Վտանգ, որ միշտ համաթրքական է… Արցախը՝ մաքսայինի ու ասոցացման արանքում… Հայաստանը Մաքսային միությանը չի՞ միանալու…

…Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն անգամ նշել է, որ «…եթե Անկարան համոզված լինի, որ հայերը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ պահանջատիրական խնդիրներ չեն բարձրացնի, կամ էլ կբավարարվեն միայն Արցախի ու ազատագրված բոլոր տարածքների «հատուցմամբ», ապա կճանաչի եւ՛ ցեղասպանության փաստը եւ՛ Արցախի անկախությունը… Եվ կբացի սահմանները Հայաստանի հետ»:

Սա նաեւ միջազգային որոշ ուժերի եւ գերտերությունների սրտով կլիներ, եթե հայությունը մի փոքր հատուցմամբ ուրանար իր հայրենիքն ու ազգային նպատակները…

- – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – 

Վտանգ, որ միշտ համաթրքական է

Թուրքական լրատվամիջոցները նորից անդրադարձել են «հայ-թուրքական արձանագրությունների սառեցման­ը» եւ դրա՝ հայ-ադրբեջանական հակասություններին առնչմանը: Նշվել է, որ Անկարան սահմանը փակել է ոչ թե «բուն Ղարաբաղ­ի», այլ՝ Արցախի «հարակից շրջանների պատճառով»:

ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ժամանակին Շվեյցարիայում այդ երկրի միջնորդության հարցն էր բարձրացրել, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, բայց դա եւս մի ձեւական քայլ էր, որը բացահայտվեց, երբ Անկարայի «զրո խնդիր հարեւանների հե­տ» քաղաքականությունը պայթեց որպես հերթական փուչիկ:

Այսօր նորից հայտարարվում է, թե «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, կյանքի կոչել արձանագրությունները, բայց կա պայման. Հայաստանը պետք է սկսի դուրս գալ եղբայրական Ադրբեջանի գրավյալ տարածքների­ց»: «Համոզեք Հայաստանի ղեկավարությանն անել դա, եւ մենք կբացենք սահման­ը»,- բոլոր միջազգային հավաքներին այսպես են բարբաջում թուրք դիվանագետները:

Եվ հետաքրքիր է, որ խոսքը ոչ թե 1-2 «գրավյալ շրջան­ի» մասին է, այլ «Լեռնային Ղարաբաղին հարակից այն 7 շրջանների», որոնք ազատագրվել են եւ գտնվում են հայկական զորքերի հսկողության տակ: «Լուսանցք»-ն արդեն գրել է, որ Անկարան հայ-թուրքական երկկողմ հարաբերությունները երբեմն դարձնում է եռակողմ՝ հայ-թուրք-ադրբեջանական, որպեսզի հաջողի մի թուրքական արտաքին քաղաքական խնդիր՝ ուշադրությունն Ադրբեջանի վրա սեւեռելով:

Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանն անգամ նշել է, որ «եթե Անկարան համոզված լինի, որ հայերը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ պահանջատիրական խնդիրներ չեն բարձրացնի, կամ էլ կբավարարվեն միայն Արցախի ու ազատագրված բոլոր տարածքների «հատուցմամբ», ապա կճանաչի եւ՛ ցեղասպանության փաստը եւ՛ Արցախի անկախությունը… Եվ կբացի սահմանները Հայաստանի հետ»:

Սա նաեւ միջազգային որոշ ուժերի եւ գերտերությունների սրտով կլիներ, եթե հայությունը մի փոքր հատուցմամբ ուրանար իր հայրենիքն ու ազգային նպատակները:

Այժմ էլ, մինչեւ 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, Անկարան նորից է փորձում վերոնշյալ հին խաղը: Այն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ն անգամ աշխատեց սեպ խրել Հայաստանի ու սփյուռքահայության միջեւ՝ փորձելով առանձին-առանձին բանակցելով հասնել այնպիսի փոխհատուցման, որը միայն ֆինանսական կլինի եւ ոչ հողային-տարածքային:

Սփյուռքահայությանը նույնիսկ սադրում էին, թե պետք է կարգավորել հարաբերությունները պաշտոնական Երեւանի հետ, որ Հայաստանը չպետք է հանդես գա որպես ցեղասպանվածների ժառանգների իրավահաջորդ: Իհարկե սա ձախողվեց, չնայած եվրոպական ու ամերիկյան որոշակի կառույցներ եղան, որ փորձեցին սատարել թուրքական ջանքերին:

Այսօր էլ Արեւմուտքի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական խաղերում այս վտանգը կա:

Վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը եւս փորձեցին ձախողել թուրքերը, սակայն միջազգային ճնշումները Բաքվի վրա մեծ էին, եւ Ադրբեջանի «մեծ եղբո­ր» ծրագիրը անկատար մնաց: Բայց պետք է միանշանակ արձանագրել, որ հայկական դիվանագիտությունը չի կարող միայն հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական խնդիրներ տեսնել: Որովհետեւ դրանք եղել ու մնում են ընդհանուր, մի կողմից՝ հայկական, մյուս կողմից՝ թուրք-ադրբեջանական:

Վահագն Նանյան

Արցախը՝ մաքսայինի ու ասոցացման արանքում

Վիեննայում կայացած հանդիպումը քննարկումների մեջ է: Եթե Հայաստանի նախագահը մեկ բառով «նորմալ» է գնահատել այն, ապա Ադրբեջանի նախագահի կողմից խոսք անգամ չի հնչել: Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ վերականգնեցին արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները:

Այս հանդիպումը ողջունել են նաեւ բազմաթիվ երկրների նախագահներ՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային այս խնդիրն ի վերջո լուծում կստանա: Շուրջ 2 տարվա դադարից հետո անգամ հույս էին տածում, որ բացի բանակցությունների նոր փուլ սկսելու ազդարարումից, «Հայաստանը եւ Ադրբեջանը ԼՂ-ի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքներն ստորագրելու օգտին կարտահայտվեն», ինչն իհարկե դեռ չի սպասվում առաջիկայում: Երկու երկրների նախագահների Վիեննայում հանդիպումից անմիջապես հետո համանախագահները հանդես եկան հայտարարությամբ: Նրանք տեղեկացրել են, որ 2012թ. Սոչիի գագաթնաժողովից հետո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը դեմ առ դեմ քննարկել են ԼՂ-ի հիմնախնդրի լուծման հարցը: Տվել են իրենց համաձայնությունը՝ առաջիկա ամիսներին եւս մեկ անգամ հանդիպելու համար: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները կպատրաստվեն ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում ԱԳ նախարարների հետ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-6-ը Կիեւում: Համանախագահները նախատեսում են մինչեւ տարեվերջ կրկին այցելել տարածաշրջան:

Սերժ Սարգսյանին մի փորձություն էլ է սպասվում, այս անգամ՝ Վիլնյուսում: Մաքսային միությանը միանալու հայտարարությունից հետո շատերն են կասկածում, որ Հայաստանին հնարավորություն կտրվի միանալու նաեւ ԵՄ Ասոցացման համաձայնագրին:

Այս ընթացքում Արցախի նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով եղավ Լոս Անջելեսում եւ մասնակցեց «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը: Նա ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը: Նա կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, նաեւ շնորհավորել է ներկաներին ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է:

Արտակ Հայոցյան

Հայաստանը Մաքսային միությանը չի՞ միանալու

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակության որոշ գործընկերներ կարծում են, թե քանի որ ՀՀ-ի համար ԵՄ Ասոցացման համաձայնագիրն արդիական չէ, պետք է պայքարել Հայաստանի ինքնիշխանության համար ու գործունեությունը կենտրոնացնել այդ ուղղությամբ: Նավասարդյանը համամիտ չէ այդ տեսակետին, քանի որ պայքարել մի արդյունքի համար, որը շատ անորոշ է, եւ որը շատ մեծ հավանականություն ունի իրականություն չդառնալու, ուժերի ոչ արդյունավետ օգտագործման իրողության առջեւ կարող է կանգնեցնել: Որովհետեւ ի վերջո Հայաստանը ՄՄ-ին չի միանալու:

Բանախոսը բացատրել է իր տեսակետի պատճառները: Դրանցից առաջինն այն է, որ ՄՄ-ն չկայացած կառույց է, «նրա մեջ կան բազմաթիվ հակասություններ, չլուծված հարցեր, եւ ՄՄ ոչ մի երկիր գոհ չէ այն իրավիճակում, որ կ­ա»:

Բացի այդ՝ Հայաստանը Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ինչը նախատեսում է այնպիսի առեւտրային պայմաններ, որոնք այսօր հակասում են ՄՄ պայմաններին: 3 անդամ երկրներից (նկատի ունի Ռուսաստանին, Բելառուսին, Ղազախստանին) ԱՀԿ անդամ է միայն Ռուսաստանը, որի պայմանավորվածությունները ԱՀԿ հետ այլ են, քան Հայաստանի, եւ այդ դրույքաչափերը անհնար է բերել միասնության:

«Թե մեր երկրի ներսում ընդդեմ ՄՄ-ի ինչպիսի դիմադրություն կարող է լինել, այսօր նույնիսկ շատ դժվար է լինելու հաշվարկել, բայց որ դիմադրությունը ուժեղանալու է՝ ակնհայտ է»,- ամփոփել է  Բորիս Նավասարդյանը:

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։