Մշակույթի նախարարությունը՝ հերթական սրբապիղծ… Ի «սեր» տուրիստի՝ իրենց էլ կծախեն (Գառնու արիադավանական տաճարը համազգային պաշտպանության կարիք ունի)… Նախագահն էլ է դժգոհ դանդաղկոտությունից (բնապահպանական խնդիրներ)…

Մշակույթի նախարարությունը՝ հերթական սրբապիղծ

Գառնի գյուղի գյուղապետ Աշոտ Վարդանյանը NEWS.am-ին ասել էր, թե դեկտեմբերի 11-ին երկրորդ անգամ մերժել է Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանի՝ սրճարանի կառուցման թույլտվություն տալու դիմումը. «Նորից գրություն էին գրել ինձ, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկել: Այսօր առավոտյան նրանց գրավոր պատասխանել եմ, որ սա հատուկ պահպանվող տարածք է, հողային օրենսգրքի համաձայն՝ կատեգորիան պետք է փոխվի հասարակական կառուցապատման համար, այսինքն՝ պետք է դառնա հասարակական տարածք: Ըստ օրենքի՝ հատուկ պահպանվող տարածքի կատեգորիան չի փոխվում: Այնպես որ, մենք չենք կարող փաստաթղթերը տալ: Այս անգամ էլ ես տարբերակ գտա նրանց մերժելու»,- նշել էր գյուղապետը:

Աշոտ Վարդանյանի խոսքով՝ այս պահին տաճարի տարածքում շինարարություն չի ընթանում. «Ցուրտ ա, դրա համար էլ չեն անում, բայց ավազն ու ցեմենտը դեռ էնտեղ լցված են»:

Չեմ հասկանում, եթե Պողոսյանն ասել էր, որ իրենց Գառնու գյուղապետի թույլտվությունը պետք չէր, ապա ինչու՞ են դիմել երկրորդ անգամ:

Ու մի բան էլ չեմ հասկանում, երբ «Քարերի սիմֆոնիան» փչացնում էին (առաջին անգամ լուսանկարները տպագրեցի  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, նաեւ հոդվածաշար հրապարակեցի: Դրանից հետո աղմուկ բարձրացավ, գյուղապետը դիմում էր իր այս ու այն ծանոթ լրագրողին՝ փորձելով իմ մասին տեղեկություններ հավաքել), գյուղապետը թեւքերն իջեցրել, հանգիստ նստել- ասում էր՝ «Քարերի սիմֆոնիա»-ն իմ գյուղի վարչական սահմանից դուրս է: Իսկ հիմա, խառնվել է ու «ոչ»-եր է ասում, ի՛նչ է, տաճարը իր գյուղի վարչական սահմանու՞մ է:

Մինչդեռ տաճարն ու «Քարերի սիմֆոնիան», ամբողջ Գառնու ձորը միմյանց այնքա՛ն շաղկապված են, մի ամբողջություն են, ինչո՞վ է պայմանավորված գյուղապետի՝ «Քարերիսի մֆոնիա»-ի մասին քար լռություն պահպանելն ու տաճարի մասին «մտածելը»:

Ի դեպ, հիշյալ ՊՈԱԿ-ի ղեկավարն էլ թող առնանձնապես չուրախանա, որ գյուղապետից եմ խոսում: Իրենց մասին էլ կասեմ, որ մեր երկրի մշակույթը մեծապես կշահի, եթե այս կարգի մշակույթի նախարարություն ընդհանրապես չունենանք:

Տեղի սղության պատճառով այսօր չեմ մանրամասնում այդ թեման: Բայց առիթի պարագայում… առիթը բաց չեմ թողնի:

(Էջի վերեւի նյութում արծարծված Գառնու միջնադարյան (11-րդ դար) կամուրջը՝ Ձեզ օրինակ):

Ի «սեր» տուրիստի՝ իրենց էլ կծախեն 

Պարզվում է՝ Գառնու տաճարի տարածքը մխտռելուց բացի, մշակույթի նախարարությունը որոշել է մեր այլ տաճարատեղերն էլ մխտռել՝ Զվարթնոցը, Զորաց քարերը… ու այս արգելոց-թանգարաններում էլ սրճարաններ տեղադրել, ինչ է թե զբոսաշրջիկներ գան ու գնան:

ՀՀ մշակույթի նախարարությունը մեր մշակույթի (իմա՝ ոչ միայն մշակույթի) գլուխգործոցների մասին հոգ տանելը այս պարագայում հասկանում է տեղում սրճարաններ հիմնելը: Չեմ հասկանում, թե էջում նշյալ ՊՈԱԿ-ի ղեկավարն ինչու է կուրծքը ծեծում՝ զբոսաշրջիկների մասի՞ն է մտածում: Զբոսաշրջիկը գալիս է տաճա՞րը տեսնելու, թե՞ տաճարի տարածքի սրճարանը: Եթե վերջինը, ապա ու՞մ է դա պետք:

Եթե նույն զբոսաշրջիկը վաղը տաճարների տարածքում նաեւ գիշերային ակումբներ ուզի, մշակույթի նախարարությունը պիտի բացի՞ հանուն փողի: Չեմ հասկանում նաեւ՝ նախարար Հասմիկ Պողոսյանի պատկերացմամբ ի՞նչ է մշակույթը:

ՊՈԱԿ-ի տնօրեն Վալերի Պողոսյանը գլխապատառ բոլորին հավաստիացնում է, թե սրճարանը լինելու է շարժական, մետաղյա ամրակներով են ամրացվելու, այսինքն՝ որեւէ նոր շինություն չի լինելու: Բա ոնց չասեմ՝ այդ հեքիաթները ձեր տանը կպատմեք, որովհետեւ տարիներ առաջ Օպերայի տարածքի սրճարաններն էլ պիտի շարժական լինեին, Օղակաձեւ զբոսայգու սրճարաններն էլ: Շարժականը չդարձա՞վ անշարժ: Վստահություն չեք ներշնչում, պարոնա՛յք եւ… տիկին նախարար: Եվ ինչու՞ այդ «շարժական» սրճարանը պիտի տաճարի պարիսպներից ներս լինի, ինչու՞ պարիսպներից դուրս չեք դնում:

ՊՈԱԿ-ի տնօրենը բացատրում է, թե ինչու՞ է որոշում կայացվել արգելոց-թանգարանի տարածքում կառուցել սրճարան. «2008թ. արգելոցի տարածքում գիշերային գեղարվեստական լուսավորություն կա: Սակայն երեկոյան ժամերին շատ քիչ մարդիկ են այցելում Գառնի: Իսկ երբ լինի նստելու, հանգստանալու հարմարավետ տարբերակ, մարդիկ ավելի շատ կայցելեն: Երեկոյան ժամերին նախատեսում ենք տարածքում իրականացնել միջոցառումներ: Աշխատելու ենք զբոսաշրջային կազմակերպությունների հետ, որպեսզի զբոսաշրջիկներ բերեն նաեւ երեկոյան ժամերին»:

ՊՈԱԿ-ի տնօրենի տրամաբանությամբ է, որ ասում եմ, վաղը գիշերային ակումբ էլ են դնելու, որովհետեւ դա ավելի փողաբեր է եւ ավելի «երեկոյան»:

Եվ իբրեւ արդարացում էժանագին տարբերակ են գտել. այն է՝ սրճարանում Գառնի համայնքի բնակիչների արտադրանքն է մատուցվելու՝ մուրաբաներ, թխվածքներ, գաթաներ, միրգ:

Մշակույթի նախարարությունը «մոռանում» է, որ գառնեցիները հիմա էլ են իրենց արտադրանքը վաճառում եւ՝ դա հաջողությամբ իրականացնում են տաճարի պարիսպներից դուրս:

Սա էլ այն երկրորդ պատճառը (առաջինը Գառնու միջնադարյան կամուրջն է), որ գրել էի, թե մեզ այս կարգի մշակույթի նախարարություն պետք չէ:

Նախարարություն, որ ընդհանրապես կապ չունի ազգային հավատի, ազգի հոգեւոր զգացմունքների, արժեհամակարգի հետ: Գառնին տաճար է, ուր ես, որպես ազգային հավատի հետեւորդ, գնում էի մեկուսանալու, տաճարի տարածքում նստելու, խորհելու, խոկալու:

Դե արի ու սա բացատրիր ամեն ինչով անմշակույթ նախարարությանը

Արմենուհի Մելքոնյան

http://www.hayary.org/wph/?p=3649  Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին – Հազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի՛ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ընչաքաղցներինախարարություն

Նախագահն էլ է դժգոհ դանդաղկոտությունից

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել բնապահպանության նախարարությունում: Եվ խոսելով ոլորտի խնդիրներից՝ նշել է, որ դրանք իշխանությունների եւ հանրության ուշադրության կենտրոնում են: Կարեւորել է նաեւ հանրային ակտիվությունը. եթե բնապահպանական խնդիրների նկատմամբ բոլորի կողմից ուշադիր հոգատար վերաբերմունք չլինի, ապա բնության անխնա ու ոչ բանական օգտագործումը կբերի աղետալի հետեւանքների:

Ցավոք, դրա ականատեսն ենք լինում հաճախ, չնայած բնապահպանական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությամբ ստեղծված խմբերը պարբերաբար պայքար են ծավալում բնության եւ պատմամշակութային արժեքների պաշտպանության համար:

Ըստ երկրի ղեկավարի, հասկանալի է մարդկանց ցանկությունը՝ հետաքրքրվել առկա խնդիրներով եւ բարձրաձայնել իրենց կարծիքը՝ ներկայացնելով լուծման ուղիների իրենց առաջարկները: Այո, մեզ եւս հասկանալի է, որ այս ակտիվությունը կա, որպեսզի աղետալի հետեւանքներ չլինեն, որպեսզի բնականոն զարգացում ապահովվի, բայց խոսքից գործի անցնելու ընթացքը իշխանությունների կողմից դանդաղ է կատարվում, ինչն էլ վտանգում է եւ՛ բնապահպանությունը եւ՛ պատմական արժեքների պահպանումը:

Նախագահն ընդգծել է, որ նախարարության գերակա խնդիրն է գործառույթների, այդ թվում՝ պարտականությունների շրջանակներում կարողանալ կարճ ժամկետում կանոնակարգելու բոլոր հարցերը: Խոսելով ապօրինի շահագործվող խորքային հորերի ու ոլորտի այլ խնդիրների մասին, շեշտել է, որ դրանցով հետաքրքրվող մարդկանց՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձայնը պիտի լսելի լինի, եւ դա եւս նախարարության պարտականությունների շրջանակում է: «Շատ նորմալ եմ վերաբերում այդ շարժումներին: Ընդհանրապես համարում եմ, որ մեր երկրի զարգացումն առանց քաղաքացիական հասարակության կայացման, ուղղակի անհնար է: Եվ այստեղ որեւէ սահմանափակումը կարճատեսություն է: Մենք գնալով ավելի բաց հասարակություն ենք դառնալու եւ գնալով ոչ միայն բնապահպանների, այլեւ տարբեր կազմակերպությունների ձայնը շատ ավելի լսելի է լինելու»,- շեշտել է նախագահը:

Նա կոչ է արել նախարարության աշխատակիցներին եւ նախանձախնդիր կազմակերպությունների ներկայացուցիչներին, որպեսզի զերծ մնան «ցուցադրական միջոցառումներից, շոուներից, եւ եթե իրոք բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ են՝ իրենց հիմնական նպատակը լինի օգուտ բերելը բնապահպանական խնդիրներին, այլ ոչ թե մեր պետության համար նոր խնդիրներ ստեղծելը»:

Իհարկե, շոուները գործին օգուտ չեն տա, եւ միայն օտարներին ու նրանց տեղական գրանտակերներին կօժանդակեն, բայց բնապահպանների ահազանգերը պիտի այլեւս անպատասխան չմնան, իսկ դրանց ապացուցվելու դեպքում՝ պիտի միանշանակ ու իրատեսական լուծում ստանան:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։