Պահանջ ռուսաց «թագավորից» – Աշխարհում երկու պետություն կա, որոնք շատ նման են իրար՝ Թուրքիան ու Ռուսաստանը…Այդ ժամանակ մենք կփոխենք մեր նամակը ու դա կսկսենք հե՛նց ռուսաց «թագավորից»…

Վլադիմիր Պուտինի այցի նախօրեին շատերն էին հարց տալիս՝ տեսնես հիմա՞ ինչ է խլվելու: Հասկանալի էր, որ խնդիրը միայն ռազմաքաղաքականը չէ ու Գյումրիի ռազմակայանը չէ: Տնտեսական գործոն անպայմա՜ն պիտի լիներ: Ի միջի այլոց, աշխարհում երկու պետություն կա, որոնք շատ նման են իրար՝ Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք բոլոր-բոլոր հարցերը, մանավանդ՝ տնտեսականը, ծառայեցնում են իրենց քաղաքական խարդավանքների համար (չեմ ասում քաղաքական նպատակներ, որովհետեւ այս երկուսն էլ մշտապես շատ կեղտոտ են խաղում, եւ քաղաքականությունը իրական պոռնկության են վերածել): Այսպիսով, պուտինյան այցի տնտեսական ենթատեքստը «Հայռուսգազարդ»-ի այն 20% բաժնեմասը ձեռքբերելն էր, որը պատկանում էր ՀՀ կառավարությանը:

Որպեսզի պարզ դառնա, թե ինչ նպատակով դա արվեց, որոշ՝ թեկուզ իրարամերժ փաստեր համադրենք:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ասում է, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի, եւ ռուսական կողմի հետ համաձայնության արդյունքը գնի կայունության ապահովումն էր. «Գազի առումով մենք ունեցանք շատ կարեւոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, եւ դա շատ կարեւոր է, որովհետեւ նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեեւ դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա՝ առանց սպառողի շահերին հարվածելու»: Վիգեն Սարգսյանը շեշտում է նաեւ, որ  նախորդ տարիներին գազի սակագնի բարձրացման հետեւանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ»-ի 20%-ը ռուսական կողմին փոխանցելու ձեւով:

«Եթե այդ բանակցությունները հաջողության չբերեին, ապա սակագնի հերթական վերանայման կարիք կարող էր առաջանալ, որից մենք փաստորեն կարողացանք խուսափել ոչ միայն այսօրվա համար, այլ առաջիկա 5 տարվա»,-բացատրում է Վիգեն Սարգսյանը:

Հանրապետական Վարդան Այվազյանի կարծիքով, «Հայռուսգազարդ»-ի 80%-ը ռուսներինն էր, Հայաստանը, միեւնույնն է, որոշում չէր կայացնում, ուստի ամեն ինչ նորմալ է:

ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը խոսում է գործարքի քաղաքական նշանակությունից. «Գազի վերաբերյալ տեղի ունեցած համաձայնագիրն այն հնարավորությունն է, որ Հայաստանի բիզնես միջավայրը ստանում է առաջիկա 4 տարիներին՝ էներգետիկ հնարավոր ռիսկերից խուսափելու եւ ավելի ապահով տնտեսվարում իրականացնելու համար»:

Հիմա՝ գանք ոչ պաշտոնական լեզվին:

Վիգեն Սարգսյանն ամեն ինչ նորմալ է բացատրել՝ իրականությանը մասամբ մոտ լինելու տեսանկյունից: Հասկանալի է, որ որպես պետական պաշտոնյա նա չէր կարող ասել, թե գոնե առաջիկա 5 տարիներին գազը ՀՀ-ի համար չի թանկանա եւ նախորդ 5 տարիների փորձանքը չի կրկինվի, երբ մեր «ռազմավարական» գործընկերը անընդհատ գազի գինը փոխելով զզվացրեց վերջնականապես: Անհեթեթություն է դուրս տվել Վարդան Այվազյանը, որովհետեւ 20%-ով կարելի է որոշում կայացնել, եթե իհարկե… որոշում կայացնող լինի: Որովհետեւ 20%-ը այն լծակն է, որով կառավարությունը գոնե մեկ-մեկ կարող էր ռուսական ախորժակը զսպել: Հիմա այլեւս չկա «Հայռուսգազարդ», կա ռուսգազարդ՝ «Գազպրոմ», որ մի օր կարող է որոշել, եւ այդ օրը հեռու չէ, որ իր համար, ասենք, Հայաստանի սահմանամերձ գյուղերին գազ մատակարարելը շահութաբեր չէ կամ՝ շահութաբեր է 1 խմ-ն 1000 դրամով: Այնպես որ, այդ 20%-ը միայն 20%-ի հարց չէր, որ լուծում էր: Իսկ Արտակ Զաքարյանը կհամոզվի, որ առաջիկա 4 տարիներին ՀՀ բիզնես միջավայրը չի ծաղկի, եւ որ իրականում ինքը գործարքի քաղաքական նշանակությունը լրիվ հակառակ իմաստով է հասկացել:

Ընդդիմադիր Հրանտ Բագրատյանի գործունեությունը չեմ հավանում, բայց նրա դիտարկումը հարցեր է առաջացնում, եւ 20%-ի խնդիրը սկսում ես այլ լույսի ներքո նայել: Նա հարցնում է. ««Հայռուսգազարդ»-ը բորսայում չի սակարկվում (ՀՀ իշխանությունններն այդպես էլ թույլ չտվեցին, որ Հայաստանում բորսա լինի): Դրա գինը հայտնի չէ: Բայց մենք գիտենք, որ նման կարգի ընկերությունների գինը նվազագույնը 1 տարվա վաճառքի ծավալը բազմապատկած 3 է: Այսինքն, «Հայռուսգազարդ»-ի գինը 1.2 մլրդ դոլարից պակաս չէ: Եվ ուրեմն՝ դրա 20%-ը 240 մլն դոլար է: Հիմա սա վաճառե՞լ ենք, տվե՞լ ենք: Ներեցեք, պարոնայք հայ իշխանավորներ, դուք հո խուլիգան չե՞ք: Բարի եղեք պաշտոնական հաղորդագրություն տրամադրել: Ի վերջո հսկայական հանրային գույք է օտարվել: Այնուհետեւ, ըստ պ-ն Միլլերի (ռուսական «Գազպրոմի» ղեկավարը) այդ գործարքից հետո Հայաստանը ՌԴ-ից հետայսու գազը կստանա Ռուսաստանի ներքին գներով: Սա վերը նշված 240 մլն դոլարի դիմա՞ց: Ո՞րն է ՌԴ ներքին գինը:

Օրինակ, Սարատովի «Գազպրոմ»-ը գազը վաճառում է (վերջին գները) բնակչությանը՝ գազօջախի համար 7.6 հազար ռուբլի (227 դոլար), իսկ ջեռուցման համար՝ 4.24 հազար ռուբլի: Ռոստովի մարզում գազը վաճառվում է 125 դոլարով, Մոսկվայում ավելի էժան է: Հայաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը 391 դոլար է՝ 3.1 անգամ ավելի թանկ (ի դեպ, մեզ մոտ այն ավելի թանկ է, քան Ուկրաինայում՝ էլի 3 անգամ):

Հիմա ի՞նչ է այդ ներքին գին ասվածը: Դա այն գինն է, որով «Հայռուսգազարդ»-ը գազը ստանալու է «Գազպրոմ»-ի՞ց: Ներեցեք, դա ոչինչ չի փոխում: «Հայռուսգազարդ»-ը հիմա էլ թանկ չի ստանում (189 դոլար): Բայց վերջնական գինը սահմանում է եվրոպականից էլ թանկ: Եվ հետո, եթե մենք ներքին գնով ենք ստանալու (ի վերջո ճշտեցին, որ ներքին գին ասելով նկատի ունեն 189 դոլարը), ապա ինչո՞ւ այն ավելի էժան չէ, քան Ռուսաստանինը: Չէ՞ որ արտահանելուց ԱԱՀ-ն հանվում է»:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի կարծիքով, Հայաստանի պետական գործիչները վերածվել են ճորտերի եւ հարճերի. «Ինչպես Երեւանյան լճի մոտ կանգնողներին են  փորձում են մի քանի կոպեկով ուրախացնել, այնպես էլ Հայաստանին են փորձում մի քանի մանրադրամով ուրախացնել: Հակադրություն դրա՝ ստացանք Պարսկաստանի առաջարկը, որ ավելի ձեռնտու գներով կարող են գազ տրամադրել»:

Պարույր Հայրիկյանը մոռանում է նշել, որ Իրանը (այնտեղ այլեւս Պարսկաստան չկա) շատ ուշ արեց այդ հակադիր առաջարկը: Իրանն ընդհանրապես վերջերս սկսել է անազնիվ խաղալ մեր հանդեպ: Իրանի դեսպանն ուշացած կամ նախապես ծրագրված ուշացած հնչեցրեց Հայաստանին իրանական գազ մատակարարելու խնդիրը, իբր իրենք պատրաստ են, պետք է հայերը որոշեն… Կամ սա ռուս-իրանական պայմանավորվածությամբ հնչած հերթական խաղն է, կամ՝ Իրանը փորձում է Հայաստանի հաշվին ռուսական ուղղության հետ պայմանագրեր ունենալ: Մոտ ապագան ցույց կտա:

Ի հետեւություն՝ մենք հարկ է վերջապես հասկանանք մի բան. բոլորս միասին պիտի լծվենք մեր պետությունը ոտքի հանելուն՝ դանդաղ գնանք, երկար քայլենք, բայց՝ մե՛ր ուժերով: Այլապես երբ ամեն ինչ անում ես վարկերով ու դրամաշնորհներով, վարկատուներն են թելադրում են քո քայլերը: Ռոմանտիզմով չեմ տառապում ու քաջ գիտակցում եմ, որ հիմա չենք կարող առանց դրսի գումարների, բայցեւ՝ վստահ եմ, կամք եղավ, կարող ենք հենց դրսի գումարները ծառայեցնել բացառապես մեզ ձեռնտու ապագայի ծրագրերի հենակետ դնելու համար: Ինչն էլ կօգնի սեփական ուժերին ապավինելուն. մանր-մանր քայլողները կարող են չուշանալ համընդհանուր գործընթացներից, եթե հաստատուն քայլեն: Ու կարող են հետո ոչ թե խնդրագրեր գրեն սրան-նրան, այլ՝ պահանջեն ինչ-որ բան: Այդ ժամանակ մենք կփոխենք մեր նամակը ու դա կսկսենք հենց ռուսաց «թագավորից»…

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։