Հները փորձում են նորանալ ու թարմանալ (ՍԴՀԿ, ՌԱԿ, ՀԿԿ)… Դյուրությունից ոչ դուրեկանը մեկ քայլ է… Իսկ ու՞ր են քայլերը (ԲՀԿ)… Ավանդական մեկ այլ կուսակցության հավաք (ՀՅԴ)… Նոր սենսացիա կլինի՞ «օֆշորային սկանդալ­ի» գործում…

Հները փորձում են նորանալ ու թարմանալ

ՀՀՇ-ական երկպառակությունը՝ ՀԱԿ-ի կազմում հասարակական ՀՀՇ-ի եւ հին հհշ-ականների ցանկությամբ քաղաքական ՀՀՇ-ի վերականգնումը վերստին հիշեցրեց, որ ներքաղաքական կյանքում քաղաքական պառակտումների ու մասնատումների ժամանակները չեն ավարտվել:

Երբ Երեւանում բացվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) 9-րդ համագումարը, այնտեղ բացակայում էր ՍԴՀԿ Հայաստանի կառույցի մեզ հայտնի ղեկավարը, ով ՀԱԿ պատգամավոր է՝ Լյուդմիլա Սարգսյանը:

Ավելին՝ համագումարին ելույթ ունենալով, ՍԴՀԿ վարչության ատենապետ Գեւորգ Պերկուպերկյանը ողջունեց Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշումը: Իսկ ինչպես գիտենք, ՀԱԿ-ական հնչակյանները դեմ են այդ որոշմանը եւ ձգտում են միանալ միայն ԵՄ Ասոցացման համաձայնագրին:

Եվ զարմանալի չէ, որ համագումարին իր խոսքն էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ընթերցեց վարչապետի օգնական Հայկ Թութունջյանը: Համագումարին մասնակցում էր նաեւ արդեն մի քանի պառակտումներից դուրս եկած Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը, ով նշեց, որ «ավանդական կուսակցությունները այսօր Հայաստանում եւ Սփյուռքում մեծ հեղինակություն եւ գործառույթներ, ցավոք, առայժ չունե­ն»: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նույնպես մասնակցում էր եւ հույս հայտնեց, որ ՍԴՀԿ-ն իրեն դրականորեն կդրսեւորի Հայաստանում, իսկ ինքը կիսում է այս կուսակցության գաղափարները:

Համագումարի պատվիրակներն իհարկե խոսեցին ՍԴՀԿ-ի մեծ առաքելության, քաղաքական դաշտում ավելի ակտիվ գործելու մասին: Համագումարում վերջնականապես հստակեցվեց, որ հնչակյանները ողջունում են Մաքսային միության հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդումը, սակայն «պետք է նաեւ ակտիվ հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ»: Ինչ վերաբերում է արցախյան խնդրին, ապա հնչակյանների կարծիքով Արցախի ապագան պետք է որոշի արցախահայությունը:

Ինչ վերաբերում է նախկին մասնատված ՍԴՀԿ-ի մյուս թեւի ներկայացուցիչներին, ըստ ամենայնի, նրանք պատրաստվում են ստեղծել նոր կուսակցություն՝ հնչակյան գաղափարական սկզբունքների վրա, որը գուցե հետագայում էլ ՀԱԿ-ին ձուլվի:

Այս օրերին տեղի ունեցավ նաեւ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) պլենումը: Դռնփակ նիստում քննարկվեց Կոմկուսի կենտկոմի 1-ին քարտուղարի Ռուբեն Թովմասյանի hրաժարականի դիմումը եւ նոր քարտուղարի ընտրության հարցը: Մինչ համագումարը՝ ընկեր Թովմասյանն ասել է, որ կուսակցությունում կան երիտասարդ արժանավորներ, ովքեր կարող են փոխարինել իրեն:

3-4 ամիս հետո սպասվում է ՀԿԿ համագումարը, ուստի որոշվել է 1-ին քարտուղարի պարտականությունները առայժմ դնել 2-րդ քարտուղար Տաճատ Սարգսյանի վրա: Կոմունիստներից մեկն այդ ժամանակ զայրացել է, թե «Թովմասյանը մեծ հեղինակություն ուներ, որ ոչ մեկը չունի եւ Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս։ Թովմասյանին պետք էր ոչ թե ազատել առաջին քարտուղարի պարտականություններից, այլ պետք էր արձակուրդ տալ կամ ուղարկել բուժման՝ առողջարան, որ ուժերը հավաքեր… Տաճատ Սարգսյանը միշտ ձգտել է 1-ին տեղը գրավել, բայց ոչինչ չի արել այդ ուղղությամբ…»։ Այս խոսքերից հետո հին կոմունիստը հեռացել է կուսակցության շարքերից: Հիշեցնենք, որ Ռուբեն Թովմասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ որպես պատճառ ներկայացնելով տարիքը։ Նա Կոմկուսը ղեկավարում էր 2000թ.՝ նախ որպես կենտկոմի քարտուղար, ապա 2003թ. առաջին քարտուղար: Նա փոխարինել էր հանկարծամահ եղած Սերգեյ Բադալյանին։

Կարեն Բալյան

Դյուրությունից ոչ դուրեկանը մեկ քայլ է

Այն, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարողանում է խոսել ու հասկացնել խոսքը, հայտնի է, բայց վերջերս շատացել է նրա կողմից արվող «սկանդալային» հայտարարությունների քանակը: «Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում 1-ին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը: Բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լին­ի»,- ասել է կառավարության պատասխանատուն:

Ոմանց կարծիքով, սա վարչապետի բարձր տրամադրության հետեւանքն էր, քանի որ նա կառավարության անդամների հետ շփվում էր առավելապես «ախպեր ջա­ն»-ով, տարաբնույթ կատակներով: Բայց կարծիք էլ կա, որ վարչապետն այս հայտարարությունն արել է ամենայն լրջությամբ, ինչը նշանակում է, եթե որեւէ մեկին թողնում են բիզնեսով զբաղվել, ապա նա չի կարող հեշտությամբ հեռանալ: Պիտի իշխանությունների հետ կարգավորի իր գործը, որ «կարողանա գլուխն ազատել»՝ այսինքն՝ դուրս գալ բիզնեսից:

Ասում են՝ պատճառն այն է, որ մեր երկրում բիզնես գրանցելը շատ հեշտ է, բայց ընթացքում այնպիսի հարկահավաք պայմաններ են ի հայտ են գալիս, ինչը սրվում է հարկային օրենսդրության ոլորտում պարբերաբար արվող փոփոխություններով, որ բիզնեսմենը փորձում է ընթացքից «թռչել»…

Հատկապես սրան նպաստում է այն իրողությունը, որ գործ անող մարդկանց համար հանկարծ առաջանում են անցանկալի բարդություններ (հարկային ու իրավապահ այլ մարմինների կամ քրեական տարրերի կողմից անօրինական ռեկետ կամ փայ մտնել եւ այլն), ինչը դյուրությամբ սկսած բիզնեսը դարձնում է ոչ դուրեկան:

Իսկ ու՞ր են քայլերը

Զլմ-ները վերստին փնտրում են քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանին, բայց նա տեւական ժամանակ հանդես է գալիս որպես սպորտային գործիչ: ԲՀԿ ղեկավարը էլ թունդ քաղաքական հայտարարություններ չի անում: Խորհրդարանում իր մեծությամբ 2-րդ քաղաքական ուժը մինչ օրս անգամ իր քաղաքական կարգավիճակը ճշգրիտ չի ձեւակերպել, շարունակվում է «ո՛չ ընդդիմություն, ո՛չ էլ իշխանություն» քաղաքականությունը: Իսկ պետականամետ, թե կենտրոնամետ լինելու բացատրությունները չեն հաստատվում ԲՀԿ որոշ անդամների քաղաքական հայտարարությունների բովանդակությանը հետեւելով:

Ավելի պարզորոշ են դարձել ԲՀԿ-ականների բողոքները, թե «Ծառուկյանը առյուծ պահելուց բացի, զբաղված է բիզնես խնդիրներով ու մոռացել է թիմակիցներին տված տարբեր խոստումների մասի­ն»:

* * *

Կայացել է նաեւ ավանդական մեկ այլ կուսակցության հավաք՝ ՀՅԴ Երեւանի մարզային 17-րդ Ժողովը, որտեղ քննարկվել է ՀՅԴ բարոյահոգեբանական մթնոլորտը: ՀՅԴ Երեւանի կառույցը փորձելու է տեսանելի ներդրում ունենալու քաղաքի ու երեւանցիների համար կենսական խնդիրների բարձրացման ու լուծման, մայրաքաղաքում սոցիալական արդարության եւ հանրային համախոհության մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ: Համագործակցության եզրեր պիտի գտնվեն մայրաքաղաքի խնդիրներով մտահոգ հասարակական, քաղաքական եւ քաղաքացիական ուժերի հետ: Հնարավոր գործակցության ձեւաչափեր կորդեգրեն նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ:

ՀՅԴ Երեւանի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Լիլիթ Գալստյանը:

Նոր սենսացիա կլինի՞

Տեւական ժամանակ է՝ գործարար Փայլակ Հայրապետյանին ունեզրկելու գործի քննությունն է տեղի ունենում: Շատերին է հետաքրքիր, թե այս գործով երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը քանի՞ անգամ է հրավիրվել հարցաքննության, քանի որ բողոքող կողմի հայտարարություններում բազմիցս հիշատակվել է նրա անունը:

Հայտնի է, որ այսպես կոչված «օֆշորային սկանդալ­ի» գործով Կիպրոս քննչական խումբ էր մեկնել: Հաջողվել է պարզել, որ այդ քննչական խումբը ոչ պակաս «սենսացիա» է բերել Կիպրոսից, ինչը հանձնվել է նախագահ Սերժ Սարգսյանին: Բայց վարչապետը քրգործի շրջանակներում դեռ  չի հարցաքննվել:

Հանրությունը սպասումներ ունի նաեւ Արարատյան թեմի հոգեւոր առաջնորդ Նավասարդ Կճոյանի «օֆշորային» մասով եւս:

Անի Մարության եւ Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։