Սկիզբը՝ թիվ 39-ում
Բամբակի ծով – գտնվում է Տաթեւի վանքի առջեւում: Այս ձորը լցվում է փափուկ եւ սպիտակ ամպերի քուլաներով, որոնք նման են բամբակի: Դրա համար էլ կոչվում է Բամբակի ծով:
Ձյունիկի քարե արձան – գտնվում է Քաջարանում, Ձյունական գետի մեջ: Ասում են, թե Ձյունիկ անունով մի աղջկա Քաջարանից հարս են տարել չուզած գյուղը, չուզած մարդու համար: Կես ճամփին Ձյունիկն իրեն նետել է Ձյունական գետի փրփուրների մեջ եւ հրաշքով դարձել է քարե արձան:
Ագռավաքար – գտնվում է Գորիսի հյուսիս-արեւելյան կողմում, Շոր-ձորում: Պառավն ունեցել է մի ագռավ, որի հետ հարյուր տարի սիրով ապրել է: Մի օր ագռավը անգիտությամբ սպանել է պառավի հավի ճտերից մեկին: Պառավն անիծել է նրան եւ ասել. «Քար դառնաս, ա՜յ ագռավ»: Ագռավն իսկույն քար է դարձել եւ մնացել է ժայռի վրա:
Եզան ուխտատեղի – գտնվում է Տաթեւի վանքի հանդիպակաց լեռնաշղթայի վրա: Այս քարաբլուրը կազմված է անտաշ քարերի կիտվածքից, որը օր-օրի մեծանում է, որովհետեւ ամեն անցորդ ճանապարհից մի քար է վերցնում եւ նետում նրա վրա: Ասում են, թե քարակույտի տակ թաղված է մի եզ, որը առանց մարդու օգնության շրջակայքից մեջքով կրել է Տաթեւի վանքի համար անհրաժեշտ շինանյութը:
Ծակ քար – գտնվում է Գորիսի շրջանում, Որոտան գետի ափին: Մի չար վարդապետ ուզում է տիրանալ գեղեցիկ Շուշանին: Սա փախչում է դեպի ժայռերը: Երբ քիչ է մնում որ վարդապետը հասնի Շուշանին, վերջինս օգնության է կանչում աստծուն: Ժայռը իսկույն ծակվում է, եւ աղջիկը մտնում է նրա մեջ:
Անիծած քար – Որոտանի ձորահովիտներից մեկում, ճամփեքի մոտ կան ցցված եւ թեքված վիթխարի ժայռեր, որոնցից մեկը հիշեցնում է արձանացած մի մարդ, մյուսը՝ կալ անելիս քարացած եզներ, իսկ կենտրոնի ավազահատիկ բարձրությունը՝ կալսած հացահատիկի մի կույտ: Ժողովուրդը «Անիծած քար» է կոչում ձորահովտի այս կանաչազուրկ, գորշ մասը: Այստեղով անցնելիս մարդիկ, հնավանդ սովորության համաձայն, կանգ են առնում մի պահ, անեծքի խոսքեր շպրտելով մարդուն՝ շարունակում են ճանապարհը: Ասում են, թե քարացած այդ մարդը մի ագահ հարուստ է եղել, ով իմանալով, որ իր կալվոր-ծառան մի բուռ ցորեն է տվել կալատեղով անցնող աղքատ մարդուն, վռնդել է նրան աշխատանքից: Յոթ երեխի տեր կալվորի պառավ մայրը անիծել է ագահ հարուստին եւ նրա անեծքով քար են դարձել թե՛ ագահ հարուստը, թե՛ եզները եւ թե՛ նրա հացահատիկը:
Հայրիկի քար – գտնվում է Տաթեւից Հալիձոր տանող ճանապարհին: Տաթեւից Հալիձոր գնալիս Խրիմյան Հայրիկը նստել է այստեղ՝ հանգստանալու: Ի հիշատակ Հայրիկի, զանգեզուրցիք այդ տեղում մի մեծ քար են կանգնեցրել, որը եւկոչվում է Հայրիկի քար:
Յոթ քույրերի քար– գտնվում է Սիսիանում: Սիսիանում կա մի վիթխարի ժայռ, որի ճեղքից հաճախ երեւում են խմբով մողեսներ: Ասում են, թե առեւանգիչներից հալածված յոթ քույրեր խնդրում են աստծուն, որ իրենց ազատի: Աստված նրանց մողես է դարձնում, եւ քույրերը մտնելով ժայռի ճեղքից ներս, փրկվում են: Դրանից հետո այդ ժայռի անունը մնում է Յոթ քույրերի քար:
Սվարանց – պատմում են, թե երբ Լենկ Թեմուրն ուզում է նվաճել Հայաստանը, մի ծեր զինվոր նրան ասում է.
– Ուր ուզում ես գնա, միայն Սյունիք չգնաս:
– Ինչո՞ւ,- զարմանում է Լենկ-Թեմուրը:
– Այնտեղ ճամփա ու կածան դեպի ժայռ են տանում,- պատասխանում է ծեր զինվորը,- նրանց տներն էլ քերծերում են, բերդերը՝ ժայռերի գլխին, վանքերը՝ նրանցից էլ բարձր: Ամպերը ցածր են նրանց օջախներից: Նրանց ո՛չ նետ կհասնի, ո՛չ սուր ու թուր:
– Լա՛վ,- ասում է Լենկ Թեմուրը,- ես ամենից առաջ նրանց կնվաճեմ:
Եվ հարձակվում է Սյունիքի վրա: Կռվում է մեկ օր, հինգ օր, տասն օր… Սյունեցիները չեն հանձնվում: Ցերեկը ծուխ է բարձրանում նրանց օջախներից, գիշերը վառվում են նրանց կրակները: Թեմուրը խոստումներ է շռայլում, երդումներ անում… Միայն մի գյուղի մարդիկ են ուզում հանձնվել: Թեմուրը խոստանում է նրանց սրի չքաշել: Գյուղի վարդապետը համագյուղացիներին չի թողնում հանձնվել: Ինչ անում է, չի անում, չեն լսում: Հանձնվում են: Թեմուրը նրանց քշում է մի դաշտ ու ասում.
– Ես խոստացա ձեզ սրի չքաշել: Ես խոսքիս տերն եմ: Բայց ես երդվել եմ ձեզ կենդանի չթողնել:
Եվ հրամայում է մի խանդակ (փոս) փորել, բոլորին կենդանի թաղել: Այդպես էլ անում են: Վարդապետը լսում է այդ մասին, վերցնում է ծխամատյանը, գյուղի հին անունը ջնջում է, տեղը գրում Սեւ արանց են, այսինքն՝ սեւ մարդկանց, սեւերես արարածների գյուղ: Եվ այդ օրվանից գյուղի հին անունը մոռացվում է, մնում է Սեւ արանց, որը հետագայում դառնում է Սվարանց:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



