Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիա» ինքնատիպ ժայռաքարերի ոչնչացման համար պատասխան չտրվեց – Գառնու միջնադարյան կամուրջը դիմազրկվեց որպես արժեք – Հերթը Գառնու հեթանոսական տաճարի՞նն է…

Վերջերս բազում անհեթեթ իրավիճակներին ավելացավ եւս մեկը: Խոսքը ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ մեր տարածաշրջանում միակ կանգուն հայ հեթանոսական արիադավան տաճարի՝ Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցելու մասին է:

Լուրը հատկապես զարմացնող էր, երբ հայտարարվեց, թե մշակույթի նախարարությունն է դրա նախաձեռնողը: Արդեն հասկանալի էզբոսաշրջության հետ զուգահեռ, մարդիկ նաեւ այլ փողեր են ուզում աշխատել, հեշտ փողեր եւ առանց լրացուցիչ ճիգեր բանեցնելու: Տաճարի վսեմաշուք պատկերի ներքո, այսինքն՝ տաճարի հաշվին:

Գառնի գյուղի որոշ բնակիչներ խոսում էին տաճարի ներսում ինչ-որ «բարեկարգման աշխատանքների մասին»: Մտավախությունն այն էր, որ տաճարի տարածքում հնարավոր է գարնանը սրճարան հայտնվի: Նշենք, որ Գառնու հեթանոսական տաճարը եւ բաղնիքը համարվում են արգելոց: Արդյո՞ք պատկան մարմինները դա մոռացել են: Հիշեցնենք նրանց, որ տաճարը, ինչպես նշեցինք՝ միակ հեթանոսական ամբողջական կոթողը, կառուցվել է I դարի 2-րդ կեսին։ Քրիստոնեության ընդունումից հետո այն եղել է Տրդատ Գ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի ամառանոցը։ Հուշարձանը հայության հեթանոսական շրջանի՝ համաշխարհային արժեք ներկայացնող նյութական մշակույթի հրաշալի կոթողներից մեկն է։

Հետո իմացանք, որ Գառնիի գյուղապետը հրաժարվել է թույլատրել սրճարանի կառուցումը տաճարի հարեւանությամբ: Գյուղապետ Աշոտ Վարդանյանին ներկայացվել է տաճարից 100 մ հեռավորության վրա սրճարան կառուցելու նախագիծ, որը նա մերժել է գրավոր ու բանավոր:

Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշել է, թե «սրճարանը կլինի բացօթյա եւ սեզոնային» եւ որպես թանգարանի տարածքում գործող սրճարանի օրինակ՝ նա բերել է Հայաստանի պատմության պետական թանգարանի մոտ գործող սրճարանը: Բանից պարզվում է, որ նախագծի առաջարկը մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել եւ դրական եզրակացության է արժանացել դեռ 2009թ.:

Եվ այս մասին ՊՈԱԿ տնօրինությունը նոյեմբերի 8-ին գրավոր ծանուցել է համայնքի ղեկավարին նախատեսվող աշխատանքների մասին:

ՊՈԱԿ-ի մամուլի պատասխանատու Մարինե Ավանեսյանը հայտնել է, թե գյուղապետ Աշոտ Վարդանյանի գրավոր պատասխանում «մերժում» ձեւակերպումը չկա, եւ նա պարզապես գրել է, որ իրենք չունեն տեղում «ուսումնասիրելու, պեղումներ կատարելու եւ եզրահանգելու մասնագետներ, իսկ անհրաժեշտ է մասնագիտական գերատեսչությունների եւ մարզպետարանի համաձայնությունը», եւ փաստաթղթերի առկայության դեպքում իրենք կքննարկեն «առաջադրանք տալու եւ ներկայացված նախագծերը հաստատելու հարցը» (այս գյուղապետի գեղական խարդավանքներին վաղուց է «Լուսանցք»-ը քաջածանոթ):

Երեւի թե այս փաստաթղթերը նախարարության համար դժվար չի եղել հայթայթելը, քանի որ սրճարանի տարածքում սահմանված կարգով բարեկարգման, փոքր ճարտարապետական ձեւերի նորոգման եւ առանձին մասերի փոխարինման աշխատանքներ են ընթանում: Չնայած, ըստ ՊՈԱԿ-ի տնօրինության, դրա համար համայնքի ղեկավարի համաձայնությունը չի պահանջվում, իսկ այս աշխատանքների ավարտից հետո ՊՈԱԿ-ը սահմանված կարգով կձեռնարկի սրճարանի տեղադրման աշխատանքները:

Մեկ անգամ էլ նշենք, որ հասկանալի են զբոսաշրջության զարգացմանն ուղղված քայլերը, բայց մշակույթի նախարարությունը արդեն մի անգամ Գառնու տարածքում ապականեց ու Հայաստանի պատմամշակութային հուշարձանների թիվը 1-ով նվազեցրեց, երբ նախաձեռնած «վերականգնման արդյունքում», որպես հուշարձան՝ վերացավ Գառնու 11-13 դդ. միջնադարյան կամուրջը: Դա համապատասխան մարմինների անփութության, ոչ թափանցիկ գործելաոճի, կատարվող աշխատանքների անբավարար վերահսկողության, հանրային հաշվետվողականության փաստացի բացակայության, գուցե նաեւ որոշ կոռուպցիոն հանգամանքների առկայության պայմաններում եղավ: Եվ չի բացառվում, որ այդ «մարսված» հակամշակութային քայլը նոր աղետներ կբերի

Այդ «վերականգնված» կամուրջը (ԱՄՆ-ի դեսպանատան փողերով, գուցե նաեւ պատվերով կատարված) ավելի շուտ եվրակամուրջ է հիշեցնում, քան հայկական միջնադարյան կամուրջ:

Գառնու ձորի «Քարերի սիմֆոնիա» գեղեցիկ անունը ստացած ինքնատիպ ժայռաքարերի ոչնչացման մասին եւս բազում ահազանգեր եղան, այդ թվում՝ «Լուսանցք»-ի կողմից, բայց անկուշտ ու անպատիժ ոմանց համար խիստ անհրաժեշտ էր իրենց թալանակերտ առանձնատան պատերը այդ քարերով ամրացնել

Իսկ ի՞նչ կլինի Գառնո արիադավան հեթանոսական տաճարի հետ, եթե սրճարաններն ու ռեստորանները ողողեն տարածքը, հաստատ հետո էլ կգան կազինոների, բիլիարդանոցների ու ստրիպտիզ-բարերի կառուցման ժամանակները

Զբոսաշրջությունը բիզնեսի չկարողա նալով վերածել (ինչը նաեւ կօժանդակեր պատմամշակութային հուշարձանների պահպանությունն իրականացնելուն), հայտնի ոմանք ձգտում են «արագ փողերի»… Ի՞նչ իմանան, թե ինչքա՛ն կմնան իշխանական ձիու թամբին, իսկ որեւէ նախկին կամ ներկա իշխանավոր երբեւէ պատասխան չի տվել թալանի ու հայադավ գործերի համար:

Անթույլատրելի է Գառնու տաճարին եւ հարակից կառույցներին այդքան մոտ ամառային սրճարանի կառուցումը, քանի որ այն չի համապատասխանում հուշարձանի բնույթին, վնասում է հուշարձանի անվթարությունը, նսեմացնում եւ աղճատում է դրա պատմականգիտական, ինչպեսեւ գեղարվեստական արժեքը:

(ՀՀ օրենքը պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին, գլուխ  VIII, հոդված 38. Հուշարձանների օգտագործման հիմնական նպատակները: Հուշարձանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային եւ ճանաչողական նպատակներով, ինչպես նաեւ իրենց սկզբնական ու հարմարեցված (ադապտացիոն) գործառնական նշանակությամբ: Հուշարձանների օգտագործումը տնտեսական եւ այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվթարությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական եւ գեղարվեստական արժեքը:

Վահագն Նանյան

http://www.hayary.org/wph/?p=3649  Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ ՍարգսյանինՀազարամյակներ անցած եւ համաշխարհային քաղաքակրթություններ ստեղծած Հայաստանում չի՛ կարող լինել ընչաքաղցության (իմա՝ընչաքաղցների) նախարարություն

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։