Մեր ավանդապատումները – Սյունիք (3-րդ մաս) – «Լուսանցք»-ը նոր խորագիր է սկսել՝ «Մեր ավանդապատումները»: Դրա ներքո ներկայացնում ենք ՀՀ մարզերին եւ Երեւանին վերաբերող հատվածները…

Սկիզբը՝թիվ 39, 40-ում

Ծծաքար գտնվում է Սիսիանի Շնաթաղ գյուղից հարավ: Ասում են, թե այս քարը կաթ ստանալու հատկություն ունի: Սակավակաթ կանայք ուխտ են գալիս այստեղ, մոմ վառում եւ քարից կաթացող ջրից քսում ստինքներին, որ իրենց կաթն ավելանա:

Շաքարաջուր սկիզբ է առնում Գորիսի հանդերի աղբյուրներից եւ թափվում Վարարակ գետը: Մի հովիվ ունենում է Շուշան անունով մի աղջիկ, ում նմանը չկար աշխարհում: Նա ծիծաղում էր՝ սարերում շուշաններ էին բացվում, լաց էր լինում՝ արտասուքները աղբյուրներ էին դառնում: Ասում են, թե այս առուն Շուշանի արտասուքներից է գոյացել: Ջրի քաղցրության համար առուն կոչվել է Շաքարաջուր:

Ագռավիաղբյուրգտնվում է Տաթեւից Շնհեր տանող ճանապարհին: Գրիգոր Տաթեւացին արածեցնելիս է եղել Տաթեւի վանքի գառները: Մի օր աղբյուրից ջուր խմելիս օձը ուզում է խայթել նրան: Տեսնելով այդ, ագռավը նետում է իրեն աղբյուրի մեջ: Օձը Գրիգորի փոխարեն խայթում է ագռավին: Տաթեւի վանահայրը օրհնում է անձնազոհ ագռավին եւ թաղել է տալիս նրան աղբյուրի կողքին, որի անունը տեղացիները Ագռավի աղբյուր են դնում:

Զանգեզուր – ա) երբ Լենկ Թեմուրը հասնում է Արաքսի ափ, դեռ գետը չանցած, նրան ներկայանում է Մեհրի անունով մի իշխան եւ ասում. «Թեմուրն ապրած կենա, եկել եմ քեզ ծառայեմ»: Թեմուրի հարցին, թե ի՞նչով նա կարող է ծառայել իրեն, իշխանը պատասխանում է. «Քանի Խոտ գյուղի գլխին գտնվող վանքի մեծ զանգը կա, դու չես կարող գրավել այս երկիրը, թշնամուն հեռվից տեսնելուն պես, տալիս են այդ զանգը եւ ժողովրդին հանում նրա դեմ»: Լենկ Թեմուրը մի քիչ մտածելուց հետո, ասում է. «Գնա՝ էդ զանգը վառի, փչացրու, ես քեզ շատ ոսկի ու իշխանություն կտամ»:

Դավաճանը գնում է, իր նման մի քանի ուրիշների հետ գիշերով զանգի տակ կրակ են վառում եւ կտրում նրա ձայնը: Լենկ Թեմուրը զորքով անցնում է Արաքսը: Իմանալով այդ մասին՝ վանահայրը կանչում է եւ կարգադրում շտապ զանգը տալ: Զանգահարը ինչքան փորձում է, զանգը ձայն չի հանում: Վազում է վանահոր մոտ եւ ասում. «Ամեն բան զուր է, զանգը ձայն չի տալիս»: Լենկ Թեմուրը գիշերով գրավում է ամբողջ երկիրը: Գյուղերում մարդիկ զարմանքով հարցնում են իրար. «Բա ինչու՞ զանգը չտվին»: Ոմանք էլ պատասխանում են. «Զանգը զուր է, զանգը զուր է…»: Դրանից հետո գավառի անունը մնում է Զանգեզուր:

բ) Որոտանի ձորում շատ գյուղեր են եղել, ամեն գյուղում էլ մեկ-երկու եկեղեցի: Առավոտները, որ զանգերը տվել են, ձորը լցվել է նրանց ձայնով: Լսողներն ասել են. «Զանգի ձո՛ր է, զանգի ձո՛ր է»: Դրանից հետո գավառի անունը դրել են Զանգեձոր, որը բերանից բերան դարձել է Զանգեզուր:

գ) Տաթեւի վանքը կառուցելուց հետո զանգակատանը մի մեծ զանգ են կախել: Սրա ձայնն այնքան ուժեղ է եղել, որ երբ ղողանջել է, լսվել է ամբողջ գավառի լեռներում ու ձորերում: Ժողովուրդն ասել է. «Էս ի՛նչ զոռ զանգ է, զանգը զո՜ռ է»: Որից եւ առաջ է եկել Զանգըզոռ կամ Զանգեզուր անունը:

դ) Նոր Գորիսի մոտ գտնվող վանքում ժամանակին եղել է մի շատ մեծ զանգ: Երբ տվել են այդ զանգը, ձայնը լսվել է հեռուներում: Ժողովուրդն ասել է. «Զանգը զորավո՛ր ա, զանգը զո՛ռ ա»: Դրանից էլ առաջ է եկել Զանգեզուր անունը:

ե) Սյունյաց երկրի քարանձավներին տեղացիներն առաջ ծակեր են ասել, իսկ ձորերին էլ՝ ծակերի ձոր: Այստեղից էլ գավառի անունը մնացել է Ծակերի ձոր, որը հետո դարձել է Ձագեձոր, Զանգեզուր:

Լծեն գտնվում է Զանգեզուրում: Ասում են, թե երբ մոնղոլները Չար-Ղաթայի առաջնորդությամբ հասել են այս կողմերը, տեղացիները լեռների կատարներից քարե կարկուտ են թափել ձորում գտնվող թշնամու վրա: Ժողովրդին խրախուսելու համար մենաստանում ապրող Ներսես քերթողը կրկնել է. «Լցե՛, լցե՜», եւ ինքն էլ քարեր է գլորել վերեւից: Հետեւելով Ներսես քերթողին, գյուղացիները եզներ են լծել քարքաշաններին, քարե կույտեր են բերել, քարե հեղեղ են տեղացել թշնամու վրա ու չեն թողել, որ նա ոտք դնի գյուղը տանող արահետին: Իսկ Ներսես քերթողը շարունակել է կրկնել. «Լցե՜, լցե՜»: Դրանից հետո էլ գյուղի անունը մնացել է Լծեն:

ԴավիթԲեկիգերեզման գտնվում է Ղափանի Հալիձոր գյուղի եկեղեցու գավթում: Երբ Դավիթ-Բեկը հիվանդանում ու մեռնում է, Տաթեւի վանքից հատուկ նրա համար գալիս է ծերունի Հովակիմ եպիսկոպոսը եւ մեծ հանդիսությամբ թաղում նրան Հալիձորի եկեղեցու գավթում:

Ասում են, թե Դավիթ-բեկի գերեզմանաքարին միայն մի ծաղիկ կա քանդակված եւ այն էլ երեսով դեպի հողը, որպեսզի թշնամիները չկարողանան ճանաչել ու ոսկորները հանել:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.