Հայաստանը՝ ռուս-իրանական խաղերում (ո՞րն է իրանական գազի իրական գինը)… 20 տոկոսի գործարքը թանկացնելու է գազը (երբեք չի էժանանում «կախված» ապրանքը)… Ուկրաինան «սպեկուլյանտ» չէ՞…

Հայաստանը՝ ռուս-իրանական խաղերում

«Հայաստանը պատրաստ է բանակցել Իրանի հետ՝ գազի դիմաց 189 դոլարից ցածր ցանկացած գնի դեպքում»,-ի պատասխան լրագրողների հարցադրումների երեկ կառավարության նիստից հետո ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ միաժամանակ հավելելով, թե երբ Իրանի դեսպանը Հայաստան վերադառնա, ինքը կհանդիպի նրան:

«Մենք կհանդիպենք ու քննարկում կանցկացնենք: Եթե իրանական կողմը հնարավոր գտնի գազը վաճառել 1000 խմ դիմաց 100 դոլարով, ես անմիջապես կմեկնեմ Թեհրան ու բանակցություններ կսկսենք: Հայկական կողմի համար առավել շահավետ է այն, ինչ էժան է»:

Նկատենք, որ դեկտեմբերի սկզբին ՀՀ-ում ԻԻՀ  դեսպան Մոհամմադ Ռեիսին հայտարարել էր, որ Իրանին որեւէ բան չի խանգարում Հայաստանին, որպես իր բարեկամական երկրի, գազը վաճառել 100 դոլարով: Ընդամենը 1-2 օր անց էլ Արմեն Մովսիսյանը հայտնել էր, թե Իրանը Հայաստանին երբեք չի առաջարկել 189 դոլարից ցածր գնով գազ: Ավելին, ըստ մեր նախարարի, Իրանը գազը սահմանին կվաճառեր առնվազն 400 դոլարով, մինչդեռ Ռուսաստանը դա անում է 189 դոլարով: Իրանի դեսպանն էլ հակադարձեց, թե հայկական կողմն այս հարցով իրենց հետ բանակցություններ չի վարել, այսինքն՝ բանակցությունների դեպքում միայն կարող էր հստակեցվել իրանական գազի՝ Հայաստանին վաճառքի գինը. եթե բանակցություններ չեն վարվել, այդ դեպքում Արմեն Մովսիսյանը ինչի՞ հիմամբ է խոսում 400 դոլարի մասին:

Առայժմ չենք կարող ասել՝ հայկակա՞ն կողմը ճիշտ չի ասում, թե՞ իրանական: Բայց մեր վերլուծությունները վկայում են, որ հայկական կողմը հայտնվել է անելանելի վիճակում, եւ դրանից պարզապես օգտվում են ռուսական եւ իրանական կողմերը՝ փոխպայմանավորված: Մի առիթով ասել ենք, որ ՀՀ-ին էժան գազ վաճառելու իրանական առաջարկը բավականին ուշ հնչեց եւ հնչեց այն ժամանակ, երբ դա պետք էր Ռուսաստանին:

Չմոռանանք, որ ԻԻՀ-ին մեծածավալ պատժամիջոցներից նաե ՌԴ-ն է զերծ պահում:

Իսկ թե հիմա ԻԻՀ-ն կտա՞ իր խոստացած էժան գազը, թե՞ ոչ, պարզ կդառնա դեսպանի ՀՀ վերադարձի ու մեր նախարարի հետ հանդիպումից հետո: Երկար չի տեւի:

Ըստ Արմեն Մովսիսյանի, մի բան միանշանակ է. «Հայաստանը Ռուսաստանի հետ կապված չէ «վերցրու կամ վճարիր» բանաձեւով եւ «կարող է գնել ցանկացած ծավալ՝ ըստ իր հայեցողության: Այնպես որ, ԻԻՀ-ին մնում է մեզ տալ իր ասած 100 դոլարով գազը, այլապես մեր վերլուծությունները ճիշտ դուրս կգան:

Համապատկերում հարց է ծագում՝ իրանական կողմը կարո՞ղ է մեզ գազ տալ էժան, չէ՞ որ այդ գազամուղն էլ ռուսական ձեռքերում է (ի դեպ, այս գործարքն էլ գաղտնիության շղարշով էր): Նախարարը պարզաբանում է, թե  Իրան-Հայաստան գազամուղը «Հայռուսգազարդ»-ի սեփականությունը չէ, այն Հայաստանի Հանրապետության հաշվեկշռում է, ուղղակի կառավարվում է «Հայռուսգազարդ»-ի կողմից: Նա նշել է նաեւ, որ այդ գազամուղի  թողունակությունը միանգամայն բավարար է ապահովելու Հայաստանի տարեկան պահանջարկը, քանի որ դրանով հնարավոր է տարեկան մոտ 3 միլիարդ գազ տեղափոխել Հայաստան, մինչդեռ Հայաստանի պահանջարկը 2 միլիարդի սահմաններում է:

Բայց եթե նույնիսկ այդպես է, ապա ռուսական կողմը մեզ թույլ չի տա (սեփականությունը չէ, բայց ինքն է կառավարում Իրան-Հայաստան գազամուղը) ունենալ էժան ու կալորիականությամբ ավելի որակյալ գազ: Մասնագետներն են կենցաղային լեզվով բացատրում, որ ռուսական գազի օդն ավելի շատ է, քան գազը, ասել է թե՝ ռուսական գազն իրականում մեզ վրա ոչ թե 189 դոլար է արժենում, այլ՝ ավելի թանկ: Ուզում եք հավատանք, որ ռուսաստանյան վերնախավը հայերիս գլխին իրենց թանկ ու անորակ գազը «սաղացնելու» տարբերակը կթողնեն՝ խորհուրդ տալով իրանակա՞նը վերցնել: Իհարկե՝ ոչ: Բայց որպեսզի այդ ամենն ակներեւ չլինի, Իրանը մշտապես հանդես կգա բարեգործի դերում: Սա՜ է ռուսական խաղի այսօրվա բնույթը:

Հայկ Թորգոմյան

20 տոկոսի գործարքը թանկացնելու է գազը

«Լուսանցք»-ն արտահայտել է իր բացասական տեսակետը «Հայռուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին տալու գործարքի մասին: Հիմա էլ հայկական կողմը փորձում է մխիթարել հանրությանը, թե շուտով գազը կէժանանա: «Լուսանցք»-ը հակառակն է պնդում՝ գազը թանկանալու է: Հիմնավորենք:

Նախ՝ երբեք չի էժանանում «կախված» ապրանքը:

«Հայռուսգազարդ»-ի 20% բաժնեմասը ռուսական կողմին տալով՝ ՀՀ-ն ՌԴ-ից միակողմանի գազային կախվածություն ձեռք բերեց: Եթե սրան էլ հավելենք, որ մեր ամբողջ էներգահամակարգը ռուսական կողմի ձեռքում է, վիճակն ավելի պարզ կդառնա: Ռուսական կողմը երբեք չի էժանացնի այն ապրանքը, որից ՀՀ-ն այդքան կախված է: Իրավիճակը շտկելու ելքեր իհարկե կան: Բայց հազիվ թե դրանք հիմա արվեն: Որովհետեւ այդ ելքը արմատական քայլ է ենթադրում, այն է՝ սեփականացնել, ազգայնացնել գազային համակարգը: Կամ՝ պետական ուժեղ վերահսկողություն սահմանել: Թեեւ այս երկու քայլն էլ, կրկնենք, հազիվ արվեն: Որովհետեւ վերահսկող լինեինք, այդ՝ վերահսկելուն միտված 20 տոկոսը չէինք տա: Ազգայնացնելու մասին խոսք չկա, որովհետեւ դա քաղաքական կամք է ենթադրում՝ բոլոր բացասական ու դրական հետեւանքներով հանդերձ: Մեր իշխանությունները բացասական հետեւանքներին պատրաստ չեն: Անկեղծ լինելու համար ասեմ՝ ժողովուրդը՝ նույնպես:

Երկրորդ՝ Իրանը ուշ հիշեց կամ Ռուսաստանի հետ փոխպայմանավորված ու հիշեց, որ պատրաստ է գազ տալ Հայաստանին:

Հիշեց այն պահին, երբ գնորդն ու ՀՀ-ին գազ վաճառողն այլեւս Ռուսաստանն է: Եվ սա էլ հազիվ թե էժան գազ տա Հայաստանին: Փաստորեն, մեր հարեւան Իրանից, որ աշխարհում առաջինն է գազի պաշարներով, գազ ենք ստանալու միջնորդավորված՝ երրորդ երկրի ցանկությամբ ու կամքով: Այս դեպքում էժան գազ չի լինում:

Երրորդ՝ մեր երկրի համար մատակարարվող գազի արտահանման տուրքի վերացման արտոնությունը կարճաժամկետ էֆեկտ է ունենալու:

Որովհետեւ Ռուսաստանն ընդհանրապես վերանայում է իր գազային քաղաքականությունը, ու դա, համենայնդպես, «բարի» ուղղվածություն չի ստանում: ՌԴ-ն հայտարարել է, որ 2015թ. «Գազպրոմ»-ի արտահանման գնով չի որոշվելու գազի գինը, այլ՝ ըստ եկամտաբերության շեմի նպատակահարմարության: Ռուսաստանյան տնտեսագետները կանխատեսել են, որ ՌԴ ներքին շուկայում գազի գինը թանկանալու է առաջիկա տարիներին, իսկ դա նշանակում է, որ արտահանման գնաճ էլ է լինելու: Եվ հազիվ թե Ռուսաստանը եկամտաբերությունը թողած՝ հանուն ռազմավարական դաշնակցի էժանացնի գազը: Ասել է թե՝ ՀՀ-ից դեռ տանելու բան ունի:

Աստղինե Քարամյան

Ուկրաինան «սպեկուլյանտ» չէ՞

Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ ոչ մի համաձայնագիր չի լինի:

Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովը: «Կառավարությունը ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի նախապատրաստում»,-ընդգծել է նա:

Ավելին՝ նա պահանջել է դադարեցնել «սպեկուլյացիաները»՝ շեշտելով, թե «Մաքսային միության մասին ընդհանրապես խոսակցություններ չեն լինելու»:

Այդ դեպքում՝ ի՞նչ է լինելու դեկտեմբերի 17-ին ստորագրվելիքը:

Ի պատասխան վարչապետը պարզաբանել է. «Դեկտեմբերի 17-ին ծրագրվում է ստորագրել գործողությունների պլան՝ կապված Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ երկկողմ առեւտրի ոլորտում առեւտրային սահմանափակումները կարգավորելու հետ»:

Այս մասին հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները:

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։