Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը… Կուտակային կենսաթոշակ – Ապագա ծերերին այսօրվանից են պարտադրում…

Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը

Սկիզբը՝ թիվ 39-ում

Փաստորեն, ինչպես արդեն ասացինք, մենք ունենք լիքը ոչ մետաղական հանքանյութեր, աշխարհում ամենաորակյալ ապարները, բայց ոլորտային տնտեսությունը չի գործում: Փլուզված է գործնականում: Մինչդեռ մեր երկրում բարձր որակական հատկանիշներով օժտված հանքանյութերի մեծ քանակություն կա, որոնք որպես հումք կարող են օգտագործվել ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունեցող արտադրատեսակների ստացման համար: Ուրեմն՝ ինչ քայլեր են առաջարկվում ոտքի կանգնելու համար:

Մի ժամանակ խնդրո առարկայի հետ կապված աշխատանքային խումբ կար ստեղծված, որտեղ ներգրավված էին «Հայէլեկտրամեքենա», «Օնիքս», «Գյումրու ապակու գործարան», «Բազալտ միներալ», «Քարակերտի քարաձուլման գործարան», «Ամուրկավ», «Միմ» ընկերությունների ներկայացուցիչները: Համապատասխան ուսումնասիրությունների հիմամբ առաջարկվել էր  գնահատել նշված ձեռնարկությունների վիճակը եւ տեխնիկական աուդիտ անցկացնել: Դրանից զատ՝ համալիր պետք է ուսումնասիրվեր ներկայիս տեխնիկական պահանջներին համապատասխան արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական ռեժիմներն ու պրոցեսները, արտադրատեսակների սպառման շուկաները եւն: Ուսումնասիրելով նաեւ առկա՝ ոչ մետաղական օգտակար հանածոների տարատեսակները, որոնք գրանցված են օգտակար հանածոների պետական հաշվեկշռում՝ առավել հեռանկարային արտադրատեսակների ստացման համար առաջարկվեցին ապարների այս տեսակները՝ պեռլիտային, բազալտային, մագնեսիլիկատային, դոլոմիտները, դիատոմիտները, ցեոլիտները, բենտոնիտային կավերը, քվարցիտները, նեֆելինային սիենիտները:

Մասնագետները բացատրում են, թե ինչու ընտրվեցին հենց այս ապարները: Որովհետեւ հենց դրանց միջոցով կարող ենք զարգացնել ոլորտը եւ, ըստ այդմ, տնտեսությունը: Հեռանկարն ավելի պարզորոշ դարձնելու համար որոշ անհրաժեշտ մանրամասներ ներկայացնենք:

1. Պեռլիտները ջուր պարունակող ապակենման ապարներ են, որոնք առաջացել են հրաբխային լավաների արագ սառեցումից, եւ ջերմամշակման ժամանակ փքվում են՝ առաջացնելով տարբեր տեսակի թեթեւ նյութեր: Պեռլիտներն օգտագործվում են թեթեւ բետոնների, ջերմա եւ էլեկտրամեկուսիչների, նուրբ քամիչների, սպիտակ եւ գունավոր ապակիների, բյուրեղապակու, հրակայուն թելերի եւ այլ նյութերի արտադրության մեջ, հողին ավելացված պեռլիտների խառնուրդը լավացնում է հողի կառուցվածքն ու ֆիզիկական հատկությունները: Պեռլիտային ապարներից ստանում են բջջավոր ապակի, որն առավել արդյունավետ ջերմամեկուսիչ նյութ է: Հայաստանում հայտնաբերված են պեռլիտային ապարների տասնյակ հանքավայրեր, որոնց ընդհանուր պաշարները գնահատվում են՝ 321,4 մլն. խմ: Արագածի հանքավայրի պեռլիտները նախկինում արտահանվել են Իտալիա, Բելգիա՝ փոշե ֆիլտրերի ստացման համար, ինչպես նաեւ Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան՝ ջերմամեկուսիչ նյութերի ստացման համար, սակայն Եվրոպա ներկայումս պեռլիտներ է կրվում ԱՄՆ-ից: Այսինքն՝ մենք շուկայի տեղ ունենք:

2. Հայաստանում բազալտները հիմնականում կիրառվում են շինարարության մեջ՝ որպես երեսպատման սալիկներ, եզրաքարեր: Բազալտից ստանում են նաեւ բարձրորակ խիճ ու ավազ, որը կիրառվում է բետոնային աշխատանքներում, ծակոտկեն տեսակներն օգտագործում են նաեւ որպես որմնաքար, ինչպես նաեւ հատուկ իրերի՝ թղթի արտադրության մեջ, ցելյուլոզայի մանրացման համար եւ այլ բնագավառներում: Որոշ տեսակներ օգտագործվում են նաեւ քիմիական արդյունաբերության մեջ՝ թթվակայուն իրերի շինվածքների համար: Ներկայում  այն մեծ կիրառում ունի որպես քարձուլման հումք. այս ձեւով պատրաստված իրերը՝ խողովակները, սալերը, էլեկտրամեկուսիչները իրենց բարձր թթվակայունությամբ եւ մաշվադիմացկունությամբ կարող են փոխարինել մագնեզիալ պողպատներին, որոնք կիրառվում են մետաղագործության, քիմիական, թղթի, ցեմենտի, մեքենաշինության արդյունաբերությունում եւ այլ բնագավառներում:

Մասնագետներն ասում են, որ բազալտի օգտագործումը հեռանկարային է անընդհատ եւ կոպիտ թելերի արտադրության համար, որոնք օգտագործվում են բազալտեպլաստիկների, ջերմաձայնամեկուսիչ, հրակայուն եւ թթվակայուն նյութերի, ներկանյութերի, հրակայուն, ջերմակայուն, թթվակայուն հիմնադիմացկուն տեխնիկական իրերի, գործվածքային ժապավենների, քողերի, ոլոռների պատրաստման համար:

Ի դեպ, բազալտները մեծ հաջողությամբ կիրառվում են նաեւ որպես զտիչներ արդյունաբերության տարբեր ճյուղերում, որտեղ նրանք կարող են միանշանակ փոխարինել թանկարժեք կապրոնային, բրդյա, ասբեստային, սինթետիկ խեժից պատրաստված զտիչներին: Բազալտից ստացվող թեփուկները եզակի նյութ են մաշվադիմացկուն, հակաքայքայվող եւ քիմիապես կայուն պաշպանիչ ծածկույթների արտադրության համար: Ընդգծենք նաեւ, որ Կիեւի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազալտե թեփուկներից ստացված սալիկները ճառագայթման դեմ լավ պաշտպանիչներ են:

Աշխարհում ամենամեծ ձուլածո բազալտի արտադրության գործարանները Չեխիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում են:

3. Մեր երկրում հաշվարկվում է մեկ տասնյակից ավելի մագնեսիլիկատային ապարների հանքավայրեր եւ հանքերեւակումներ: Առավել ուսումնասիրված է Շորժայի հանքավայրը, որի հենքով էլ սկսվել էր հրակայուն նյութերի գործարանի շինարարությունը: Նյութի բաղադրությունը թույլ է տալիս ստանալ հրահեստ, հրակայուն եւ բարձրջերմաստիճանային ջերմամեկուսիչ արտադրանք ցեմենտի, մետալուրգիական, ապակու եւ կերամիկական արտադրությունների համար: Այս ապարների քիմիական մշակումից ստացվում է նաեւ մագնեզիումի օքսիդ: Հրակայուն հումքի եւ կաղապարային նյութերի հաշվեկշռային պաշարները գնահատվում են 32,96 մլն.տ: Շորժայի հանքավայրի պահուստային պաշարները որպես հրակայուն հումք՝ 14981.0 հազ. տ, որպես կաղապարային նյութ՝ 1231.0 հազ. տ եւ որպես կերամիկայի հրակայուն հումք՝ 2084.0 հազ. տ: Ի դեպ, ՌԴ-ում մագնեսիլիկատային ապարներից ստացված կապակցող նյութը օգտագործում են շինությունների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարդարանքների համար:

4. Դոլոմիտը նստվածքային լեռնային ապար է, որը օգտագործվում է որպես կապակցող նյութ, ապակու, ապակեբյուրեղային, հրակայուն նյութերի արտադրությունում եւ նույնիսկ մետաղական մագնիումի ստացման համար: Հայաստանում հայտնի են դոլոմիտի 8 երեւակումներ, որոնց կանխատեսումային պաշարներն են 15.687 մլն.տ, որոնք որպես հրակայուն նյութ կարող են օգտագործվել ցեմենտի եւ մետաղագործության արդյունաբերությունում:

5. Դիատոմիտները թեթեւ օրգանոգեն նստվածքային ապարներ են, որոնք հիմնականում կազմված են ամորֆ սիլիկահողից: Արտաքնապես դիատոմիտները փխրուն են, թեթեւ խտացված ալրանման կուտակների են նման, հեշտությամբ վերածվում են ծակոտկեն փոշու՝ սպիտակ, մոխրասպիտակ, դեղնավուն, վարդագույն գույների: Գործածվում են կրաքարային եւ ցեմենտային շաղախներում, որպես լցանյութ՝ պլաստմասայե, ռետինե արտադրատեսակներում, որպես ջերմա եւ ձայնամեկուսիչներ, որպես ադսորբենտ՝ շաքարի, նավթավերամշակման եւ արդյունաբերության այլ ճյուղերում:

Ըստ մասնագետների, դիատոմիտների երեւակումներ հայտնաբերված են մեր երկրի բոլոր մարզերում: Ընդհանուր պաշարը կազմում է 30,43 մլն.խմ: Դիատոմիտի գործարանի վերագործարկումից հետո արտադրվում է ֆիլտր փոշիների մեծ տեսականի եւ առաքվում է արտերկիր՝ գարեջրի արտադրության համար (Պետերբուրգի «Բալտիկա» գործարանի համար):

Մենք էլի ապարներ ունենք, որոնց որակն ու նշանակությունը նույնպես կարող են զարմացնել: Կխոսենք հաջորդիվ:

Արմենուհի Մելքոնյան

Ապագա ծերերին այսօրվանից են պարտադրում

Շարունակվում են բողոքի ցույցերը: «Ո՛չ պարտադիրին» կարգախոսով բողոքի ցույց տեղի ունեցավ խորհրդարանի դիմաց:

ԱԺ շենքի մոտ հավաքված մի քանի տասնյակ մարդիկ պահանջում էին օրենսդիրից՝ հրաժարվել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչից՝ նշելով, որ դա դեմ է իրենց իրավունքներին: Մինչ դրսում բողոքում էին, ԱԺ-ում շարունակվում էր պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի կիրառումը 1 տարով հետաձգելու մասին հարցը, որը խորհրդարանում քննարկվում է ընդդիմադիր 4 խմբակցությունների նախաձեռնությամբ: Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիրության սկզբունքն անվավեր ճանաչելու համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու եւ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով ստորագրահավաք էր նախաձեռնվել:

Նամակում մասնավորապես ասվում էր. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014թ. հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությունն անհամաձայնությունն է հայտնել օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի եւ մի շարք այլ դրույթների վերաբերյալ, քանի որ այն ոչ միայն չի բխում ՀՀ-ում սոցիալ-տնտեսական իրականությունից, այլեւ հակասում է Սահմանադրությանը եւ կենսաթոշակային բարեփոխումների գաղափարին:

Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու միջազգային փորձը, եւ հերթական անգամ քաղաքացիների շահերը ստորադասվել են ֆինանսական կառույցների շահերին: Իսկ ԱԺ-ն, բնականաբար, մերժեց հետաձգումը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.