Կեցվածք՝ հատուկ կործանվող արջին
Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան, ըստ կարգի, ինքնաթիռի մոտ նրան սպասում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը ցանկանում էր գրկախառնվել ՌԴ նախագահի հետ, բայց վերջինս հրաժարվեց դա անել: Նա բարեւեց՝ տեսանելիորեն հետ քաշվելով:
Սա շատ կեղտոտ եւ արտաքին աշխարհին մեծապետական նկրտումներ ցուցադրող հերթական հնարքն էր, ինչը վայել չէ այսօրվա դրությամբ մեծ ու հզոր երկրի նախագահին: Ավելի վեհանձն ու կամային էր Սերժ Սարգսյանի ժպիտը, երբ հյուրի ստոր ողջագուրումից հետո նա ժպտաց ու՝ խորհրդավոր ժպտաց… առաջնորդվելով տանտիրոջ կարգավիճակի կեցակարգով:
Այս ճղճիմությամբ եւ ծիծաղելի ցուցադրականությամբ Մոսկվան հավաստեց, որ ի դեմս իր նախագահի, հոգեպես պատրաստ չէ հզորի կերպարին («Լուսանցք»-ն առիթով անդրադարձել է Պուտինի հոգեբանական որոշ գծերի պատճառաբանությանը՝ խոստանալով թեմային շարունակություն տալ), իսկ ԽՍՀՄ-ի ժառանգորդը դառնալու ձգտումները անպտուղ են, ինչն այդպիսին էլ մնալու է թե՛ Մաքսային միության, թե՛ Եվրասիաական միության դեպքում:
Բարեկամությունը եւ գործընկերությունը սրիկայության վրա չի կառուցվում: Եվ վստահելի չէ, որ այդպիսի Ռուսաստանը կկարողանա իսկապես համարժեք 2-րդ բեւեռը ձեւավորել աշխարհում՝ ի հակակշիռ Արեւմուտքի:
Բայց այնուհետ ՌԴ նախագահը Գյումրիի օդանավակայանում դարձավ «շա՛տ բարեկամ երկրի նախագահ» եւ դիմավորելու պաշտոնական արարողությանն իր ռուսա-սովետական ժպիտը պարգեւեց: Հատկապես, երբ զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեցին երկու երկրների օրհներգները եւ, նախագահներն անցնելով կարմիր գորգով, ողջունեցին ՀՀ եւ ՌԴ պատվիրակության անդամներին:
Գյումրիում 102-րդ ռուսական ռազմակայան այցը եւս ցուցադրական էր, ինչն աշխարհին պետք է ապացուցեր, որ մեր երկիրը ռուսական ազդեցության տարածք է, եւ հատկապես՝ ռազմա-քաղաքական նշանակության: Սա մարտահրավեր է նաեւ Եվրամիությունը, որ հանկարծ չխոչընդոտի տարածաշրջանում Եվրասիամիության ձեւավորմանը եւ «հեռու մնա» Հայաստանից:
Հաշված ժամեր անց Գյումրիում աշխատանքներն սկսեց «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» 3-րդ միջտարածաշրջանային համաժողովը, ինչն էլ ապացուցում է վերը ասվածը: Իսկ բացումն էլ պաշտոնապես արեցին ՀՀ եւ ՌԴ նախագահները:
Ցավոք, մեր նախագահի ելույթը եւս կազմվել էր այն տրամաբանությամբ, որ ռուսական կողմը իրեն լավ զգա իր ռազմա-քաղաքական ձգտումների ծիրում: Այն ներկայացնում ենք մասամբ, միաժամանակ մեր կարծիքը հայտնելով.- դրա կարիքը չկար: Մանավանդ ՌԴ նախագահի տգեղ կեցվածքից հետո: «Այսօր Գյումրին, որը միշտ եղել է մեր ժողովուրդների եւ երկրների պատմությունների միահյուսման մարմնացումը, իրոք դարձավ հայ-ռուսական հարաբերությունների ապագայի խորհրդանիշը: Դեռ հեռավոր 1829թ. Կովկաս ճանապարհորդության ժամանակ մեծ պոետ Ալեքսանդր Պուշկինը բիբլիական Արարատի ճանապարհին կանգ է առել Գյումրիում: 1837թ. այստեղ հիմնվել է ռուսական ամրոց, քաղաք է այցելել կայսր Նիկոլայ 1-ինը: Քաղաքը վերանվանվել է Ալեքսանդրապոլ՝ ի պատիվ նրա տիկնոջ՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովի: Այստեղ տեղակայված է եղել Ռուսաստանի ԶՈւ 2 ամենավաստակավոր գնդերից մեկը՝ Հյուսիսային դրագունյան 18-րդ գունդը, որտեղ իրենց ծառայությունն են անցկացրել ԽՍՀՄ ապագա մարշալ Սեմյոն Միխայիլի Բուդյոննին եւ իրավամբ ազգային երթի՝ «Սլավոնուհու հրաժեշտի» հեղինակը՝ Վասիլի Ագապինը: Գունդ, որն առանձնացել է շատ ճակատագրական մարտերում եւ պարգեւատրվել Ռուսաստանի մի շարք բարձրագույն պարգեւանշաններով, հիրավի, կարելի է համարել ակունքը մարտական եղբայրության ավանդույթների, որոնք շարունակում է 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ մենք այսօր պատրաստվում ենք այցելել: Այստեղ՝ Գյումրիում է գտնվում «Պատվո բլուրը»՝ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուսական բանակի սպաների պանթեոնը: Այս օրերին Գյումրիում համաժողովի անցկացումն առանձնահատուկ նշանակություն ունի եւս մեկ հանգամանքի պատճառով: 25 տարի առաջ ավերիչ երկրաշարժը հսկայական վնաս է հասցրել այս քաղաքին: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, հարյուր հազարավորները մնացել էին առանց տանիքի: Ոչնչացվել էր քաղաքային ամբողջ ենթակառուցվածքը, եւ կաթվածահար էր եղել արտադրությունը: Շնորհակալ ենք բարյացակամ բոլոր մարդկանց, աշխարհի բոլոր երկրներին, Խորհրդային Միության ժողովուրդներին եւ, իհարկե, առաջին հերթին, Ռուսաստանին՝ աղետի գոտու եւ Գյումրի քաղաքի վերականգնման գործում նրա անգնահատելի ներդրման համար»…
Իհարկե մենք՝ հայերս, երբեք չենք ուրանում մեզ համար արվածն ու ներդրվածը (սա միշտ ողջունելի է), բայց այն ինչ արել ու տվել են Հայաստանն ու հայությունը Ռուսաստանին ու խառնամբոխի վերածված (խառնարյուն) ռուսին, համեմատության մեջ հաստատ նրանց օգտին չի խոսում: Նրանց օգտին չի խոսում ո՛չ միայն քանակական առումով, այլեւ՝ որակական ու բոլո՛ր առումներով:
Ինչեւէ, առաջիկայում հստակ կլինի՝ արդյո՞ք ՀՀ այցը պուտինյան մի նոր քաղաքական շոու էր, թե՞ իսկապես նրանք շատ են վախեցել Կովկաս ասվածից դուրս մնալու համար:
Արման Դավթյան
ՀՀ-ն ՌԴ-ի համար՝ ամենակարճ ուղին
ՀՀ կառավարության եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ նույնպես ստորագրվեց հուշագիր: Ստեղծված են 22 աշխատանքային խմբեր, որոնք աշխատանք են տանում անհրաժեշտ միջոցառումների եւ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Համաձայնեցված են ՀՀ նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարեւոր արտոնությունների եւ առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են ՄՄ երկրների միջեւ փոխհարաբերություններում: Նշվել է, որ Հայաստանը լավ արդյունքների է հասել բիզնես-վարչարարության ոլորտի բարեփոխումներում (բիզնեսի գրանցման դյուրինությամբ մեր պետությունը գրավում է 6-րդ տեղն աշխարհում): Տնտեսական ազատությունների եւ գործարար միջավայրի վարկանիշներով էլ առաջ է ԱՊՀ բոլոր երկրներից: Հայաստանը նաեւ մեծ ներուժ ունի ՏՏ, գյուղատնտեսության, ոսկերչական իրերի արտադրության, զբոսաշրջության ոլորտներում: «Բաց երկնքի» քաղաքականությունը լայն հնարավորություններ է բացել օդային հաղորդակցության աշխարհագրության ընդլայնման համար, այդ թվում՝ ՌԴ տարածաշրջանների հետ: Այսօր Երեւանի ու Մոսկվայի միջեւ գործում է 12 ավիաչվերթ մեկ օրում, չվերթներ կան Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի եւ Գյումրիի միջեւ, իսկ ամբողջ Հայաստանը եւ Ռուսաստանի 19 քաղաքները միավորում է շաբաթական 130 չվերթ, որն ավելանալու միտում ունի:
Նշվել է, որ Հայաստանն ամենահարմար ու կարճ ճանապարհն է Իրանի եւ Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար:
Կարեւորվել է, որ Հայաստանն ընդունել է ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը երկիրը դարձրել է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում՝ արտահանմանն ուղղված: Մեր երկրում գործում է ռուսական կապիտալով մոտ 1300 ձեռնարկություն՝ դա օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ հանրապետության ամբողջ տնտեսվարող սուբյեկտների ավելի քան մեկ քառորդն է:
Այցի ընթացքում համաձայնագիր է ստորագրվել ռուսաստանյան նավթային ոլորտում առաջատար «Ռոսնեֆտ» ընկերության հայկական շուկա մուտքի մասին: Ասվել է, թե Ռուսաստանը Հայաստանի առեւտրային գլխավոր գործընկերն է: 2012թ. առեւտրաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 300 մլն դոլար, ինչը նշանակում է 20%-ոց աճ՝ 2011թ. համեմատ:
Այս տարվա 9 ամիսներին առեւտրաշրջանառությունը հասել է 1 մլրդ.-ի սահմանին, ընդ որում Հայաստանից արտահանման մասով աճը կազմել է 24%:
«Մենք պետք է մշակենք եւ հաստատենք համագործակցության արդյունավետության բարձրացման նոր եւ կոնկրետ միջոցներ… Կշարունակենք համատեղ ջանքերը՝ նպատակաուղղված ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ներառյալ՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ ուղիղ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»,- ասել է ՀՀ վարչապետը:
Բա ՌԴ-ն մեր հորեղբոր տղան չէ՞
Խոսվում էր, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւս պետք է մասնակցեր Վլադիմիր Պուտինի պատվին տրված ճաշկերույթին: Խոսվում էր նաեւ, թե Քոչարյանը նեղացած է Պուտինից, ով ուշ-ուշ է արձագանքում իր հետ հանդիպելու խնդրանքին: Իսկ ահա, Գագիկ Ծառուկյանին վերաբերող լուրերը հակասական էին. իբր, ի տարբերություն Քոչարյանի, նրան չեն հրավիրել պաշտոնական ճաշին, քանզի նախորդ անգամ, երբ Երեւան էր ժամանել Դմիտրի Մեդվեդեւը, նա հրաժարվել էր մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշին (սակայն հետագայում նշվեց, թե ԲՀԿ նախագահը հրավիրվել է ու ներկա է եղել ճաշկերույթին):
Վլադիմիր Պուտինի՝ այսքան ուշ Հայաստան այցի մասին հարցին պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը. «Պաշտոնական այցերը սովորաբար կապված չեն ցանկությունների հետ, դրանք լինում են այն պահին, երբ անհրաժեշտ են»: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, սա կապված է հատկապես Մաքսային միության եւ Եվրաինտեգրման հարցերի հետ ու «Պուտինը պիտի գար Հայաստան, երբ այցի համար առիթ լիներ»: Իհարկե, սա նաեւ հայկական կողմի ցանկությունն է եղել: Մեկ այլ հարցի, թե չէ որ Մոսկվան շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին եւ դրանով այդ երկիրը հաստատ Հայաստանի անվտանգությունը չի ամրապնդում, իսկ մեզ համար նրանց զենք վաճառելն էլ զուտ բիզնես-ծրագիր չէ, Գալուստ Սահակյանը պատասխանել է. «Մենք միշտ մտածում ենք, թե գործ ունենք մեր հորեղբոր տղերքի հետ: Յուրաքանչյուր պետություն իր ռազմական շահերն ունի: Մեր համագործակցությունը մեր շահն է: Դա փոքր է, թե մեծ է, մենք այլընտրանք չունենք, մենք մեր շահի հետեւից ենք գնում: Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանն իրավունք չունի չհարաբերվել Ադրբեջանի կամ Եվրամիության պետությունների հետ»:
Ի դեպ, ճաշկերույթի ժամանակ մի ուշագրավ իրադարձություն է եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է ՌԴ նախագահին ու նվիրել իր գրքերից երկուսը: Պուտինը ընդգծված սառն է արձագանքել՝ երեւի հասկացնելով, որ Մամիկոնիչը չպետք է Վլադիմիրովիչին բան սովորեցնի… Իսկ Մամիկոնիչը դժգոհ չէր՝ Պուտինը շա՛տ էլ ջերմ է ընդունել գրքերը:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնում



