Բաց երկնքին՝ փակ դռներ (ազգային ավիափոխադրող ունենալու խնդիրը)… Ցավոտ կետեր – Հանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը…

Բաց երկնքին՝ փակ դռներ

Գործադիրը երեկվա նիստում հաստատեց, որ ՀՀ կառավարության եւ օտարերկրյա պետությունների կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության ոլորտում կնքված միջազգային պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, միջազգային երկկողմ պայմանագրեր կնքելու վերաբերյալ բանակցություններ վարելու իրավունքը վերապահվում է  էկոնոմիկայի նախարարությանը:

«Լուսանցք»-ը գրել էր, որ ՀՀ-ին բաց երկնքի քաղաքականությունը իրականացնելիս որոշ փակ դռներ են պետք, այլ կերպ՝ ամեն ինչ պետք է արվի ազգային փոխադրող ունենալու համար:

Կառավարւթյունը, փաստորեն, երեկ չհերքեց, որ ՀՀ-ում մրցունակ եւ շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման համար շատ տարբերակներ պետք է լինեն, այդ թվում՝ ազգային փոխադրողի ստեղծումը կառավարության օժանդակությամբ կամ առանց այդ օժանդակության:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը վստահ է, որ բաց երկնքի քաղաքականությունը կունենա ամենամեծ դրական ազդեցությունը տնտեսության, աշխատատեղերի ստեղծման, ուղեւորների քանակի աճի եւ ավիափոխադրումների սակագնի իջեցման վրա:

Ուզում ենք հուսալ, որ գործադիրը իսկապես ջանք չի խնայի ազգային փոխադրող ունենալու համար, այլապես, ինչպես ասելենք, կզրկվենք հայկական ավիացիա ունենալուց, եւ տանուլ կտանք եւ սմեկ ռազմավարական ոլորտում:

Աստղինե Քարամյան

Ցավոտ կետերՀանքարդյունաբերություն եւ բնապահպանություն. ո՞րն է սրանց հաշտության պայմանը

Սկիզբը՝ թիվ 39, 40-ում

Արդեն ասել ենք, որ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի զարգացման համար ընտրված են որոշ ապարներ, որոնք էներգախնայող ու շահութաբեր արտադրատեսակներ կտան: Մանրամասն ներկայացրել ենք, թե որ ապարի օգտագործումը ինչ օգուտներ կարող է տալ: Խոսել էինք պեռլիտներից, բազալտներից, մագնեսիլիկատային ապարներից,  դոլոմիտից, դիատոմիտներից: Մասնագետներն ասում են, թե մենք էլի ապարներ ունենք, որոնց պաշարների չափը, որակը կարող են զարմացնել աշխարհին ու զարգացնել մեր երկիրը:

Նշված 5 պաշարներին հավելենք եւս 4 տեսակի հումք: Սկսենք ցեոլիտներից (տվյալները մեջբերել եմ նաեւ «Հայաստանի Հանրապետություն»-ում):

6. Բնական ցեոլիտները հիմնականում կիրառվում են արդյունաբերության այս ճյուղերում՝ ռետինատեխնիկական, սննդի, ցեմենտի, գազի, քիմիական, նավթաքիմիական եւ այլ արտադրություններում: Մեծ չափով կիրառվում է գյուղատնտեսությունում՝ անասնապահության, թռչնաբուծության (որպես կերի հավելանյութ, ավելացնում է մսատվությունը), հողերի բարելավման համար: Հաստատված պաշարներով հայտնի է Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրը, որի պաշարները կազմում են 12,10 մլն. տ:

7. Բենտոնիտային կավերի՝ հանրապետությունում միակ հաստատված պաշարներով հանքավայրը Սարիգյուղինն է, որի պաշարները կազմում են 56,70 մլն. տ, որ հեշտությամբ ենթարկվում է քիմիական ակտիվացման: Կիրառվում են բուսական յուղերի մաքրման եւ նավթի՝ կատալիտիկ թորման գործընթացներում, կաբելի արտադրությունում: Բենտոնիտը բնական կավանյութ է, որն ունի փքվելու ունակություն 14-16 անգամ: Բենտոնիտից ստացված պոլիմեր-միներալային բաղադրանյութը կունենա լայն կիրառության գյուղատնտեսության մեջ, կբարձրանա միամյա եւ բազմամյա գյուղատնտեսական կուլտուրաների բերքատվությունը ոչ պակաս, քան 25%: Բույսերի վեգետացիայի շրջանում ոռոգման ջրի խնայողությունը կկազմի շուրջ 40%: Էապես կփոխվի աղակալված հողերի կառուցվածքը: Այս բաղադրանյութը կարելի է օգտագործել հակասողանքային միջոցառումների ժամանակ:

Բաղադրանյութը նաեւ մեկուսիչ կարող է լինել թունանյութերի եւ այլ վնասակար թափոնների գերեզմանոցների անվտանգությունը ապահովելու համար:

8. Քվարցիտների հաշվեկշռային պաշարները գնահատվում են 15,57 մլն. տ: Այդ ապարների արդյունաբերական օգտագործման բնույթը պայմանավորված է քվարցի առանձնահատկություններով: Արդյունաբերությունում օգտագործվում են նրա բարձր հրակայունությունն ու թթուների, հիմքերի նկատմամբ ունեցած դիմացկունության հատկությունները: Ամուր տեսակները օգտագործվում են որպես շինարարական քար, դրանցից պատրաստում են երեսապատման սալեր, ճարտարապետական ձեւավորման մասեր եւ այլ շինարարական իրեր: Քվարցիտը հումք է հրակայուն աղյուսի արտադրության համար: Քիմիական արտադրությունում օգտագործվում է որպես թթվակայուն նյութ, հիանալի բնական հղկանյութ է եւ վերջապես, ապակու արդյունաբերությունում կիրառվում է որպես հիմնական սիլիցիումի օքսիդ պարունակող բաղադրամաս:

9. Նեֆելինային սիենիտներից տնտեսապես նպատակահարմար է կորզել կավահողեր եւ դրան ուղեկցող հիմքեր, սիլիկահողեր, որոնք կարող են օգտագործվել ցեմենտի արտադրությունում:

Փաստորեն, 9 տեսակի հումք, որ կարող է շատ բան փոխել: Պահպանված են նաեւ առավել հեռանկարային արտադրության եւ նոր արտադրատեսակների ներուժ ունեցող՝ ներկայումս չաշխատող, կամ ոչ ամբողջ արտադրական հզորություններով աշխատող ձեռնարկությունները (նախորդիվ ներկայացրել ենք դրանք), որոնք կարող են դեռ ոլորտում լուրջ քայլեր ձեռնարկել: Բայց առկա գրեթե բոլոր կազմակերպությունների արտադրական հզորությունները վերականգնելու համար պահանջվում են լուրջ ներդրումներ (վերականգնման, վերազինման եւ արդիականացման): Ի դեպ, մեր մասնագետները այդ գործարանների եւ արտադրական բազաների հիմամբ կատարել են առանձնահատուկ մշակումներ,  մշակել են բիզնես առաջարկներ այն արտադրատեսակների վերաբերյալ, որոնք աշխարհում մեծ կիրառություն եւ պահանջարկ ունեն ու առավել հեռանկարային են:

Սրանք կարող ենք չներկրել

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հավաստմամբ, սկզբնական փուլում դիտարկման արժանի են այս արտադրությունները:

Խոսքը նախ բնական փոշիների արտադրությանն է վերաբերում: Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից կարելի է համարել բնական փոշիների արտադրությունը ոչ մետաղական հանքանյութերի վերամշակմամբ, որոնք մեծ պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում: Այս ուղղությունը մեծ ներուժ ունի եւ ենթակա է գիտական լուրջ ուսումնասիրության: Առաջատար նշանակություն ունի կատալիզատորներ կրողների արտադրությունը նաֆթարդյունաբերության մեջ, որոնք երկարացնում են թանկարժեք կատալիզատորների կյանքը 10-15 անգամ: Փոշիներն օգտագործում են նաեւ որպես հղկող նյութեր բազմանշանակ հնարավորություններով՝ էկրանները, կինեսկոպները, լինզաները, հատուկ օպտիկական ապակիները եւ այլ առարկաներ նուրբ հղկելու համար: Փոշիները օգտագործում են նաեւ որպես լցանյութեր՝ տարբեր տեսակի ռեզինի արտադրության մեջ, կենցաղային քիմիայում լվացող նյութերի արտադրության մեջ, ստոմատոլոգիական նյութերի պատրաստման համար, թղթի արդյունաբերության մեջ:

Մեկ այլ՝ հեռանկարային ու շահավետ է բազալտե գերնուրբ մանրաթելերից ջերմա եւ ձայնամեկուսիչ նյութերի արտադրությունը, որի համար որպես հումք օգտագործվում է բազալտի հանքավայրերում քարերի մշակումից առաջացած ջարդոնը:

Խոսվում է տարբեր չափերի տեսակավորված պեռլիտի արտադրության մասին, որը հումք կլինի փքած պեռլիտ, ֆիլտր փոշիներ, ջերմամեկուսիչ նյութեր ստանալու համար: Ցեոլիտների հիմամբ կարող է սկսվել շինարարական փրփրապակու արտադրություն: Առաջարկվում է նաեւ բետոնե որմնաբլոկների, երեսապատման սալիկների արտադրություն, հանքային պարարտանյութերի, գյուղատնտեսական անասնակերի եւ թռչնակերի դիետիկ հավելում՝ հանքային պիգմենտի արտադրություն:

Առայժմ 6 արտադրություն, որ հեռանկարային է դիտարկվում:

Ոչ մետաղական հանքանյութերի ոլորտը զարգացնելու համար պետությունը (պետական աջակցությունը) նախ կընտրի առավել շահութաբեր եւ տնտեսության համար կարեւոր արտադրատեսակները, պահպանված գործարաններից մի քանիսը կդասակարգի ըստ այդ արտադրատեսակների արտադրության համար առաջնայնության ու կներդնի առաջարկվող արտադրատեսակների արտադրությունը: Դրանով կապահովվի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման միջազգային նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան եւ առաջարկվող նոր արտադրատեսակների արտադրությունը՝ ներքին շուկայի պահանջարկներից ելնելով: Այդպիսով, ըստ նախարար Արմեն Մովսիսյանի, «այդ գործարաններն ու արտադրատեսակները կստանձնեն ոլորտի զարգացման լոկոմոտիվի դերը՝ միեւնույն ժամանակ ուղի հարթելով դեպի միջազգային շուկա»:

Իբրեւ վերջաբան հակիրճ իմի բերենք հոդվածաշարը: Փաստորեն, ոլորտային տնտեսության զարգացման համար ունենք հումքը, գոնե նախնական արտադրության համար (ներքին շուկայի պահանջարկ) ձեռնարկությունները եւ մասնագիտական հատվածը: Այլ կերպ՝ ոլորտ ունենք, որ թաքնված ներուժ ունի: Դրա համար առաջարկվում է ստեղծել արտադրությունների շղթայական, էներգախնայողություն ապահովող համակարգ, որը կնպաստի ինչպես ընդերքօգտագործման բնագավառի, այնպես էլ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը: Եվ որոշ հարցադրումներ կանխազգալով՝ միանգամից ասեմ, որ եթե մենք չենք ուզում դառնալ բացառապես սպասարկող երկիր (սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն, հանրային եւ այլ՝ ծառայություններ), ապա այլընտրանք չունենք՝ պետք է զարգացնենք արդյունաբերության բոլոր այն ճյուղերը, որի ներուժն ունենք: Կրկնենք՝ այլ խնդիր է, որ հարկ է տարբեր միջոցներով այնպես անել, որպեսզի գործարարը ի վիճակի լինի կամ ցանկանա կամ էլ, ինչու ոչ, նրան պարտադրվի (ինչպես զարգացած շատ երկրներում) արդյունաբերությունում կիրառել տեխնոլոգիաներ, որոնք նպաստում են մաքուր արտադրությանը: Միով բանիվ՝ եթե կա պաշար, այն չօգտագործելը (խոսքը ոչ թե շահագործելու, այլ՝ խելամիտ օգտագործելու մասին է) անմտություն է: Ու պիտի այնպես արվի, որ հանքարդյունաբերությամբ զբաղվող գործարարները իսկապես մեծ գումարներ տան բնությանը հասցրած վնասները իրապես փոխհատուցելու համար:

 Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։