Սեփականը միայն ներքինը չէ
«Լուսանցք»-ն անդրադարձել է հայկական ավիացիայի խնդիրներին, ոլորտի ազատականացման կամ, ինչպես ասվում է, բաց երկնքի դրական ու բացասական կողմերին: Խնդիրը շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում, քանզի շոշափում է հարցեր, որոնք առնչվում են մեր ազգային ու պետական անվտանգությանը եւս:
Հանրային խորհրդի Ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը կարեւորել է ներքին ավիացիայի զարգացումը: «Հայաստանում պետք է զարգացնել քաղաքացիական, սանիտարական, տուրիստական ավիացիան: Դրա առաջին քայլերն արվում են: 2011թ. ՀՀ ազգային ավիացիոն ասոցիացիայի կողմից ստեղծվել է «Sky Net» ավիաընկերությունը, որն այժմ սեփականության իրավունքով տիրապետում է «JetStreem 32» անգլիական արտադրության 19 տեղանոց երկշարժիչ օդանավի»:
Այդ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգորի Վարդանյանի խոսքով, օդանավն ընդունակ է չվերթներ կատարել 1200 կմ շառավիղով, ապահոված է օդանավի բարձր անվտանգությունը, եւ «Sky Net» ավիաընկերությունը ՀՀ-ում «մոտ ապագայում կիրականացնի ավիափոխադրումներ՝ Երեւան-Կապան-Երեւան, Երեւան-Գյումրի-Երեւան, Երեւան-Ստեփանավան-Երեւան եւ նախկինում Հայաստանի տարածքում կառուցված օդանավակայանների վերագործարկման դեպքում՝ մյուս ուղղություններով՚: Նա նշել է, որ իրենց առաջարկած ավիափոխադրումների փաթեթը ներառում է նաեւ այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են «տուրիստական շրջագայություններ ՀՀ տարածքում, ներառյալ հարսանյաց արարողություն օդանավում՝ թռիչքի ընթացքում, բիզնես կորպորատիվ եւ բժշկական նկատառումներով չվերթներ: Ծառայությունների 1 ժամը 1680 դոլար է»:
Կապանի օդանավակայանն ամենայն հավանականությամբ մոտ ժամանակներս կգործարկվի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել, եւ առաջիկայում որոշակի քայլեր կարվեն: Ջերմուկի օդանավակայանի հետ կապված որոշակի խնդիրներ էլ կան, կառավարությունը պիտի որոշակի քայլեր ձեռնարկի, քանզի Ջերմուկը կարեւորագույն կենտրոն է՝ տուրիզմի զարգացման հետ կապված: Ստեփանակերտի օդանավակայանի հետ կապված միայն քաղաքական լուծման կարիք կա, եւ արդեն դրական փոփոխություններ են նկատվում:
Պետք է հետամուտ լինել, որ Հայաստանում ներքին ավիացիան զարգանա: Եվ կարեւոր է, որ բացի ռուսական սպասարկումներից, որը ռազմավարական խնդիր է լուծում նաեւ (օր.՝ «Էրեբունի» օդանավակայանի դեպքում), արեւմտյան երկրները եւս ներգրավվեն Հայաստանի ներքին ավիացիայի զարգացման ու սպասարկման գործին, որպեսզի այն չդառնա մենաշնորհային ու այդպիսով՝ վտանգավոր:
Վերջերս Թուրքիան սպառնում էր փակել իր օդային տարածքը Հայաստանի համար, իսկ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արիֆ Մամեդովը սպառնացել է կործանել Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները, ինչը շարունակական բնույթ կկրի, եւ այս մասին եւս պետք է մտածել: Արցախում էլ զբոսաշրջության զարգացման հեռանկար կա:
Հանքարդյունաբերությամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Base Metals» ընկերությունը Ստեփանակերտի կենտրոնում 5 աստղանի հյուրանոց է կառուցել, ինչը հարմարավետ է դարձնում սպասարկումը: Չնայած Արցախին պակասում են այնպիսի 3 աստղանի հյուրանոցներ, որտեղ կկարողանան մնալ նաեւ արտասահմանցի ոչ բծախնդիր այցելուները: Երկիր այցելող արտասահմանցիների քանակը, ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի, տարեկան կազմում է շուրջ 15 հազար մարդ, իսկ հոսքը միտում ունի ավելանալու:
Հայկական սփյուռքի աջակցությամբ զարգանում է Արցախի տնտեսությունը: Նշենք միայն, որ 5 տարում 8 ՀԷԿ է բացվել, որը լեռնային գետերից էլեկտրաէներգիա է ստանում, ինչն էլ կայուն է պահում զարգացող տնտեսությունը: «Վերսաչի» հագուստի ֆիրման ցանկանում է հագուստի արտադրության ֆաբրիկա բացել, քանի որ աշխատուժն ավելի էժան է, քան արեւմուտքում, սակայն ադրբեջանական լոբբիի հետեւանքով պայմանագիրը խզվեց: Նման ճնշումների հետեւանք է նաեւ այն, որ արցախյան պահածոները այլեւս չեն արտահանվում Ուկրաինա եւն:
Ուստի՝ Անկարայի ու Բաքվի՝ Հայաստանի եւ Արցախի օդային տարածքների փակմանն ուղղված հոխորտանքներին պիտի այսօրվանից դիմակայել եւ՝ հենց միջազգային իրավունքի տեսանկյունից:
Մի բան էլ. հարկ է զարգացնել սեփական ավիացիան, ու դա միայն ներքին ավիացիան չէ...
Նարե Մշեցյան
Հայկական գինին հաղթարշավ է սկսում
Նոյեմբերի կեսերին Լեհաստանում անցկացած «Էնոէքսպո 2013» միջազգային համտես-մրցույթում հաղթել է հայկական գինին: «Մալիշկայի Արենի» հայկական գինին հաղթել է իտալական, պորտուգալական, ֆրանսիական, իսպանական, վրացական եւ այլերի գինիներին՝ յուրահատուկ համային հատկանիշների եւ փնջի համար: «Մալիշկայի Արենի»-ն, որը հնեցված գինի է, ոսկե մեդալ է ստացել «Սեղանի կարմիր անապակ գինիներ» անվանակարգում:
Համտես-մրցույթին մասնակցել են ավելի քան 500 գինիներ աշխարհի բազմաթիվ գինեգործական երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Պորտուգալիա, Հունգարիա, Հունաստան, Սերբիա, Վրաստան, Կանադա, Կիպրոս, Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա եւ այլն: Սա համարվում է նաեւ Լեհաստանի ներքին շուկային ուղղված ամենակարեւոր մրցույթը: Եվ հայկական գինու վարկանիշը կտրուկ բարձրացել է այս հաղթանակից հետո:
Ինչպես նշում են մասնագետները, մինչ այս, «Բագրատունի» գինին է հաղթել «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպության» (OIV) այս տարի Մոսկվայում անցկացված համաշխարհային մրցույթում՝«Սեղանի սպիտակ գինիներ» անվանակարգում:
Սա գինեգործական ամենակարեւոր եւ հիմնական կազմակերպությունն է աշխարհում, որի նստավայրը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում է: Մոսկվայի մրցույթին էլ մասնակցել են 28 երկրներից 302 գինիներ, եւ նորից հայկական գինին ոսկե մեդալ է ստացել: Այսպես հայ գինեգործները ապացուցում են հայկական գինու առավելությունները, որոնք հին ու ավանդական են: Հայկական գինին սկսում են ավելի լավ ճանաչել Եվրոպայում:
Ռուսաստանն այս անգամ չհասցրեց
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 27-ին համաձայնություն տվեց Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը ամերիկյան «Contour Global» ընկերությանը վաճառելու գործարքին:
Համալիրը մասնավորեցնելու հարցն արդեն տարիներ է քննարկվում, եւ որոշումը, որ կայացվեց, անսպասելի չէր: Անսպասելին այն էր, որ դրան ձեռք չգցեց ռուսական կողմը: Կամ՝ գուցե չհասցրեց, որովհետեւ քաղաքական գործոնով պայմանավորված (իրանական սահման) ԱՄՆ-ն արագ գործեց: Հայկական կողմին էլ դա ավելի ձեռնտու էր, քանզի ռուսական կողմը, ինչպես արդեն դառը փորձն է վկայում, համալիրը ձեռք կբերեր չնչին գնով եւ գուցե համալիրի հետ այլ կառույցներ էլ վերցներ մեկ այլ՝ «գույք՝ պարտքի դիմաց ծրագրով»:
Իսկ ամերիկյան կողմը Որոտանի ներդրումային ծրագիր է մշակել, որ ԱՄՆ կողմից ամենամեծ ներդրումային ծրագիրն է Հայաստանի պատմության մեջ՝ 180 մլն դոլար:
Վատն այն է, որ հերթական անգամ հայկակա՛ն կողմը չկարողացավ տիրություն անել իր սեփականությունը…
«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



