Մարզական խճանկար – 10 լավագույնները. Դավիթ Սաֆարյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ… Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռակա մենամարտը շարունակվում է (ստվերում նաեւ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանն է)…

10 լավագույնները. Դավիթ Սաֆարյանը՝ Հայաստանի լավագույն մարզիկ

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հարցման արդյունքներով՝ 2013թ. թիվ 1 մարզիկ է ճանաչվել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը: Տարվա աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը վաստակել է 220 միավոր: 33 միավորով ետ է մնացել հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Հայաստանի 2013թ. 10 լավագույն մարզիկների ցուցակն այսպիսի տեսք ունի՝ ըստ հավաքած միավորների.

1. Դավիթ Սաֆարյան (ազատ ոճի ըմբշամարտ) – 220

2. Արթուր Ալեքսանյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 187

3. Արսեն Ջուլֆալակյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 155

4. Ռոման Ամոյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 119

5. Աշոտ Դանիելյան (սամբո) – 109

6. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն) – 88

7. Արամ Ավագյան (բռնցքամարտ) – 75

8. Մաքսիմ Մանուկյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 52

9-10. Մուսա Մուրթազալիեւ (ազատ ոճի ըմբշամարտ) – 49

9-10. Արթուր Շահինյան (հունահռոմեական ըմբշամարտ) – 49

Հարցմանը մասնակցած 22 մարզական լրագրողներն իրենց հարցաթերթիկներում հիշատակել են նաեւ շախմատիստներ Լիլիթ Մկրտչյանի, Զավեն Անդրիասյանի, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյանի, Հենրիկ Մոքոյանի, սամբիստներ Տիգրան Կիրակոսյանի, Սոսե Բալասանյանի, Մավրիկ Նասիբյանի, Երջանիկ Կարապետյանի եւ հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյանի անունները:

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական-թիմային առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:

* * *

Բուլղարիայի 2013թ. լավագույն մարզիչ է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մեր հայրենակից Արմեն Նազարյանը, ով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է: Նա առաջ է անցել վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, իտալացի Կամիլո Պլաչիից եւ «Լուդոգորեց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Ստոյչո Ստոեւից:

Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հեռակա  մենամարտը շարունակվում է – Ստվերում նաեւ ՀՀ սպորտի նախարար Յուրի Վարդանյանն է

Հայկական սպորտի աշխարհի «մոնոպոլիստների»` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ-ական) եւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի (ՀՀԿ-ական) հեռակա մենամարտը շարունակվում է: Որքան մոտենում է տարեվերջը, այնքան կրքերը թեժանում են, իսկ խնդիրը նույնն է, պարզապես այս անգամ կշեռքի նժարը, կարծես, ՀՀԿ-ականի կողմն է: Պատճառը՝ մինչ այս ՀՀ սպորտի նախարարները ԲՀԿ ղեկավարի մարդիկ էին եւ տարեվերջին լավագույն մարզիկներ ընտրելիս առաջնորդվում էին իրենց գլխավորի խոսքով, ապա այժ նախարար Յուրի Վարդանյանը ՀՀԿ «թեքմամբ» է եւ ակնհայտ ցույց է տվել, որ դեմ է ԲՀԿ-ական «սպորտային» մենաշնորհին:

ՀՀ սպորտի նախարարն ու ՀՖՖ նախագահը նաեւ մտերիմ են եւ Գագիկ Ծառուկյանին համատեղ քննադատելու առիթը բաց չեն թողնում: Սակայն այս «մարտադաշտը» վատ տպավորություններ է ստեղծում հայկական սպորտի համար… Նաեւ ազնիվ սպորտային միջավայր ստեղծելու համար: Այսպես ընդհանուր հայտարարի չեկան այս անգամ եւս, չքննարկեցին այդ հարցը եւ յուրաքանչյուրն իր «էշը առաջ քշեց»: Արդյունքում ստացվեց տհաճ բան` երկու տարբեր քվեարկություն:

«Մոնոպոլիստները» ընդհանուր առմամբ վնասում են սպորտի զարգացմանը, իսկ ժամանակավոր հաջողությունները առավելապես ցուցադրական բնույթ են ստանում

Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան (ՀՄԼՖ) որը սկսած 1958թ-ից որոշում է Հայաստանի լավագույն 10 մարզիկներին, ներկայացրել է իր ցանկը, որում կրկին ֆուտբոլիստները բացակայում են: Ասում են Ռուբեն Հայրապետյանը հայհոյելով է մտել նախարարություն, բայց բավական բարձր տրամադրությամբ է դուրս եկել: Հայրապետյան-Վարդանյան հանդիպումից 1 օր անց նախարարության պաշտոնական կայքում հայտնվեց քվեարկության նոր ընթացակարգ, սակայն դա ՀՄԼՖ-ին չխանգարեց շարունակել իրենց հարցումները: Երբ հրապարակվեց տարվա լավագույն մարզիկների ՀՄԼՖ-ի ցանկը, շատերին հետաքրքրեց ոչ թե քվեարկության արդյունքները, մարզիկների անունները, այլ՝ վերոնշյալ դիմակայության փաստը… Այս ամենին պետք է վերջ դնել եւ իրապես զբաղվել հայկական սպորտի ապագայով:

Լեւոն Արոնյանը կարող էր հաղթելԲայց՝ 2-րդ տեղում է

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը երկրորդ տեղը գրավեց Պեկինում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի կայծակնային շախմատի մրցաշարում։ Մեր գրոսմայստերը 30 հնարավորից վաստակեց 19,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ Սերգեյ Կարյակինը: Նրանց միջեւ կայացած պարտիաների հաշվարկով մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուսաստանցի շախմատիստը (1,5:0,5):

Լեւոն Արոնյանը խաղում է նաեւ բասկյան շախմատ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստը այս անգամ համեստ տեղ զբաղեցրեց Չինաստանում ավարտված շախմատային մրցաշարում: Պեկինում ընթացող համաշխարհային մտավոր խաղերի շրջանակում անցկացվող բասկյան շախմատի մրցումներում (մրցակիցները միանգամից մրցում են 2 խաղատախտակի վրա) մեր գրոսմայստերը 10 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ 16 մասնակիցների մեջ գրավեց 11-րդ տեղը:

Ցավալին այն է, որ վերջին փուլից առաջ Լեւոն Արոնյանը դեռ հավակնում էր մրցանակային տեղերին, սակայն նա եզրափակիչ 2 խաղերում պարտվեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին եւ կորցրեց լավ հնարավորությունը:

Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 1-ին տեղը

Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը հաղթող ճանաչվեց հնդկական Կալկաթա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Վանաձորցի երիտասարդ գրոսմայտերը վերջին 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Իվան պոպովի հետ եւ վաստակեց 7,5 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ եւս 4 շախմատիստ, այդ թվում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, սակայն լրացուցիչ հաշվարկներով Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 1-ին տեղը:

Տիգրան Ս. Պետրոսյանը մրցաշարը ավարտեց 4-րդ հորիզոնականում, ստեփանակերտցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը` 14-րդ, Լեւոն Բաբուջյանը` 21-րդ, Վահե Բաղդասարյանը` 34-րդ, Մարիա Գեւորգյանը` 76-րդ:

Տիգրան Պետրոսյանը 3-րդն է՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Տիգրան Լ. Պետրոսյանը բրոնզե մեդալ նվաճեց Վարշավայում կայացած արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում: Մեր շախմատիստը հունգարացի Ռիչարդ Ռապորտի եւ ռուս Վլադիմիր Մալախովի հետ 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր: Լրացուցիչ ցուցանիշներով Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ռիչարդ Ռապորտը: Տիգրան Լ. Պետրոսյանը ստիպված բավարարվեց 3-րդ տեղով:

Հայաստանի մնացած 3 շախմատիստներից համեմատաբար հաջող հանդես եկավ հավաքականի մեկ այլ անդամ Գաբրիել Սարգսյանը, որը 8,5 միավորով գրավեց 12-րդ տեղը եւ 500 եվրո պարգեւավճար ստացավ:

* * *

- Ալ Այնում (ՄիացյալԱրաբական Էմիրություններ) մեկնարկած շախմատի օփենում Հայաստանից հանդես են գալիս 8 շախմատիստ:

Նրանք են՝ գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը, Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Վահե Բաղդասարյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը եւ 1-ին կարգային Մարկ Բասենջյանը:

Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 10 փուլով:

Մրցաշարի 1-ին փուլում Հայաստանի 7 շախմատիստներից վստահ սկսեցին 4-ը: Հաղթանակ տարան գրոսմայստերներ Արման Փաշիկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Լեւոն Բաբուջյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը, գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը կիսեց միավորը, իսկ ահա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը եւ առաջին կարգային Մարկ Բասենջյանը պարտություն կրեցին:

- Նույն քաղաքում մեկնարկել է նաեւ շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են 28 պատանի շախմատիստ-շախմատիստուհի:

«Արարատ»-ն ու «Սպարտակ»-ը կմրցեն միմյանց հետ

2014թ. ամռանը, Երեւանի «Արարատ»-ն ու Մոսկվայի «Սպարտակ»-ը մասնակցելու են երեւանյան ֆուտբոլային մրցաշարի, հայտնեց «Արարատ»-ի գործադիր տնօրեն Արթուր Մինասյանը. «ՀՖՖ-ն առաջարկել է մեզ՝ մասնակցություն ունենալ այդ մրցաշարին եւ մենք համաձայնեցինք: Մեր տեղեկություններով, երկու թիմերից բացի, առաջնությանը մասնակցելու են եւս երկու թիմեր, բայց դրանց անուներն, առայժմ, հայտնի չեն մեզ»:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org  կամ   hayaryan@gmail.com  էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝   58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝    52-38-75

 

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։