարձյալ փոխում է կենսաթոշակային համակարգը, իրենց խաբված են զգալու հիշյալ 260 հազ. մարդ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մեր կառավարությունը չի տվել, բայց մարդիկ սպասում են պատասխաններին:

* * *

Հայկական թոշակների ոչ հայկական կառավարիչները

Հայաստանի մասնավոր կենսաթոշակային հիմնադրամները ղեկավարելու են ֆրանսիական «Amundi»-ն եւ գերմանական «Talanx»-ը:

Դավիթ Սարգսյանի վկայությամբ, այս օպերատորները, որոնք ցանկություն են հայտնել աշխատել Հայաստանում, մեծ հեղինակություն են վայելում՝ համաշխարհային մասշտաբներով, գործում են հարյուր տարուց ավելի, «իսկ դրանց պորտֆելը տասնյակ անգամ գերազանցում է Հայաստանի ՀՆԱ-ն»:

Ի սկզբանե բանակցություններ էին տարվում ավելի քան 30 հիմնադրամների ներկայացուցիչների հետ: Այս տարի որոշում է կայացվել պրակտիկ աշխատանքի վերաբերյալ հարցը քննարկել այն ընկերությունների հետ, որոնք արդեն համանման հիմնադրամներ են ղեկավարում Արեւելյան Եվրոպայում։ Մայիսին ստացվել են 5-7 ընկերությունների հայտեր։ Հոկտեմբերի վերջին կարողացել ենք նվազեցնել նրանց պահանջած հարկերը՝ կապված ֆինանսական ծառայությունների հետ։ Հոկտեմբերի վերջին նշյալ 2 ընկերությունների հետ հուշագիր ենք ստորագրել:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։