Հասարակական-քաղաքական.- Տարեփոխության պահանջը ներքաղաքական փոփոխություններն են… Տրանսպորտի ուղեվարձը հունվարից չի՞ թանկանա… Ընդդեմ ապօրինի, անողոք թանկացումների…

Տարեփոխության պահանջը ներքաղաքական փոփոխություններն են

Անվստահությունը կուտակային հիմնադրամների նկատմամբ շարունակվում է, եւ բազմաթիվ քաղաքացիներ են միանում դրա դեմ հանդես եկող նախաձեռնությանը: Անգամ ԱԺ-ում պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման 1 տարով հետաձգման չհաստատումը չի թուլացրել պայքարը: Պահանջը՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով, դեռ օրակարգում է: Սա ինչպես ընդդիմադիր, այնպես էլ քաղաքացիական կառույցների համար մնում է առաջնային թեմա:

Կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի երթին մասնակցել են խորհրդարանական 4 ընդդիմադիրները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու «Ժառանգություն»-ը: ԱԺ խմբակցությունները կուտակային կենսաթոշակի արտահերթ քննարկումից հետո ավելի են մտահոգվել ու դիմել են Սահմանադրական դատարան, թե որքանով է կուտակային կենսաթոշակների մասին օրենքը համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ նախագահին 36 պատգամավորի ստորագրությամբ հանձնեցին «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի մասին» օրենքի նախագծի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկող» դիմում-բողոքը, որն ուղղված է Սահմանադրական դատարանին։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ի գիտություն է ընդունել փաստաթուղթը եւ ինչպես կարգն է՝ այն հանձնել ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին՝ ընթացք տալու համար: Եվ հարցը շուտով կդրվի իրավական քննարկման:

ԱԺում մի խնդիր էլ կա անհետաձգելի, որը նույնպես քաղաքական նրբերանգներ կստանա առաջիկայում: Գազի հետ կապված լսումները եւս լարված մթնոլորտում են ընթանում: Հատկապես, որ ռուսական կողմի ճնշումներն ապացուցող նոր փաստեր են ի հայտ գալիս: «Գազի գինը չի փոխվելու եւ չի էժանանալու: Չգիտեմ, ով է դրա մասին ասել, բայց գինը չի փոխվի ու չի էժանանա»,- խորհրդարանում հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ լսումների եզրափակիչ ելույթում: Նա նեղսրտել է, թե այն տպավորությունն է, որ կառավարությունը ժողովրդի համար չի աշխատում, ինչին տեղից ռեպլիկով պատասխանել է ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը. «…Գազպրոմի համար եք աշխատում, մյուսների»: Բայց նախարարը չի շեղվել. «Ժողովրդի համար ենք աշխատում»: Եվ այս ռեպլիկները ամանորի տոներից հետո դուրս կգան խորհրդարանի պատերից եւ իշխանություն-ընդդիմություն առճակատումների կհանգեցնեն արդեն փողոցում եւ հրապարակներում:

Բայց քաղաքական ուժերի ամենախիստ հակասությունները դեռ առջեւում են, Մաքսային միությանը միանալու եւ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համար մղվող մարտերը 1914-ին առավելապես կսրվեն: Չնայած որոշ քաղաքագետներ եվրոպամետ կամ ռուսամետ որակումները համարում են մտացածին՝ նշելով, որ իշխանությունները բոլոր առումներով իրենց տապալումները կոծկելու համար ձեւավորում, նաեւ խթանում են, որ ռուսամետ կամ արեւմտամետ ուժեր ձեւավորվեն, որոնց մեծ մասը հովանավորվում է հենց իշխանությունների կողմից։ Նույնը քաղաքացիական տարբեր նախաձեռնություններին է վերաբերում: Հանրությունը պետք է նաեւ դուրս գա փողոց, որպեսզի օտարները հասկանան, որ ՀՀ բնակչությունը այս կամ այն հարցի նկատմամբ անտարբեր չէ: Կողմնորաշված է, թե ապակողմնորոշված, արդեն կարեւոր չէ:

Բայց քննադատության է ենթարկվում ոչ միայն ռուսաստանյան կողմը: Եթե Մոսկվան շարունակում է բիրտ ուժի ցուցադրումը, ապա Արեւմուտքը շարունակում է համեստ, բայց անբարոյականացման տանող ուժի կիրառումը: Քաղաքական ուժերին նաեւ անհասկանալի է, թե ԱՄՆ դեսպանն ի՞նչ կապ ունի ՀՀ-ում կատարվող անգամ գավառային գործերի հետ: Դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին եւ խոսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքեր մասին: Նշվել է, թե հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը։ Եվ չգիտես ինչու այդ միջազգային հանրությանը շա՛տ է հետաքրքրում ինչպես Հայաստանի ներքաղաքական կյանքը, այնպես էլ մեր բնակիչների անձնական կյանքը: Ու ոչ միայն հետաքրքրում է, այլեւ պարտադրում են, թե հոգեկան ու սեռական հիվանդներն եւ չբավարարվածները ինչ եւ ինչքան իրավունքներ պետք է ունենան մեր երկրում:

Ոչ մի տարբերություն, ռուսական «սապոգի» ու եվրաամերիկյան «բոթասի» միջեւ, երկուսի հարվածներն էլ մեր գոտկատեղից ներքեւ են

Եվ այս իրավիճակում դիրքերն ուզում է ամրապնդել նաեւ մեր ոստիկանությունը: Վլադիմիր Գասպարյանը ցանկանում է իր ղեկավարած կառույցը նախարարություն դարձնել: Նախարարը ոստիկանապետից ավելի զորավոր է հնչում եւ գուցե իրավունքներն էլ զորեղ դառնան: Անգամ փորձ է արվելու կիրառել արեւմտյան, ասում են՝ մասնավորապես ֆրանսիական ոստիկանական համակարգը, եւ այս առնչությամբ արդեն պայմանավորվածություններ կան իշխանական վերնախավի հետ:

Վերջերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դատաքննության իրավունքների վերաբերյալ հայտարարությունները սասանեցին առանց այն էլ իշխանական բուրգում թուլացած կառույցի դիրքերը: Այդ համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմների մասին զեկույցը բուռն քննադատության ենթարկվեց դատական համակարգի ներկայացուցիչների կողմից: Եվ չի բացառվում, որ նոր օմբուդսմեն նշանակվի:

Այսպես 2013-ը անկումային տրամադրություններ արձանագրելով քաղաքական եւ պետական ոլորտներում, միաժամանակ նոր վերակազմավորման ազդակներ է արձակում 2014-ի համար: Եվ կառավարության կազմը հնարավորինս մեծ փոփոխության ենթարկելու նախագահ Սերժ Սարգսյանի «ծրագիրը» վերստին արծարծվում է ինչպես ներքաղաքական կուլիսներում, այնպես էլ դրանից դուրս: Իսկ որ կտրուկ փոփոխությունների կարիք կա ինչպես կառավարությունում, այնպես էլ ներքին հարցերի լուծմանն ուղղված մոտեցումներում՝ ակնհայտ է:

Անի Մարության

Տրանսպորտի ուղեվարձը հունվարից չի՞ թանկանա

Մարդկանց շարունակում է հուզել այն հարցը, որ հանկարծ, օգտվելով ամանորի թոհուբոհից, «պատահաբար» ու անակնկալ չբարձրանա տրանսպորտի սպասարկման սակագինը՝ ուղեվարձը: Նման բաներ հաճախ են լինում եւ դառնում են նոր տարվա «նվերներ»: Այդ օրերին անգամ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները ակտիվ չեն լինում:

Երեւանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը որոշված չէ, չնայած տարբեր հայտարարություններին, թե ուղեվարձը հնարավոր է 2014-ի հունվարից թանկանա: Այս մասին հայտնել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: «Դեռ դրա մասին խոսակցությունները որոշակի չեն, որոշակի ոչ մի բան պարզ չի: Նման խոսակցություն չկա: Հանձնաժողովը առայժմ ուսումնասիրություններ է կատարում: Քանի դեռ եզրահանգման չի եկել, նման խոսակցություններ լինել չեն կարող»:

Հուսանք, որ սա եւս «խաբս տալու» հերթական հնարք չէ, եւ մարդիկ հանգիստ ու առանց ընդվզումների ճանապարհ կդնեն  2013-ը:

Հենրիկ Նավասարդյանը պատասխանել է նաեւ համացանցում բարձրացված այն հարցմանը, թե ինչու մայրաքաղաքի շատ փողոցներում հանրային տրանսպորտի համար նախատեսված կանգառներն իսպառ բացակայում են, ինչը հղի է վթարային իրավիճակներով։ Օրինակ՝ ամբողջ Հրաչյա Քոչար փողոցի վրա ընդամենը 2 կանգառ է. մեկը՝ «Բարեկամություն» մետրոյի մոտ՝ մի կողմից, մեկն էլ՝ «Սթար»-ի մոտ՝ մյուս կողմից։ Ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, դեռ 2010թ. տրանսպորտի վարչության կողմից գույքագրվել են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա, բացակայող (անհրաժեշտ) կանգառները, որի արդյունքում Երեւանի քաղաքապետի որոշումներով սահմանվել են նոր հասարակական տրանսպորտի կանգառներ, այդ թվում՝ նշված փողոցում, եւ դրանք ուղարկվել են  ճանապարհային ոստիկանությանը՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով կահավորելու համար։ Փաստորեն, դրանց մի մասն արդեն կահավորված է, իսկ մյուս մասը՝ դեռ ոչ։ Վերջին գույքագրման աշխատանքները օրերս կավարտվեն եւ ճանապարհային ոստիկանության կողմից չկահավորված հասարակական տրանսպորտի կանգառների հարցը կլուծվի: Համապատասխան գրություն է ուղարկվել ճանապարհային ոստիկանությանը, չկահավորված կանգառների կահավորման աշխատանքները ավարտելու համար։

Առայժմ հայտնի չեն այն տվյալները, թե Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթն ինչ փուլում է: Մրցույթին հրավիրվել էին նաեւ 100 դրամ սակագնով ուղեւորափոխադրման կազմակերպումը հիմնավորողները. «Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին»,- ասված էր հայտարարությունում:

Հիշեցնենք, որ գծատերերը պահանջել էին թանկացնել ուղեվարձը, բայց քաղաքապետ Տարոն Մարգարյանը սպասելու է հանձնաժողովի աշխատանքների ավարտին: Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը, մի շարք երթուղային գծերի տերեր բաց բողոք-նամակ են հանձնել քաղաքապետին. «Դժգոհ ենք քաղաքապետի կողմից ձեւավորված ուղեվարձի վերանայմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքներից: Մեր հաշվարկներով՝ ստացվում է 200 դրամից մի փոքր ավել ուղեվարձ: Մենք պատրաստ ենք սահմանել 150 դրամ ուղեւորի համար եւ 50 դրամ էլ, որ քաղաքապետարանը կամ կառավարությունը լրավճարում կատարի»:

Ինչեւէ, այն լուրերը, թե հունվարի 1-ից ուղեվարձը կդառնա 150 դրամ, պաշտոնապես հերքվել է, եւ հուսանք, անսպասելի որոշումներ չեն լինի: Այլապես տրանսպորտը թանկացնելու որոշումը նոր տարում եւս «սոցիալական բունտի» պատճառ կդառնա: Մի հարց է բաց մնում. գծատերերը 100 դրամից ինչու՞ են հիմա սկսել բողոքել, ու՞մ հրահանգով եւ ինչքա՞ն են շահելու:

Նարե Մշեցյան

Ընդդեմ ապօրինի, անողոք թանկացումների

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը դատարանի վճռով ապօրինի համարելու եւ բեկանելու փորձը անհաջողության մատնվեց:

Վարչական դատարանը չբավարարեց քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված հայցադիմումը:

Մինչ այդ, նախաձեռնողները հայտարարել էին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի «կանխեն գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացումը»: Վարչական դատարանն անվավեր չճանաչեց հուլիսի 7-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունած որոշումը, բայց պայքարող կողմը հայտարարել է, որ այլ ճանապարհներ եւս կգտնի:

Հիշեցնենք, որ գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 12.000 ստորագրություն էր հավաքվել։ Հազարավոր ստորագրությունները եւս հանձնվել էր Վարչական դատարանին՝ պահանջով՝ որպես 3-րդ կողմ ներգրավել նաեւ սպառողներին։

Քաղաքացիական նախաձեռնության անդամները հայտարարել են, որ չնայած ՀՀ-ում դատարաններն անկախ չեն, բայց հանրության բուռն մասնակցությունը հնարավորություն կտա նոր բողոքի ալիք բարձրացնել եւ հասնել ցանկալի արդյունքի։

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.