Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի… Հայկական գինիներ… Հայկական խոհանոց – Կոնյակով ձուկ՝ նռան հյութում… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Շնորհավոր ծնու՛նդդ, Արմենուհի – Շնորհավո՛ր եւ բարի՛ երթ կյանքում ու աշխատանքում.

Նոյեմբերի 29-ին լրացավ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի մամուլի խոսնակ, Հայ Ազգայնականների Համախմբան խորհրդի անդամ եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի 38-ամյակը:

Հայ արիներն ու ազգայնականները, «Լուսանցք»-ի խմբագրակազմը, ընկերներն ու հարազատները սրտանց շնորհավորում են եւ մաղթում անձնական, ընտանեկան ու գործնական հաջողություններ, առողջություն եւ երջանկություն, ինչպեսեւ իղձերին հասնելու առավել զորեղ կամք ու հնարավորություններ:

Թո՛ղ Հայ Աստվածների օրհնությունն ու կամեցողությունը այսուհետ էլ լինեն ուղեկիցն Արմենուհու եւ նրա գործի՝ մինչեւ նպատակների կատարումն ու տիեզերահաս հաղթական ավարտը: Թո՛ղ ընտանեկան կյանքում լինեն նոր համալրումներ՝ Վարդավառի տոնին ծնված ու արդեն 1,5-ամյա Աստղիկ դստերը եղբայրներ ու քույրեր միանան հաջորդիվ: Եվ թո՛ղ ընտանիքում թեւածի Աստղիկի աստվածային սերը, որին պատվար դառնա Վահագնի արարչատուր զորությունը:

Շնորհավո՛ր եւ բարի՛ երթ կյանքում ու աշխատանքում:

Հայկական գինին հաղթարշավ է սկսում

Նոյեմբերի կեսերին Լեհաստանում անցկացած «Էնոէքսպո 2013» միջազգային համտես-մրցույթում հաղթել է հայկական գինին: «Մալիշկայի Արեն­ի» հայկական գինին հաղթել է իտալական, պորտուգալական, ֆրանսիական, իսպանական, վրացական եւ այլերի գինիներին՝ յուրահատուկ համային հատկանիշների եւ փնջի համար: «Մալիշկայի Արեն­ի»-ն, որը հնեցված գինի է, ոսկե մեդալ է ստացել «Սեղանի կարմիր անապակ գինինե­ր» անվանակարգում:

Համտես-մրցույթին մասնակցել են ավելի քան 500 գինիներ աշխարհի բազմաթիվ գինեգործական երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Պորտուգալիա, Հունգարիա, Հունաստան, Սերբիա, Վրաստան, Կանադա, Կիպրոս, Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա եւ այլն: Սա համարվում է նաեւ Լեհաստանի ներքին շուկային ուղղված ամենակարեւոր մրցույթը: Եվ հայկական գինու վարկանիշը կտրուկ բարձրացել է այս հաղթանակից հետո:

Ինչպես նշում են մասնագետները, մինչ այս, «Բագրատունի» գինին է հաղթել «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (OIV) այս տարի Մոսկվայում անցկացված համաշխարհային մրցույթում՝«Սեղանի սպիտակ գինիներ» անվանակարգում:

Սա գինեգործական ամենակարեւոր եւ հիմնական կազմակերպությունն է աշխարհում, որի նստավայրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում է: Մոսկվայի մրցույթին էլ մասնակցել են 28 երկրներից 302 գինիներ, եւ նորից հայկական գինին ոսկե մեդալ է ստացել: Այսպես հայ գինեգործները ապացուցում են հայկական գինու առավելությունները, որոնք հին ու ավանդական են: Հայկական գինին սկսում են ավելի լավ ճանաչել Եվրոպայում:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Կոնյակով ձուկ՝ նռան հյութում. 

* Բաղադրությունը – Սիգ – 2 հատ, զեյթունի բուսայուղ – 50 գ, համեմ – 1 կապ, կանաչ սոխ – 1 կապ, կարագ – 35 գ, կոնյակ – 50 գ, նուռ – 5 հատ, կիտրոն – 1 հատ, ընկույզ – 100 գ, աղ, սպիտակ պղպեղ:

* Պատրաստման եղանակը – Սիգը փշահան անել՝ պահպանելով ամբողջական տեսքը: Համեմել աղով, պղպեղով եւ զեյթունի բուսայուղով:

Կարագով համեմն ու կանաչ սոխը տապակել, ավելացնել կոնյակն ու կրակի վրայից վերցնել: Այս տապակած հյութը լցնել ձկան փորի մեջ, իսկ վրան էլ լցնել նռան հյութը:

Դնել ջեռոցը, եփել 2000-ի տակ՝ 30 րոպե: Եփվելուց հետո ձուկը դնել մի կողմ ու պատրաստել խյուսը:

Դրա համար քամած կիտրոնի հյութին խառնել ընկույզը եւ հարիչով խփել՝ վրան ավելացնելով եփված ձկան հյութը:

Խյուսը պատրաստելուց հետո ձուկը դնել առանձին տարայում, խյուսը լցնել վրան ու արդեն պատրաստի ուտեստը դնել սառնարանը: Ուտել 1-2 օրից: Թող վայելքով լինի Ձեր համտեսը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից. –

Պատրիկ Հիկեն վերընտրվեց ԵՎՕԿ-ի նախագահ

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ միաձայն վերընտրվեց իռլանդացի Պատրիկ Հիկեն: Սա հայտնի դարձավ Հռոմում անցկացված ԵՎՕԿ-ի 42-րդ համաժողովում: Եվրոպայի օլիմպիական կոմիտեի գագաթաժողովին մասնակցեց նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանը եւ վարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

ՀԱՕԿ-ի նախագահը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի ու Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ: Կողմերը փոխշահավետ համագործակցության պայմանագրեր ստորագրեցին: Առաջիկայում մեր մարզիչների համար Հայաստանում եւ արտասահմանյան համապատասխան երկրներում կկազամակերպվեն մասնագիտական խորհրդակցություններ: Տարբեր մարզաձեւերի մեր հավաքականները եւ առանձին մարզիկներն ուսումնամարզական համատեղ հավաքներ կանցկացնեն:

ՄՕԿ-ի նախագահը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան, ծանոթանալ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ, տեսնել մեր մարզակառույցները եւ այլն: Հռոմին հրաժեշտ տալու օրը գագաթաժողովի մասնակիցներին Վատիկանում հյուրընկալեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկը:

ՊՐՈ արտոնագրեր՝ մարզիչներին

Ավարտվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացը: Ըստ ՀՖՖ մամուլի ծառայության, ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դասընթացին մասնակցած բոլոր 12 մարզիչներին համապատասխան դիպլոմներ է հանձնել: Մարզչական ՊՐՈ արտոնագրի արժանացան Վարդան Մինասյանը, Ռաֆայել Նազարյանը, Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Վարդան Բիչախչյանը, Սեւադա Արզումանյանը, Աբրահամ Խաշմանյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը եւ Սլավա Գաբրիելյանը:

Հետաքրքիր է, որ վերը նշված մասնագետներից երկուսը վերջերս են պաշտոնանկ արվել: Մասնավորապես՝ Ռաֆայել Նազարյանը հեռացվեց Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ Արմեն Սանամյանին պաշտոնանկ արեց «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը, ընդ որում ետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Մինչ այդ գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել էին նաեւ Սուրեն Չախալյանը (կենսակարգը խախտելու համար) եւ Ալբերտ Սաֆարյանը (ցածր արդյունքի համար): Դե, իսկ Վարդան Մինասյանը չի ցանկացել կրկին գլխավորել Հայաստանի հավաքականը:

ՀՀ պաշտպանության նախարարության թիմը՝ մրցաշարի հաղթող

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության եզրափակիչը, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության եւ ոստիկանության ֆուտբոլային թիմերը: Դժվարին մրցաշարի նախընտրական փուլերը հաջողությամբ հաղթահարած թիմերի վճռորոշ հանդիպմանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, պետական մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկու կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ եւ ֆուտբոլասերներ:

Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում համառ ու անզիջում պայքար էր ծավալվել: Թիմերը լրջորեն էին պատրաստվել եզրափակիչ խաղին եւ ցուցադրեցին թե ֆիզիկական, թե տեխնիկատակտիկական, թե խաղային բարձր պատրաստականություն: Երկու ուժայինների ուժերը հավասար էին, եւ թիմերը խաղի հիմնական ժամանակն ավարտեցին ոչ ոքի: Գոլեր չարձանագրվեցին նաեւ ավելացված ժամանակում:

Հաղթողին որոշեց 11 մետրանոցների հարվածաշարը: Մարզական բախտը ժպտաց պաշտպանության նախարարության թիմին՝ 5:3: Մրցաշարի գավաթը հանձնեց ՀՀ վարչապետը: Եզրափակչի մասնակիցներն արժանացան համապատասխան պարգեւների ու ստացան հուշանվերներ:

Լրացավ ակրոբատների քառյակի հաղթանակների 35 տարին

Ակրոբատների ԽՍՀՄ առաջնությունում հայկական լեգենդար քառյակի հաղթանակների 35 տարին լրացավ: Մարզաշխարհի մարդկանց ու տարեց մարզասերների հիշողության մեջ դեռ երկար կապրի հայ ակրոբատների փառքի օրը՝ 1978թ. նոյեմբերի 25-ը, երբ Բրյանսկ քաղաքում հաղթողի պատվանդանին հայ մարզիկներն էին՝ բացարձակ չեմպիոնի տիտղոսով: Դահլիճում բարձրացավ Խորհրդային Հայաստանի դրոշը, ու հնչեց հիմնը՝ Արամ Խաչատրյանի հեղինակած երաժշտությունը: Էռնեստ Նազարյանից հետո (տղամարդկանց ցատկեր, 1965թ.), ԽՍՀՄ հայ առաջին խմբակային ակրոբատ չեմպիոններ դարձան Սերգեյ Բալասանյանը, Արամայիս Ավդալյանը, Նորայր Սարգսյանը, Լեւոն Ղազախյանը, որ 1 տարի էլ չանցած՝ դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ:

Մինչեւ ոսկե մեդալ նվաճելը քառյակը փայլուն ելույթներ էր ունեցել ակրոբատների ԽՍՀՄ գավաթի առաջնությունում 1978թ. գարնանը՝ ճախրման եւ «ուժային բուրգեր» վարժություններում՝ դառնալով արծաթե մեդալիկիրներ:

Եվ պատահական չէր, որ 1978թ. ակրոբատների քառյակը ճանաչվեց «ՀԽՍՀ տարվա 10 լավագույն մարզիկներ» տիտղոսակիր՝ ամբողջացնելով մեր մյուս լեգենդար մարզիկների՝ Յուրի Վարդանյանի, Վարդան Միլիտոսյանի, Վլադիմիր Լեոնտեւի, Էդուարդ Ազարյանի, Ռաֆայել Վահանյանի, Արշակ Սանոյանի, Դավիթ Համբարձումյանի, Սերգեյ Առաքելյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի տասնյակը:

1979թ.ամռանը երեւանյան քառյակը Մինսկում մասնակցեց ակրոբատիկայի միջազգային մրցաշարին ու կրկին անգերազանցելի էր: Գրավեցին 1-ին տեղն ու լրացրեցին միջազգային կարգի սպորտի վարպետի համար պահանջվող նորմերն ու դարձան միջազգային կարգի սպորտի վարպետներ: Այդ մասին էին գրում ինչպես հանրապետական, այնպես էլ միութենական թերթերը, իսկ առավել մանրամասն «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ», «Սովետսկի սպորտ» թերթերը:

Լեգենդար քառյակին մարզում էր ոչ պակաս լեգենդար մարզիչ Ռոբերտ Մինասյանը, ով ունեցած վաստակավոր մարզչի կոչմանը (1978թ.) 2002թ. ավելացավ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատողի կոչումը:

Աշխարհի առաջնությունից վերադարձան 5 մեդալով

Սանկտ պետերբուրգում ավարտվեց սամբոյի աշխարհի առաջնությունը: 82 կգ քաշային կարգում ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը հաղթելով բոլոր գոտեմարտերը՝ հռչակվեց աշխարհի չեմպիոն: Բրոնզե մեդալների արժանացան Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Սոսե Բալասանյանը՝ 52 կգ, Տիգրան Կիրակոսյանը՝ 52 կգ եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ: Մեր սամբիստներն աշխարհի առաջնությունից վերադարձան 5 մեդալով՝ 1-ը՝ ոսկե, 4-ը՝ բրոնզե:

Սամբոյի զարգացման գործում ներդրած ավանդի համար՝ մարզաձեւի հիմնադրման 75 ամյակի կապակցությամբ հոբելյանական մեդալով է պարգեւատրվել ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը: Մեր հավաքականի օգտին հաշվարկային միավորներ բերեց նաեւ Բանակի կենտրոնական մարզական ակումբը ներկայացնող Արեն Անտոնյանը (57 կգ)՝ գրավելով 5-րդ տեղը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե’ք Ձեր գովազդը եւ մի’շտ մնացեք Ձեր բարձունքին մե’ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.