Ընթերցողը գուցե զարմանա, թե ինչու ենք այսքան տեղ հատկացրել պաշտոնական լրատվությանը: Ասենք՝ հաստատ ոչ այն պատճառով, որ օրհնում ենք Պուտինի ՀՀ մտնելու «սհաթը» կամ հավատում ենք, թե նրա այցը պատմական էր եւ շատ բան է փոխելու երկկողմ հարաբերություններում:
Այս ամենն անում ենք մի բանի համար, որպեսզի վերջապես հասկանալի դառնա, որ ռուսաստանյան կողմից (առավելապե՛ս այս կողմից, բայց ոչ միայն) հնչող հիացմունքի ու հարգանքի խոսքերը ոչինչ չարժեն, քամուն տրված խոսքեր են եւ այդպիսին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ…
Քանի դեռ բացառապես մե՛նք չենք հսկում մեր իսկ երկրի սահմանը:
Քանի դեռ մեր տնտեսությունը չենք կարողանում բացառապես մե՛ր վերահսկողության տակ պահել:
Քանի դեռ մեր պետական ու մայրենի լեզվին հավասար այլ լեզուների ենք ուզում նույն կարգավիճակում դնել: Եվ քանի դեռ մեր մշակույթն ու ավանդույթները գերակա չեն դարձել մեր երկրում:
Քանի դեռ չենք սովորել հասկանալ, որ «պարտադիր» դիվանագիտական ճոխաբանություններից զատ պետք է կարողանանք դեմ առ դեմ, նույն դիվանագիտական հմտությամբ հիշեցնել այդ «բարեկամության» թունավոր պտուղների մասին, որոնք վնասեցին մեր հայրենիքին ու ազգին:
Ու այսօր կրկնվելու վտանգ ունեն…
………………………………………………………………………………………………….
Անկախ ռազմա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական եւ այլ բովանդակային վերլուծությունների տրամաբանությունից, ինչով ողողված են եւ՛ հայկական եւ՛ ռուսական զլմ-ները, նաեւ համաշխարհայինը, Պուտինի ՀՀ այցը հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցություններ պիտի դիտարկել, որը չի կարող չունենալ նշանակություն Հայաստանի հետագա գործունեության համար:
Այստեղ է, որ տեսակետներն ու վերլուծությունները հակասական են. լա՞վ, թե՞ վատ նշանակություն կամ ազդեցություն կունենան այս մակարդակի բանակցությունները:
Այցը սկսվեց Գյումրիի ռուսական ռազմաբազա այցով եւ ավարտվեց Երեւանում՝ ՀՀ նախագահի նստավայրում: Երկրների նախագահների առանձնազրույցից հետո կայացան արդեն պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց արդյունքներով ստորագրվել են մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:
Մասնավորապես ստորագրվել են՝ ՀՀ-ՌԴ միջեւ մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017թթ. միջոցառումների ծրագիրը, ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ՝ ՀՀ բնական գազի, նավթամթերքների ու չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, երկու երկրների կառավարությունների միջեւ՝ ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ համաձայնագիրը, նաեւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարությունների միջեւ 2014-2015թթ. խորհրդատվությունների ծրագիրը, կառավարությունների միջեւ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, նաեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, ՀՀ եւ ՌԴ կրթության ու գիտության նախարարությունների միջեւ 2014-2015թթ. համար միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման ու զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության եւ «Գազպրոմ» ԲԲԸ միջեւ մեր կառավարության կողմից «Հայռուսգազարդ» ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջեւ 2014-1916թթ. համար համատեղ գործողությունների ծրագիրը, 2014-1918թթ. ՀՀ բնական գազ ներմուծելու մասին «Հայռուսգազարդ» ՓԲԸ եւ «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ միջեւ գործարքը, «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության եւ «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջեւ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիրը եւ բաժնետիրական համաձայնագիրը:
Փաստաթղթերի ստորագրումից հետո նախագահներ Սարգսյանն ու Պուտինը զլմ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես եկան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ, նաեւ պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող՝ նախօրոք սահմանափակված՝ յուրաքանչյուր կողմից 2-ական, հարցերին:
ՀՀ նախագահն «արգասաբեր բանակցություններ» որակեց այն, ինչը կատարվեց ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում. «Բարեկամական եւ վստահության մթնոլորտում հանգամանորեն քննարկվեց հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերության զարգացման ընթացքը, ապագայի համար նախանշեցինք գլխավոր ուղենիշերը»: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ստորագրված 12 փաստաթղթերը կլրացնեն ավելի քան 200 միջպետական պայմանագրեր եւ համաձայնագրեր ընդգրկող երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հենքը: ՀՀ խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, որն էլ հնարավորություններ է բացում ՌԴ պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձեւաչափով այլեւս ոչ մի փաստաթուղթ անվավեր չի լինի հայկական կողմից:
Քննարկվել են նաեւ արտաքին խնդիրներ, եւ կողմերն ընդգծել են միջազգային ասպարեզում գործողությունների հետագա համակարգման ու սերտ համագործակցության կարեւորությունը միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, ռազմական ոլորտները եւ հաստատել են «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի ու «ՀՀ եւ ՌԴ միջեւ 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրի անսասանությունը»: Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի՝ Մաքսային միություն եւ Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Միասնական տնտեսական տարածք շուտ մտնելուն նպատակաուղղված քայլերի մասին եւս խոսել է, ինչն «ամենայն աջակցություն» կարժանանա ՌԴ նախագահի կողմից: Այդ թեմային էր նվիրված միջտարածաշրջանային 3-րդ համաժողովը Գյումրիում, որին մասնակցեցին նախագահները:
Ընդգծվել է իր պատասխանատվության գոտում անվտանգության եւ խաղաղության գլխավոր երաշխավորը հանդիսացող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտների ու մեխանիզմների զարգացման դինամիկայի պահպանման անհրաժեշտությունը: «Մենք մտադրություն ենք հայտնել ամրապնդել Արագ արձագանքման հավաքական ուժերի ներուժը եւ գործնական քայլեր ձեռնարկել դրանց մոբիլիզացման, տեղափոխման եւ արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակման համար: Տեղեկացրել եմ ՌԴ նախագահին նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման արդյունքների մասին եւ շնորհակալություն հայտնել ռուսաստանյան կողմին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մինսկի խմբում համանախագահության ձեւաչափում գործադրած ջանքերի համար: Երկուստեք հաստատել ենք միայն խաղաղ միջոցներով այն կարգավորելու հակվածությունը՝ մեկ ամբողջականություն կազմող՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի ու տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա»:
Կողմերը պայմանավորվել են շարունակել առեւտրի ու ՀՀ-ում ռուսաստանյան ներդրումների կայուն ավելացման, համատեղ ձեռնարկությունների ստեղծման, գիտատեխնիկական համագործակցության խորացման ուղղությամբ համատեղ ջանքերը: Առաջնահերթ ուշադրություն ենք դարձնելու ատոմային էներգետիկային, տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման հարցերին: Քննարկել են նաեւ այլ անվտանգության հարցեր, այս համատեքստում ողջունել են Ժնեւում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունը, ինչն, անկասկած, կարեւոր քայլ է, որը նպաստում է տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:
Չնայած այցի շուրջ առկա հայաստանյան եւ միջազգային տարաձայնություններին, անգամ մեր թշնամի երկրները հայ-ռուսական հարաբերությունների այս փուլը իրենց համար ոչ ձեռնտու են համարել հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Հատկապես, երբ ակնհայտ է, որ այս հարաբերություններն ակնկալում են նոր բարձր մակարդակի շփումներ, շարունակվելու են միջկառավարական ու միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները: Անգամ նախատեսվում է միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում ընդլայնվի շփումների աշխարհագրությունը երկրների մարզերի ու նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ: Այստեղ եւս կխրախուսվեն ու կաջակցվեն հումանիտար, գիտական, մշակութային եւ երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները: Պայմանավորվածություն կա նաեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ միջպետական նախագահական խորհրդի ստեղծման մասին, եւ նախագահների աշխատակազմներին հանձնարարվել է մշակել Խորհրդի աշխատանքները կարգավորող անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը, որը կստորագրվի հաջորդ հանդիպմանը:
Իսկ այս հանդիպմանը ՀՀ նախագահի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահի, կազմակերպվեց պետական ընդունելություն: Նախագահ Պուտինին եւ նրան ուղեկցող ներկայացուցչական պատվիրակության անդամներին՝ նախարարներին, նահանգապետներին, ընկերությունների ղեկավարներին ու ՌԴ գիտական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներին ուղղված իր բաժակաճառում նախագահ Սարգսյանը խոսել է հարյուրամյակների պատմություն ունեցող հայ եւ ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների մասին: Ընդգծել է, որ դրանք անգին են ցանկացած հայի համար եւ արտացոլված են դեռեւս 11-րդ եւ 12-րդ դարերով թվագրված «Սուրբ Թեոդոսիոսի՝ Պեչերյան վանքի վանահոր խոսքում» եւ «Իլարիոն Մեգլինսկու վիճաբանություններում»: «Մեր ժողովուրդների պատմական կապերի զարգացման մեջ կարեւոր ներդրում են ունեցել Հայաստանի այնպիսի նշանավոր զավակներ, ինչպիսիք են Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար եւ Գերագույն կարգադրական հանձնաժողովի ղեկավար Միքայել Լորիս-Մելիքովը, Ռուսական կայսրության ժողովրդական լուսավորության նախարար Իվան Դելյանովը, գեներալ Մադաթովը, Լազարյան եղբայրները եւ շատ ուրիշներ: Նրանց քաջակորով գործերը շարունակվել են Հայրենական Մեծ պատերազմի հերոսական տարիներին՝ մարշալներ Բաղրամյանի, Խամփերյանց-Խուդյակովի, Բաբաջանյանի, ադմիրալ Իսակովի եւ շատ ուրիշների կողմից: Ռուսական պետության մեծության եւ հզորության ամրապնդման գործին իրենց նվիրաբերած ականավոր զավակների համաստեղությունում չեմ կարող չհիշատակել վերջերս մեզանից հեռացած Գեւորգ Անդրեյի Վարդանյանին՝ մարդ-առասպելին, նշանավոր ծպտյալ հետախույզին, ԽՍՀՄ հերոսին: Մեր միասնական պատմության այս ընդհանուր հերոսները շատ տասնամյակներ առաջ տոն հաղորդեցին մեր ժողովուրդների մարտական եղբայրությանը»:
Այցելությունը 102-րդ ռուսական ռազմակայան, ըստ ՀՀ նախագահի, մեծ խթան հանդիսացավ դրա ամբողջ անձնակազմի համար, ավելին՝ հստակ ազդանշան դարձավ բոլոր նրանց համար, «ովքեր փորձում են կասկածի տակ դնել մեր դաշնակցային գործընկերության անկեղծությունը եւ լիարժեքությունը, թերագնահատում են մեր ռազմավարական փոխգործակցության ներուժը»: Խորհրդանշական է գնահատվել ՌԴ նախագահի այցը Գյումրի նաեւ այն պատճառով, որ «դա այց է այդ քաղաքը հողին հավասարեցրած եւ տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր խլած՝ 1988թ. սարսափելի երկրաշարժի 25-րդ տարելիցի օրերին, եւ ողբերգության առաջին օրերից մինչ այսօր Ռուսաստանը շատ բան է արել դրա վերականգնման համար»: Ֆինանսական ճգնաժամի ծանր տարիներին ռուսական վարկի օգնությամբ Գյումրիում հաջողվել է կառուցել հազարավոր նոր բնակարաններ ու տներ, եւ ՀՀ նախագահը երախտագիտությամբ ընդգծել է նաեւ ներկա գտնվող ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի անունը:
Փոխադարձ բաժակաճառում Վլադիմիր Պուտինը, իր բնորոշմամբ հիացմունքով ու հարգանքով է խոսել «շատ խորը եւ Եվրոպայի ամենահին մշակույթներից մեկն ունեցող հայ ժողովրդի ու Հայաստանի մասին», ընդգծել է տասնամյակներ առաջ ընդհանուր պետության մեջ Հայաստանի նկատելի մեծ ներդրումը՝ դա ամենեւին պատահական չհամարելով, նշել է, որ հայ եւ ռուս ժողովուրդներին ու երկու պետությունները օբյեկտիվ պատճառներով շատ բան է միավորում եւ հարաբերությունները զարգանում են «անցյալի ու բարեկամ երկու ժողովուրդների հոգեւոր մտերմության ամուր հիմքի վրա»:
ՌԴ Նախագահը վստահորեն է խոսել այդ հարաբերությունների ապագայի մասին. «Վստահ եմ, որ Հայաստանի ղեկավարության որոշումը՝ միանալ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածքին, հենց այն բոլոր ավանդույթների հիմքում է, որոնք մեր նախնիների կողմից դրվել են անցած տասնամյակների եւ դարերի ընթացքում: Դա մտածված, կշռադատված որոշում էր, եւ այն նոր հնարավորություններ է ստեղծում մեր հարաբերությունների զարգացման համար արդեն նոր հիմքի վրա: Ես չեմ կասկածում, որ դրանք պակաս արդյունավետ եւ ջերմ կլինեն, քան նախկին տասնամյակներում ու հարյուրամյակներում»:
Ընթերցողը գուցե զարմանա, թե ինչու ենք այսքան տեղ հատկացրել պաշտոնական լրատվությանը: Ասենք՝ հաստատ ոչ այն պատճառով, որ օրհնում ենք Պուտինի ՀՀ մտնելու «սհաթը» կամ հավատում ենք, թե նրա այցը պատմական էր եւ շատ բան է փոխելու երկկողմ հարաբերություններում:
Այս ամենն անում ենք մի բանի համար, որպեսզի վերջապես հասկանալի դառնա, որ ռուսաստանյան կողմից (առավելապե՛ս այս կողմից, բայց ոչ միայն) հնչող հիացմունքի ու հարգանքի խոսքերը ոչինչ չարժեն, քամուն տրված խոսքեր են եւ այդպիսին կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ…
Քանի դեռ բացառապես մե՛նք չենք հսկում մեր իսկ երկրի սահմանը:
Քանի դեռ մեր տնտեսությունը չենք կարողանում բացառապես մե՛ր վերահսկողության տակ պահել:
Քանի դեռ մեր պետական ու մայրենի լեզվին հավասար այլ լեզուների ենք ուզում նույն կարգավիճակում դնել: Եվ քանի դեռ մեր մշակույթն ու ավանդույթները գերակա չեն դարձել մեր երկրում:
Քանի դեռ չենք սովորել հասկանալ, որ «պարտադիր» դիվանագիտական ճոխաբանություններից զատ պետք է կարողանանք դեմ առ դեմ, նույն դիվանագիտական հմտությամբ հիշեցնել այդ «բարեկամության» թունավոր պտուղների մասին, որոնք վնասեցին մեր հայրենիքին ու ազգին:
Ու այսօր կրկնվելու վտանգ ունեն…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



