Հայաստանի 10 ամենահարուստները՝ ըստ «Forbes»-ի… Գիտագործնական սեմինար՝ Մատենադարանում… Հայկական խոհանոց – Չրով թթվամիզուկ… Շաբաթվա մարզական հեւքից… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանի 10  ամենահարուստները՝ ըստ «Forbes»-ի

«Forbes»-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա: Այդ տվյալները հայտնվեցին նաեւ Հայաստանում: Ըստ այդմ, մեր երկրիի ամենահարուստ մարդկանց առաջին տասնյակը հետեւյալն է. 1. Ռոբերտ Քոչարյան (ՀՀ 2-րդ նախագահ), 2. Սերժ Սարգսյան (ՀՀ նախագահ), 3. Գագիկ Ծառուկյան (ԲՀԿ ղեկավար, ՀԱՕԿ նախագահ), 4. Սամվել Ալեքսանյան (ԱԺ պատգամավոր, գործարար), 5. Գագիկ Խաչատրյան (ՊԵԿ նախագահ), 6. Հովիկ Աբրահամյան (ԱԺ նախագահ), 7. Ռուբեն Հայրապետյան (ՀՖՖ նախագահ, գործարար), 8. Տիգրան Սարգսյան, 9. Մաքսիմ Հակոբյան (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն), 10. Խաչատուր Սուքիասյան (գործարար):

Թե որքանով են ստույգ այս տվյալները եւ դասավորությունը, չենք կարող հավաստել, բայց «Forbes»-ը գուցե տասնյակի եւ այլոց կարողությունների ցանկը եւս ունի ու վստահ է, քանի որ հրապարակել է ոչ միայն Հայաստանի տվյալները, ուստի եւ՝ պատրաստ է նաեւ պատասխան տալու եւ հիմնավորելու:

Մատենադարանում կայանալու է միջազգային գիտագործնական սեմինար

«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում դեկտեմբերի 17-18-ին տեղի է ունենալու «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը, տեղեկացրել են Մատենադարանի մամուլի ծառայությունից:

Նախագծի շրջանակներում նախատեսվում են դասախոսություններ, զեկուցումներ եւ վարպետության դասեր, որոնք վարելու են ԱՊՀ, Բալթյան ու եվրոպական այլ երկրների թանգարանային, գրադարանային, արխիվային առաջատար հաստատությունների, վերականգնողական կենտրոնների հեղինակավոր մասնագետներ: Արծարծվելու են ձեռագիր եւ տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները եւ դրանց լուծման եղանակները: Սեմինարի անցկացմանը աջակցում է ՀՀ մշակույթի ու Կրթության եւ գիտության նախարարությունները:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Չրով թթվամիզուկ

Բաղադրությունը - Անկորիզ սեւ սալորաչիր – 1 բաժակ, ծիրանաչիր – 1 բաժակ, խնձորաչիր – 1 բաժակ, անկորիզ հոնի չիր – 1 բաժակ, մեղր – 100 գրամ, սոխ – 2 գլուխ, բուսայուղ – 1 ճաշի գդալ, թթու խնձոր, թթու լավաշ, կարելի է՝ ընկույզ:

Պատրաստման եղանակը - Սալորաչիրը, խնձորաչիրը եւ ծիրանաչիրը թրջել եւ 10 րոպեի չափ եփել: Այնուհետեւ վրան ավելացնել մեղրը: Հետո սրա վրա էլ լցնել սոխառածը:

Հետո այս ամենի մեջ կտրտել թթու խնձորը, թթու լավաշը, լցնել հոնի չիրը: Խառնել, դնել մարմանդ կրակին եւ եփել մինչեւ թանձրանալը: Կարելի է ուտել եւ՛ սառը եւ՛ տաք: Ցանկության պարագայում ավելացնել ընկույզ:

Շատ արագ է պատրաստվում, բայց վայելքը երկար է: Անու՛շ լինի:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Երբ մարզաշխարհը բոստանային կարգավիճակում է

Հայկական մարզաշխարհում վերջին շրջանում իրավիճակը մերթ ընդ մերթ լարվում է, եւ պատճառը սպորտի տարբեր ոլորտների ղեկավարների միջեւ ծագած հակասությունն է: «Լուսանցք»-ը նշել էր, որ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադրվել է տեղադրել «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանը, ինչը դուր չի եկել ինչպես սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին, այնպես էլ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին:

Հայտնի է, որ «Արարատ 73»-ի հաղթանակների 40-րդ հոբելյանական միջոցառման ժամանակ Յուրի Վարդանյանը ցանկություն էր հայտնել «Հրազդան» մարզադաշտի հարեւանությամբ նրանց նվիրված արձան տեղադրել, իսկ հանրահայտ ֆուտբոլիստների հայաստանյան այցի ժամանակ նրանց ընդունելության արժանացրած Գագիկ Ծառուկյանն առաջ անցնելով՝ գործնական քայլերի է դիմել: Հուշարձանի կառուցման համար մրցույթ է հայտարարվել:

Իսկ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած ֆեդերացիայից էլ հայտնել են, թե «Արարատ 73»-ի ֆուտբոլիստներն իրենց չեն դիմել, քանզի գիտեն, որ իրենք զբաղվում են ֆուտբոլային խնդիրներով, ոչ թե հուշարձանաշինությամբ, իսկ »ՀՖՖ-ի կանոնադրական գործառույթների մեջ քաղաքաշինական կամ ճարտարապետական պարտավորություններ սահմանված չեն»:

Մյուս առճակատումը հանրահայտ մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արձանի տեղադրման պատճառով է: Հուշարձանի կառուցումը եւս ՀԱՕԿ նախագահի հովանավորությամբ է լինելու, բայց, չնայած Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է այն տեղադրել Շահինյանի անվան մարզադպրոցի տարածքում, բայց խնդիրներ են առաջացել սպորտի եւ երիտասարդւության հարցերի նախարարության պատճառով:

91 մարզիկների դրամական պարգեւ կշնորհվի

Օլիմպիական խաղերում, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին 2011թ. մայիսի 25-ին ՀՀ կառավարության N 462 որոշման համաձայն՝ 2013թ. 91 մարզիկների կշնորհվի դրամական պարգեւ:

Հայ դահուկավազորդն առաջինն է

Հայաստանի դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը հաջող հանդես եկավ Ֆինլանդիայի Լապինլահթիում անցկացվող միջազգային մրցաշարում: Տղամարդկանց 10 կմ մրցավազքում մեր մարզիկը 19:55,7 րոպե արդյունքով գրավեց 1-ին տեղը: Նա ընդամենը 1 վայրկյանով է առաջ անցել ռուսաստանցի Վիկտոր Ռոմանովից: Սա 21-ամյա դահուկորդի առաջին լուրջ նվաճումն է միջազգային մրցումներում:

Մեր մյուս մասնակիցներ Արթուր Եղոյանը եւ Թադեւոս Պողոսյանը ցույց են տվել համապատասխանաբար 15-րդ եւ 17-րդ արդյունքները:

Կանանց 5 կմ մրցավազքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սյուզաննա Վարոսյանը 46 մասնակիցների մեջ զբաղեցրել է 40-րդ տեղը:

Մանուել Պետրոսյանը՝ գիմնազիադայի չեմպիոն

ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու 15-ամյա Մանուել Պետրոսյանը ոսկե մեդալ նվաճեց Բրազիլիայի մայրաքաղաքում անցկացված համաշխարհային դպրոցական խաղերում՝ գիմնազիադայում: Նա շրջանային մրցակարգով անցկացված մրցաշարում 1-ին տեղը գրավեց՝ 6 հնարավորից վաստակելով 4,5 միավոր:

Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, Բրազիլիայի, Պորտուգալիայի եւ Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները:

Սպորտային մեքենաների շքերթ՝ Երեւանում

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ «STR» ավտոսիրողների ակումբ» հ/կ-ն կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված «STR» ավտոսիրողների ակումբի 10-ամյակին։ Ակումբի անդամներն անցկացրել են սպորտային մեքենաների ցուցադրություն եւ մեքենաներով ցուցադրական ելույթներ։ Միջոցառմանը մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ովքեր նույնպես սպորտային մեքենաներ վարողների թվում էին։

Քաղաքապետը, շնորհավորելով ակումբին, վստահեցրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է համագործակցել «STR» ավտոսիրողների ակումբի հետ եւ նպաստել ավտոսպորտի զարգացմանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն առաջին անգամ էր վարում սպորտային մեքենա. «Առաջին հայացքից թվում է, թե այն սովորական մեքենա է, բայց ղեկը բռնելուց հետո ես միայն հասկանում, որ այն քեզ ակամա առաջ է մղում։ Ադրենալին, ոգեւորություն, արագություն. ահա այն զգացողությունները, որ ունենում ես՝ վարելով սպորտային մեքենա»:
«STR» ավտոսիրողների ակումբի ղեկավար Արսեն Մանուկյանն ընդգծել է, որ իրենց նպատակը Հայաստանում ավտոսպորտը զարգացնելն է. «Մենք քարոզում ենք պահպանել երթևեկության կանոնները, լինել օրինակելի վարորդներ։ Աշխատանքներ ենք տանում նաև երեխաների, աղջիկների շրջանում։ Զբաղվում ենք նաեւ պրոֆեսիոնալ մարզումներով։ Տարվա ընթացքում ակումբի կողմից կազմակերպվել է 9 միջոցառում։ Մենք պարբերաբար անցկացնում ենք մի շարք առաջնություններ, ավտո-քռոսս, արագընթաց ձեւավոր վարում (դռեգ ռեիսնգ), դրիֆտինգ, լեռնային մրցություն ու տարբեր ավտոշոուներ»: Ակումբն ավտոսիրողներին հնարավորություն է տալիս զգալու արագության շունչը, եւ խրախուսում է զերծ մնալ փողոցային անկարգություններից, նաեւ կազմակերպում է երիտասարդների ինքնատիպ ժամանցը։ Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաեւ «DRAG-RACING 2013 STR» գավաթի ու դրիֆտինգի առաջնության հաղթողների պարգեւատրում։ Միջոցառման հատուկ հյուրն էր ավտոսպորտի միջազգային մրցումների հաղթող, մոսկվաբնակ Արթուր Գորոյանը, ով Հայաստանը ներկայացնում է միջազգային մրցաշարերում։

Լեւոն Արոնյանը՝ միանձնյա առաջատար

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը հաջող մեկնարկեց Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող կայծակնային շախմատի մրցաշարում։ 10 փուլում մեր գրոսմայստերը տարել է 8 հաղթանակ, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, իսկ մեկում պարտվել: Նա վաստակել է 8,5 միավոր եւ այժմ միանձնյա գլխավորում է աղյուսակը: 2-րդ տեղում գտնվող ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ունի 7,5 միավոր:

Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 1-ին տեղը

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը հաղթող ճանաչվեց հնդկական Կալկաթա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Վանաձորցի երիտասարդ գրոսմայտերը վերջին 10-րդ փուլում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան Պոպովի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ եւս 4 շախմատիստ, այդ թվում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, սակայն լրացուցիչ հաշվարկներով Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 1-ին տեղը:
Տիգրան Ս. Պետրոսյանը մրցաշարը ավարտեց 4-րդ հորիզոնականում, ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը՝ 14-րդ, Լեւոն Բաբուջյանը` 21-րդ, Վահե Բաղդասարյանը` 34-րդ, Մարիա Գեւորգյանը` 76-րդ:

Նախարար Յուրի Վարդանյանի հրամանով

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն առաջին անգամ հանդես է եկել հայկական մարզաշխարհի «Տարվա լավագույն մարզիկների տասնյակի» ընտրության աշխատանքները լրատվամիջոցների հետ կանոնակարգելու նախաձեռնությամբ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նպատակը տարվա լավագույն մարզիկների տասնյակի ընտրության հարցում անաչառության եւ հնարավորինս մեծ թվով մարզական լրագրողների մասնակցության ապահովումն է:

Մարզիկների ընտրությունն անցկացնելու համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մասնագետների կողմից մշակվել է մարզական արդյունքների գնահատման չափորոշիչներ եւ տասնյակը որոշելու կարգ, ինչը հաստատվել է նախարարի կողմից:

Մրցույթի անցկացումը կազմակերպում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ աշխատանքային խմբում ընդգրկված մասնագետների միջոցով: Նախարարության հաստատած համապատասխան կարգի համաձայն «Տարվա լավագույն մարզիկների տասնյակ» մրցույթում թեկնածուների առաջադրման իրավունքը տրվել է Ազգային ֆեդերացիաներին: Հաստատված կարգի համաձայն Ֆեդերացիաները արդեն նախարարությանն են ներկայացրել տարվա ընթացքում մարզական արդյունքներով առավել աչքի ընկած իրենց մարզաձեւերի 5 մարզիկի թեկնածություն:

2013 թ. լավագույն մարզիկների տասնյակը որոշելու իրավունք ունեն միայն այն զանգվածային լրատվամիջոցները (հեռուստա-ռադիոընկերություններ, թերթեր (էլեկտրոնային), լրատվական գործակալությունները, որոնք ունեն մարզական բաժին եւ պարբերաբար ու բարեխղճորեն լուսաբանում են ՀՀ ազգային հավաքական թիմերի եւ մարզիկների մասնակցությամբ կայացած միջոցառումները, Հայաստանի մարզական ֆեդերացիաների գործունեությունը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com  կամ redaction@hayary.org էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։