ՀՀ սահմանը՝ հայկակա՛ն վերահսկողությամբ – Խոսենք առանց շահարկումների ու միայն փաստերով – Արմենուհի Մելքոնյան («Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)

Կառավարությունն արդեն համաձայնություն է տվել այն որոշմանը, ըստ որի ՀՀ եւ ՌԴ միջեւ մեր երկրի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրությունում փոփոխություններ կարվեն: Ըստ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի, հայկական եւ ռուսական կողմերը հաշվի առնելով ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխությունը, համաձայնության են գալիս 2 կետի շուրջ. 1. ռուսական կողմին է փոխանցվում Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երեւանի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը (ուղղաթիռային սավառնակախմբի կանգառի եւ գետնավարման ուղու կառուցման համար նախատեսված հողատարածքները, վարչատնտեսական օբյեկտների, զինանոցի, շտաբի, բնակելի ավանի, ինժեներաավիացիոն ծառայության շենքի, ավտոհավաքակայանի տարածքները եւ «Էրեբունի» օդանավակայանում վառելիքաքսուքային պահեստ կառուցելու համար տարածքներ): Այս տարածքները կներառվեն ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում: 2. Հայկական կողմին է փոխանցում Շիրակի մարզի Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը՝ հանելով այն ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից: Արձանագրությունը կկազմվի հայերեն եւ ռուսերեն, եւ 2 տեքստերն էլ հավասարազոր կլինեն:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով, մեր տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի առկա տեղաբաշխման կետերը սահմանված են 1996թ. սեպտեմբերի 27-ի՝ հայկական եւ ռուսական կողմերի միջեւ համապատասխան համաձայնագրով եւ 2012թ. հոկտեմբերի 3-ի համապատասխան արձանագրությամբ: Ցանկում տեղաբաշխման կետերը նշված են որպես ռազմական ավաններ: Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոփոխվել են նաեւ ռազմակայանի տեղակայման կետերը, որի հետեւանքով համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել 2000թ., 2003թ., 2005թ. եւ 2007թ. արձանագրություններով: 2012թ. հոկտեմբերի 3-ին ստորագրվել եւ ՀՀ նախագահի 2012թ. դեկտեմբերի 14-ի հրամանագրով՝ ուժի մեջ է մտել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրությունը, որով հայկական կողմին կվերադարձվեն 10 ռազմական ավաններ եւ դրանց տարածքում տեղակայված անշարժ գույք: Դրանց վերադարձման նպատակով ս.թ. ապրիլի 24-27-ը Երեւանում կայացավ մեր երկրի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման եւ գործառնման նպատակով հողատարածքների եւ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում էլ ստորագրվեցին հողատարածքների եւ անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտերը, ինչպես նաեւ հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը: Նիստի արձանագրությամբ հայկական եւ ռուսական կողմերի վրա դրվել են մի շարք պարտավորություններ, մասնավորապես վերջիններս միմյանց պետք է փոխանցեն որոշ հողատարածքներ: Ռուսական կողմը առաջարկել է հզորացնել 102-րդ ռուսաստանյան ռազմակայանը եւ այդ նպատակով ս.թ. նոյեմբերին ծրագրվել է ՀՀ-ին տրամադրել 18 ուղղաթիռներ: Այդ նպատակով «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին տրամադրել տարբեր նշանակության տարածքներ (վերեւում նշվեցին այդ տարածքները): Այս նպատակով էլ ՀՀ ՊՆ-ն պատրաստել էր վերոհիշյալ արձանագրությունում փոփոխությունների նախագիծը, որի նպատակն է, ըստ Սեյրան Օհանյանի, հստակեցնել եւ փաստացի վիճակին համապատասխանեցնել ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, նաեւ իրավական հիմք ստեղծել նշված ռազմական ավաններն ու չօգտագործվող  հողատարածքները սահմանված կարգով հայկական կողմին վերադարձնելու համար:

Ըստ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի, ռուսական ռազմակայանին հողատարածքներ տրամադրելը օրինաչափ է. «Ռուսաստանը ցանկանում է դառնալ ուժային բեւեռ եւ այդ նպատակով համագործակցելու է իր դանշակիցների հետ, այդ թվում՝ Հայաստանի»: Նա նշել է, որ գոյություն ունի թուրքական սպառնալիք, ու այդ պատճառով մեր քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը որոշել է այդ հողատարածքները տրամադրել ռուսական ռազմակայանին: Որոշում է կայացվել արդյունավետ ու տրամաբանված համագործակցության մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Ռազմաբազան ցանկանում են արդիականացնել, ընդլայնել. կարծում են վերլուծաբանները՝ համոզմունք հայտնելով, որ գործընթացը ՀՀ ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից հայկական շահերից էլ է բխում, քանզի հենց այսպես է ձեւավորվում Մոսկվա-Երեւան-Թեհրան աշխարհաքաղաքական առանցքը:

ՀՆԽ-ի հետախույզ Վովա Վարդանովը եւս անդրադաձել է թեմային եւ նշել, որ ռուսական ռազմական բազայի 5.000 հոգանոց անձնակազմի համար Գյումրիի բազան շատ փոքր էր եւ նրանց հողատարածքները տրամադրելը օրինաչափ է. «Մենք ռուսների հետ ունենք պայմանագիր, որ ռուսները պետք է մեր հետ միասին ապահովեն ՀՀ անվտանգություն­ը»: Նրա խոսքերով, անհիմն եւ արհեստական են այդ հողատարածքների տրամադրման հետ կապված շահարկումները:

Ինչեւէ, իսկ եթե խոսենք առանց շահարկումների ու միայն փաստերով, ապա հաստատ ամեն բան այսպես վառվռուն եւ լուսավոր չէ թերեւա, ինչպես ներկայացնում են որոշ վերլուծաբաններ ու մասնագետներ: Այստեղ հարցը այնքան տարածքներ տրամադրելը չէ, որքան այդ տարածքներում տեղակայված զինուժի ՕԳԳ-ն: Իսկ օգտակար գործողությունները բխում են հաջորդիվ քայլերի տրամաբանությունից նաեւ: Այս առումով ռուսական զանգվածային ոչնչացման զենքերի վաճառքը Ադրբեջանին եւ Թուրքիային՝ անգամ հայերիս մոտ է «ամերիկյան ժպի­տ» առաջացնում, երբ դրանից հետո խոսում ենք ռուսական ռազմաբազայի առկայությամբ Հայաստանի անվտանգության պաշտպանության մասին: Ստացվում է՝ Մոսկվան այդ զանգվածային ոչնչացման զենքերը տվել է մեր թշնամիներին, որպեսզի պատերազմի դեպքում արձակեն Հայաստանի վրա, եւ հայ ու ռուս զինվորները կոտորվեն:

Իսկ երբ այդ զինատեսակները գործածվեն նաեւ խաղաղ բնակչության դեմ, ինչպե՞ս են պաշտպանելու ռուսները հայ բնակչությանը: Եվ եթե պաշտպանելու են, ապա ինչու՞ են նման զենքեր տալիս պատերազմի ձգտող հակառակորդներին:

Հիշեցնենք, որ 2010թ., ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան այցի շրջանակներում փոփոխություն կատարվեց այդ պայմանագրում, որով ոչ միայն 49 տարով երկարաձգվեց ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում, այլ ավելացվեց ռուսական ռազմաբազայի խնդիրը՝ ելնելով «իրենց սեփական անվտանգության եւ ԱՊՀ հավաքական անվտանգության շահերի­ց»: Այսինքն՝ մինչ 2010թ., խոսքը ռուսական ռազմաբազայի կողմի միայն նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանի՝ Թուրքիայի ու Իրանի սահմանային հատվածում իրականացվող խնդիրների մասին էր: Սակայն ստորագրված արձանագրությամբ, ՀՀ-ում ռուսական ռազմականը պատասխանատվություն ստանձնեց՝ ՀՀ ԶՈւ-ի հետ համատեղ իրականացնելու Հայաստանի բոլոր սահմանների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի պահպանության խնդիրը: Եվ ռազմակայանի՝ մարդկային ռեսուրսով ու ռազմական տեխնիկայով համալրումը ռուսական ռազմակայանին նոր տարածքներ հատկացնելու անհրաժեշտություն էր առաջացնելու ու կառավարության որոշումը՝ տարածքներ հատկացնել ռուսական ռազմաբազային, այս հարցն է կարգավորում:

Սակայն, ինչպես նշեցինք, ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական ռազմա-քաղաքական զարգացումները կասկած են հարուցում, որ արցախյան հակամարտության վերսկսման դեպքում ռուսական կողմը կարող է նոր քաղաքական խաղեր տալ՝ հենց ՀՀ-ում տեղակայված ռազմաբազան շահարկելով: Եթե փոխադարձ պարտավորությունները հստակ են, ապա Երեւանը պետք է պահանջի իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից «զենքի բիզնես­ը» մեր կյանքի ու հայկական շահերի հաշվին չկազմակերպել:

Եվ իզուր չէ, որ Հայաստանում արդեն չար կատակներ են տարածվում (գուցե կատակ չէ՞), թե «ռուսական քաղաքական շրջանակներում խոսվում է, որ Պուտինի այցից հետո, ըստ ամենայնի, Գյումրին դարձյալ կվերանվանվի Ալեքսանդրապո­լ»: Հիշեցնենք, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելուց հետո Գյումրին դառնում է սահմանային քաղաք (ՄՄ-ի եւ ՆԱՏՕ-ական Թուրքիայի միջեւ, իսկ եթե բացվի հայ-թուրքական սահմանը, ապա սահմանն ուղիղ կխաչվի Գյումրիում):

Ամեն դեպքում Հայաստանի սահմանների պատասխանատուն պետք է լինի հայկական պետությունը, իսկ ռուսները, ամերիկացիները կամ եվրոպացիները կարող են լինել միայն աջակցողներ, որոշակի պարտավորություններ ստանձնած կողմեր: Ավելիի (հասկանալ՝ սեփական ուժին չապավինելու) դեպքում տանուլ տվողը դարձյալ մենք ենք լինելու:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 39 (302), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։