ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը ՀՀ քաղաքական, հասարակական եւ քաղաքացիական շատ ուժեր բողոքի ցույցեր կազմակերպեցին: Դրանք հիմնականում ուղղված էին Մաքսային Միությանն անդամակցելու որոշման դեմ: Ազատության հրապարակում «Պուտինի դեմ» ցույց եղավ քաղաքացիական նախաձեռնությամբ, հարյուրավոր մարդիկ հավաքվեցին իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Ցույցի մասնակիցները պարզել էին ցուցապաստառներ՝ «1920թ. դեկտեմբերի 2-ը չի՛ կրկնվի», «Ստո՛պ Ռուսաստան», «Դե՛մ ենք Մաքսային միությանը», «Ո՛չ ճնշմանը, այլ՝ ինքնորոշու՛մ», «Հայաստանն առանց քայլբանտարկյալների»…
Այս ընթացքում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ շրջեցին եւ հերթապահեցին, միաժամանակ Ազատության հրապարակին հարող տարածքը մաքրեցին բոլոր մեքենաներից:
Ելույթ ունեցողները նշում էին, որ պատահական չէ, որ «Պուտինը Հայաստան է գալիս այն օրը, երբ 1920թ. Հայաստանը խորհրդայնացվեց: Ուստի՝ հենց այսօր առավոտյան Նալբանդյան փողոցում տեղադրված հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության արձանը պետք է քանդվի: Նման արձան պետք է կանգնեցնել միայն այն ժամանակ, երբ ռուսների նպատակը իրոք բարեկամությունը կլինի, ոչ թե շահադիտական նպատակները»:
Ցուցարարներին նորանոր խմբեր էին միանում, որոնք բերում էին «Ինքնիշխան Հայաստան», «Մե՛նք ենք տերը մեր երկրի», «Պուտին, հեռացի՛ր» ու այլ կարագախոսներով ցուցապաստառներ: «Մենք մեր բողոքն ենք արտահայտում Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված որոշումների վերաբերյալ»,- ասում էին մասնակիցները, ովքեր բողոքի ցույցը քայլերթի վերածեցին: Ոստիկանները բացեցին ճանապարհը՝ թույլ տալով մասնակիցներին առաջ շարժվել:
Բողոքի մասնակիցները մինչեւ երթն սկսելը բաց նամակ հղեցին ոստիկանապետին. «Պուտինի դեմ ցույցն օրինական է, հարգելի պարոն Գասպարյան: Երեւան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կհաջորդի նաեւ երթ: Հավաքի կազմակերպիչները հավաքի մասին լիազոր մարմնին ոչ շտապ հավաքի համար սահմանված ժամկետում իրազեկում չէին կարող ներկայացնել, ուստի, համաձայն հավաքների Ազատության մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, հայտարարում ենք, որ այսօրվա հավաքը շտապ հավաք է, ինչի մասին իրազեկվել է լիազոր մարմինը»: Նաեւ խնդրանք կար՝ ապահովել հավաքի (այդ թվում՝ հանրահավաքի ու երթի) անվտանգությունը, ինչպես նաեւ «ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով, Հավաքների ազատության մասին ՀՀ օրենքով եւ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 11-րդ հոդվածով սահմանված հավաքներ անցկացնելու իրավունքի իրացման ապահովումը»:
Ցուցարարները կառավարության շենքի դիմաց հավաքվելով՝ նամակ հանձնցին կառավարության ղեկավարին, որում մասնավորաբար նշված էր. «ՀՀ-ն կանգնած է կործանման առաջ, ինչի պատճառն են ՄՄ-ին անդամակցելու որոշումներն ու հայտարարությունները: Պահանջում ենք հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, կասեցնել ՄՄ անդամակցելու գործընթացը»: Նամակն ընթերցելուց հետո մասնակիցները սկսեցին երգել ՀՀ օրհներգը:
Բողոքի մասնակիցները Պուտինին դիմավորում էին ծաղկավոր խալաթով եւ սապոգով, դեռ առավոտյան Խանջյան փողոցի վերգետնյա անցումից ծաղկավոր խալաթն ու սապոգը արդեն կախված էին: Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանում վրաերթ կատարած հայ վարորդին նման մի ծաղկավոր տնային խալաթով էին տարել դատարան ռուս ոստիկանները, ինչը մեծ ընդվզում առաջացրեց Հայաստանում: Իսկ ռուսական «սապոգային» քաղաքականությունը վաղուց է հայտնի:…
Հյուսիսային պողոտայում ոստիկաններն արդեն փակել էին ցուցարարների ճանապարհը, իսկ ակտիվիստները վանկարկում էին՝ «Պուտին, հեռացի՛ր»: Քաղաքացիների նախաձեռնող խումբը այս այցին ընդառաջ փորձում էր Հյուսիսային պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-նախագահական նստավայր ուղղությամբ քայլերթեր կազմակերպել: Եվ Հյուսիսային պողոտայում արդեն իրավիճակը լարվեց, որտեղ ցուցարարները բարձրացրել էին Հայաստանի եւ Ուկրաինայի դրոշները՝ այսպիսով սատարելով նաեւ ուկրաինացի ցուցարարներին, որ այս օրերին բողոքում են իրենց երկրի՝ Մաքսային միությանը միանալու դեմ:
Հանրապետության հրապարակից բողոքի ցույցի մասնակիցները մտադիր էին շարժվել նաեւ դեպի Բաղրամյան 26, բայց ոստիկանները Նալբանդյան փողոցում փակել են նրանց ճանապարհը՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այսուհետ ոստիկանները սկսել են ցուցարարներից ակտիվներին տանել ոստիկանություն:
Բողոքի մասնակիցները դա կոչեցին իբրեւ «ձերբակալություններ Երեւանում՝ Պուտինի պատվին»: Իսկ ոստիկանություն բերվածները մեղադրվում են Վարչական իրավախախտումների օրենսգրքի տարբեր հոդվածներով, որոնք սահմանված են «Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը» մեղադրանքներում. «Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերն օգտագործելու՝ օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով» եւ այլն:
ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ «գործադրել է բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի հավաքի առանձին մասնակիցների վարքագիծը չհանգեցնի ծանր հետեւանքների, մյուս կողմից էլ չսահմանափակի հավաքի խաղաղ մտադրություն ունեցող մասնակիցների քաղաքական իրավունքների լիարժեք իրականացումը»: Բայց, ըստ ոստիկանների, հնարավոր չի եղել լիովին խուսափել հավաքի եւ երթի որոշ մասնակիցների կողմից հակաիրավական վարքագծի դրսեւորումներից. մասնավորապես՝ հավաքի խաղաղ ու բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ:
Իսկ ըստ քաղաքացիների, քաղաքացիական ակտիվիստների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ հայտարարության, «հավաքի եւ երթի կազմակերպիչները եւ մասնակիցները գործել են բացառապես ՀՀ Սահմանադրության եւ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, երթը եղել է խաղաղ, իսկ դրա մասնակիցներն՝ անզեն: Սակայն ոստիկանությունը՝ խախտելով ՀՀ օրենքները, արհեստական եւ ապօրինի խոչընդոտներ է հարուցել երթի մասնակիցների առջեւ նախ Հյուսիսային պողոտայում, ապա Ամիրյան փողոցում եւ վերջապես՝ շրջանակի մեջ է առել երթի մասնակիցներին Նալբանդյան փողոցի վրա, ուժ է գործադրել նրանց հանդեպ, ապաեւ բերման ենթարկել մի քանի տասնյակ ցուցարարների»: Նշվել է, որ ոստիկանության ապօրինի գործողությունները գնահատում են որպես հրահանգված քաղաքական հետապնդում՝ հանուն ՀՀ ինքնիշխանության ամրագրման պայքարող քաղաքացիների դեմ:
Այնուհետեւ սկսվել է ձերբակալվածներին ազատելու պահանջ-բողոքը, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն բերման ենթարկված բոլոր քաղաքացիները եւ պատասխանատվության ենթարկվեն օրինազանց ոստիկանները: Հայտարարությամբ հանդես եկան նաեւ որոշ քաղաքական ուժեր՝ նշելով, որ «խաղաղ ցույցերի մասնակից քաղաքացիական ակտիվիստներից զատ, նրանց մեջ կան նաեւ լրագրողներ, ինչպես նաեւ պարզապես կանգառներից ու փողոցներից պատահական մարդիկ»: Նշվել է նաեւ, որ կատարվել են խուզարկություններ, ոմանց նկատմամբ կիրառվել են բռնություններ, բերման ենթարկվածները ապօրինաբար զրկված են փաստաբանական օգնության հնարավորությունից, ինչը ոչ մի կերպ չեն կարող մեկնաբանվել որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ: ԱԺ պատգամավորներից եւս կոչ արեցին բաց թողնել ակտիվիստներին, դիմեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ հարցին լուծում տալու համար:
Բացի երեւանից, Գյումրիում եւս, այսպես ասած, նախազգուշական միջոցառումներ են կատարվել: Անգամ այն բոլոր տեղերի հարակից շենքերում, որտեղ լինելու էր ՌԴ նախագահը, զգուշացրել էին բնակիչներին այդ ժամերին պատուհանից դուրս չնայել, ըստ նրանց՝ նման մոտեցումը խախտում է ազատ կամահայտնության իրավունքը եւ անհարկի լարվածության մթնոլորտ է ստեղծում, իսկ մարդիկ իրավունք ունեն օրենքի շրջանակներում իրենց ընտրած տարբերակով ներկայացնել իրենց տեսակետները՝ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ:
Ոստիկանությունը ստիպված հանդես եկավ նոր հայտարարությամբ, կրկին հիշեցնելով օրենքի այն կետը, երբ հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել. «ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 2-ին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում կիրառվում են որոշակի սահմանափակումներ՝ ՌԴ նախագահի այցելության կապակցությամբ իրականացվելիք պաշտոնական արարողակարգային միջոցառումների բնականոն ընթացքն ապահովելու, այդ թվում՝ նշված միջոցառումներին արտասահմանյան հյուրերի եւ պաշտոնյաների մասնակցությունն ապահովելու կապակցությամբ»: Նախապես հայտարարվել էր, որ այդ օրը Երեւան քաղաքում երթեւեկությունը հատուկ գրաֆիկով է կազմակերպելու, որոշ փողոցներ՝ ժամանակավորապես փակ են լինելու: Այդ կապակցությամբ, մայրաքաղաքի մյուս փողոցներն արդեն իսկ գերծանրաբեռնված էին եւ դրանք երթի մասնակիցների կողմից լրացուցիչ ծանրաբեռնելը կարող էր խոչընդոտել այլ անձանց տեղաշարժի իրավունքի իրացմանը. նշել են ոստիկանները, որ հայտարարությամբ նաեւ հորդորում էին ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով տեղաշարժվելուց, պահպանել ճանապարհային երթեւեկության, ինչպեսեւ համակեցության կանոնները, «փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթեւեկության կարգավորման պատասխանատուներին»: Նշվել էր, որ հավաքի խաղաղ եւ բնականոն ընթացքը կոպտորեն խախտող քաղաքացիների վարքագիծը հիմք կհանդիսանա «ՀՀ ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու համար: Երթի ընթացքում իրավախախտումներ կատարող անձինք կմեկուսացվեն եւ վարչական պատասխանատվության ենթարկվելու նպատակով կբերվեն ՀՀ ոստիկանություն»:
Այս հայտարարությունից հետո էլ, բերման ենթարկվելու նոր սպառնալիքների ներքո, միեւնույնն է, ցուցարարները պահանջում էին՝ «Պուտին, հեռացի՛ր»: Բողոքում էին նաեւ, որ ԱԺ-ից օդանավակայան են գործուղվել միայն «պուտինամոլները», իսկ քաղաքացիական դիմավորողներից՝ միայն «պուտինամոլ» դրոշակներ թափահարողները:
Այս ամբողջ պատմությունում մի մեծ, շա՛տ մեծ դրական բան կա. ռուսներին մշտապես մեծ եղբոր կարգավիճակում տեսնող մեր ավագ սերնդին փոխարինելու է գալիս մի սերունդ, որ ազատված է ռուսահպատակային բարդույթից: Ու առավել ողջունելի կլինի այն, որ մեր սերունդը ընդհանրապես զերծ լինի որեւէ մոլական դրսեւորումից ու փրկության օղակ չհամարի ո՛չ Ռուսաստանին, ո՛չ Եվրոպային, ո՛չ էլ ԱՄՆ-ին: Որ փրկության օղակ համարի Հայաստանը հզորացնելը, որի ինքնիշխանության պահպանման համար ոտքի է ելել: Միայն ա՛յս դեպքում մենք կարող ենք երազել իսկապես հզոր ու միասնական Հայաստանի մասին:
Արտակ Հայոցյան եւ Գոհար Վանեսյան
«Լուսանցք»թիվ 41 (304), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



