Ռազմա-քաղաքական խաչմերու՞կ, թե՞ հակաքաղաքագիտական գժանոց – Իշխանափոխության հեղափոխական հակացուցիչը… Ընդդիմության ցուցադրականությունը…

Իշխանափոխության հեղափոխական հակացուցիչը

Որ Հայք-Հայաստանը դարեդար հանդիսանում է տարածաշրջանային կամ համաշխարհային հակամարտությունների ու վերաձեւումների խաչմերուկ, հանրահայտ է: Որ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը (Արցախի Հանրապետության հետ միասին) եւ Հայաստանի բնական ու պատմական բոլոր տարածքները (որոնց վրա գոյացել են արհեստական պետություններ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոշակիորեն՝ նաեւ Վրաստանը) դեռ մնում են միջազգային որոշիչ հակամարտությունների խաչմերուկ՝ Արեւմուտք-Արեւելք եւ Հյուսիս-Հարավ առանցքներում, եւս գաղտնիք չէ:

Սակայն, մենք դեռ չենք կարողանում մեր արարչատուր հայրենի տարածքում ընթացող համաշխարհային վերաձեւումների լիարժեք մասնակիցը դառնալ (խաղաղալիքից խաղացողի վերածվել): Քանի որ այդ կարեւոր խաչմերուկում մշտապես գտնվելով՝ զբաղված ենք ոչ թե ռազմա-քաղաքական խնդիրներ առաջադրելով կամ առաջադրվածների մեջ ներթափանցելով, այլ՝ ներքին հակաքաղաքական գործունեությամբ, որն իրականում անպտուղ է ներքին քաղաքականության ասպարեզում, եւ առավել եւս, չի կարող պտղաբեր լինել արտաքին քաղաքական ոլորտում:

Այն, որ հայկական երկու պետությունները փորձում են ազգային դառնալ, բայց չեն կարողանում, հենց այդ անպտղության, ներքին հակաքաղաքագիտական դրսեւորումների հետեւանք է: Իշխանություններն առաջնորդվում են ներքին ու արտաքին այնպիսի ծրագրահենքով, ինչը միջազգային պահանջ է, սակայն՝ ո՛չ երբեք ազգային: Ավելին՝ այդ պահանջը հակազգային է: Նույն ծրագրահենքով են հանդես գալիս այսօր որոշակի հնարավորություններ ունեցող ընդդիմադիրները: Այդ որոշակի հնարավորություններն էլ նրանց տրվել են նույն միջազգային պայմաններ դնողները, եւ սա է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ծրագրերի ու նպատակների նույնականացման պատճառը:

Երբ «Ղարաբաղ» կոմիտեին փոխարինած (բայց նույն կազմով) ՀՀՇ-ն էր իշխանության, ԱԻՄ-ը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ այն ժամանակների մյուս քաղաքական ուժերի գերակշիռ մասը, որպես այդ իշխանության կարգախոս հայտարարեցին «թալան, թալան մինչեւ վերջ»-ը, որ եկել էր փոխարինելու նրանց «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ին: Հետո ՀՀԿ-ն ցեղակրոն ուսմունքը հանեց իր ծրագրահենքից եւ սկսեց համագործակցել իշխող ՀՀՇ-ի հետ, անգամ պատգամավորներ ունեցավ խորհրդարանում, իսկ ՀՀԿ նախագահ Աշոտ Նավասարդյանը ՆԱՏՕ-ական արագացված ռազմական ուսուցում ստացավ: Մյուս քաղաքական ուժերը, որ չգնացին համագործակցման ճանապարհով՝ մասնատվեցին կամ սկսեցին լրացնել քաղբանտարկյալների շարքերը (հատկապես սադրանքներով ու ծավալուն հարձակում եղավ ՀԱԲ-ի վրա): Իսկ քաղաքական սպանությունները արմատավորվեցին որպես քաղաքական պայքարի բաղադրիչներ:

Հետո ՀՀԿ-ն երկրապահական թեւի հետ եկավ իշխանության, ինչը կարելի է արձանագրել իբրեւ հեղափոխություն վերեւից կամ «անաղմուկ» հեղաշրջում իշխանության ներսում: Իսկ ՀՀՇ-ն փորձեց տիրել ընդդիմադիր դաշտին՝ մի նոր իշխանափոխության ակնկալիքով: Լեւոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը եւ Վանո Սիրադեղյանը պետք է երկրի պետական ղեկը զիջեին իրենց թիմակիցներ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Եվ նախկին հռչակված վարչախմբի հակառակորդները բանտերից ազատ արձակվեցին ու դարձան նորացված իշխանության նոր գործընկերները:

Իսկ նախագահական ընտրություններում, ըստ ընտրողների ու դիտորդների բացարձակ մեծամասնության կարծիքի, հաղթեց ԱԺՄ-ի նախագահ, ՀՀՇ-ի նախկին անդամ, բայց ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը, սակայն պետության ստվերային ղեկավար Վազգեն Սարգսյանը շատ հստակ հայտարարեց, որ եթե անգամ 100%-ով հաղթեր Վազգեն Մանուկյանը, միեւնույնն է՝ նա չէր դառնալու ՀՀ նախագահ…

Եվ որպեսզի նոր ու իսկապես ազգային ընդդիմադիր պայքար չբարձրանար, «թալան, թալան մինչեւ վերջ»-ը նորից վերաճեց հին՝ «պայքար, պայքար մինչեւ վերջ»-ի, որպեսզի ներքեւից սպառնացող հեղափոխական անիվը այլեւս թափ չհավաքեր:

Իսկ միջազգային տարածաշրջանային եւ ներազգային հակաքաղաքագիտական շահերը քաղաքական ձերբակալությունների ու սպանությունների ճանապարհը կարճեցին քաղաքական ահաբեկչությամբ՝ հոկտեմբերի 27-ին…

Մինչ այդ, ՀԿԿ-ից իշխանությունը վերցրած ՀՀՇ-ն (Լեւոն Տեր-Պետրոսյան – Վլադիմիր Մովսիսյան ձեռքսեղմումով ավարտված), գնում էր նոր կերպարանափոխության: Երկրապահ կամավորականներով ամրապնդված ՀՀԿ-ն եւ նախկին ՀԿԿ չինովնիկներով կազմված «Արդարություն» դաշինքի գահակալմանը (Վազգեն Սարգսյան – Կարեն Դեմիրճյան ձեռքսեղմումով սկսված): Բայց… «Հոկտեմբերի 27»-ը առաջ բերեց ԵԿՄ-ՀՀԿ նոր գահակալությունը՝ առանց ՀՀՇ-ական կարկառուն դեմքերի:

Այս դեպքը եւս պետք է դիտարկել իշխանափոխություն վերեւից տարբերակով, ինչքան էլ կատարողները փորձեցին ցույց տալ, որ գործողությունները ներքեւից են կազմակերպվել:

Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան ռազմա-քաղաքական գահակալությունը քաղաքական դրդապատճառներով վերաճեց ՀՀԿ-ԵԿՄ նորացված իշխանության: Ընթացքում 3-րդ անձի փոփոխություն եղավ, բայց դա կատարվեց 2 անձերի համադրելի լրացմամբ: ՀՀ-ում Անդրանիկ Մարգարյանը եւ ԼՂՀ-ում Արկադի Ղուկասյանը դարձան իշխող վարչակարգի 3-րդ անձը: Եվ արդեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերականգնեց ցեղակրոն ուսմունքը կուսակցության ծրագրահենքում:

Իսկ միջազգային ու ներազգային վերադասավորումները, նաեւ ներքաղաքական լուրջ բախումը, որ եղավ մարտի 1-ին, ինչը հանգեցրեց ՀՀԿ-ի հետ դաշնակցելու գաղափարին, եւ ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի, այնուհետեւ ԲՀԿ-ի միավորումներով ցայսօր շարունակվեց ՀՀՇ-ական կադրերի ՀՀԿ-ացված եւ ժողովրդավարացված (նաեւ՝ ի դեմս այլ «կոալիցիոն» ուժերի) գահակալությունը…

1988թ. ծավալված արցախյան պայքարի եւ ապա Արցախի ազատամարտի ու Հայաստանի անկախության ավելի քան 20 տարիների ընթացքում իրականում չի եղել իշխանափոխություն ներքեւից: Եղածները հեղաշրջումներ կամ իշխանափոխություններ են վերեւից: Անգամ ընդդիմադիր կոչված հեղափոխությունների ալիքները եւս հիմնականում վերեւից էին նախաձեռնված…

Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը (նաեւ Արցախի Հանրապետությունը) կանգնած են ՀՀ 3 նախագահների քաղաքական վերադասավորումների շեմին, եւ չի բացառվում, որ հաջորդ նախագահի ընտրությանը ամերիկյան թեկնածուն վերստին լինի ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ռուսական թեկնածուն՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եվրոպական թեկնածուն ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը: Այս ամենը չի բացառվում, բայց ժամանակները փոփոխվում են, դերակատարները եւս, ուստի չի բացառվում նաեւ, որ այդպես չլինի: Ըստ լուրերի, 2-րդ եւ 3-րդ նախագահները քննարկում են Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի ՀՀ նախագահ դառնալու հարցը: Ինչը եւս չի բացառվում:

Կա նաեւ Հայաստանը խորհրդարանական պետություն դարձնելու հեռանկարը, որի դեպքում գործող նախագահը կարող է դառնալ երկիրը ղեկավարող  վարչապետ:

Արամ Ավետյան

Ընդդիմության ցուցադրականությունը

Հստակ է, որ միջազգային պահանջը լսելի եւ ընդունելի է այն ուժերի համար, որոնք քաղաքականությունն ու իրենց քաղաքական գործը առավելապես դրամա-տնտեսական գործարք են համարում, որոնց համար ազգի ու պետության ապահովությունը ուղիղ համեմատական է իրենց նեղանձնական շահերին: Եթե իրենք լավ են, սեփական բանկային հաշիվները կայուն աճում են, անկախ այն բանից, թե որ երկրի կամ որ ազգի ստորադասն է Հայաստանը, նշանակում է՝ ամեն բան լավ է երկրում: Իսկ ժողովրդական հուզումները դարձնում են ոչ թե միջազգային ու ներազգային հարցերի կարգավորիչ ուժ, այլ միջազգայիններին համոզելու եւ իշխանության գալու կամ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում վերարտադրվելու հանգամանք:

Եվ այն ազդեցիկ միջազգային ուժերը, որոնք համոզվում են, որ այդ ընդդիմադիրներն ու ժողովրդական զանգվածները պատրաստ են իշխանափոխության, սկսում են իրենց քայլերն ու ներդրումները… Իսկ եթե դեռ պատրաստ չեն համարում, ապա ներդրումներն արվում են երկրի ընդդիմադիր ոլորտը հսկողության տակ պահելու եւ բոլոր նախաձեռնությունները վերահսկելու համար: Որոշակի հնարավորություններ էլ նրանց տրվում են, բայց միայն իրենց պայմանները մեր քաղաքական դաշտում ընդդիմադիր ծրագրերի ու նպատակների վերածելու համար:

Թերեւս այսպիսի ընդդիմադիրներ ունենք նաեւ այսօր: Եվ հայությունը զրկված է իշխանափոխության իրական լծակից: Օրվա ընդդիմությունները իշխանության մեջ եղած եւ համազգային թալանի մաս կազմած ուժեր են, որոնք բացի միջազգային վերահսկողությունից, վախ ունեն նաեւ իշխանություններից՝ իրենց ոչ մաքուր անցյալի համար:

ՀՀՇ-ական, իսկ այսօր ՀԱԿ-ական քաղաքական թեւը, ազգային իշխանության առկայության դեպքում, ավելի քան 90%-ով կթեթեւացվեր, քանզի անդամների զգալի մասն իր հանգրվանը բանտախցերում պիտի գտներ: ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մեծամասնության մասին չենք խոսում, որոնք այսօր էլ շարունակում են հարստահարել ու հարստանալ: ՀՅԴ-ական ու ԲՀԿ-ական թեւերը նույնպես ամուր չեն իրենց դիրքերում, որովհետեւ իշխանության եղած ժամանակ (շատերը երկրի բոլոր նախագահների հետ էլ աշխատել են) իրենց պաշտոնյաներով հասցրել են միջազգային դրամաշնորհ-աշխատավարձերին ավելացնել ազգից հարստահարած փողերը: «Ժառանգություն»-ը ոչ մի բանով չի տարբերվում սրանցից, քանի որ ի դեմս ղեկավարի, ժամանակին ստացել է միջազգային ու ներազգային «հավերժական» իշխանական ու ընդդիմադիր կառույցների վկայականներ:

Սա է բուն պատճառը, որ հայկական քաղաքական ոլորտում պարբերաբար սկսեցին հասունանալ հեղափոխականներն ու հեղափոխություն անողները: Դրանց մի մասին նաեւ ակտիվիստներ կոչեցին, որ հայտնվեն ամենուր, բոլոր ընդվզումների ժամանակ, առանց գաղափարական տարբերակման. բողոքի ալիքը ժողովրդավարակա՞ն է, թե՞ ազգայնական, սոցիալակա՞ն է, թե՞ բարոյա-հոգեբանական…

Բայց Հայաստանի ներկա ընդդիմադիրների համապատկերին առաջ եկող հեղափոխականներն առավել բարդացրին ընդդիմության փոփոխության հարցը: ՀԱԿ-ը փորձեց իր ակտիվիստների միջոցով եւ ոստիկաններին սադրելով հասնել մի նոր քաղաքացիական ընդվզման վիճակի, բայց իշխանություններն արագ կանխեցին՝ ձերբակալելով «սեփական օրենսդրությամ­բ» շարժվող երիտասարդներին: «Սարդարապատ», «Նախախորհրդարան» եւ այլ նախաձեռնությունները եւս չհաջողեցին, քանի որ գործեցին ընդհանուր ակտիվիստական սկզբունքով՝ խառնվել բոլորի բոլոր գործերին եւ ամենուր:

Ազատամարտիկների եւ տարբեր սոցիալական խմբերի ընդվզումների քաղաքականացումն էլ ավելի շուտ շեղեց բողոքավորների արդար պահանջի ալիքը՝ այն դարձնելով այս կամ այն ուժի իշխանատենչական ակցիա: Եվ իշխանական թեւերն արդեն իրենք նախաձեռնեցին ակտիվիստական շարժումներ, հասունացող ալիքը կանխելու համար, ինչն առավել հաջողվեց ու ավելի գործուն է ցայսօր, քան ընդդիմադիր ուժերի նախաձեռնած շարժումները: Հիշեցնենք, «Ժառանգություն»-ը անգամ «Բարեւի հեղափոխությու­ն» նախաձեռնեց, ինչը նույնպես տապալվեց, եւ այս կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց սեփական հեղափոխական գործն առաջ մղել, որն անգամ ընդդիմադիրների կողմից չպաշտպանվեց, քանզի ծավալվեց անպտուղ ու հակասական եսակենտրոն գործելաոճով:

Ժողովրդավարական, նաեւ ժողովրդական հեղափոխական ալիքների չաճող ուժը նկատելով՝ ազգային-ազգայնական շարժում սկսելու փորձ եղավ, որը կարող էր նոր իրավիճակ ստեղծել երկրում, եթե կատարողն իրապես հայ ազգայնական լիներ: Բայց ցեղակրոն գաղափարն ու հասկացությունը ուղղակի բառի վերածած եւ ամանորյա պայթուցիկներով զինված իշխանափոխության նետված երիտասարդները բոլորովին այլ խնդիր էին լուծում: Ըստ ամենայնի, ոստիկանությունը կարող էր նախապես եւ բռնի ուժի կիրառմամբ (քանի որ հեղաշրջման եւ ահաբեկման կոչեր էին հնչել) կասեցնել Շանթ Հարությունյանի հեղափոխությունը, բայց համարեցին, որ խաղաղ միջոցառում է լինելու եւ սխալվելու իրավունքը թողեցին հեղափոխականներին: Արդյունքում՝ այդպես էլ եղավ, եւ ինչպես նախկինում, ձերբակալվեցին ակտիվիստներն ու հեղափոխականները, իսկ Շանթ Հարությունյանը եւ Անուշավան Գրիգորյանը տեղափոխվեցին Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց… Իսկ «հեղափոխությունը» որակվեց որպես զանգվածային անկարգություն, որի ղեկավարը ժամանակին անմեղսունակ է ճանաչվել: Սա երկրորդ դեպքն է, քանի որ Շանթ Հարությունյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 2008-ի «Մարտի 1-ի» գործով չդատապարտվելով (ճանաչվելով անմեղսունակ):

Զարմանալի հայտարարություն արեց այդ օրերին ՀՀ 2-րդ նախագահի անվտանգության գծով խորհրդական աշխատած Գառնիկ Իսագուլյանը, ով «Ազգային անվտանգությու­ն» կուսակցության նախագահն է: Կոչ է արել Սերժ Սարգսյանին՝ կամ վերջ դնել բեսպրեդելին, կամ էլ հրաժարական տալ. «Միայն հեղափոխություն՝ կամ վերեւից, որը կլինի անցավ ու ցանկալի, կամ ներքեւից, որը, եթե չլինի առաջինը, անխուսափելի է ու ցավոտ: «Բեսպրեդել»-ը, որը նույնիսկ հայեցի տարբերակը չունի եւ որն այսօր առկա է Հայաստանում, հարկավոր է կանգնեցնել: «Նորաթուխ մանկիկների­ն», «շոֆերներին», «բազարչիներին» իշխանություն տալով՝ երկրում լուրջ բարեփոխումներ հնարավոր չէ անել: Հարկավոր են հայրենասեր մարդիկ, հայրենիքը սիրող մարդիկ, այլապես ամեն մի ելույթ ունեցող՝ սկսած վարչապետից, վերջացրած իշխանության վերջին սպասավորով, իր ելույթը սկսում է. «Կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը՝ մենք արեցինք…» սա, նա, մյուսը»:

Այս կոչը սակայն երկու ծայր ունի: Նախ՝ կարծես ջուր է լցնում ներքեւից եկող հեղափոխականների ջրաղացին՝ հասկացնելով, թե պատվախնդիր դարձրեք շարքերը, հետո էլ՝ կոչ է նախագահ Սերժ Սարգսյանին, որ օրենքի սահմաններում բոլոր անօրեն գործողներին կարգի հրավիրի, եւ կառավարություն կազմի պետական մտածողությամբ ու ազգային նպատակներով գործող մարդկանցով:

Դառնալով հեղափոխությանը՝ նշենք, որ գրեթե միշտ ընդդիմադիր «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանն անգամ գրեց. «Գմփցնելու կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր: Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը: Երեկ ես դրանում կրկին համոզվեցի: Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով եւ պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում եւ ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է: Մարդիկ վախենում են այդ պարզ ճշմարտությունն արտաբերել, որովհետեւ վախենում են, որ իրենց կմեղադրեն «իշխանությանը ծառայելո­ւ» մեջ: Քաղաքական ուժերը նույնպես դա չեն ուզում դատապարտել՝ վախենալով կորցնել իրենց «ընդդիմադիր դիվիդենդներ­ը»: Լավագույն դեպքում կասեն՝ դե, ինչ արած, այս ռեժիմը ժողովրդին հասցրել է ծայրահեղ վիճակի, եւ այդ պատճառով հնարավոր են ահա այսպիսի դրսեւորումներ: Այդ տրամաբանությամբ կարելի է արդարացնել նաեւ Նաիրի Հունանյանի «դրսեւորումները»… Ենթադրենք, «մոլոտով-կոկտեյ­լ»-ով կամ ինքնաձիգով հնարավոր է հեղափոխություն անել, իշխանափոխության հարց լուծել: Միթե՞ պարզ չէ, որ հեղափոխությամբ իշխանության եկածները կլինեն ավելի կոռումպացված, ավելի ագահ եւ ավելի ցինիկ, քան այսօրվանները: Իշխանության եկած հեղափոխականները պատրանք կունենան, որ ունեն որեւէ մեկի կողմից չվերահսկվող կամայականությունների ու բռնությունների մանդատ: Այդպիսով՝ բոլոր մակարդակներում եւ մարզերում իշխանության գլխին կունենանք հարյուրավոր «լիսկաներ»: Եվ հնարավոր է, որ ինքնաձիգ եւ պայթուցիկ ունեցողներին «մի գեղեցիկ օր» աթոռներից կքշեն տանկեր եւ ԲՏՌ-ներ ունեցողները: Եվ այսպես շարունակ»:

Սա հենց այն է, ինչի մասին խոսել է Գառնիկ Իսագուլյանը, ինչը նաեւ գիտակցեցին ընդդիմադիրները, բայց քչերն արտահայտվեցին: Իսկ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը (նաեւ միջազգայիններին լսեցնելով) նշեց. «Այն քաղաքացին, այն երկիրը, որը դանակ է բարձրացնում իր ոստիկանի վրա, այդտեղից ժողովրդավարության հոտ չի գալիս… Ուստի ոստիկանները իրենց պահել են բավական ադեկվատ, իրավաչափ եւ նորմալ, ինչը չեմ կարող ասել ցուցարարների մասին… Բռնության կոչ է եղել, ասում են պրովոկացիա, ի՞նչ պրովոկացիա. Շանթ Հարությունյանը ասում էր նախագահական ենք գմփացնելու, էս ենք անելու, էն ենք անելու, դա պրովոկացիա է»:

Թվում է՝ միջազգայինները հասկացան, բայց երբ ուժգնացավ Մաքսային միության հետ մերձեցման գործընթացը ու ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը դարձավ հարցական, հասկանալի եղավ, որ հեղափոխական ու ակտիվիստական շարժումները նոր թափ են ստանալու նաեւ դրսի պատվերով (չենք բացառում երկրի վիճակով իրապես մտահոգ մարդկանց ու խմբերի առկայությունը այդ շարքերում):

Եթե Մոսկվան բռիությամբ ու ռազմա-քաղաքական համաձայնագրերով է փորձում կարգավորել իր հարցերը, ապա Բրյուսելն ու Վաշինգտոնը սեռական ու հոգեւոր սանձարձակությունների օրինականացմամբ են փորձում իբր մեղմորեն հասնել իրենց նպատակներին: Եվ գենդերային օրենքի տարաբնույթ շահարկումների, կանանց եւ տղամարդկանց իրավունքների անվան տակ համասեռականների ու մյուս սեռախեղների իրավունքների հաստատմանն ուղղված քայլերը դրա ապացույցն են: Անգամ ցույցեր են կազմակերպվում, եւ այս դեպքում ակտիվիստները կանանց բռնության դեմ ինչ-որ անդեմ ու ցուցադրական բողոք են անում:

Քաղաքականությունը ներառել է հանրության բոլոր շերտերը, անգամ հոգեւորականներն անմասն չմնացին: Բայց նրանց էլ ուղղվեց ամենաակնառու հարցերից մեկը. «Աղքատից գողանալ եւ եկեղեցի սարքելը Աստվածապղծությու՞ն է, թե՞ ո­չ»:

Այս ամենը կարծես քիչ էր քաղաքական դաշտը գժանոցի վերածելու համար, հիմա էլ հայտնվել է մի կուսակցություն, որի նախագահ Անի Զախարյանը ազգի փրկությունը տեսնում է հայ աղջիկների «կուսաթաղանթի ոչնչացման մեջ»: Իհարկե, կարելի է հասկանալ, որ որոշակի տարիքի հասած աղջիկը, ով ամուսնացած չէ եւ դժվար էլ ամուսնանա, կարողանա իրավական տեսանկյունից կարգավորել իր բնկական սերնդատվական իրավունքը, բայց դա հրապարակային խաղարկումների թեմա չէ եւ անլուրջ մոտեցմամբ առավելապես վնաս է հասցնում տվյալ թեմային, քան նպաստում այն հասկանալու խնդրին: Եվ այս կուսակցապետը հայտարարում է, թե նախագահ Սարգսյանի հարցերը վերցնում է իր վրա. «Եթե չհրաժարվի Մաքսային միությունից, ապա համաժողովրդական ազգային շարժում է լինելու, եւ հերոսը լինելու է ՀՀ քաղաքացի­ն»: Առաջարկել է անցկացնել ստորագրահավաք, դրանով պայքարել իշխող վերնախավի դեմ ու եթե դա արդյունք չտա, «առաջարկում է խմբերի բաժանվել. մի խումը դուրս կգա քաղաքապետ Տարոն Մարգարյանի, մեկը՝ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, մեկը՝ տանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ…»: Իսկ ահա, ինչպես վերը նշեցինք, Սերժ Սարգսյանի հարցերը նա վերցնում է իր վրա:

Բայց ամենազարհուրհելին այն է, որ այս կինը, որ հավակնում է քաղաքական համակարգողի դեր ստանձնել, իր անհասկանալի գաղափարների հետ միասին շահարկում է հայ հսկաների անունները: Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ պարզապես կանգնած մարդկանց հետ խոսելով, ու դա հանրահավաք համարելով, նա զարմացած մարդկանց կոչ է արել «մյուս հանրահավաքին (երեւի հաջորդ կանգառում) յուրաքանչյուրն իր հետ բերի 5-10 հոգի, բոլոր կուսակցություններն էլ իրենց ճանապարհը սկսում են 4, 5 կամ 10 մարդկանցով»: «Անգամ մենք գիտենք մեր պատմությունից, որ 10 հոգանոց զինվորներով ինչ հաղթանակ են տարել: Մենք ունեցել ենք Գարեգին Նժդեհ, ունեցել ենք Վարդան Մամիկոնյան, մենք ունեցել ենք Անդրանիկ: Հիմա դուք ունեք Անի Զախարյան»…

Սա պարզապես ստորացուցիչ կլիներ, եթե որեւէ մեկը այս «քաղաքական» դեմքին լուրջ վերաբերեր:

Իսկ ամենավերջին ընդդիմադիր նորությունը պատկանում է ոչ անհայտ «էպոսագետ» ու ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով մեղադրվեց մեկ այլ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ կազմակերպելու մեջ: Կալանավայրից հայտարարել է. «Ես եմ լինելու Հայաստանի 4-րդ նախագահ­ը»: 14 տարով ազատազրկվածի այս հայտարարությունը «գուշակություն» է, որ Սերժ Սարգսյանը այդքան տարի պետք է մնա իշխանության թիվ 1 պատասխանատուն, մինչեւ «էպոսագետ»-ն ազատվի բանտարկությունից եւ ընտրվի երկրի նախագահ: «…Բայց ի՞նչ եմ արել: Ի՞նչ շահ ունեի, եթե Հայրիկյանը կյանքից զրկվե­ր»,- ասել է Վարդան Սեդրակյանը՝ հերքելով իր մեղադրանքը, դրանով հույս հայտնելով, թե 14 տարին կփոփոխվի եւ կարող է նաեւ խանգարիչ չլինել:

Իսկ այդ ժամանակ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 29-ին անցկացնելու է արտոնված հանրահավաք Մաքսային միություն մտնելու դեմ, բայց նոյեմբերի 26-ից նախագահի նստավայրի դիմաց նստացույց էր սկսվել. «Վիլնյուս կամ հրաժարական» եւ նմանատիպ պաստառներով։ Հետո իբր լրագրողներից իմանալով, որ հայկական կողմը Վիլնյուս գնալու է (ինչի մասին երկար ժամանակ է հայտարարում է պաշտոնական Երեւանը), որոշել է դադարեցնել նստացույցը… Եվ ինչպես վաղուց հայտնի էր, Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին կմեկնի Լիտվա՝ մասնակցելու  Եվրոպական ժողովրդական կուսակցության եւ ԵԺԿ Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:

Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանին կասկածում են «ռուսական պատվե­ր» կատարելու մեջ, իսկ Պարույր Հայրիկյանը հայտարարում է. «Ռուսաստանն այսօր Հայաստանի անվտանգությունը պաշտպանողի դերը չի կատարում: Ի՞նչ երաշխիք, որ վաղը կկատարի, ինչի մեզ պիտի ստրկացնենք… Առավել եւս, որ Հայաստանը գործ ունի 3 դիկտատուրաների հետ. Լուկաշենկո, Պուտին եւ Նազարբաեւ, որ աշխարհով մեկ ճանաչված են որպես դիկտատորներ»:

Այս հանրահավաքով ԱԻՄ նախագահը մյուսների նման իշխանափոխություն չի պահանջելու, բայց աշխարհին ուզում է ցույց տալ, որ հայ ժողովուրդը ստրկացված չէ։ Այսինքն՝ ամերիկյան զինվորի «բոթասը» ռուսական զինվորի «սապոգից» թեթեւ է հարվածում, եւ դա ապաստրկացնում է հային… Ցավալի է, բայց անկախության պատկերացումը անգամ «անկախության հիմնադր­ի» համար է պետպատվերի կարգավիճակ ստացել: Որովհետեւ կապ չունի՝ այդ պետպատվերը Մոսկվայից է, թե Վաշինգտոն-Բրյուսել կենտրոնից:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։