Հայաստանը կարո՛ղ է եւ պիտի՛ լինի ազդեցիկ գործոն – Հայաստանի հետագա ցանկալի քայլերը համաշխարհային ներկա գործընթացներում…

Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից. այսպես Գյումրիում բացահայտ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Իսկ դրա համար Մոսկվան մի նոր ու մեծ կռիվ է սկսել Եվրամիության դեմ, որն իր քթի տակից կարողացավ տանել Վրաստանին ու Ադրբեջանին: Կովկաս ասված ներկայիս տարածքում միայն Հայաստանն է մնացել որպես Ռուսաստանի ռազմա-քաղաքական դաշնակից: Կովկաս աշխարհագրական հասկացությունն էլ բաժանել են քաղաքական երկու մասի՝ Հյուսիսային եւ Հարավային, եւ եթե Հյուսիսայինը (կամ Այսրկովկասը) Ռուսաստանի Դաշնության կազմում է, որ որոշակիորեն ու երբեմն անկախանալու քայլեր է կատարում (ի դեմս՝ Չեչնիայի եւ Լեզգիստանի (Դաղստանի կազմում)), ապա Հարավայինը (Անդրկովկասը)՝ դուրս է ռուսական տիրապետությունից: Վրաստանն ու Ադրբեջանը որեւէ հեռանկար չեն կապում Մոսկվայի հետ: «Լուսանցք»ը բազմիցս նշել է, որ Հայաստանը Կովկասում չէ, Հայկական լեռնաշխարհում է, որ Կովկասի ու Մերձավոր Արեւելքի կապող օղակն է: Ինչքան էլ փորձեն այս աշխարհագրական ու պատմական տարածքը չտեսնել ներկայիս գերպետությունները եւ մեր տարածք մտած թշնամիները, միեւնույնն է՝ Հայկական լեռնաշխարհը եղել է, կա ու կմնա որպես առանձին աշխարհաքաղաքական միավոր, որ բացառապես հայկական տարածք է:

Ինչեւէ, այսօր Հայկական լեռնաշխարհի մի մասը «տեղավորել» են Կովկասում, մի մասն էլ՝ Մերձավոր Արեւելքում եւ այս պայքարում ԱՊՀական կառույցների դեմ էլ Արեւմուտքը նախաձեռնեց ՎՈւԱՄական դաշինքը, որը կարողացավ երկար ժամանակ Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան հեռու պահել ռուսական ազդեցության գոտուց: Անգամ Ուզբեկստանին մի պահ հաջողվեց ներառել այս դաշինքում, երբ ՎՈւԱՄ-ը նախապես ստեղծվեց որպես ՎՈւՈւԱՄ:

Այժմ Ուկրաինան այլեւս նվիրյալ արեւմտամետը չէ, թերեւս կիսով չափ ռուսականացվել է իշխանափոխությունից հետո, ինչը թուլացրել է ՎՈւԱՄԱՊՀ հակասությունները, եւ առաջինը թերեւս չի գործում որպես քաղաքական միավոր: Մինչդեռ ժամանակին միացյալ որոշումներով հակահայկական բանաձեւեր էր առաջ քաշում եվրոպական կառույցներում եւ ՄԱԿ-ում:

ՎՈւԱՄը ռուսական ազդեցության շրջանակի միակ կորուստը չէր ԽՍՀՄ փլուզումից հետո: Մոսկվային չհաջողվեց իր ազդեցության գոտում պահել նաեւ Մերձբալթյան երկրներին (Լատվիա, Լիտվա եւ Էստոնիա), որոնք անդառնալի եւ միանշանակ ձուլվեցին եվրոպական կառույցներին: Մի կերպ հաջողվեց Միջինասիական երկրներին Մոսկվայի հսկողության սահմաններում պահել, բայց ոչ առաջվա ազդեցության սահմաններում: Ղազախստանն ու Թուրքմենստանը պարբերաբար փորձում են համագործակցել Եվրոպայի հետ, ինչը նավթա-գազային ոլորտում հաջողեցնում են: Աստանան եվրոպական քաղաքականության շրջանակներում եւս կարողանում է լիարժեք գործել:

Ղազախստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանն ու Ուզբեկստանը նաեւ համաթուրքական դաշինքի անդամներ ենԹուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ինչը թուլացրել է այդ երկրների նկատմամբ վերահսկողությունը ԱՊՀ շրջանակներում: Անգամ ՀԱՊԿ պարտավորությունները չեն զգոնացնում թյուրքական երկրներին, որ Հայաստանի նկատմամբ ավելի դաշնակցային լինեն, քան Ադրբեջանի, որի հետ կապված են համաթուրքական եղբայրությամբ: (Թերեւս միայն Միջինասիական միակ պարսկալեզու Տաջիկստանն է հեռու մնացել այս ամենից):

Եվ մեծապետական քաղաքականությամբ եւ երկակի չափորոշիչների կիրառմամբ Ռուսաստանը (որ նույն բանի համար մեղադրում է Արեւմուտքին) կորցրել է Մերձբալթիկան, Միջին Ասիան՝ կիսով չափ, իսկ ներկայիս Հարավայի Կովկաս ասվածը՝ 2/3-ով: Եվ մոտ է այն հիմնովին կորցնելու, եթե շարունակի իր անվստահելի քաղաքական գիծը Հայաստանի հետ:

Եվ սա գիտակցելով էլ օրերս հայտարարվեց, թե Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից:

Այս մասին դիպուկ նշեց նաեւ ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը. «Պուտինի համար Հայաստան չկա: Կա միայն՝ Անդրկովկաս: Եվ Ռուսաստանը շարունակելու է ամրապնդվել Անդրկովկասում: Ռուսաստանը միայն Հայաստանում զորքեր ունի, ոչ Ադրբեջանում եւ ոչ էլ Վրաստանում, ուստի մոսկովյան բոլոր շովինիստների նպատակը միշտ էլ եղել է Հայաստանի վերացումը: Պուտինինն էլ նույնը, նա մեր բոլորի ներկայությամբ չի ասում Հայաստան, ասում է՝ Անդրկովկաս»:

Եվ այս նոր կռիվը, որ ընթանում է ՌԴ Մաքսային միությանը կամ ԵՄ Ասոցացման պայմանագրին միանալու տեսքով, իրականում քաղաքական ու տնտեսական ճակատամարտեր են՝ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության  ապագան ապահովելու համար:

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի հետագա ցանկալի քայլերին այս գործընթացներում, կներկայացնենք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի պատասխանը, թե ի՞նչ քայլեր պետք է նախաձեռնի մեր երկիրըԸստ հայ արիների առաջնորդի, ՀՀ իշխանությունները պետք է.

1. Ռուսաստանի եւ Արեւմուտքի երկրների (ինչպես եվրոպական ընդհանուր կառույցների, այնպես էլ առանձին պետությունների+ԱՄՆ) հետ պայմանագրային ձեւով հստակեցնեն հատկապես աշխարհա-քաղաքական ու ռազմա-տնտեսական գործունեության առաջնահերթությունները, յուրաքանչյուր դեպքում՝ ճշգրտեն վերաբերմունքը մեզ թշնամի երկրների հարցում: Նախեւառաջ՝ Թուրքիայի ու Ադրբեջանի:

2. Կովկասի, Հայկական լեռնաշխարհի ու Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում մասնակցեն հերթական վերաձեւումների միջազգային ծրագրերին՝ երբեւէ չգոյ Քրդստանի փոխարեն Հայկական լեռնաշխարհում միացյալ Հայաստանի վերակերտումը ապահովելու նպատակով:

3. Երեւանում (զուգահեռ՝ սփյուռքում) ստեղծեն համաշխարհային կենտրոն՝ պանթուրքիզմի ծավալապաշտության դեմ, որ սպառնում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Վրաստանին, Ռուսաստանին, Իրանին, արաբական աշխարհին (հատկապես՝ Իրաք, Սիրիա եւ Լիբանան), Հունաստանին (նաեւ՝ Կիպրոս), Բուլղարիային ու Բալկանյան երկրներին, ինչպեսեւ՝ ասիական որոշ երկրների՝ մինչեւ Չինաստան:

4. Երեւանում ստեղծեն տարածաշրջանի բնիկների (բնիկ ազգերի) խորհրդարան, որում կներգրավվեն Կովկասի ու Մերձավոր Արեւելքի բնիկների ներկայացուցիչները, անկախ այն հանգամանքից՝ ունեն այսօր պետություն, թե՝ ոչ:

5. Երեւանում ստեղծեն փոքրատարածք երկրների, պետականություն չունեցող ժողովուրդների եւ չճանաչված պետությունների համաշխարհային միություն՝ միջազգային քաղաքականության ասպարեզում մշտապես առկա լինելու, նաեւ աշխարհի տարբեր անկյուններում պահանջներ առաջ քաշելու նպատակով:

6. Երեւանում ստեղծեն համաարիական քաղաքական դաշինք, որը կծավալվի Հայաստանից ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ուղղություններով: Այս դաշինքը կարող է ռազմավարական կենտրոն դառնալ աշխարհա-քաղաքական տարբեր ծավալապաշտական գաղափարների դեմ. սիոնիզմի, պանթուրքիզմի, պանարաբիզմի, պանիսլամիզմի եւ այլն:

Նշվել են նաեւ այլ միջազգային ու համազգային քայլեր, կան ու կլինեն նոր տեսակետներ եւ առաջարկներ եւս, բայց պաշտոնական Երեւանը պետք է արագ կողմնորոշվի, կտրուկ առաջարկներ անի անգամ, ինչպես միջազգային հանրության ուշադրությունը հայկական հարցերի վրա կենտրոնացնելու, այնպես էլ ներազգային համերաշխության հասնելու եւ ազգային ու համահայկական տեսլականները արդիականացնելու համար:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները  www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.