«Ցավոտ կետեր» խորագրի ներքո կխոսենք մի ոլորտի մասին, որ աճ է գրանցել նույնիսկ ճգնաժամի տարիներին, բայց այսօր կարծես խնդիր ունի շոշափելի դրական տեղաշարժի:
Ընդհանրապես, երկրի արդյունաբերության զարգացումն անհնար է դիտարկել առանց արտահանման ծավալների զարգացման: Մենք ունենք ՀՀ-ի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, որը նախանշում է նաեւ այնպիսի ոլորտների զարգացում, որոնցում, այսպես ասենք, ձեւավորվող կարողություններ կան: Խոսքն այն ճյուղերի մասին է, որոնք վերջին տարիներին դինամիկ աճ են ունեցել, սակայն ծավալային առումով դեռեւս 10 մլն դոլարը չեն գերազանցում: Այս ճյուղերից են դեղագործությունը, պահածոների արտադրությունը, գինեգործությունը, հանքային ջրերի եւ հյութերի արտադրությունը: Սրանց մասով քաղաքականությունն ուղղված կլինի մասշտաբային ներդրումների ներգրավմանը, համակարգային խնդիրների լուծմանը, արտադրական/արտահանման կարողությունների զարգացմանը: Մեկնարկներ կտրվեն ըստ ժամանակային սանդղակի:
Դեղագործությունը քիմիական արդյունաբերության ենթաճյուղերից է: Փոքր քիմիան՝ դեղագործության ոլորտը Հայաստանի ամենաարագ աճող արտահանող ոլորտներից է: Այստեղ արտահանումը ոլորտի թողարկման 57%-ն է կազմում: Ոլորտի գլխավոր խնդիրներից է ՊԱԳ հավաստագրումը: Դեղագործության եւ կենսատեխնոլոգիաների ոլորտային ռազմավարությունը (այս ոլորտը ներառում է դեղերի, դեղանյութերի, սննդային հավելումների, դեղաբույսերի եւ դրանց հիմքով դեղերի արտադրությունները, ինչպես նաեւ մասնագիտացված ծառայություն մատուցող փորձագիտական եւ հետազոտական կազմակերպությունները), որ նախատեսված է մինչեւ 2020թ., ճյուղը դիտարկում է իբրեւ արտահանման բարձր կողմնորոշվածություն ունեցող: Բնագավառում վաճառքի ցուցանիշը 2010թ. 8.800.000 դոլար էր, վաճառքի ծավալի աճը 2003-2010թթ. տարեկան կազմել է 12.5%: Ոլորտի ընկերությունները 13-ն են, այստեղ զբաղվածների թիվը 507 է: 2010թ. արտահանումը կազմել է 5.013.630 դոլար: Արտահանման հիմնական շուկաները (եւ դրանց կշիռը) եղել են Վրաստանը (38%), Ռուսաստանը (18%), Ուզբեկստանը (13%), Բելառուսը (6%), Ուկրաինան (5%) եւ Կատարը (4%): Ի դեպ, դեղագործությունը մեր երկրի արտահանման այն եզակի ոլորտներից է, որ արտահանման աճ է գրանցել նույնիսկ ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին: Եթե 2010թ. արտահանման ծավալներով մեզ հետ համադրելի երկրներ են Նիգերիան, Նիկարագուան եւ Ֆիջին, ապա 2015թ. համադրելի երկրներ կլինեն Էստոնիան, Ֆիլիպինները, Սաուդյան Արաբիան: Այս կանխատեսումները հիմնված են որոշակի քայլերի իրագործման հետեւանքով ակնկալիքներին, ըստ որոնց՝ 3 տարի անց արդեն արտադրության ծավալը կլինի 30-35 մլն դոլարի (2010թ. 8 մլն դոլարի փոխարեն), արտահանումը՝ 20-25 մլն դոլարի (2010թ. 5 մլն դոլարի փոխարեն): Աշխատողների թիվը կդառնա մինչեւ 950: Մուտք կգործի նոր շուկաներ (Մերձավոր Արեւելք): 7 տարի անց արդեն արտադրության ծավալները կդառնան 95-135 մլն դոլար, արտահանումը՝ 75-115 մլն դոլար, աշխատողների թիվը՝ 1600-1800: Եվ այս ժամանակ մեզ հետ արտահանման ծավալներով համադրելի երկրներ կլինեն Լյուքսեմբուրգը, Բելառուսը, Մարոկկոն, Չիլին, Ուրուգվայը:
Այս ամենին հասնելու համար մինչեւ 2015թ. իրականացվելու են հետեւյալ նախաձեռնությունները, օրինակ՝ 1. պատշաճ արտադրական գործունեության, բաշխման գործունեության, պատշաճ լաբորատոր գործունեության եւ դեղերի արտադրության հետ կապված այլ գործունեությունների իրավական դաշտի ամբողջականացում, 2. ՊԱԳ հավաստագրման մարմնի կողմից տրվող հավաստագրերի միջազգային ճանաչման գործընթաց (անդամակցություն դեղերի արտադրության տեսչական ստուգումների փոխադարձ ճանաչման կոնվենցիային (37 անդամ)), 3. ակտիվ դեղագործական բաղադրիչների Հայաստանում արտադրության հիմնման իրագործելիության ուսումնասիրություն (ԳԱԱ-ի Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի բազայի վրա), 4. ընկերությունների արտադրական հզորությունների ընդլայնման ներդրումային ծրագրերի երկարաժամկետ ֆինանսավորման մեխանիզմի ապահովում (7 տարուց ավելի), 5. նորարարական նախագծերի վենչուրային ֆինանսավորում, 6. հետազոտական դրամաշնորհներ ընկերություններին, հատկապես արտոնագրային դեղերի արտոնագրման ժամկետը լրանալուց հետո, դրանց հիման վրա բրենդավորված դեղեր արտադրելու համար, 7. օգտագործելով Սփյուռքի գործարար եւ մասնագիտական կապերը՝ խրախուսել միջազգային ընկերությունների պատվերների իրականացումը ՀՀ-ում, 8. նպատակային շուկաներում հայ արտադրողների եւ տեղական շուկայի հիմնական մասնակիցների (դիստրիբյուտորներ, առողջապահության ոլորտի հիմնական որոշում կայացնողներ) հետ գործարար համաժողովների կազմակերպում, 9. ներքին շուկայում տեղական արտադրանքի վաճառքների խթանում իրազեկության բարձրացման միջոցով:
Էկոնոմիկայի նախարարության տեսակետի համաձայն, մեր դեղարտադրողների համար շուկայի հասունության ցածր մակարդակով եւ բնակչության մեծ թվաքանակով հեռանկարային է Ուզբեկստանի շուկան: Սակայն արժութային խիստ կարգավորումը լուրջ խոչընդոտներ է առաջացնում հայկական արտահանողների համար (վճարումների ուշացումներ): Այս շուկայում հայ արտահանողները ծավալների ընդլայնման լուրջ ներուժ ունեն:
Այս առումով օրինակելի է Վրաստանի փորձը, որի արտահանումը 2003-2010թթ. ընթացքում աճել է տարեկան 40%՝ 2010թ. հասնելով 32 մլն դոլարի: Հիմնական շուկաները նույնպես ԱՊՀ երկրներն են: Մասնավորապես, վրացական 3 հիմնական արտահանողները 2010թ. Ուզբեկստան են արտահանել 6 մլն. դոլարի արտադրանք, այն դեպքում, երբ Հայաստանի արտահանումը կազմել է 0.7 մլն. դոլար:
Ի միջի այլոց, Մերձավոր Արեւելքի երկրները հայկական ընկերությունների կողմից դիտարկվում են որպես արտահանման հնարավոր նոր շուկաներ: Մեր սփյուռքի ներկայացուցիչներն էլ կարող են օժանդակել այս շուկաներ մուտքի համար: Կթիրախավորվի շուկան, կուսումնասիրվի, որից հետո էլ կորոշվի տվյալ շուկա մուտքի ռազմավարությունը:
Հավելենք, որ իր հերթին առաջարկներ է արել նաեւ մասնավոր հատվածը: Վերջինս առաջարկում է, օրինակ, պետական ուղղակի գնումներ անել հայ դեղարտադրողներից կամ՝ արտասահմանյան երկրներում հավաստագրման ծախսերը փոխհատուցել, դեղերի գրանցման ժամանակահատվածի եւ կլինիկական փորձարկումների հետ կապված պահանջները փոփոխել, աջակցել փորձագիտական լաբորատորիաների ստեղծմանը եւ այլն:
Մասնավոր հատվածի առաջարկները հավելյալ կուսումնասիրվեն:
Ընդհանրապես այս եւ այլ ոլորտներում մենք մի խնդիր ունենք. լրագրողական իմ փորձը վկայում է, որ, այո, ճիշտ են թե՛ մասնագիտական եւ թե՛ չինովնիկական այն պնդումները, թե ՀՀ-ն այս կամ այն բնագավառում ներուժ ունի, որոշակի հեռանկարներ: Բայց արի ու տես, որ առաջընթացը շոշափելի չի լինում: Արդյունքն այնքան ակնհայտ չի լինում, որ դրական տեղաշարժը տեսանելի լինի, ոչ թե փնտրվող: Ի՞նչն է պատճառը:
Ուրեմն՝ կամ ձեռնարկվելիք քայլերը հստակ չեն որոշվում, կամ՝ այդ քայլերը հստակ են, պարզապես երբ գալիս է ձեռնարկելու պահը, սողոսկում է սովետական հոգեբանությունը.- ինչու այդ քայլը չանի իմ եղբայրը կամ հորեղբոր տղան կամ, կամ… Եվ արդեն երկրորդական պլան է մղվում այն հարցը, որ տվյալ գործողությունը պետք է անի ոչ թե գործից չհասկացող ազգականը, այլ՝ մարդ, ով գործից գլուխ է հանում, գիտի միջազգային շուկայի վայրիվերումները, վերլուծելու ունակություն ունի, որպեսզի ըստ այդ շուկայի տատանումների կարողանա հաջողացնել եւ՛ սեփական գործը, եւ՛ օգուտ բերի երկրին: Թե չէ ինչպես է ստացվում՝ «փողկապ ուտող» վրաստանցու օրոք նույնիսկ խնդիր էին առաջադրում, եւ որոշ ժամանակ անց դա այնքան տեսանելի էր լինում, որ քաղաքացիներին ապացուցել պետք չէր. տեսնում էին եւ վերջ:
Հիմա գանք մեր օրինակին. ի՞նչ է նշանակում՝ մասնավոր հատվածի առաջարկները հավելյալ կուսումնասիրվեն: Ոլորտի զարգացման ռազմավարություն է մշակում կառավարությունը ու մասնավոր հատվածին տեղյակ չի՞ պահում: Մասնավոր հատվա՞ծն է ծուլացել եւ չի ներգրավվել մշակման աշխատանքներում: Բնականաբար, երկու կողմերն էլ միմյանց կմեղադրեն: Ով խոսի՝ ճիշտն ինքը դուրս կգա: Արդյունքում՝ ոլորտը առաջընթաց կապրի, բայց դանդաղ: Կուզենք արագացնել ու… ամեն ինչ կսկսվի նորից: Նորից կուսումնասիրենք միջազգային փորձը, նորից մեր ներուժից կխոսենք ու նորից կտանք զարգացման տեսլականը: Եվ այսպես այնքան ժամանակ, քանի դեռ… չենք սիրի մեր երկիրը տիրոջ իրավունքով:
Արմենուհի Մելքոնյան
Հ.Գ. – Այս ամենին հավելենք, որ Մաքսային Միություն մտնելու որոշումն ընդունելուց առաջ հաստատված շատ ռազմավարություններ կփոխվեն: Դեղագործության ոլորտի զարգացման փաստաթուղթն էլ է ընդունվել, այսպես ասենք, Մաքսային Միությունից առաջ…
Հայաստանի փորձը ներառվեց որոշման մեջ
Ժնեւում կայացավ Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի 2-օրյա ժողովը։ Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու Մարի Չաքրյանի խոսքով, մեր երկրի փորձը գնահատվել է օրինակելի եւ լավագույնը։
Նա Շվեյցարիայում աշխատանքային ժողովի ընթացքում ներկայացրել է, թե Հայաստանի Օրհուսի կենտրոններն ինչ են անում Կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության առումով։ «Հանդիպման որոշման մեջ ընդգրկվեց Հայաստանի փորձը՝ մասնավորապես Օրհուս կենտրոնների, որպես բնապահպանալան տեղեկատվության հասանելիությանը նպաստող կառույց, ինֆորմացիոն գործիքները օգտագործելու տեսանկյունից»,- հայտնեց Մարի Չաքրյանը։
Հայաստանը՝ մշակութային արժեքների կոմիտեի անդամ
Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, կայացավ Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954թ. Հաագայի կոնվենցիայի 2-րդ արձանագրության անդամ պետությունների 5-րդ հանդիպումը:
Հանդիպման շրջանակներում դեկտեմբերի 17-ին կայացան Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամների ընտրությունները: Քվեարկության արդյունքում Հայաստանը դարձավ կոմիտեի անդամ՝ 4 տարի ժամկետով:
«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



