Անկարան դեմ առ դեմ՝ անհերքելի փաստի առաջ – Ռագըփ Զարաքօլուն Հայոց ցեղասպանության մասին… «Ռոյթերս»-ն անդրադարձել է Մարի Լուի Գումուչյանի հոդվածին – Թղթակիցն էլ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր…

Ռագըփ Զարաքօլուն թուրքական «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրենն է, ով հայտնի է նաեւ որպես իրավապաշտպան: Եկել էր Երեւան՝ մասնակցելու «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գրքի շնորհանդեսին, որը կայացավ Հայաստանի Ազգային գրադարանում: Խղճի դեմ չի կարող գնալ.- ասել էր նա՝ հավելելով, որ չի վախենում Թուրքիա վերադառնալուց:

Բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը լույս է տեսել 2011թ. հայերեն եւ անգլերեն լեզուներով: Գիրքը թարգմանվել է նաեւ թուրքերեն, իսկ «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրենը այն հրատարակել է (1500 օրինակ):

«Ես ասացի Ռագըփ Զարաքօլուն, որ իր համար այս նախաձեռնությունը բոմբ է լինելու: Նա էլ պատասխանեց, թող նստեցնեն ինձ, բայց կարեւորն այն է, որ գիրքն արդեն տպված կլինի»,- ասել է Վերժինե Սվազլյանը: Նա նաեւ նշել է, որ թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Ռագըփ Զարաքօլուն ասելէ, թե գրքում ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ թուրք ժողովորդի պատմությունը: Զարաքօլուն մի քանի անգամ արդեն հրատարակել է Սվազլյանը գրքերը եւ վստահ է, որ թուրքական իշխանությունը չի հանդգնի իր նկատմամբ ինչ-որ քայլ կատարել գիրքը հրատարակելու համար, քանի որ էլի են տպել նման գրքեր: Եվ վախեցնելու փորձերն անհաջողության են մատնվում: Ըստ թուրք իրավապաշտպանի, Թուրքիայի իշխանական խավն ուզում է «մեզ նմաններին լռեցնել», հետապնդում է մարդկանց, իսկ ինքն արդեն 2 տարի է դատավարության մեջ է հայտնված: Եվ հերթական դատական նիստը հենց շնորհանդեսի օրն էր կայանալու: Չնայած այս ամենին, օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ճշմարտության ճանապարհն են բռնել:

Իսկ գրքի մասին թուրք իրավապաշտպանն ասել է, որ այն շատ ասելիք ունի, պատմում է եղելությունը, որն ընթերցելուց հետո մարդիկ «իրենց ծնողների հետ առերեսվելու պահանջ կզգան»: Այս գիրքը սպասված է Թուրքիայում, եւ արձագանքը մեծ է լինելու. «Վերժինե Սվազլյանի անունը ծանոթ է թուրք հասարակության շրջանում: Նրա գրքերից էլի են թարգմանվել թուրքերեն, որոնք իբրեւ պատվանդան են, իսկ այս գիրքը կդառնա արձան՝ պատվանդանի վրա: Գրքում բերված են անառարկելի փաստարկներ, որոնք հասարակությունը կսկսի քննարկել»: Ըստ նրա, Հայաստանի ու Թուրքիայի ակադեմիական շրջանակները անհամեմատելի են. «Ինչ լավ է, որ այս սերունդը գնացող է, աճում է մի նոր սերունդ, որը զինված է ճշգրիտ պատմությամբ ու հայ գրչակիցների, կոլեգաների հետ կարող են միասին աշխատանք տանել»:

Հեղինակի՝ Վերժինե Սվազլյանի կարծիքով, թուրքերեն տարբերակը որոշակի արդյունք կունենա, նշանակալի դեր կկատարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, գիրքը մի փաստաթուղթ է, որի դեմ չի կարելի հակափաստարկներ բերել, քանի որ այնտեղ ներկայացված է ականատեսների վկայությունները, պատմությունները: «Կարծում եմ՝ մեծ ազդեցություն կունենա թուրքական հասարակության վրա, կնպաստի, որ թուրքական հասարակությունում ավելանա այն մարդկանց թիվը, որոնք ընդունում են ցեղասպանության փաստն ու դատապարտում են»,- ասել է թուրքագետը: Իսկ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել է, որ այս կարեւոր գրքի վրա թուրքերեն գրված «Ցեղասպանություն» բառը հեղափոխում կարող է մտցնել թուրքերի մտածողության մեջ: «Թուրքերեն տարբերակում ոչինչ փոխված չէ: Կարեւոր է, որ տեղանունները նույնպես փոխված չեն»,- ասել է պատմաբանը:

Նարե Մշեցյան

* * *

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը տպագրել է  հոդվածագիր Մարի Լուի Գումուչյանի՝ «Գեղատեսիլ վայրերով եւ պատմությամբ լի Հայաստանի մայրաքաղաք Երեւանը» խորագրով հոդվածը: Այնտեղ այսպիսի նշումներ կան նաեւ. «Երեւան… Լեռներով շրջապատված եւ պատմության մեջ ընկղմված Հայաստանի մայրաքաղաք՝ աշխույժ սրճարաններով, ցնցող տեսարաններով ու հարուստ կրոնական ժառանգությունով: Այն ամենահին, շարունակաբար բնակեցված քաղաքներից մեկն է աշխարհում: Հիմնադրվել է մ.թ.ա 782-ին, 1,1 միլիոն մարդիկ տեղակայված են Արարատ Լեռան ստվերում, որը ձգվում է Թուրքիայի ներկայիս սահմանի երկայնքով… Հայաստանի պատմության թանգարանում հատուկ բաժին կա, որը նվիրված է 1915թ. օսմանյան թուրքերի կողմից հայերի զանգվածային ոչնչացմանը: Մի շարք պատմաբաններ նշում են, որ 1-ին աշխարհամարտի տարիներին մոտավորպես 1,5 միլիոն քրիստոնյա հայ է մահացել ներկայիս Թուրքիայի արեւելյան մասում, եւ դա դիտավորյալ ցեղասպանություն իրականացնելու քաղաքականություն է եղել: Թուրքիան հերքում է այս փաստը»… Բայց «Ռոյթերս»-ի, թղթակիցն այցելել է Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին:

Մարի-Լուի Գումուչյանը նաեւ Գառնու հեթանոսական տաճարին է անդրադարձելհիշեցնելով հայոց հնագույն անցյալը:

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։